ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Քաղաքական պատմությունից անտեղյակ հեղինակի ձեռագիրն ակնհայտ է

Քաղաքական պատմությունից անտեղյակ հեղինակի ձեռագիրն ակնհայտ է
30.03.2024 | 08:35

Ազգային Ժողովի պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի ֆեյսբուքյան էջում գրառում է հայտնվել Մեծ Բրիտանիայի ղեկավարներ Նևիլ Չեմբերլենի և Ուինստոն Չերչիլի գործունեության համեմատության մասին, որի ներքո քողարկված կերպով արդարացվում է գործող իշխանությունների պարտվողական, հանձնվողական, դավաճանական քաղաքականությունը։

Տեքստի հիմնական միտքն այն է, որ գործող իշխանությունները գիտակցաբար ստանձնում են զիջողի, հանձնողի կերպարը՝ ադրբեջանական ագրեսիան Հայաստանից հեռացնելու համար, մինչև Հայաստանը պատրաստ կլինի դիմագրավել Ադրբեջանին զենքով։ Այս միտքը տեքստի մեջ ներկայացվում է այն շարադրանքով, որ 1938թ․ սեպտեմբերի մյունխենյան հայտնի գործարքը կնքելով (որով Չեխոսլովակիային պատկանող Սուդետական մարզը նվիրաբերվում էր նացիստական Գերմանիային՝ «ագրեսորին խաղաղեցնելու» նկատառումով) և Գերմանիային չդիմադրելով՝ Չեմբերլենը ժամանակ էր շահում ու հեռացնում պատերազմը Մեծ Բրիտանիայից, որ այդ ընթացքում և դրանից առաջ հենց Չեմբերլենն էր ձեռնամուխ եղել բրիտանական հակաօդային պաշտպանության համակարգերի ստեղծմանը և այլն։

Զուտ ռազմի ոլորտից որոշ չափով տեղյակ, բայց աշխարհաքաղաքականությունից, քաղաքական պատմությունից, դիվանագիտությունից, միջազգային հարաբերությունների տեսությունից անտեղյակ հեղինակի ձեռագիրն ակնհայտ է։ Բայց ամենազավեշտալին այն է, որ այս տեքստի հեղինակը, հավանաբար, «անտեղյակ» է նաև գործող իշխանությունների պոպուլիստական գործելակերպից, նրանց ընդդիմադիր ժամանակների կեցվածքից, հայտարարություններից և այլն։

Եվ այսպես, չուզենալով երկարաշունչ տեքստով ծանրաբեռնել ընթերցողին, մի քանի հարցադրումներ եմ թողնում ստորև․

1. Կարելի՞ է արդյոք նույն հարթության մեջ դնել իրենց երկրից 2000 կմ հեռավորության վրա գտնվող, գերմանացիներով բնակեցված Սուդետի մարզի արժեքը բրիտանացիների համար և Արցախի արժեքը՝ հայերի համար։

2. Կարելի՞ է ասել, որ, ժամանակ շահելուն զուգընթաց, Չեմբերլենը հետևողականորեն ավերում էր Մեծ Բրիտանիայի հարաբերություններն իր գործընկերների, դաշնակիցների հետ։ Կարելի՞ է ասել, որ Մեծ Բրիտանիան դիվանագիտական մեկուսացման մեջ էր հայտնվել այն ժամանակ, ինչպես Հայաստանն է հայտնվել ներկայում։

3. Կարելի՞ է ասել, որ Հայաստանի տնտեսությունը ներկայում համակարգված կերպով դրվում է ռազմական ռելսերի վրա․ այս տեմպերով «ռազմականացվելու» դեպքում ի՞նչ կմնա Հայաստանից։

4. Նշելով բարձրաստիճան զինվորականներ Հյու Դաուդինգի, Հարոլդ Ալեքսանդերի, Բերնարդ Մոնթգոմերիի անունները՝ մի՞թե հարցեր չեն ծագել հեղինակի մոտ, թե ինչու՞ հայ բարձրաստիճան բազմաթիվ զինվորականներ դուրս են մնացել երկրի պաշտպանունակությունն ամրապնդելու գործից։

5. Հիշելով Չեմբերլենին տրված զեկույցի մասին առ այն, որ 1938թ․ սեպտեմբերին Մեծ Բրիտանիան պատրաստ չէ Գերմանիայի հետ մեծամասշտաբ բախմանը, հեղինակն ինչու՞ է մոռացել, որ 44-օրյա պատերազմի առաջին օրերին ՀՀ ԶՈՒ սպայակույտը ահազանգել է պատերազմը արագ դադարեցնելու մասին, ինչու՞ ՀՀ քաղաքական ղեկավարությունը չի անսացել այդ ահազանգին։

6. Ակնարկելով ՀՀ ներկայիս ղեկավարության չափազանց «շրջահայաց», «չափավոր» գործելակերպի մասին և դատապարտելով քաղաքական նկատառումներով հայտարարությունները՝ ինչու՞ են մոռացության տրվում գործող ղեկավարության ներկայացուցիչների շահարկումներն ու հայտարարությունները «800 հեկտար», «Աղդամն իմ հայրենիքն է», «Արցախը Հայաստան է և վերջ» և այլ խորագրերով։

Մենուա Սողոմոնյան

Դիտվել է՝ 1630

Մեկնաբանություններ