Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Պատերազմի վերջնարդյունքն ու Արցախի կորստի գինը

Պատերազմի վերջնարդյունքն ու Արցախի կորստի գինը
04.10.2023 | 19:41

Յուրաքանչյուր գիտակից հայի համար Արցախն անգին է և սակարկման առարկա չէ:

Յուրաքանչյուր գիտակից, իսկական հայի համար տեղի ունեցածը կատարյալ ողբերգություն է:

Անդառնալի հետևանքները, կորուստները, դառը իրականությունը, անասելի ցավն ու տառապանքը՝ ցասման հետ մեկտեղ մթագնում է մարդու ուղեղը, պարալիզացնում՝ բանականությունը, զգոնությունն ու սթափությունը:

Մորմոքն ու կսկիծը կրկնապատկվում ու եռապատկվում են, երբ ամփոփում ես պատերազմի և կորուստների հետևանքները՝ արձանագրելով հետևյալը.

12 հազար ք/կմ տարածք հանձնվեց Ադրբեջանին:

Վերջին իրադարձություններից հետո՝ ընդամենը 3 օրում, Արցախից բռնի տեղահանվեց շուրջ 100 625 հայ:

Արցախը հայաթափվեց:

Ըստ նախնական տվյալների՝ խիստ նախնական գնահատումներով, ընդհանուր նյութական կորուստները կազմում են շուրջ 50 միլիարդ ԱՄՆ դոլար։

Արցախում գործել է շուրջ 300 հանքավայր,

որից 83-ը՝ մետաղական, 197-ը՝ ոչ մետաղական, 5-ը՝ վառելանյութի, 3-ը՝ ոսկու։

Գործել է 36 հիդրոէլեկտրակայան։

Գյուղատնտեսական նշանակության տարածքները կազմել են 580 000 հեկտար։

Մասնավորապես՝ հացահատիկային մշակաբույսերի ցանքատարածքը կազմում էր 80 000 հեկտար, որից տարեկան ստացվում էր շուրջ 140 000 տոննա բերք։ (Ի դեպ, Արցախը հացահատիկային մշակաբույսերի մասով ինքնաբավ էր ու բերքի մոտ 25 տոկոսն էլ արտահանում էր Հայաստան):

Տեխնիկական մշակաբույսերը զբաղեցնում էին 5 300 հեկտարը, որից ստացվում էր տարեկան շուրջ 8 000 տոննա բերք, պտղատու այգիները՝ 4 400 հեկտար, որից տարեկան բերքը՝

8 600 տոննա։

Խոշոր եղջերավոր անասունների թիվը կազմում էր շուրջ 50 000 գլուխ։

Առկա էր շուրջ 5 300 միավոր գյուղատնտեսական տեխնիկա, այդ թվում՝ տրակտորները՝ շուրջ 1 250, բեռնատարները՝ շուրջ

1 500։

Արցախում գործել է 51 նախադպրոցական հիմնարկ, 20 երաժշտական և արվեստի դպրոց, 10 գրադարան՝ 400 000 միավոր գրքային ֆոնդով։

Թշնամուն է անցել 85 վանք ու եկեղեցի:

Արցախցիների սեփականություն հանդիսացող անշարժ գույքը, հողատարածքները, այգիներն անցել են թշնամու վերահսկողության տակ:

Ընդհանուր ֆինանսական կորստի չափը հաշվարկված չէ:

Հոկտեմբերի 2-ի դրությամբ թշնամու կողմից առգրավված ռազմական տեխնիկայի, զենքի և զինամթերքի քանակը հետևյալն է.

1. հրազեն` 2608,

2. նռնականետ` 235,

3. հրացաններ և հաուբիցներ` 60,

4. ականանետներ` 64,

5. հակատանկային զինատեսակներ՝ 58,

6. ՀՕՊ զինատեսակներ` 165,

7. զրահամեքենաներ` 31,

8. ավտոմոբիլային տեխնիկա` 265,

9. տրեյլերներ` 23,

10. օժանդակ տեխնիկա` 9,

11. հրթիռներ` 1 700,

12. թնդանոթի և հաուբիցի արկեր` 5 177,

13. զենիթա-հրետանային արկեր` 31 771,

14. ականանետային արկեր` 12 806,

15. նռնակներ` 5 880,

16. ձեռքի նռնակներ` 3 068,

17. փամփուշտներ` 2 009 970

18. այլ զինամթերք՝ 5 778,

19. օպտիկական սարքեր` 314,

20. այլ սարքեր` 38,

21. անհատական հանդերձավորման պարագաներ`1 027,

22. տարատեսակ զենքերի կայանքներ` 15,

23. անհատական հանդերձավորման սարքավորումներ` 3 323:

Արցախի կառավարությունը հոկտեմբերի 1-ից խաղաղապահներին է հանձնել.

1. 45 զրահամեքենա,

2. 87 միավոր ավտոմեքենա,

3. 28 միավոր հակաօդային պաշտպանության տեխնիկա,

4. 63 դաշտային հրետանային միավոր,

MLRS և ականանետներ,

5. ավելի քան 5,7 հազար հրետանային և հակատանկային զենք,

6. մոտ 14 մլն փամփուշտ:

Եվ այս թվերը պրոգրեսայով դեռ աճում են:

Դեռ հստակեցված չէ Արցախում հանձնված կամ առգրավված տանկերի ու ՏՕՌ համակարգերի քանակը:

Իսկ այն որոշ պնդումները, թե պատերազմից առաջ ծանր տեխնիկան Արցախից նախօրոք դուրս էր բերվել, չեն համապատասխանում իրականությանը:

Չասեմ էլ, թե ինչու՞ պետք է դուրս բերվեին, եթե պատերազմ էր և դրանք պետք է օգտագործվեին:

Կամ թե, անգամ ուզենային դուրս բերել, ինչպե՞ս էին դա անելու:

ՈՒ դեռ պետք է պարզվի, թե այդ ո՞վ է այն մարդը, որ հրաման է տվել Պաշտպանության Բանակի 100-ից ավելի տանկերը և

200-ից ավելի հրետանային միավորներն անվնաս (առանց պայթեցնելու կամ շարքից դուրս բերելու) հանձնել Ադրբեջանին:

Ադրբեջանը պաշտոնապես հայտարարեց, որ «զինաթափման, սպառազինության առգրավման արդյունքում՝ կուտակված ռազմական պահեստների, զենքի ու զինամթերքի քանակով «Ադրբեջանի Ղարաբաղի շրջանը» վերածվել էր աշխարհի ամենառազմականացված գոտու և բարութի տակառի:

Մենք չէինք էլ սպասում, որ այդ հատվածը այդ աստիճան ռազմականացված է՝ ելնելով բնակչության և տարածքի հարաբերակցությունից»:

Ադրբեջանը դեռևս 2020-ին հայտարարեց, որ 44-օրյա պատերազմի վերջնարդյունքով 5 միլիարդի զենք է առգրավվել արցախահայերից, իսկ այսօր՝ Արցախի բանակը զինաթափելուց հետո՝ զինաթափման և պատերազմի արդյունքում սպառազինության ու ռազմական տեխնիկան առգրավվելուց հետո հայտարարեց, որ ևս 1.5 միլիարդի զենք են վերցրել:

Այո՛, հարգելիներս, իսկապես այս ամենի արժեքը գերազանցում է 1.5 միլիարդ դոլարը:

Դուք պատկերացնու՞մ եք մենք մեր ձեռքով թշնամուն ինչ մասշտաբների սպառազինություն ու զինտեխնիկա ենք նվիրել։

Միայն 170 հաուբիցը մի մեծ բանակի զինանոց է:

Հարց.

բա ասում էիք՝ զենք չկա՛, բանակը սպառազինված չէ՛:

Պնդում էիք, թե զենք չունենք, որ կռվենք։

Պարզվում է՝ միլիարդների հասնող զենք-զինամթերք կար Արցախում:

Ատացվում է՝ զենք կար, բայց չեք տվել, որ զինվորները կռվեն:

Ստացվում է՝ այդ սպառազինությունը պետք է նվիրաբերեիք թշնամուն, որը հետագայում այն պետք է օգտագործի մեր իսկ դեմ։

ՈՒ այս պայմաններում, Արցախի Պաշտպանության Բանակի տղաներն ադրբեջանական հարձակման արդյունքում տալով շուրջ 200 զոհ և 400 վիրավոր, կարողացել են ոչնչացնել 192 ազերի և վիրավորել 512-ին։

Եվ սա դեռ պաշտոնապես:

ՈՒ թող ինչ-որ մեկը չասի, երբևէ ինչ-որ մեկի մտքով անգամ չանցնի, թե արցախահայերը չկռվեցին, չպաշտպանեցին իրենց հայրենիքը։

Մինչև վերջին շունչը հերոսական կռիվ են տվել, զոհվել՝ անհավասար պատերազմի ու հետկուլիսային պայմանավորվածությունների պատճառով։

Ինչևէ…

Զենքը հանձնող զինվորականներից սկսած մինչև քաղաքական որոշումներ կայացողները միանշանակ պատժվելու են օրենքով:

Եթե իհարկե՝ ինքնասիրությունը արժանապատվությունն ու կամքը թույլ չեն տալիս գնալ ինքնադատաստանի:

Կան իրավիճակներ, երբ մահը ապրելուց գերադասելի է։

Իհարկե, մահից ավելի սարսափելի բան էլ կա.

օրինակ՝ թշնամու ողորմածությանը հանձնվելը:

Այսօր Արցախի նախկին նախագահներ Արայիկ Հարությունյանը, Արկադի Ղուկասյանը, Բակո Սահակյանը և ԱԺ նախագահ Դավիթ Իշխանյանը ձերբակալվել են Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության կողմից։

Այժմ նրանց տեղափոխում են Բաքու։

Իսկ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանին ադրբեջանցիները բաց են թողել.

նա արդեն Հայաստանում է։

Նրանք՝ որպես առաջնորդներ, վստահ եմ, գիտեին, թե ի՛նչ էր իրենց սպասվում և թե ի՛նչ պետք է անեին:

Այդուհանդերձ՝ գերադասեցին գերի ընկնել:

Դե իսկ Շահրամանյանի՝ Արցախից անխոչընդոտ դուրս գալը որքան էլ հասկանալի է, թե ինչի արդյունք է, այդուհանդերձ, վերջինս ևս պատասխան ունի տալու ՀՀ օրենքի առաջ:

«Սամվելն իր գործն արել է, Սամվելը կարող է հեռանալ» - ասում է Ադրբեջանը:

Տեսնենք, թե Հայաստանն ի՞նչ է ասելու:

Այսպիսով՝ Ադրբեջանը, բացի կապիտուլյացիայից, լուծում է նաև հայ ժողովրդին մինչև վերջ նվաստացնելու, ստորացնելու խնդիր։

Ալիևը «ծնկի է բերում» այն ամենը, ինչը քիչ թե շատ կապ ունի առաջին պատերազմում հաղթանակի հետ։

Միաժամանակ նա դեմոնստրատիվ քաղաքական վենդետա է իրականացնում:

Իսկ այդ ամենն իրականացնելուց, Արցախը վերջնականապես մարսելուց հետո, հերթը Հայաստանինն է:

Վերջինս իր պլանների մասին իրազեկել է ողջ աշխարհին:

Իսկ մենք այս պահին զբաղված ենք համակերպվելով, հանդուրժելով, ինքնարդարացումներով, մեկմեկու մեղադրելով, կորուստները արձանագրելով, մոտալուտ աղետներն ու արհավիրքները կանխագուշակելով:

Մի ստվար զանգված էլ ապատիայի մեջ է:

Ինչևէ, կորուստների շղթան ավարտված չէ, շղթան կտրողն էլ դեռևս չկա:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 3924

Մեկնաբանություններ