«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Զգույշ գործածեք ցեղասպանություն բառը. նրանից խեղճություն, նվաստացում, թև ջարդող լեղի է ծորում

Զգույշ գործածեք ցեղասպանություն բառը. նրանից խեղճություն, նվաստացում, թև ջարդող լեղի է ծորում
28.07.2023 | 14:21

Այնքան հեշտ ենք ասում ցեղասպանություն բառը, որ մարդ սարսռում է, իսկ շատ սարսռալուց էլ՝ անտարբեր է դառնում, բառի իմաստն էլ է կորչում: Ասես՝ մրցույթ լինի կազմակերպված, թե ով մեկ րոպեում ավելի շատ կասի այդ բառը:

Իրավիճակը ծանրութեթև անելով եմ ասում:

Չգիտեմ, երկուսից ում՝ Տիրո՞ջ, թե սատանայի լսողությունը չափազանց սուր է, բերանիցդ դուրս չեկած՝ շտապում է իրագործել:

Զգույշ գործածեք այդ բառը, նրանից խեղճություն, նվաստացում, թև ջարդող լեղի է ծորում:

Թե՞ հավես է խեղճ ու թույլ լինելը, կարեկցանք արթնացնելը:

Հասկացանք՝ ազատ մամուլ է, ժողովրդավարություն, բոլորի բերանները բացվել են, ավաղ, միայն խոսելու համար:

Եթե մեզ թվում է, թե կես ժամ տևողությամբ զրույցում հարյուր կամ հազար անգամ այս բառն ասելով՝ կարող ենք սթափեցնել ժողովրդին կամ շարժել աշխարհի գութը, ապա չարաչար սխալվում ենք. հաճախակի արտասանվող բառերը շատ շուտ կորցնում են իրենց իմաստն ու դառնում հերթական մի բառ, որը նույնիսկ ձանձրացնում է:

Երբեմն, գոնե, օգտագործեք նաև սպիտակ բառը, կամ՝ Աստված մի արասցե:

Մերկապարանոց կանգնել և օրական հազար անգամ ասել՝ մենք կանգնած ենք բնաջնջման ու նոր ցեղասպանության առաջ, որքանո՞վ է ճիշտ, ի՞նչ ենք ավելացնում, երբ դրա կողքին ոչինչ համարյա չենք անում....

Եվ որտեղի՞ց եկավ այսքան հեշտ ասվող այս բառը, ու՞մ էր ձեռնտու այն ամեն րոպե շահարկելը. իշխանությա՞նը, թե ընդդիմությանը, սա էլ չգիտենք:

Իսկ ես կասեմ՝ այդ մենք ենք թշնամուն ցեղասպանելու և դրանում մեզ օգնելու է ինքն՝ Աստված:

Կարո՞ղ եք հակառակն ապացուցել. ո՛չ, ուրեմն ինչու՞ դրականը չմտածել ու չհաղորդել:

90-ականների պատերազմի ողջ ընթացքում ամեն վատ ու ձախորդ օրեր տեսել ենք՝ և՛ Հայաստանում, և՛ Արցախում, չեմ հիշում, որ Սումգայիթի ու Բաքվի իրական ջարդերից բացի՝ մենք օգտագործեինք այդ բառը մեր հազարավոր ռեպորտաժներում:

Մեկ անգամ ասել ու մեխել ենք, այնուհետ՝ առաջ անցել. մինչև այս պահն էլ այն ամրագրված է մեր պատմության ու աշխարհի հիշողության մեջ:

Մտքներովս չէր էլ անցնում, որ պատերազմը կամ նրա ընթացքը, նրա հետոն՝ ցեղասպանություն է, մենք նրան պայքար ու հետևանք անունն էինք տալիս:

Երևի խորհրդային պայքարողն ավելի լավ գիտեր այդ բառի վտանգավորության մասին, հոգում էր, որ չջարդվի ժողովրդի ոգին, չհիվանդացնի նրան, բառը չդառնա սովորական և ինքնին հասկանալի մի բան, որին գիշեր ու զօր սպասում են:

2020 թ. պատերազմի առաջին օրերին ինքս էլ ասել եմ՝ սա սպանդ է, պատերազմ չէ:

Բայց այդ մասին չէ խոսքը, այլ՝ ամեն խոսքի մեջ ու ամեն առիթով բերանի ծամոն դարձած բառի, որը սովորություն ունի մարմին դառնալու:

Չհաշված՝ մյուս բացասական ազդեցությունները:

Հայրս, երբ մի բառը երկու անգամ ասում էին, կզայրանար, կասեր՝ մի բառը մի անգամ կասեն, որ համ ունենա, տեղին ու ազդեցիկ լինի:

Սուսաննա Բաբաջանյան

Գորիս

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 2702

Մեկնաբանություններ