Ռուսական կողմը չափազանց ափսոսում է Վաշինգտոնում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության համար՝ «ՌԻԱ Նովոստիին» ասել է ՌԴ փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինը։ «Այդպիսի տեմպերով համագործակցությունը խորացնելով նրանց հետ, ում նպատակը Ռուսաստանի ռազմավարական պարտությունն է, Երևանն իր ձեռքով վտանգում է լրջորեն ապակայունացնել իրավիճակը Հարավային Կովկասում՝ ի վնաս սեփական անվտանգության»,- շեշտել է բարձրաստիճան դիվանագետը:               
 

Թուրքական պրոյեկտը

Թուրքական պրոյեկտը
17.07.2023 | 14:34

Ցավոք սրտի, հայկական փորձագիտական-վերլուծական դաշտը բավարար հետաքրքրություն հանդես չի բերում Թուրքիայի, նրա շուրջը կամ ազդեցությամբ ընթացող գործընթացների վերաբերյալ։ Խոսքը չի վերաբերում հուզական ու քարոզչական մեկնաբանություններին, այլ անաչառ ու կոմպետենտ գնահատականներին, որը թույլ կտա հասկանալու՝ ինչ գործընթացներ են ծավալվում Թուրքիայում և նրա շուրջը, ինչ հեռանկարներ և մարտահրավերներ են պարունակում դրանք իրենց մեջ։ Հետագա զարգացումների հնարավոր սցենարների դիտարկումն ու ընկալումը կարևոր է` պարզելու և հստակեցնելու սեփական արձագանքի բովանդակությունը սցենարներից յուրաքանչյուրի դեպքում։

Ինքս հեռու եմ թուրքագետ համարվելուց և զուտ քաղաքագիտական գիտելիքներով կփորձեմ ներկայացնել հնարավոր մի քանի սցենար։

Թուրքիայում, ինչպես ամենուր, վաղուց կա գիտակցում, որ աշխարհակարգի նախկին միաբևեռ մոդելը, քաղաքականության իրական ժամանակում ուժերի հարաբերակցության փոփոխություններով պայմանավորված, ընթանում է դեպի նոր փոփոխություն։ Թուրքիան այս առումով ևս շտապում է հստակեցնել իր տեղը ապագա աշխարհակարգում։ Բայց, ինչպես ասում են, յուրաքանչյուր փոփոխություն ընձեռված հնարավորություն է, եթե ունես հնարավորություն։

Եթե ընդունում ենք, որ աշխարհակարգի ընթացիկ վերափոխումները հանգեցնելու են բազմաբևեռ նոր աշխարհակարգի ձևավորման, որտեղ սուբյեկտները լինելու են մակրոտնտեսական ռեգիոնները, Թուրքիայի հնարավորությունները, չնայած բարձրագոչ հայտարարություններին, ներկայանում են բավական համեստ։ Խնդիրն այն է (այս մասին բազմիցս նշել եմ), որ սեփական մակրոռեգիոնն ունենալու համար կենսական երկու բաղադրիչները` բնական պաշարները և սպառողական բավարար շուկան Թուրքիան չունի։ Ու եթե առերևույթ հնչող ամբիցիաները դնենք մի կողմ, թուրքական ղեկավարության շրջանում իրական վստահություն չկա իրենց ապագայի լուսավորության հարցում։ Այստեղից էլ Էրդողանի վերջին շրջանի ջարդվածութնունը։

Եթե Թուրքիայում իսկապես կա գիտակցում, որ չունեն բավականաչափ հնարավորություն վերափոխվող աշխարհակարգի հնարավորությունից առատորեն «օգտվելու» (սուբյեկտայնությունը մեծացնելու) համար, ապա առկա հնարավորությունների սահմաններում ուրվագծվում է Թուրքիայի շուրջը և նրա ազդեցությամբ ընթացող երեք հավանական սցենար.

1. Դառնալ «միջին միջանցք» նախագծի առանցքային հանգույց, կամ, ինչպես Թուրքիայում են ասում, հումքի և ռեսուրսների հաբ։

2. Ինտեգրվել ձևավորվող մակրոռեգիոններից մեկին և խաղալ նախանշված խաղի կանոններով։

3. Ընտրել իրսվիճակային կամ պայմանականորեն կարելի է անվանել` «ճապոնական» տարբերակը։

Առաջին սցենարի իրագործման հավանականությունը Թուրքիայից պահանջում է ագրեսիվ վարք։ Ընդ որում` և՛ Կովկասում, և՛ Մերձավոր Արևելքում, և՛ Արևելամիջերկրական տարածաշրջանում։ Ու եթե Արևելամիջերկրականում Թուրքիան հանդիպում է Արևմուտքի հակադրությանը (ԱՄՆ-ում, օրինակ, F-16-երի գործարքի վերաբացման նախապայման են նշում այն, որ Թուրքիան պարտավորվի այն չկիրառել ՆԱՏՕ-ական երկրներից որևէ մեկի դեմ. ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Հունաստանին), Միջին Արևելքում և Կովկասում դրանք հանդիպում են Իրանի և Ռուսաստանի համատեղ դիմադրությանը։ Ռուսաստանն ու Իրանը ուղղակի հասկացնում են, որ Կովկասում Թուրքիայի ագրեսիվության աճը կհանդիպի կոշտ ու վճռական արձագանքի։ Խնդիրն այն է, որ այս համատեքստում միմյանց բախվում են «հյուսիս-հարավ» և «միջին միջանցք» հակադիր գլոբալ տնտեսական պրոյեկտները։ Եվ եթե «հյուսիս-հարավի» առումով ակնհայտ է Իրանի և Ռուսաստանի շահագրգռվածությունը, ապա «միջին միջանցքը» կոչված է Իրանն ու Ռուսաստանը շրջանցելու ճանապարհով Կենտրոնական Ասիայի և Ադրբեջանի ռեսուրսները, այսպես կոչված, «Զանգեզուրի միջանցքով» փոխադրելու Թուրքիա։ Ակնհայտ է որ հայ-ադրբեջանական «խաղաղության» արևմտյան օրակարգն այս առումով Ռուսաստանի և Իրանի մեկուսացվածությունը մեծացնելուն ուղղված աշխարհաքաղաքական նախագծի կառուցակարգային տարր է։ Այստեղ էլ, սակայն, ամեն ինչ հարթ չէ։ Օրինակ, ի տարբերություն Ղազախստանի և Հայաստանի իշխանությունների, որոնք հակված են գործելու «միջին միջանցքի» տրամաբանության ներքո, Թուրքմենստանն այդքան էլ խանդավառված չէ Թուրքիայի գազային հաբ դառնալու հավակնություններից և ընդհակառակը` հակված է Իրանի և Ռուսաստանի հետ գազային փոխգործակցությանը։

Երկրորդ սցենարը առավելապես կապված է Թուրքիայի` տնտեսության հարցում առկա խնդիրների և դրանք հաղթահարելու հավանականությունների հետ։ Մասնագետները նշում են, որ թուրքական տնտեսության մեջ առաջացած ահռելի ճեղքերը փակելու համար միայն անհրաժեշտ է շուրջ 100 մլրդ դոլար միանվագ կանխիկ գումար, իսկ առաջացնելու համար` 4-5 անգամ ավել։ Բացի այդ, Թուրքական տնտեսության կազդուրումը պահանջում է նոր արտաքին շուկաներ։ Այդ շուկան տեսականորեն կարող է լինել ԵԱՏՄ-ն, բայց խնդիրն այն է, որ առկա ճեղքերը փակելու համար ԵԱՏՄ ոչ մի երկիր ի վիճակի չի նման օժանդակություն ցուցաբերելու Թուրքիային։ Նման օգնություն գոնե տեսականորեն կարող է ցուցաբերել միայն ԱՄՆ-ը (գործնականում քիչ հավանական է, բայց սա այլ քննարկման հարց է)։ Պատահական չէ, որ ԵՄ-ում կենդանություն են առել կառույցին Թուրքիայի անդամակցության մասին խոսակցությունները։ Սրանով ԱՄՆ-ը փորձում է լուծել նաև սպառման շուկայի խնդիրը։ Հատկանշական է նաև, որ Էրդողանը նոր կաբինետի ձևավորման ժամանակ ֆինանսատնտեսական բլոկը ամբողջությամբ հանձնել է պրոամերիկյան գործիչներին, իսկ նախընտրական շրջանում Միացյալ Նահանգներին ամենից սուր քննադատած նրա մերձավոր գործիչները` ներքին գործերի և արտաքին գործերի նախարարները, ընդհանրապես տեղ չեն գտել նոր կաբինետում։

Երրորդ սցենարը, եթե կարելի է այսպես ասել, իրավիճակային բովանդակություն է պարունակում։ Այս սցենարն ավելի համապարփակ պատկերացնելու համար անհրաժեշտ է հիշել, թե ով ամենից շահողը եղավ նախորդ դարի 50-ականների կորեական պատերազմում։ Դա Ճապոնիան էր, որը, շնորհիվ այդ իրադարձությունների և տարածաշրջանում ծագած գլոբալ հակասությունների, կարողացավ և՛ հաղթահարել պատերազմում պարտության հետևանքով առաջացած շատ սահմանափակումներ, և՛ բռնել տնտեսական վերելքի ուղին։ Ավանդաբար ռուսական շահերի գոտի համարվող շրջաններում, հատկապես Ուկրաինայում ծավալվող Արևմուտք-Ռուսաստան հակամարտությունը Թուրքիան դիտարկում է հնարավորություն` դառնալու «Ճապոնիա»։

Գարեգին Պետրոսյան

Դիտվել է՝ 4772

Մեկնաբանություններ