Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Արցախը տնքում է, Արցախցին՝ մաքառում

Արցախը տնքում է, Արցախցին՝ մաքառում
04.07.2023 | 09:20

«Մեր տարածաշրջանում խաղաղությունն այլընտրանք չունի և մեր կառավարությունն առերեսվելով բոլոր դժվարությունների և բարդությունների հետ, շարունակելու է խաղաղության քաղաքական ուղեգիծը»:

Այսպես կասի վարչապետ Փաշինյանը՝ անկախ ամենօրյա ստորացումներից, նվաստացումներից ու ազգային արժանապատվության ոտնահարումից:

Ինչպես գիտենք, նա ոչ մի բանից վատ չի զգում, ոչ էլ՝ ազդվում:

Անգամ մեղքի զգացում չի դրսևորում թե՛ իր վարքագծում, թե՛ խոսույթում:

Մեկն ասի՝ քեզանից ի՞նչ «խաղաղություն» բերող:

Դու քո «խաղաղությամբ» պատերազմ ու արհավիրք ես միայն բերել:

Մի ղեկավար, որն Արցախը բացեիբաց հռչակում է ադրբեջանական, նրանից ի՞նչ սպասել, կամ նա ի՞նչ կարող է տալ Հայաստանին:

Նման վարչապետը դժբախտություն, ողբերգություն ու խայտառակություն է հասարակության գիտակից հատվածի, երջանկություն ու բարեկեցություն՝ իր թիմակիցների ու ազգականների համար:

Երևանում առայժմ ապահով նստած ու իշխանական բարիքները դեռևս վայելող վարչապետը, ով Արցախը բերեց հասցրեց այս հանգրվանին, ով մի գրամ անգամ մտահոգ չէ թե՛ Արցախի և թե՛ արցախահայերի համար, ավելին՝ օր առաջ երազում է պրծնել Արցախից՝ դեռ ճամարտակում ու դեռ խոսում է խաղաղությունից:

Մարդ ով Արցախի արդեն 200-օրյա պաշարման առանցքային պատասխանատուն է ու մեղավորը, դեռ խոսում է համերաշխությունից ու տոլերանտությունից:

Իսկ իր քաղաքակիրթ կոլեգան, սովամահ անելով 120 հազար հայի, բացահայտ ու անկաշկանդ խոսում է էթնիկ զտման, ցեղասպանելու, հայերին իրեն հպատակեցնելու, Արցախից հետո Հայաստանի գյուղերն ու քաղաքները վերցնելու մասին, իսկ նա լուսաբանելով վերջինիս ծրագրերն ու նպատակները՝ կնիքում է ասածը, ուրիշ՝ ոչինչ:

Այն օրին ենք հասել, որ այս համատեքստում Բաքուն գործադրում է նոր պահանջներ:

Ադրբեջանի կառավարությունը Կարմիր Խաչի միջազգային կոմիտեից պահանջել է մարդասիրական բեռներ այսուհետ առաքել Ստեփանակերտ միայն Ադրբեջանի տարածքով, այլ ոչ թե Հայաստանի։

Եվ այն կազմակերպել ոչ թե Լաչինի «սահմանային անցակետով», այլ Ակնա (Աղդամ) քաղաքից:

ՈՒ դա դեռ սկիզբն է, քանի որ խոսվում է մոտ ապագայում, Աղդամում մանրածախ և մեծածախ մեծ շուկայի ստեղծման մասին, որտեղից արցախահայերը կկարողանան օգտվել:

Իհարկե առևտուրը իրականանալու է ադրբեջանական մանաթով, հայկական մեքենաներից պահանջվելու է ադրբեջանական պետհամարանիշներ, քաղաքացիներից՝ ադրբեջանական անձնագրեր:

Այս համատեքստում խոսվում է արցախահայերի այլ ելք ու տարբերակ չունենալու մասին:

Մանավանդ, որ Բերձորի միջանցքի վերաբացում չի լինելու:

Ստացվում է՝ Երևանը չի կարող ապահովել գոնե հումանիտար բեռների վերականգնումը միջանցքով, բայց ադրբեջանական ինքնաթիռները Հայաստանի օդային տարածքով ազատ հասնում են Նախիջևան:

Այն օրին ենք հասել, որ Բաքուն անգամ զոհված զինծառայողների մարմինները թույլ չի տալիս տեղափոխել Հայաստան՝ հուղարկավորելու:

Պետք է խնդրենք, աղաչենք, ողորմություն ստանանք, վերջում էլ շնորհակալ լինենք, որ, ի վերջո, թույլ տան իրենց իսկ սադրանքի արդյունքում նահատակված հայ տղաների դիերը միջանցքով տեղափոխենք:

Ինչպե՞ս չզայրանալ, ինչպե՞ս քողարկել ցասումը, անտանելի ցավը, ինչպե՞ս համակերպվել նման դառը իրականության հետ:

Ինչպե՞ս չկատաղել իշխանությունների ապիկարության, դիլետանտության, մարտահրավերներին դիմագրավելու անընդունակության, ոչ ադեկվատ ու ռացիոնալ պահվածքի ու անպատասխանատու կեցվածքի վրա:

Բաքուն գրեթե ամենօրյա ռեժիմով խոսում է՝ մոտ ժամանակներս «Ղարաբաղը հայկական ուժերից մաքրելու» հատուկ ռազմական օպերացիայի իրականացման անհրաժեշտության մասին:

Իսկ Երևանն ի՞նչ է ասում…

Լա՛վ, եթե անգամ չի արձագանքում, գոնե ձեռնարկու՞մ է որևէ քայլ՝ նման գործողությունները կանխելու համար։

Արդյոք կա՞ պաշտպանական ծրագիր, որը գործադրվելու է նման ռիսկերը բացառելու կամ դրանք չեզոքացնելու համար, արդյոք տարվու՞մ են աշխատանքներ ռուսական կողմի հետ։

Խիստ կասկածում եմ:

Ինչի՞ է սա տանելու:

ՀՀ-ի հետ պատերազմելու լեգիտիմության.

մի բան, որի համար գրեթե 30 տարի Բաքուն պայքարեց, որ 2020 թ.-ին իրենց ձեռքերը բռնող չլինի։

Արդյունքում կանաչ լույս վառվեց, պատերազմեց, «հաղթեց», մարսեց արածն ու պատասխանատվության չենթարկվեց:

Մնացյալ Արցախի հետ հաշվեհարդար տեսնելուց հետո, հերթը Հայաստանինն է:

Ադրբեջանն ամեն կերպ ներքաշելու է ՀՀ-ին պատերազմի մեջ, քանզի սա նրանց աստեղային ժամն է.

սպառազինություն ինչքան ասես կա, դաշնակիցներ ու հովանավորներ, աչք փակողներ՝ ևս:

Մնում է ընդամենը մի «լեգիտիմ» պատճառ, որը կստեղծեն:

Բանակցես, թե չբանակցես միևնույն է, անկեղծ թշնամին ամեն րոպե կառուցում է պատերազմը...

Իսկ հաջորդ պատերազմը կանգնեցնող չի լինելու:

Սրանից խուսափել էլ չի լինելու, հարգելինե՛րս:

Պարտադրված պատերազմն անխուսափելի է:

Մանավանդ, եթե մտածում ենք, թե թշնամին Արցախով կսահմանափակվի:

Միայն այն, որ Ադրբեջանի նոր դասագրքերում Թուրանի քարտեզն է, որտեղ չեք գտնի Հայաստանը (նրանք տեղադրում են գոյություն չունեցած սահմաններով քարտեզներ, մենք պատմության դասագրքերից կամաց-կամաց հանում ենք հայ եկեղեցու պատմությունը, սկսում չխոսել գոյություն ունեցած Մեծ ու Փոքր Հայքից, Կիլիկյան Հայաստանից), և այն հռետորաբանությունը, որը կիրառում է Ալիևը Թուրքիայի հովանավորչությամբ ու ՌԴ-ի լուռ համաձայնությամբ՝ հասկանալի է դառնում, որ թշնամիների կանխամտածված ծրագրերի իրագործումը վերջիններիս համար անբեկանելի է:

Հարգելի՛ս, կարող ես ինքնախաբեությամբ աչքերդ փակել, մեջքով կանգնել Արցախին ու մտածել, թե հանձնելով Արցախը խնդիրները կվերջանան, բայց փաստի առաջ կկանգնես, քանզի թշնամին անկասկած գալու է քո հետևից:

Նույնիսկ նրա հետևից, ով ասում է՝ ես քաղաքականությամբ չեմ զբաղվում, դա ինձ չի հետաքրքում:

Արցախի համար պատերազմել, թե չպատերազմել, զորավիգ լինել, թե ոչ երկմտանքն անգամ չի կարելի:

Ի վերջո, հասկացե՛ք.

ոչ մեկը չպետք է անտարբեր մնա, երբ 30 տարի անց Արցախում էլի սկսեն մարդկանց զենքով բացահայտ ճնշել, կոտորել, հայաթափել:

Աշխարհ կոչվածն էլ անկարող-ապիկարների հետ գործ չի բռնում.

կդիմադրես, կպայքարես՝ կդիրքավորվեն, նույնիսկ կօգնեն, չէ՝ դու էլ քո «միսն» էլ:

Հասկացե՛ք, որ Արցախի փրկություն նշանակում է Հայաստանի փրկություն:

Արցախի կործանում նշանակում է Հայաստանի կործանում։

Առանց Արցախ չկա Հայաստան և հակառակը:

Արցախի փրկության, արցախահայերի էքզիստենցիալ վտանգը կանխելու համար պարտադրված կռիվն ինքնապաշտպանություն է և արդար պատերազմ։

Արցախի փրկության համար ինքնապաշտպանական գոյապայքարին չնախապատրաստվողը, այդ պայքարից բացեիբաց հրաժարվողը ռազմավարական առումով անգրագետ է, քաղաքական առումով՝ անհեռատես, ազգային առումով, եթե ոչ դավաճան ապա հաստատ անմեղսունակ:

Փաստ է՝ գործող իշխանությունները ոչ միայն Արցախի, այլև Հայաստանի Հանրապետության տարածքի համար կռիվ չեն տալու.

լավագույն դեպքում ձևականորեն ստանձնելու են երկրի պաշտպանության գործը։

Իշխանություն, որը մի կողմից բարբաջում է, թե իբր բանակ չենք ունեցել, այն թալանել են և այլն, մյուս կողմից գովերգում ու հպարտանում է նախապատերազմական բանակի մարտունակությունով, մի երկրի ղեկավար, ով պահանջում էր չկասկածել իր հրամանատարական ունակությունների վրա, բայց տանուլ տալիս պատերազմը, ընդ որում, իրեն մեղավոր չի ճանաչում՝ ուրեմն երկիր էլ կորցնենք, միևնույն է՝ կունենա և՛ ալիբի և՛ արդարացում, որը կփաթաթի ժողովրդի վզին, ինքն էլ՝ անմեղ կմնա:

Ինչևէ, խաբված ենք:

Ինչպես կասեր Նիկոլո Մաքիավելին՝

«Մարդիկ հույս ունենալով, որ նոր ղեկավարն ավելի լավը կլինի, ըմբոստանում են հնի դեմ, բայց շուտով փորձով համոզվում, որ խաբվել են, քանզի նոր տիրակալը միշտ հնից վատն է լինում»:

Մեր դեպքում մեր բախտը երկակի չի բերել, որովհետև այնպես էլ չէ, որ նախկիններից ևս գոհ էինք, կամ որ նրանք Աստծո պարգև էին:

Բայց փաստ է՝ Արցախը 12 հազար քառակուսի կիլոմետրով կար ու անսասան էր, ադրբեջանցու ոտքն էլ չէր հայտնվել Գեղարքունիքում, Վայոց Ձորում ու Սյունիքում:

Ինչպես ժողովուրդն է ասում՝ «Մինչև չգա ետինը, չի հիշվի առաջինը»։

Կրկին և կրկին՝ միակ փրկությունը զինվելն է:

Ինչքան էլ, որ դեմ ենք պատերազմին, ինչքան էլ խուսափենք, կամ ժամանակավոր դիմադրենք, միևնույն է՝ այն պարտադրված է, այն անխուսափելի է:

Թշնամին մեզ, մեր իսկ հայրենիքում ապրելու համար այլ էլք չի թողել:

Իսկ մինչ այդ՝ Արցախը տնքում է, արցախցին՝ մաքառում, իսկ մենք՝ հետևում:

Մանավանդ, որ դարձել ենք անտարբեր ու անպատասխանատու հասարակություն:

Կոլեկտիվ հանրային գիտակցությունը զրոյական մակարդակում է, հանրային պահանջն էլ իսպառ բացակայում է:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 4040

Մեկնաբանություններ