Ավելի քան մեկ միլիոն ամերիկահայ իրավունք ունի քվեարկելու այսօր անցկացվող ԱՄՆ-ի նախագահի ընտրություններում։ Թեկնածուներ Թրամփն ու Հարիսը հայկական սփյուռքին աջակցություն են խոստանում Ղարաբաղի հարցում: «Լեռնային Ղարաբաղից տեղահանված հայերի՝ իրենց տները անվտանգ վերադառնալու իրավունքը կենսական նշանակություն ունի հայ ժողովրդի համար»,- նշել էր դեմոկրատ թեկնածու Քամալա Հարիսը։ Հանրապետական թեկնածու Դոնալդ Թրամփը բարձրացրել էր խաղադրույքը՝ Ղարաբաղն անվանելով Արցախ:               
 

Ինչպես հայոց երեքհազարամյա Բաքուն Լենինը դարձրեց կեղծանուն Ադրբեջանի մայրաքաղաք

Ինչպես հայոց երեքհազարամյա Բաքուն Լենինը դարձրեց կեղծանուն Ադրբեջանի մայրաքաղաք
01.07.2023 | 16:00

ՀԵՏԳՐՈՒԹՅՈՒՆԸ ՍԿԶԲՈՒՄ

Որպես պատասխան Իլհամ Ալիևի տգիտության, թե հայերն այս տարածաշրջանում օտար մարմին են` եկվորներ, որոնք շնորհիվ խորհրդային իշխանության տեր դարձան իրենց Էրիվանին (հղումը` https://www.youtube.com/shorts/Hc2jkR2tdV8),

մեր արխիվից (25.02.2014 թ.) առաջարկում ենք կարդալ «Իրատեսի» հեղինակ, լուսահոգի ԱՐՏԱՇԵՍ ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆԻ ուշագրավ ու պատմական փաստերով հիմնավորված հրապարակումը:

Ինչպես հայոց երեքհազարամյա Բաքուն Լենինը դարձրեց կեղծանուն Ադրբեջանի մայրաքաղաք

ՏԵՂԵԿԱՆՔ 1 - Բաքու: «Վանի Արարատյան թագավորության տիրակալ Արգիշտի Բ-ն (մ.թ.ա. 713-685 թթ.) հաջողությամբ հասել է ընդհուպ մինչև Կասպից ծովի արևմտյան ափերին հարող շրջանները» (ՀԺՊ, 1971 թ., հ. 1, էջ 332): Հենց այդ ժամանակ էլ Արգիշտի Բ-ն, հետևելով իր նույնանուն պապին, որ Արարատյան դաշտում հիմնադրեց Էրեբունի և Արգիշտիխինիլի քաղաքները, ինքն էլ Կասպից ծովի արևմտյան ափին ստեղծեց Բագուն ու Մարդականը` բնիկ հայերեն բառերով անվանակոչված տեղանուններ: Թե հազարամյակների ընթացքում ինչ ճանապարհ են անցել այդ բնակավայրերը, հայտնի չէ:

Այնուամենայնիվ, ազգային արխիվներում պահպանվել են որոշ փշրանքներ: Երբ մ.թ. առաջին դարում Եղիշե առաքյալը քրիստոնեություն էր քարոզում Աղվանից աշխարհում, լինում է նաև Բաքվում, ուր կործանում է կրակի ու ծովի աստվածությունների բագինները և տեղը խաչ կանգնեցնում: Նույն տեղում Աղվանից թագավոր Վաչագան Բարեպաշտը 500 թ. եկեղեցի է կառուցում Տիրամոր անունով: «Բագուա հին և նշանավոր եկեղեցին և ուխտատեղին է Սուրբ Աստվածածնա եկեղեցին, որ բերդի մեջ է և փարոսյան աշտարակի դիմացն» (Գ. Ստեփանյան, Բաքու քաղաքի հայության պատմությունը, 2011 թ., էջ 38): Նշենք, որ 1806 թ. Բաքվի խանը ցարական սատրապ Ցիցիանովին սպանեց և դիակն անարգելուց հետո նետեց աղբանոց: Հայերն էին, որ աղբանոցից հանեցին դիակը և պատսպարեցին Սբ. Աստվածածին եկեղեցում: 19-րդ դարում և 20-րդ դարի սկզբին Բաքուն ունեցել է ևս հինգ եկեղեցի` Սբ. Գրիգոր Լուսավորիչ, Սբ. Հովհաննես Մկրտիչ, Սբ. Թադեոս և Սբ. Բարդուղիմեոս, Սբ. Հռիփսիմե, Սբ. Սահակ և Սբ. Մեսրոպ: 16-րդ դարի եվրոպացի վաճառականները նշում են, որ Բաքվի մարդատար և բեռնատար ծովային փոխադրամիջոցները հայ վաճառականների ձեռքին էին: 1579 թ. Բաքու այցելած եվրոպացի ճանապարհորդ Քրիստոֆեր Բուրոյի տեղեկացմամբ՝ Հակոբ անունով մի հայ շահագործում էր 35 տոննա տարողությամբ նավ: Միաժամանակ արձանագրում է, որ Բաքվից 18 վերստ դեպի արևմուտք տեղակայված «Հայ գյուղ» բնակավայրում զբաղվում էին մետաքսի և տորոնի առևտրով (նույն տեղը, էջ 42):
Բայց ահա թուրք պատմաբան Ջևդեթ փաշան, ներկայացնելով 18-րդ դարի սկզբի Արևելյան Անդրկովկասը, արձանագրում է. «Սալյան և Բաքու քաղաքներում ապրում են 10 հազար տուն շիաներ և 10 հազար տուն հայեր» (Թարիխի Ջևդեթ, հ. III , էջ 141): Այդ շիաների կազմում դեռ չկան ազերթուրք կոչվողները, նրանց առաջին քոչը առաջին անգամ Արաքսով անցկացրել է Նադիր շահը՝ 1736 թ.: Սկսած պարսկական թագավորության կազմավորումից` մ.թ.ա. վեցերորդ դարից, Արևելյան Անդրկովկասը եղել է կա՛մ Պարսկաստանի տիրապետության տակ, կա՛մ նրա ազդեցության շրջանակներում: 2600 տարում Բաքվի ու Սալյանի շիա ու հայ բնակիչները թվաքանակով հավասարվել են:
Նույն ժամանակահատվածում հայոց ազատագրական շարժման ռահվիրա Իսրայել Օրին 1799 թ. և ժամանակի մյուս հայ գործիչները ևս իրականացրել են վիճակագրություն և արձանագրել, որ միայն Շամախի քաղաքը, չհաշված շրջակա հայկական գյուղերը, ունի 10 հազար ծուխ հայ բնակչություն, Շաքիի խանությունը` 10 հազար, Գանձակի խանությունը` 20 հազար, Ղարաբաղի խանությունը` 100 հազար, և Սալյանի ու Բաքվի հայության հետ միասին 150 հազար ծուխ հայ բնակչություն այն դեպքում, երբ պարսկական պաշտոնական տվյալներով նույն տարածքներում առկա էր ընդամենը 21940 ծուխ մահմեդական ազգաբնակչություն: Համարյա յոթ անգամ ավելի մահմեդական բնակչությունից:
Ցարիզմը վիճակագրությունը կատարում էր ըստ կրոնական պատկանելության, և հնարավոր չէր կոնկրետ ժողովրդի թիվը որոշելը: Բայց ահա 1891 թ. Թիֆլիսում հրատարակված «Բաքուն և իր արվարձանները» գրքույկում ներկայացվում է Բաքվի էթնիկական կազմը, որի համաձայն՝ Բաքուն ուներ 29631 թաթ, 25897 հայ, 22693 ռուս, 9877 թաթար (ժամանակակից ազերթուրք), 5520 այլազգի բնակչություն: Հայերը երկուսուկես անգամ ավելի էին ազերթուրքերից: Շատ լավ իմանալով մեր անփոխարինելի հարևաններին` բնավ չենք զարմանում, որ, նրանց դրության տեր դարձնելով, 1926-ի մարդահամարի ցուցակներում նրանք իրենց երեկվա այդ թվաքանակը բազմապատկեցին 12-ով և դարձրին 118 հազար` առաջին հերթին ուրանալով թաթերի գոյությունը: 1988-1990 թթ. ևս հայերը Բաքվում թվաքանակով գերակշռում էին ազերիներին` տասնամյակներ շարունակ Ղարաբաղի աշխատուժը Բաքու տանելու արդյունքում:
ՏԵՂԵԿԱՆՔ 2 - Լենին: Լենինը հայրական կողմով թուրք-թաթարական ծագում ուներ, մայրական կողմով` հրեա, և նրա էության մեջ միաձուլված էին թաթարական ոխակալությունն ու հրեական աննահանջ հետևողականությունը: Պատահական չէ, որ համաշխարհային պատերազմի հենց սկզբում նա առաջ քաշեց «Իմպերիալիստական պատերազմը վերածել անողոք քաղաքացիական պատերազմի» կարգախոսը: Ինչքան էլ նա շահարկում էր համաեվրոպական հնչողություն ունեցող Մարքսի ուսմունքը, իրականում հետապնդում էր թուրք-թաթարական ժողովուրդներին մի միասնական պետության` Մեծ Թուրանի կազմում համախմբելու ծրագիրը: Երբ գերմանական փողերի զորությամբ նա հասավ իշխանության, անմիջապես ձեռնարկեց Մեծ Թուրանի ստեղծման գլխավոր խոչընդոտի` ռուս ժողովրդի նկատմամբ հաշվեհարդարը` նույնիսկ գերմանա-հունգարական ռազմագերիներից դիվիզիաներ ստեղծելով ռուս ժողովրդի դեմ: Բավարարվենք ռուս մտավորական Վիկտոր Աքսյուշիցի մի քանի բացահայտումով:
Իշխանությունը նվաճելուց հետո Լենինի գլխավոր ու հատու զենքն էր` «Անհրաժեշտ է անխնա զանգվածային տեռոր կիրառել, կասկածելիներին փակել քաղաքից դուրս գտնվող համակենտրոնացման ճամբարներում: Պետք է օգտագործել տեռորի էներգիան, մասսայականությունը»: Եվ անշեղորեն իրագործում էր: «Ծավալել զանգվածային տեռոր, գնդակահարել և դուրս բերել հարյուրավոր պոռնիկների, որոնք սերտորեն միավորում են նախկին սպաներին և այլն: Ոչ մի րոպե չհապաղել»,- հրահանգ Նիժնի Նովգորոդի իր կամակատարներին: «Կախել (անպայման կախել, որպեսզի ժողովուրդը տեսնի)… Այնպես անել, որ շուրջը հարյուրավոր կիլոմետրերի վրա ժողովուրդը տեսնի, սարսռա, իմանա, բղավի` խեղդում են և կխեղդեն արնախում կուլակներին»,- հրահանգ Պենզայի իր կամակատարներին: Տամբովյան գյուղացիական ապստամբության ճնշման համար Տուխաչևսկուն ուղղված հրամանում Լենինը կարգադրեց դիմել քիմիական զենքին:
«Թունավոր գազերով մաքրել այն անտառները, որտեղ թաքնվում են ելուզակները: Ճշգրիտ հաշվարկ կատարել, որպեսզի հեղձուցիչ գազերի ամպը տարածվի ամբողջ անտառում, որպեսզի ոչնչացնի այն ամենը, ինչ թաքնված է այնտեղ»: Տուխաչևսկին ոչ միայն չհիասթափեցրեց Լենինին, այլև հրամայեց գնդակահարել բնակավայրերում մնացած այն տղաներին, որոնց հասակը բարձր էր տղամարդու գոտկատեղից:
«Տերտերներին հարկավոր է ձերբակալել իբրև հակահեղափոխականների, գնդակահարել անխնա և ամենուրեք և հնարավորինս շատ: Տաճարների շենքերը կնքել և վերածել պահեստների»,- 1919 թվականի մայիսի 1-ին Ձերժինսկուն տված հանձնարարականից: 1922 թվականի մարտի 19-ի տված հանձնարարականից. «Հենց հիմա, միայն հիմա, երբ սովյալ վայրերում մարդկանց ուտում են… մենք կարող ենք (ուստի պարտավոր ենք) եկեղեցական արժեքների առգրավում իրականացնել ամենակատաղի և անխնա էներգիայով… դրանով մեզ համար ապահովելով մի քանի հարյուր միլիոն ոսկե ռուբլի հիմնադրամ»: Լենինը մասսայական սով ստեղծեց անհնազանդ բնակչության հետ հաշվեհարդար տեսնելու համար: 1921-22 թթ. ահավոր սովը մոտ 5 միլիոն մարդու կյանք խլեց` լրացնելով զենքի ուժով իրականացրած 15 միլիոն զոհերի թիվը:
Մեկ միլիոն գերի կազակների մասին Ձերժինսկու գրած նամակի վրա Լենինը ճիվաղային մակագրություն է կատարել. «Գնդակահարել բոլորին անխտիր»: Արդյո՞ք այդ մեկ միլիոն կազակները ժամանակակից Ղազախստանի լայնածավալ տարածքներում հիմնավորված կազակները չէին, որոնց ոչնչացմամբ դրվում էր մեծ Ղազախստանի հիմքը: Եվ իր մարդակեր քաղաքականությունն իրականացնելու ճանապարհին նա ձեռք մեկնեց նաև հունգարական, գերմանական, չեխական, թուրքական ռազմագերիներին` նրանցից ստեղծելով պատժիչ դիվիզիաներ: «Կայուն ու կարգապահ տարրերից գերմանա-հունգարական դիվիզիայի կազմավորումը անչափ նպատակահարմար է»,- հեռագիր Սիբիրերկրկոմի նախագահին: Լենինը հետևողականորեն և անշեղ առաջ էր տանում սեփական ծրագիրը. «Թող բնաջնջվի ռուս ժողովրդի 90 տոկոսը, միայն թե 10 տոկոսը մնա համաշխարհային հեղափոխության պահին»: Այո՛, Լենինը ռուս ժողովրդի միայն 10 տոկոսին էր հանդուրժում որպես ստրուկների գորշ զանգված, իսկ 90 տոկոսը` ռուսական «говно» մտավորականությունը, «հաշիշ» հոգևորականությունը (իր բնորոշումներն են - Ա.Հ.), ազնվականությունը, կուլակությունը, գյուղացիական այն զանգվածները, որոնք հունձը սկսվելուց առաջ դեռևս ուտելու բան էին ունենում, պետք է վերանային աշխարհի երեսից: Եվ հետևողականորեն ոչնչացնում էր ոչ միայն մասսայական գնդակահարությունների, այլև սովի մատնելու ճանապարհով:
Նույն սադիստական վճռականությամբ, դեռ մի բան էլ ավելի, իր քաղաքականությունը Լենինը ծրագրեց Մեծ Թուրանի հարավային ճանապարհը խոչընդոտող հայ ժողովրդի նկատմամբ: Պետերբուրգում իշխանությունը զավթելուց 13 օր հետո` 1917 թ. նոյեմբերի 20-ին, Լենինն ու Ստալինը կոչով դիմեցին Ռուսաստանի ու համայն աշխարհի մահմեդականներին` հավաստիացնելով. «Մենք հայտարարում ենք, որ Թուրքիայի մասնատման և Հայաստանի անվտանգության ապահովման դրույթը չեղյալ է հայտարարվում» (Արտավազդ Ավագյան, «Հայաստանը իր ազգի ու պետության պաշտպան», 2006 թ.): Դրանով Լենինն իր արյունակից թալեաթներին, էնվերներին, ջեմալներին խրախուսում էր, որ ավարտին հասցնելու հայոց ցեղասպանությունը, որ վաղն այդ տարածքներում որոնումներ կատարողները հայ չգտնեն: Բայց ամենասանձարձակն ու լկտին այն էր, որ նույն օրերին պետական մակարդակով դեկրետ հրապարակեցին Արևմտահայաստանի մասին, որով հռչակեցին Արևմտահայաստանի անկախության իրավունքը: Դա մի լրացուցիչ ահազանգ էր հայոց հարցը շուտափույթ ավարտին հասցնելու առումով: Այդ հարցում Լենինը ավելի հետևողական, արագ ու շեշտակի էր գործում, քան երիտթուրք գործընկերները:
Ընթանում էին Բրեստ-Լիտովսկի բանակցությունները: Դեկտեմբերի 14-ին գերմանական կողմը ներկայացրեց իր պահանջները, որտեղ Թուրքիայից ռուսական զորքերը դուրս հանելու պահանջ չկար: Հաջորդ օրը թուրքական կողմից Հաքքի փաշան իր ելույթում նշեց, որ Թուրքիայից ռուսական զորքերի դուրսբերման հարցը արդեն լուծել են սեպարատ համաձայնությամբ` ներառելով նաև Կարսի, Արդահանի և Բաթումի շրջանները: Միայն բանակցությունների վերջում գերմանական կողմը այդ գործարքը արձանագրություն մտցրեց՝ ավելացնելով. «Մենք չենք պնդում նշված տարածքներից ռուսական զորքերի անհապաղ դուրսբերմանը` ձգտելով խուսափել հավելյալ մեղադրանքներից»:
Բայց արդեն 1918 թ. հունվարի 7-ից Տրոցկու կարգադրությամբ ռուսական զորքերը լքել էին կովկասյան ճակատը, ներառյալ Անդրկովկասը` թուրքերին թողնելով զինապահեստներն ու զինվորական տեխնիկան, որից ոգևորված` թուրքական կողմը հայտարարեց, թե 10 տարի իրենց այլևս զենք հարկավոր չէ, իսկ հայրենիք վերադարձող ռուս զինվորների հրացաններն էլ Շամխորի մոտ նվիրեցին այն ժամանակ դեռ թաթար կոչվող չոբաններին` հայտարարելով, թե այդ չոբանները զինաթափեցին ռուսական զորքը: Շուտով, նահանջող ռուսական զորքին համարյա կրնկակոխ, թուրքական զորքերը Նուրի փաշայի գլխավորությամբ հասան Գանձակ, հռչակեցին Ադրբեջանական անկախ Հանրապետություն, նկատի ունենալով, որ այն դառնալու է դեռևս չնվաճված, բայց նվաճվելիք բուն Ադրբեջանի մաս:
Սուլթանական զորքերը Հայոց ցեղասպանությունը շարունակեցին նաև Արևելյան Անդրկովկասում: Միայն Արցախ-Ղարաբաղը կարողացավ դիմակայել թուրքական վայրագությանը` Վարանդայի Մսմնա գյուղում ջարդելով թուրքական մի զորախումբ: Իսկ երբեմնի Շաքիի ու Շամախու խանություններում հայերի նկատմամբ իրականացրին նույնը, ինչ կատարել էին իրենց ենթակա Հայաստանում: Բավական է նշել, որ, 1916 թ. վիճակագրությամբ, Շաքիի տարածքի 45 հազար հայերից 1926 թ. մարդահամարով արձանագրվել է ընդամենը 4004 բնակիչ, իսկ 40 հազարը դարձել է թուրքական յաթաղանի զոհ: Շամախու տարածքի 72 հազար հայերից 1926 թ. մարդահամարով արձանագրվել է 12 հազարը, 60 հազարը դարձել է զոհ: Այդքանը մինչև Բաքու հասնելը:
Կարճ ժամանակ հետո թուրքական զորքերը հասան Բաքու, արյան մեջ խեղդեցին Բաքվի կոմունան, որը 1918 թվականի մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը մուսավաթականների բորբոքած ապստամբության պարտությունից հետո վերածվել էր հայկական իշխանության` իր 16000 հայկական զորքով: Լենինը չէր հանդուրժի մի հայկական իշխանություն Մեծ Թուրանի ճանապարհի այդ հանգուցային կետում և թուրքերից ոչ պակաս դեր կատարեց կոմունան պարտության մատնելու գործում: Նա տառացիորեն ոչինչ չարեց Բաքվի կոմունայի համար: Խաբում էր, թե փող է ուղարկել, բայց տեղ չէր հասնում, զենք ու զինամթերք է ուղարկել, բայց սուտ էր դուրս գալիս, նույնիսկ ուղիղ կապի միջոց չտրամադրեց, և Շահումյանն իր հեռագրերը Տաշքենդի կամ Աստրախանի միջոցով էր Մոսկվա հասցնում: Շահումյանի բոլոր նախազգուշացումները թուրքերի իրական ծրագրերի վերաբերյալ մնացին օդում կախված: Երևի Լենինը քթի տակ խնդացել էր, երբ 1918 թվականի ապրիլի 13-ին գրած Շահումյանի զգուշացնող նամակում կարդացել է. «Եթե նրանք հաղթեին Բաքվում, քաղաքը կհայտարարվեր մուսուլմանների մայրաքաղաք… մուսուլմանական կոնտրռևոլյուցիոն տարրերը դրության տեր կդառնային ամբողջ Անդրկովկասում… Նրանց հաղթանակը Բաքվում կտաներ դեպի Անդրկովկասի կորուստը Ռուսաստանի համար»:
Ներկայացնենք որոշ լրացուցիչ փաստեր: Թուրքական զորքերը հաղթականորեն մոտենում են Բաքվին: 1918 թ. հուլիսի 20-28-ին Շամախին, Ալյաթը, Բալաջարը գրավելուց հետո պաշարել էին արդեն Բաքուն: Մինչդեռ Շահումյանի բոլոր ահազանգերը Լենինին և մյուս ղեկավարներին մնում էին անարձագանք: Հիշենք դրանցից վերջինը` հուլիսի 26-ի հեռագիրը` ուղղված Լենինին ու Ստալինին: «Թախանձալից խնդրում եմ բոլոր միջոցները ձեռք առնել անմիջապես կանոնավոր զորքեր ուղարկելու համար: Մեր դեմ կռվում են թուրքական կանոնավոր զորքերը, կան գերմանական հրահանգիչներ»: Այդ կապակցությամբ Լենինը հուլիսի 29-ին պատասխանել է. «Զորքեր ուղարկելու համար միջոցներ ձեռք կառնենք, բայց հաստատապես խոսք տալ չենք կարող» (ն.տ., էջ 382-383):
Իսկ ի՞նչ էր անում Լենինը մինչ այդ: Երբ 1919 թ. մարտի 30-ից մինչև ապրիլի 1-ը բորբոքված ապստամբության ժամանակ մուսավաթականները պարտվեցին ու փախան Գանձակ, մայիսին Շահումյանը Լենինին հայտնեց Գանձակ արշավելու անհրաժեշտության մասին և ստացավ պատասխան. «Պետք է խուսանավել և հետաձգել լուծումը, մինչև որ ռազմական տեսակետից ամրանանք»: Լենինը շատ լավ գիտեր, որ սուլթանական զորքերը մեկ ամիս հետո լինելու են Գանձակում:
Լենինը ոչ թե հետամուտ էր «ռազմական տեսակետից» կոմունան ամրապնդելուն, այլ իր գործակատարների ձեռքով ամեն ինչ անում էր ազգային նկարագրով հայկական դարձած կոմունան կործանելու համար: Շահումյանը մի քանի անգամ, վերջինը` հունիսի 3-ին, դիմում է ռազմածովային գործերի ժողկոմ Տրոցկուն` պահանջելով «Հեղափոխության առջև պատասխանատվության մեծ տագնապից պահանջում ենք անհետաձգելի օգնություն` զենքով: Տվե՛ք հրացաններ, փամփուշտներ, հրանոթներ: Յուրաքանչյուր ձգձգում հանցագործություն է հեղափոխության հանդեպ»: Տրոցկին մի գնդակ անգամ չի ուղարկում: Ավելին: Կոմունայի համար այդ օրհասական պահին, երբ թուրքական զորքերը Բաքվի դարպասներն էին ծեծում, Տրոցկին հուլիսի 18-ին հրաման է արձակում Բաքու՝ զորամասեր տրամադրել ՈՒրալում չեխոսլովակյան կորպուսի խռովությունը ճնշելու:
Բաքվի կոմունայի տապալման գործում պակաս վատթարագույն դեր չկատարեց նաև Լենինի մյուս կամակատարը` Ստալինը: Նա 1918 թ. հուլիսից Հյուսիս-կովկասյան զինվորական օկրուգի ժողկոմ էր նշանակված: Հաց ճարելու համար Բաքվի ժողկոմխորհը, Ալ. Բեկզադյանի գլխավորությամբ, լիազորներ էր ուղարկել Հյուսիսային Կովկաս: Ստալինի հրամանով հավաքված սննդամթերքը ուղարկվեց Ցարիցին: Նրա հրամանով Աստրախանում կասեցվեց նաև ուկրաինական ռազմաճակատից գնդապետ Պետրովի` 9 հազարի հասնող զորախմբի մեկնումը Բաքու: Միայն 780 հոգու հաջողվեց հասնել Բաքու, այն էլ` հայտնի չէ նրանց մասնակցությունը պատերազմական գործողություններին: Իսկ թե ո՞ւմ հանձնարարությամբ է Բիչերախովը իր զորախմբով լքել Բաքուն ու հասել Հյուսիսային Կովկաս, ենթադրելի է միայն:
Լենինին մանկական միամտությամբ հավատացող ու նվիրված Շահումյանը, որ իր նամակներում նրան քեռի էր անվանում, կնոջը՝ քեռակին, որտեղի՞ց իմանար, որ նրա բուն ծրագիրը հենց Անդրկովկասը թուրքերին հանձնելն էր, որպես Մեծ Թուրանի կարևոր հանգուցակետ: Շահումյանը ինչպե՞ս գուշակեր, որ այդ ճիվաղ մարդակեր քեռին շուտով իրեն ու իր ընկերներին հասցնելու է Ախչակումա, որպեսզի Բերիայի ձեռքով ոչնչացնի:
Ռուսաստանում իր իսկ բորբոքած քաղաքացիական արյունոտ պատերազմի պատճառով Լենինը 1918-20 թթ. ժամանակավորապես հետաձգեց Մեծ Թուրանի հարավային ճանապարհով զբաղվելու խնդիրը: Բայց ահա իր արյունակից հարազատ Աթաթուրքի հետ համագործակցած, Բաքվի մուսավաթական կառավարության հետ էլ համաձայնեցրած, Լենինը 1920 թ. ապրիլի 28-ին 11-րդ կարմիր բանակը հասցնում է Բաքու` օրինականացնում թուրքական յաթաղանի զորությամբ ստեղծված արհեստական պետական կառույցը՝ հռչակելով «Ադրբեջանի Սովետական Սոցիալիստական Հանրապետություն»: Մի գիշերվա մեջ մուսավաթականները դառնում են մարտնչող բոլշևիկներ, նույնիսկ Շուշին ավերող արյունարբու Սուլթանովն իրեն հռչակում է Ղարաբաղի ռազմահեղափոխական կոմիտեի նախագահ:
Ահա այսպես հայոց երեքհազարամյա ճանապարհ անցած Բաքուն Լենինը դարձրեց կեղծանուն Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի տարին չլրացած` 1921 թ. մարտի 16-ին, հայոց Նախիջևանն էլ հանձներ նրանց հոշոտմանը, քիչ հետո էլ Ղարաբաղին պարտադրեր նույն ճակատագիրը:
Իսկ թե հաջորդ 70 տարում ինչպես է շարունակվել պանթուրքական քաղաքականությունը կեղծանուն Ադրբեջանում, այլ դիտարկումների խնդիր է:

Արտաշես ՀԱԿՈԲՋԱՆՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Դիտվել է՝ 41183

Մեկնաբանություններ