Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն Թեհրանից մեկնել է Բաքու՝ իրազեկում է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի թելեգրամյան ալիքը։ «Նա ուղևորվեց Ադրբեջանի մայրաքաղաք, որպեսզի նրանց զգուշացնի ձեռնպահ մնալ միջամտությունից»,- ասված է հաղորդագրության մեջ։               
 

Արցախը մարդկության խիղճն է, իսկ համայն հայության ՝ բաբախող սիրտը

Արցախը մարդկության խիղճն է, իսկ համայն հայության ՝ բաբախող սիրտը
26.06.2023 | 20:58

Արցախը միայն Հայկական բարձրավանդակի մի անկյունը չէ՝ Մեծ Հայքի 10-րդ նահանգը: Արցախը իր մշակութային ժառանգությամբ նաև համաքրիստոնեական արժեք է: Սակայն Արցախը մշակութային վանդալիզմի ենթարկվելուց զատ այսօր ամենից առաջ կանգնած է հումանիտար աղետի առաջ:

Ավելի քան վեց ամիս գտնվելով թշնամու կողմից շրջափակման մեջ, արդեն երկու շաբաթ է, որ սկսվել է Արցախի տոտալ շրջափակումը: Մեր աշխատանքային խմբերի հստակ տեղեկություններով արդեն հնարավոր չէ հասցնել անգամ հազարավոր նորածինների համար նախատեսված մանկական կերերը: Սա նշանակում է, որ Արցախի նկատմամբ իրականացվում է ցեղասպանության մի դրսևորում, որը կոչվում է սովասպանդ: Իսկ աշխարհը լուռ է:

ՄԱԿ-ի գրասենյակից մեզ պատասխանում են, թե իրենց ուժերից վեր է հարցին միջամտելը, անգամ՝ հումանիտար օգնություն հասցնելու պարագայում:

Պատերազմի հետևանքների վերացման և Արցախցու իր պատմական Հողի վրա ապրելու իրավունքի համար պայքարող «Հայոց մայրերի միությունը» դատապարտում է այսպիսի անտարբերությունը Արցախի և արցախցու խնդրի նկատմամաբ և համարում, որ նման արձագանքները և մոտեցումը հերթական անգամ հարված են հասցնում ամենից առաջ այս միջազգային կազմակերպության հեղինակությանը: Եվ այդ շարժման ղեկավար մեր սիրելի տիկին Անահիտ Մամուլյանը, ով առողջական խնդիր ունի, զարմանալի տոկունությամբ կարողանում է առաջ մղել մեր ազգային պայքարը: Եվ մենք նրա կողքին չկանգնել պարզապես չենք կարող:

Հիշեցնենք, որ ՄԱԿ-ի հովանու ներքո գործում է Մանկական հիմնադրամ (անգլ.՝ United Nations Children's Fund; հպվ. պաշտ. հայերեն՝ ՅՈՒՆԻՍԵՖ; անգլ.՝ UNICEF), միջազգային կազմակերպություն:

ՄԱԿ-ի Միջազգային արտակարգ մանկական հիմնադրամ անվանումով այս հիմնադրամը (անգլ.՝ United Nations International Children's Emergency Fund; ֆր.՝ Fonds des Nations unies pour l'enfance) ստեղծվել է 1946 թվականի դեկտեմբերի 11-ին ՄԱԿ-ի գլխավոր վեհաժողովի որոշումով՝ որպես Երկրորդ համաշխարհային պատերազմի ընթացքում տուժած երեխաներին օգնություն ցուցաբերող արտակարգ կազմակերպություն։ Ենթադրվում էր, որ հիմնադրամը կլինի ժամանակավոր, բայց 1953 թվականին ՄԱԿ-ն ընդլայնեց կազմակերպության գործունեության շրջանակները և նրա իրավասությունները երկարաձգեց անորոշ ժամկետով։ Հիմնադրամը ստացավ իր ներկայիս անվանումը՝ պահպանելով նախնական հապավումը UNICEF։ Կազմակերպության կենտրոնական գրասենյակը տեղակայված է Նյու Յորքում։

Չենք մանրամասնի այս կազմակերպության ստեղծման պատմությունը: Բայց կասենք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ի գործառույթներից մեկը հիմա պետք է լիներ աշխարհի պատերազմող երկրների երեխաների կյանքի իրավունքի մասին բարձրաձայնումը: Երեխաների իրավունքներով զբաղվելու գործում այս կառույցի աշխատանքների իրագործմանն օգնում են աշխարհով մեկ իրենց գործունեությունը ծավալող ավելի քան 180 «Բարի կամքի դեսպանները»։ Սակայն Արցախի խնդրի, այսօր արդեն իրենց կյանքի համար պայքարող 30 000-ից ավելի արցախցի մանուկների համար որևէ միջազգային արձագանք չի եղել մինչ օրս:

ՅՈՒՆԻՍԵՖ-ի Բարի կամքի դեսպանների շարքերում կան նաև մեր ճանաչված երգիչ-երգչուհիներն ու դերասանները: Թող նրանք իրենց հերթին բարձրաձայնեն ցեղասպանության շեմին կանգնած Արցախի հարցը: Թույլ չտանք Արցախում հումանիտար ճգնաժամի շարունակությունը, որի նպատակը թշնամու համար Արցախում ցեղասպանություն իրագործելն է ու նրա վերջնական հայաթափումը:

Սիրելի հայրենակիցներ՝ ի Հայաստան և ի Սփյուռս աշխարհի, դուք էլ ձեր ընտանիքների պատմությունների օրինակով գիտեք, որ մեր ազգը գոյապայքարներ շատ է հաղթահարել: Եվ ավելի քան մեկ դար առաջ ցեղասպանության հետևանքով ձևավորվեց Սփյուռքը՝ որպես պատմական իրողություն: Եվ հենց այս հանգամանքով պայմանավորված, պետք է միավորենք մեր համահայկական ներուժը ՝ Արցախն ամենից առաջ ազատենք անտարբերության «բլոկադայից», մեր խնդրի շուրջ համախմբենք մեր ազգի օտարազգի բարեկամներին, որոնք կան ու այսօր էլ գործում են հանուն Արցախի՝ հաճախ իրենք էլ հաղթահարելով բազմաթիվ վտանգներ:

Արցախը և արցախցուն մե՛նք պետք է ապրեցնենք: Չենք չափազանցնի և կասենք, որ Արցախում այսօր վճռվում է մարդկային քաղաքակրթության լինել-չլինելու ապագան: Մեր միասնությամբ պետք է կարողանանք ցույց տալ, որ Արցախը մարդկության

խիղճն է, իսկ համայն հայության ՝ բաբախող սիրտը:

Հիշենք, որ Արցախի ազատագրումով մեր պատմական արդարության համար պայքարի հիմնաքարն էր դրվել: Եվ առանց Արցախի կկասեցվի նաև մեր գոյության ընթացքը՝ որպես ազգ:

Պատահական չէ, որ մեր Ազգային հերոսը, որ ծնվել էր Սփյուռքում և եկավ Արցախի ազատագրման գործին նվիրվելու, դեռ պատերազմի դաշտից սերունդներին հղում էր մեր ազգային գոյության բանաձևը.

-Եթե կորցնենք Արցախը, ապա մենք կշրջենք հայոց պատմության վերջին էջը...

Հասմիկ ՊՈՂՈՍՅԱՆ

Կոլաժը` ՆԻԿՕ-ի (Նիկոլայ ՄԱՆՈՒԿՅԱՆ)

Հ.Գ. Լսենք մեր նվիրյալ հայուհու՝ տիկին Անահիտ Մամուլյանի կոչը: Եվ ամենքս տարածենք այս ելույթը՝ յուրաքանչյուրս մեր գրառումներով ու նախընտրած հեշթեգներով: Համախմբումը այլընտրանք չունի: Իսկ Արցախի շուրջ աշխարհում տիրապետող անտարբերության բլոկադայի ճեղքումը պետք է սկսվի մեզանից:

Մենք այսպիսին լինելու իրավուքը չունենք:

Հղումը` https://fb.watch/lomn95H3Wa/

Դիտվել է՝ 5317

Մեկնաբանություններ