Մի շարք հանգամանքներով պայմանավորված անցած շաբաթն ամփոփվեց թուրք-ադրբեջանական համատեղ ցայտնոտով ու «փսիխոզով»:
Նախ տեղաց Թուրքիայի արտգործնախարար Չավուշօղլուի Հայաստանին ուղղված սպառնալիքներն առ այն, որ Երևանում տեղադրվեց «Նեմեսիսի» արձանը:
Այնուհետև Ալիևի ուլտիմատումն էր՝ սահմանը հատած և հայ քաղաքացուն սպանած ադրբեջանցի զինծառայողի ազատազրկման հետ կապված:
Վերջիններս, ձայն ձայնի տված, բացահայտ հայտարարեցին, որ ստիպիված կլինեն հավելյալ միջոցներ ձեռնարկել, եթե մարդասպան զինվորն ազատ չարձակվի, և եթե չապամոնտաժվի «Նեմեսիսին» նվիրված արձանը։
Եթե ոչ, ապա նրանք չեն բավարարվի միայն օդային տարածքի փակումով:
Դժվար չէ կռահել, որ եթե վերջիններիս մնա, կպահանջեն նաև Արարատի հեռացումը գերբի վրայից, Սարդարապատի, Բաշ Ապարանի ու Ծիծեռնակաբերդի, բոլոր հայ հերոսների արձանների ապամոնտաժումը:
Ավելի հեռահար գնացող պահանջներն էլ՝ չբարձրաձայնեմ;
Թալեաթ փաշայի «Նամակն անցյալից» կարծում եմ շատերը կհիշեն, երբ վերջինս անկաշկանդ ասում էր.
«Մենք ցանկանում ենք աշխարհի երեսին թողնել մեկ հայ՝ այն էլ թանգարանում որպես նմուշ»:
Կարծում եմ՝ համոզվել եք նաև, որ թուրքն իր ծրագրերից չի հրաժարվել:
Այնպես չի հրաժարվել, որ թուրք ընդդիմադիր թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն, երբ հանրությանը ներկայացրեց՝ Թուրքիան Չինաստանին կապող «Կյանքի ճանապարհ» կոչվող առևտրային քարտեզը, որով Չինաստանից եկող ճանապարհը շրջանցում է Հարավային Կովկասը, դրա փոխարենն անցնելով Իրանով, Թուրքիայում ու Ադրբեջանում վայնասունի ալիք բարձրացավ:
Միայն պետք էր տեսնել զայրութով ու տվայտանքով շաղախված Չավուշօղլուի պատասխանը, (որը նաև իրենց ծրագրի բացահայտ լուսաբանում էր), թե` ինչպե՜ս կարելի է այդ ճանապարհը չանցկացնել Արցախով ու Հայաստանի Սյունիքի մարզով, որը, ըստ վերջիններիս, «զանգեզուրի միջանցքն» է լինելու:
Որ դա «Զանգեզուրի միջանցք» նախագծից հրաժարվել է նշանակում, ինչը պետք է բացառվի։
«Թուրքի ճանապարհն անցնելու է Զանգեզուրով ու Ղարաբաղով», «առանց Ադրբեջանի թուրքական ճանապարհ չի կարող լինել», «թուրքական աշխարհը կմիավորվի զանգեզուրի միջանցքով, ոչ թե ինչ-որ նախագծով», «մենք մեկ ազգ ենք, երկու պետություն», «դրանով ոչնչացվում են թուրքական աշխարհի մեծ իդեալները»:
Նման խոսույթով հակադարձում են բորբոքված թուրք և ադրբեջանցի արտգործնախարարները՝ հաթաթա տալով թե՛ ընդդիմադիր թեկնածուին, թե՛ հեռահար նաև մեզ:
Իսկ թե մեր բազմարատ իշխանություններն ինչ հետևություններ կանեն, դժվար չէ ենթադրել:
Դժվար էլ չէ կռահել, թե ինչերի են պատրաստ գնալու, անունը դնելով կոմպրոմիս ու հանդուրժողականություն:
Ինչևէ, եթե Թուրքիայում իշխանության գա ըննդիմադիր թեկնածուն, ապա ըստ վերջինիս, «Թուրանական միջանցքի» փոխարեն կլինի պարզապես թուրքական «կյանքի ճանապարհը»:
Սակայն միամտություն է կարծել, կամ միանշանակ ասել, որ իր ընտրվելու պարագայում՝ հենց այդ քարտեզն է կյանքի կոչելու:
Դեռ հարց է, թե նման նախագծով հանդես գալն ի՞նչ դիվիդենտներ է իր մեջ պարունակում, ո՞ր լսարանի և ու՞մ հաճոյանալու համար է:
Էլ չեմ ասում, որ այն հետագայում կարող է ներկայացվել «զանգեզուրյան միջանցքին» ոչ թե ալտերնատիվ, այլ որպես հավելյալ նախագիծ:
Թուրքիայի նման պետությունում ազգային դոկտրինի տառին համապատասխան է երկիրը կառավարվում, ոչ թե անհատի նախասիրություններով, պատկերացումներով ու կազմած ծրագրերով:
Այնպես որ, ո՛չ պետք է ոգևորվել ու Աստված կանչել, որ վերջինս նախագահ դառնա, ոչ պետք է նրա վրա հույս դնել, հայանպաստ դիրքորոշում ակնկալել:
Եվ հետո, չմոռանանք, թե ինչպես էր արտահայտվում նույն այդ անձը 2020 թվականի հոկտեմբերին, 44-օրյա պատերազմի ժամանակ, և թե ինչպիսի նացիոնալիստական հակումներ ունի:
Իսկ ինչ վերաբերում է Էրդողանին, ապա նրա՝ նախագահի աթոռին վերահաստատվելու պարագայում, ցանկացած վտանգավոր սցենար իրատեսական է դառնում:
Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, արդեն իսկ, մատնանշում է «Զանգեզուրի միջանցքի» բացման ժամկետներ՝ իր ռազմական ուլտիմատումը փաթեթավորելով
«Հարավային Կովկասում խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն» եզրույթով:
Սակայն, մի պայմանով.
դրա համար Հայաստանը պետք է տրամադրի էքստերիտորիալ միջանցք Սյունիքով:
Իսկ Էրդողանն էլ իր հերթին վերահաստատեց միջանցքի պարտադիր անցանելիությունը Սյունիքով:
Վերջինիս հաղթանակի դեպքում, մեր հանդեպ պահանջները կշատանան:
Դրանք կդառնան ավել կոշտ, վերջնագրային և ըստ հստակ ժամանակացույցի:
Ալիևն էլ «երկրորդ անգամ կծնվի», թևերն էլ աջ ու ձախ կթափահարի:
Ինչևէ, սպասենք ընտրությունների արդյունքներին:
Ամեն դեպքում, ի գիտություն.
պետական ծրագրերը չեն փոխվում, փոխվում են դերակատարները:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ