ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի անցումային թիմում ամենաազդեցիկ անձ համարվող գործարար Իլոն Մասկը և ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցիչ Ամիր Սաիդ Իրավանին Նյու Յորքում քննարկել են Վաշինգտոնի ու Թեհրանի հարաբերություններում լարվածությունը նվազեցնելու ուղիները։ Նրանք դրական են որակել բանակցությունները և ասել, որ սա «լավ նորություն» են համարում։               
 

Արցախն ու մեր մեղքերը

Արցախն ու մեր մեղքերը
30.04.2023 | 20:10

Նյարդապայքարը շարունակվում է:

«Դուք մուտք եք գործում Ադրբեջանի Հանրապետության տարածք»:

Ինչպես գիտենք, Ադրբեջանը վերը նշված տեքստով ցուցանակ է տեղադրել Լաչինի միջանցքի այն հատվածում, որտեղ երկու օր առաջ, առանց որևէ դիմադրության, տեղադրեց նաև իր դրոշն ու հսկիչ անձնագրային անցակետը:

Ցուցանակը Հակաարի կամուրջից անմիջապես հետո է, որը համարվում է «Լաչինի միջանցքի» սկզբնամասը, միաժամանակ, ըստ ՀՀ գործող իշխանությունների և Ադրբեջանի Հանրապետության՝ երկու երկրների պետական սահմանը:

Ասել, որ այս մասին չէր բարձրաձայնվել կամ որ կանխատեսելի չէր՝ սուտ կլինի:

Ավելին՝ գիտեինք, սպասում էինք այս քայլին և այն չուշացավ:

Այն, որ ադրբեջանական «էկոակտիվիստ» կոչեցյալներն էլ այս քայլից հետո իրենց միսիան ավարտված կհամարեն ու ժամանակավոր կլքեն Շուշիի հարակից ճանապարհը՝ դա էլ էր ենթադրելի:

Իհարկե, վերջիններիս այս պահին փոխարինում են ուժայինները, իսկ ավելի կոնկրետ՝ Ադրբեջանի ներքին զորքերը:

Այսպիսով՝ այս ամենի արդյունքում ամբողջովին խափանվել է հումանիտար բեռների և վառելիքի ներկրումը Արցախ:

Իսկ Շուշիի շրջանի 4 համայնքների բնակչության համար սուր հումանիտար խնդիրներ են առաջացել:

Էլ չեմ խոսում մնացյալ Արցախի մասին:

Ի՞նչ հետևեց այս ամենին.

  • Սկսվեց քաղաքակիրթ աշխարհի՝ կողմերին ուղղված շարքային հորդորները, ցավակցանքներն ու խորը, շա՜տ խորը մտահոգությունները:
  • Լաչինի միջանցքում Ադրբեջանի կողմից անցակետ ստեղծելու հարցով Հայաստանը դիմեց Արդարադատության միջազգային դատարան:
  • Այդ կամ բնավ ոչ այդ պատճառով Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Վոլկովը փոխարինվեց ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի խորհրդական գեներալ-գնդապետ Ալեքսանդր Լենցովով:
  • Դե իսկ Ադրբեջանի ԱԳՆ-ն էլ հայտարարեց, որ «Հայաստանի հետ սահմանին հսկիչ-անցագրային կետ տեղադրելու Ադրբեջանի որոշումն օրինական է և համապատասխանում է միջազգային իրավունքի բոլոր նորմերին։

Առավել ևս, որ Պրահայում և Սոչիում կայացած հանդիպումների ընթացքում Հայաստանն ինքն է ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»:

Միջազգային հանրությունից այլ բան սպասելը՝ միամտություն է:

Նրանք բացառապես բարոյապես ապրումակցողներ են:

Որ դիմել ենք Միջազգային Դատարան՝ լավ ենք արել, բայց ինչպես նախորդ որոշման «ուրվականը», սա ևս անհաղորդ կմնա:

Որ ռուսական տիրույթում կադրային փոփոխությունը կատարվել է իրենց գործողություններ, ի վերջո, հավուր պատշաճի կատարելու համար՝ ժամանակը ցույց կտա:

Ադրբեջանի ԱԳՆ-ի հայտարարությունն էլ այնքանով է «արդարացված», որքանով որ այն պայմանավորեցված է ՀՀ իշխանությունների հետ:

Նրանց ասածի լոգիկան նրանում է, որ ՀՀ վարչապետը, որպես փաստ ֆիքսել է, որ Տեղ գյուղից այն կողմ Ադրբեջան է, հետևաբար՝ դա պետական սահմանն է, իսկ սահմանից այն կողմ՝ Ադրբեջան է:

Այդ մասին ՀՀ վարչապետն ասել է, թե՛ Պրահայում, թե՛ Սոչիում և թե մեր Ազգային ժողովի ամբիոնից ու մի շարք հարցադրումներում:

Հետևաբար, նրանք իրավունք ունեն այնտեղ անել այն, ինչ կուզեն:

Ասել կուզի՝ ի՞նչի վրա եք զարմացել ու զայրացել:

Այ հենց այս հանգամանքով է պայմանավորված, որ Ադրբեջանը թույլ է տալիս իրեն նման գործողություններ և մարսում է դրանք:

Դա տալիս է նրան հնարավորություն շեղվելու նոյեմբերի 9-ի եռակողմ պայմանավորվածություններից և չկատարելու ստանձնած պարտավորությունները:

Եվ չկա մեկը, որ ասի, թե ՀՀ վարչապետը տարբեր վայրերում բանավոր շատ բան կարող է ասել:

Պետք է առաջնորդվել գրավոր, առկա փաստերով:

Իսկ գրավոր փաստը՝ նոյեմբերի 9-ի փաստաթուղթն է, որտեղ սևով սպիտակի վրա հստակ գրված են կողմերի պարտավորությունները, անելիքներն ու չանելիքները:

Իսկ Ռուսաստա՞նը:

Ռուսաստանը կարող է իր հերթին պատճառաբանել նույն հանգամանքը՝ իրեն ձերբազատելով իր մասով պարտավորվածություններից:

Ի վերջո, ինչու նա պետք է ինչ-որ քայլ ձեռնարկի ադրբեջանցիների դեմ (առավել ևս իր սահմանափակ հնարավորություններով), երբ կողմերից մեկը մաս կազմելով եռակողմ հայտարարությանը, պաշտոնապես իր դիրքորոշումով հակասում է պայմանագրի դրույթներին:

Ավելին՝ երբ տեսնում է, որ ՀՀ-ն իր «ձեռքերը լվանում է», ողջ պատասխանատվությունը բացառապես թողնում իր վրա, նույնիսկ՝ Անվտանգության քարտուղարի շուրթերով հայտարարում, որ «Լաչինի միջանցքը»՝ Ռուսաստանի Դաշնության սեփականությունն է, և որ միայն նրանք են պարտավոր ապահովելու միջանցքի անխափան տարանցիկությունն ու անվտանգությունը:

Եվ սա այն դեպքում, երբ Բաքվում Լավրովը հստակ արձանագրեց, որ ըստ եռակողմ հայտարարության՝ Լաչինի միջանցքում չի նախատեսված, հետևաբար չի լինելու ո՛չ հսկիչ-անձնագրային կետ և ո՛չ էլ ռենտգեն-սքանավորման սարք:

Իսկ այսօր, նման զարգացումների համատեքստում, ինչ-որ տեղ պաշտոնական Մոսկվային այլ բան չի մնում ասել, քան կոչ անել կողմերին վերադառնալու գոյություն ունեցող պայմանավորվածություններին:

Ստացվում է՝ դեռ պետք է ինչ-որ տեղ նաև գոհ լինենք, որ ՌԴ-ն հայտարարում է, թե «անընդունելի է որևէ միակողմանի քայլ, լինի դա Լաչինի միջանցքի շահագործման ռեժիմի չհամակարգված փոփոխության, թե խաղաղության օրակարգին չհամապատասխանող նպատակներով դրա օգտագործման փորձերի մասին», և որ «Երևանը և Բաքուն պետք է հասկանան, որ եռակողմ կարգավորմամբ պայմանավորվածությունների իրագործումն այլընտրանք չունի»:

ՈՒ սա այն բանից հետո, երբ ՀՀ-ն այլ երաշխավորներ է փնտրում, այլ դաշնակիցների փնտրտուքով է զբաղված, ավելին՝ պատրաստ է փաստահավաքչության համար Լաչինի միջանցք «գործուղել» ինչ-որ երկրների դիտորդներ:

Ինչևէ:

Ստացվում է՝ Արցախում, սեփական ժողովրդին անգամ եթե կոտորեն, ՀՀ-ն մեղավոր կարող է ճանաչել Ռուսաստանին, որովհետև անվտանգություն ապահովողը և դրա երաշխավորը, ըստ նրա, բացառապես ՌԴ-ն է:

Հայաստանը բացարձակ պատասխանատվություն չի կրում, քանզի այլևս արցախահայության անվտանգության երաշխավորը չէ:

Եվ իրոք, ոչ մի խոսք չկա Հայաստանի՝ Արցախի ու արցախահայության հանդեպ որևէ պարտավորվածության մասին:

Այն, որ ռուսներին միանշանակ պետք է հիշեցնել ու պահանջել կատարել իրենց գործառույթները՝ փաստ է:

Ավելին՝ պարտադրել կատարել նոյեմբերի 9-ի դրութներով սահմանված գործողությունները՝ միանշանակ է:

Որ օր առաջ պետք է ապամոնտաժվի ադրբեջանական հսկիչ-անցագրային կետը, և ողջ միջանցքն անցնի ռուս խաղաղապահների վերահսկողության տակ, ապահովվի բնականոն երթևեկը, այդկերպ ապաշրջափակումը՝ անքննելի է:

Սրանք այն սկզբունքային հարցերն են, որոնք պետք է շտապ լուծում ստանան:

Էլ չեմ խոսում, որ առհասարակ, նման դրվագներ չպետք է տեղի ունենային, որ այսօր էլ լուծվեին, առավել ևս լուծվեն՝ ինչ-որ բանի կամ որևէ կոմպրոմիսի դիմաց:

Ավելի հեշտ է թույլ չտալ այսպիսի խնդիրների առաջացումը, քան հետո փորձել լուծել այն:

Ավելին, կարմիր գծերը վաղուց հատված են, համբերության բաժակը՝ լցված:

Ռուսական զորախմբի նոր ղեկավար Լենցովը պետք է սկզբունքայնություն դրսևորի և ապացուցի, որ իրավիճակն առնում է իր ձեռքն ու լուծում է այն:

Դա նրա, և ոչ միայն նրա, հեղինակության հարցն է:

ՌԴ-ն պետք է պահանջի, եկած տեղն անգամ բիրտ ուժով պետք է վերացնի ճանապարհից Ադրբեջանի անցակետը:

Իսկ եթե, այնուամենայնիվ, չլուծեն այս հարցերը, որոնց համար ստանձնել են պատասխանատվություն, ուրեմն, իրոք, նրանք Արցախում անելիք չունեն:

Թող ասեն այդ մասին ու ինքնակամ դուրս գան Արցախից, իրենց տեղը զիջելով ՄԱԿ-ի միջազգային խաղաղապահ ուժերին:

Այս համատեքստում, տարակուսելին Արցախի նորանշանակ նորաթուխ քաղաքական գործիչների խոսույթն է:

Վերջիններս կա՛մ «դուխի դեմոնստրացիայի», կա՛մ ինքնահաստատման, ճանաչում ձեռք բերելու արդյունքում, ինչ կարգի անհեթեթ գնահատականներ ու որակումներ ասես, որ չեն տալիս:

Բայց որ որոշ «հայդուկ-դիվանագետներ» ու պետական պատասխանատու պաշտոններ ստանձնած պատահական-պատուհասներ էժան մանիպուլյացիաներով, պաթոսով ու «Օվերտոնի պատուհան» սարքած վերջնագրերով են հանդես գալիս, ասելով թե՝ «անցակետի տեղադրումը քո այստեղ լինել-չլինելու հարցն է, նայի հա՛, մենք արցախահայերս, եթե որոշեցինք լքել Արցախը, իսկ մենք արդեն սկսում ենք մտածել այդ մասին, դուք կկորցնեք Հարավային Կովկասը, մեզ չնեղացնե՛ք, 102-րդ բազան կստիպենք հանել» և նման այլ անպատասխանատու հայտարարություններ անում, պարզապես ապշում ես վերջիններիս ծանծաղամտության ու դիլետանտության վրա:

Այդ քաղաքական ոտաբոբիկ «խառը տեսականին» չի էլ մտածում պատճառահետևանքների մասին:

Որ նման խոսքերը անպատասխան չեն մնում, ավելին՝ որ նման հայտարարություններն ավելի են շատացնելու ու խորացնելու խնդիրները:

Ո՞վ չգիտի, որ ՌԴ-ն «սնվում» է այս կոնֆլիկտից, որ ցուցադրում է իր հեգեմոնիզմը, որ տարածաշրջանում ինքնապահպանվելու խնդիր ունի, որ ինչպես ցանկացած այլ պետություն ունի իր շահերն ու իր տեսլականը:

Որ այս պահին նա հավասարազոր կամ ավելի շատ դաշնակից է Ադրբեջանին քան Հայաստանին:

Ո՞վ չգիտի, որ Սյունիքով միջանցքի անցկացման ջատագովն առաջինը հենց իրենք են:

Ո՞վ իրավունք չունի կարծելու, որ նախորդ հրամանատար Վոլկովը «գնվել» էր, դրա համար էլ նման պատկեր ենք արձանագրում:

Ո՞վ չի հասկանում, որ ռուսի նման քենապահ ու քինախնդիր թշնամի մեզ պետք չէ:

Առավել ևս, իմանալով այդ ամենը, չի կարելի նման անպատասխանատու արտահայտություններ թույլ տալ, այն էլ՝ պաշտոնապես:

Կամ որ ռուսին ինչ-որ բան հասկացնելու համար, ի լուր աշխարհի, հանրային առաջինով հայտարարում է, թե «արցախահայությունը, ելնելով ստեղծված ծանր իրավիճակից, պատրաստ է դուրս գալ Արցախից»:

ՈՒղեղո՞վ եք դուք մտածում:

Ո՞վ է ձեզ թույլ տվել նման հայտարարություններ անել:

Արցախցի՞ն...

Արցախահայերը թույլ են տվել իրենց անունից նման վտանգավոր թեզեր առաջ տանե՞լ:

Արցախցին իր հայրենիքում ամուր կանգնած է ու չի ուզում լքել իր հայրենիքը:

Ականջներիդ օղ արե՛ք:

Այս ի՞նչ խաղեր են:

Անգամ, եթե այդպես է և, իրոք, արցաախահայությունը կանգնած է էքզիստենցիալ կամ հայաթափման վտանգի առաջ (իսկ դա այդպես է), ապա այդ մասին բարձրաձայնելը՝ թշնամու ջրաղացին ջուր լցնել է:

Չի՛ կարելի:

Հուսամ՝ նման դեպքերն այսուհետ կբացառվեն...

Իսկ իրականում.

  • ՀՀ-ն չի ճանաչում Ադրբեջան պետությունը կամ առնվազն նրա նշած սահմաններով տարածքային ամբողջականությունը:
  • ՀՀ-ն պետք է հայտարարի, որ 120 000 ՀՀ անձնագիր ունեցող արցախցի շրջափակման մեջ է և, որպես ՀՀ քաղաքացիների անվտանգության երաշխավոր՝ պատրաստ է պատժիչ գործողություններ սկսել հակահումանիտար գործունեություն ծավալող թշնամու դեմ։
  • ՀՀ-ն, գենոցիդի ռեալ իրավիճակ ստեղծվելու պարագայում, ընդհուպ պատրաստ է անմիջապես լիկվիդացնել միջանցքը փակած ադրբեջանական ուժերին՝ իրենց հսկիչ-անցագրային կետով հանդերձ:
  • Թշնամին այլ լեզու չի հասկանում, և նրան պետք է սանձել:
  • Իսկ մինչ այդ, ՀՀ-ն պահանջում է թե՛ ՌԴ-ին և թե՛ Ադրբեջանին առաջիկա ժամերի, իսկ ամենաուշը մի քանի օրվա ընթացքում բացել և շահագործման հանձնել միջանցքը՝ ապահովելով անխափան երթևեկը, ենթակառուցվածքների աշխատանքը, գազամատակարարումը:
  • Այս ամենի չկատարման դեպքում ՀՀ-ն ճանաչում է Արցախի անկախությունը։

Ավելի քան վստահ եմ, որ վերջին կետի՝ մեր կողմից իրագործման պարագայում Արցախի անկախության ճանաչման շքերթ է լինելու:

Էլ չեմ խոսում մեր սխալների մասին, մասնավորապես, թե ինչու 88-ին շարժում սկսեցինք, ազատագրեցինք, Եռաբլուր կառուցեցինք, որ առ այսօր չճանաչեինք Արցախի անկախությունը:

Իսկ մինչև հիմա էլ աղերսում ենք, թե բա. «Ֆրանսիա ու Անգլիա, ճանաչի՛ր Արցախի անկախությունը»:

Չեք հասկացե՞լ, որ մինչև մենք չճանաչենք, ոչ մեկը չի ճանաչի ու պարտավոր էլ չէ ճանաչելու Արցախի անկախությունը:

Իսկ առհասարակ, եթե Արցախյան առաջին պատերազմից հետո Հայաստանն Ադրբեջանի հետ վարվեր այնպես, ինչպես հիմա նրանք են վարվում Հայաստանի ու Արցախի հետ, ապա այսօր ո՛չ Արցախյան երկրորդ պատերազմ կլիներ, ո՛չ տոտալ ճգնաժամ ու ապաշրջափակում, ո՛չ հայաթափման վտանգ և ո՛չ էլ գոյաբանական խնդիր:

Դուք մսխել եք տարբեր ժամանակահատվածներում ընձեռված ամեն մի հնարավորություն ու շանս:

Դուք խուսանավել եք, վախեցել պատասխանատվությունից, տարբեր պատճառաբանություններով ու արդարացումներով՝ հաջորդների վրա եք թողել ձեր ուսերի բեռը:

Դուք ոչ միայն չե՛ք ամրագրել ձեռքբերված հաղթանակը, այլ ինքներդ չեք ճանաչել ձեր իսկ հաղթանակներն ու ձեր կողմից ազատագրած հայրենիքի մի մասը:

Այն, ինչ մենք հիմա տեսնում ենք ու արդյունքում տառապում՝ մեր երեսուն տարվա ու այսօրվա չարածի հետևանքներն են:

Իսկ հաղթողներին, ինչպես այն ժամանակ չէին դատում, հիմա էլ չեն դատում:

Այն, ինչ մենք չենք արել երեսուն տարում, թշնամին արեց ընդամենը 3 տարում:

Այսօրվա բարդ ու բազմաքայլ աշխարհաքաղաքականության պայմաններում պարզունակ մտածողությամբ իշխանություններ ունեցող երկրները դատապարտված են, եթե ոչ կործանման, ապա բավականին ցավոտ զարգացումներով հղի իրականության։

Ցավալի է, որ հազարամյակների պատմություն կերտած մի ժողովուրդ, որն իրեն շարունակ փորձում է ներկայացնել խելոք, հնարամիտ և, անգամ, հեռատես, այսօր սեփական կամքով դարձել է ոչ միայն պարզունակների, այլև պրոզայիկ սուտասանների իշխանության կրողը:

Եվ այս ամենից հետո ստեղծված իրավիճակի մեղքը բարդել Արևելքի կամ Արևմուտքի, Հյուսիսի կամ Հարավի վրա, ոչ այլ ինչ է, քան ինքնախաբեություն:

Մենք ամեն օր ու ամեն պահ ոչ միայն կրկնում, այլև բազմապատկում ենք մեր կատարած սխալները և արդյունքում ունենում ավելի վատը, քան ունեինք երեկ:

Ժամանակին Սիրադեղյանն ասել էր՝ «չտա Աստված, որ գա մի ժամանակ, երբ Հայաստանի ու հայ ժողովրդի անվտանգությամբ սկսեն զբաղվել այլ երկրներ»:

Ցավոք, այդ օրն էլ եկավ:

Մենք հիմա ապրում ենք կատարյալ մղձավանջի ու քաոսի մեջ, ամեն վայրկյան բախվում մի նոր արհավիրքի ու դառը իրականության:

Ցնորվում ես՝ տեսնելով, թե ինչպես Ադրբեջանն Արցախում անվարան անում է այն, ինչ ուզում է, Հայաստանի սահմաններին ու Հայաստանի սուվերեն տարածքում անում է այն, ինչ ուզում է, օկուպացնում է այնքան տարածք, որքան ուզում է, իսկ այն մարդիկ, ովքեր ուղիղ պատասխանատվություն են կրում Հայաստանի անվտանգության համար, տեղի ունեցողը բարդում են միջազգային այլ խաղացողների, մասնավորապես Ռուսաստանի վրա՝ մի դեպքում նշելով, թե «ռուսները թողել հեռացել են, հետո ադրբեջանցիները մտել գրավել են», մյուս դեպքում, թե «դա Ռուսաստանի պատասխանատվության գոտին ու նրանց տարածքն է, մենք կապ չունենք»։

Դե իսկ հայտնի «5-րդ շարասյունն» էլ իր հերթին է միանում այս ամենին...

Ինչևէ, արժանապատվություն ու ինքնասիրություն ունեցող ցանկացած հայ մարդ նման իրավիճակում չի կարող իրեն նվաստացած չզգալ։

Սա ազգակործան արկածախնդրություն է, զավեշտ, որի վերջը օր առաջ պետք է դրվի։

Երկիրը պետք է ղեկավարեն կայացած ու կոմպետենտ մարդիկ, ովքեր իրենց պատասխանատու կհամարեն Հայաստանի և հայ ժողովրդի անվտանգության համար և կգործեն՝ առաջնորդվելով բացառապես ազգային ու պետական շահերով:

Իսկ այսօր, Փաշինյան-Ալիև համատեղ համաձայնության հետևում նույն միտքն է՝ ժողովուրդն ամեն ինչին կհամաձայնի, հանկարծ լայնածավալ պատերազմ չլինի, միայն թե էլի զոհեր չլինեն, մենք էլ՝ շառից-փորձանքից հեռու:

Նույն տրամաբանությամբ էլ չի բացառվում, որ հիմա Լաչինի միջանցքը փակում են, որ այն բացելու դիմաց Սյունիքում տրվի միջանցք:

Որ հետո էլ Փաշինյանը հայտարարի, թե ռուսները չկարողացան բացել, իրենք էլ հանուն Արցախի տվեցին Սյունիքի մի մասը։

Այս ամենը խենթացնում է անգամ սթափ մտածող ու սառնասիրտ ցանկացած մարդու:

Դե եկ Վարդապե՛տ ու մի խենթանա:

Մեր մեղքերը մեզ ուղեկցելու են դեռ այնքան ժամանակ, մինչև չփոխենք պատմության անիվը:

Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

Դիտվել է՝ 5518

Մեկնաբանություններ