Մինչ ԱԺ ամբիոնից վարչապետը հայ մեծանուն բանաստեղծներին, դասականներին, պատմաբաններին, առակագիրներին է ցիտում, հիմա էլ ավետարանից սաղմոսներ «շռայլում», Արարատի ու Արագածի իբր գովքն անում, բայց ենթատեքստերով այլ բան հասկացնում, Ադրբեջանը Բերձորում հսկիչ-անցագրային կետ է տեղադրում:
Արցախը վերջնականապես ամբողջովին պաշարված է:
Այո՛, եկավ այդ սարսափելի օրը, որի մասին բազմիցս բարձրաձայնվել է:
Ադրբեջանական կողմը, հերթական անգամ կոպտորեն խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության դրույթները և շարունակաբար ապատեղեկատվություն տալով Հայաստանից Արցախ զենքի տեղափոխության վերաբերյալ, փակեց Արցախ-Հայաստան սահմանագծին գտնվող Հակարիի կամուրջը, որը գտնվում է ՌԴ խաղաղապահ զորակազմի պատասխանատվության տիրույթում՝ «Լաչինի միջանցքում» և այնտեղ հենց այս պահին անցագրակետ է տեղադրում:
Սա այն միակ ճանապարհն է, որով հնարավոր էր Հայաստանից գնալ Արցախ։
Շուշի-Քարինտակ հատվածը շրջանցող թե՛ գրունտային, թե՛ լեռնային-արահետային, և թե՛ հիմնական՝ Ստեփանակերտ-Գորիս ճանապարհները, ի վերջո, գալիս միանում էին այս հատվածին։
Այս քայլով Ադրբեջանը հերթական անգամ ոտնահարեց թե՛ եռակողմ հայտարարությունը, թե՛ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր կատարման ենթակա որոշումը, և թե՛ միջազգային իրավունքի այլ հիմնարար նորմեր:
Բաքուն այսօր պաշտոնապես հաստատեց, որ վերականգնել է 1988 թվականի ստատուս քվոն ու ռազմական բալանսը:
Որ Ադրբեջանի Սահմանադրությունը վերադառնում է «Խանքենդի», որ այսուհետ հայ ժողովրդի օրացույցում հայտնվեց ևս մեկ ողբալի ամսաթիվ՝ ապրիլի 23-ը, քանի որ Հայաստանը դե ֆակտո վերջնականապես կորցրեց վերահսկողությունը Ղարաբաղի լեռնային հատվածի նկատմամբ:
Այժմ Ադրբեջանը պետք է ավարտի բանակցությունները ղարաբաղյան «անջատողական» առաջնորդների հետ։
Իսկ Հայաստանից կտրված ու նրա աջակցությունից զրկված մի բուռ «ապստամբների» ընտրությունը խիստ սահմանափակ է։
Կա՛մ ենթարկվել սահմանադրական կարգի և օրինական իշխանության պահանջներին, վայր դնել զենքը, վերաինտեգրվել, օգտվել Բաքվի կողմից տրված իրավունքներից, կա՛մ Ադրբեջանի նոր սահմանային անցակետով լքել Ղարաբաղի տարածքը:
Հակառակ դեպքում, Ադրբեջանը կրկին ստիպված է լինելու դիմել ուժի կիրառման:
Սա՛ է Ադրբեջանի վերջնագիրը:
Այսպիսով՝ տոտալ շրջափակումը վերածվեց տոտալ պատանդության:
Արցախահայության գլխին կախված է բնաջնջման կամ էթնիկ զտման օրհասական վտանգը:
Արցախահայությունը կանգնած է այս երկու տարբերակներից մեկի ընտրության առջև:
Դատելով Ադրբեջանի ԱԳՆ ու Պետական Սահմանային ծառայության հայտարարություններից՝ ռուսական կողմը կանաչ լույս է վառել՝ Արցախը Հայաստանի հետ կապող միակ ճանապարհին անցակետի տեղադրմանը։
Այն, որ սա նախապես համաձայնեցված է եղել՝ կասկած չկա:
Սրանով Ռուսաստանը բացահայտ ցույց է տալիս թե՛ իր կողմնակալ դիրքորոշումը, և թե՛ այն, որ նոյեմբերի 9-ի փաստաթուղթ այլևս գոյություն չունի:
Գուցե սա նաև ուղիղ մեսիջ է, որ նրանք իրոք պատրաստվում են լքել Արցախը, իսկ այն, ինչ «կարելի է վաճառել»՝ վաճառված է Ադրբեջանին:
Ռուսաստանն այսօր Արցախն անաղմուկ, հանգիստ հանձնեց Բաքվին:
Այսօրվանից փաստացի ստեղծվեց Հայաստան-Ադրբեջան սահմանը, իսկ «Լաչինի միջանցք»՝ այլևս չկա:
Այն այսուհետ դարձավ ադրբեջանական սովորական ճանապարհ:
Այս ամենը կրկին ապացուցում է այն, որ բոլորը թքած ունեն միջազգային իրավունքի ու ցանկացած փաստաթղթի վրա:
Որ կոնֆլիկտներում բացառապես գործում է ուժի և ուժեղի գործոնը:
Իսկ այն, որ Ադրբեջանն այսքանով չի բավարարվելու՝ փաստ է:
Հաջորդը՝ անկլավներն են, Զանգեզուրը, «Բասարգեչարը», «Գոյկչան» ու «Էրիվանը»:
Իսկ այն, ինչ կա այսօր անգամ Փաշինյանն էր զգուշացնում:
Հետո չմեղադրե՛ք, թե նա նախապես չէր ասել:
Փաշինյանը միաժամանակ առաջարկում է ճանաչել արցախահայերի ցեղասպանություն իրականացնելու կամ Արցախն ի սպառ հայաթափելու՝ Ադրբեջանի իրավունքը:
Ավելին՝ Ադրբեջանն անցակետը դրեց Փաշինյանի ԱԺ ամբիոնից կատարած այն հայտարարությունից հետո, երբ նա Արցախը ճանաչեց Ադրբեջանի մաս:
Փաստացի Փաշինյանը բավարարեց Ալիևի այն պնդումը, որ վերջինս վերաձևակերպի «Արցախը Հայաստան է և վերջ» եզրույթը՝ «Արցախը Ադրբեջան է և վերջ» եզրույթով:
Եվ հետո.
նման հայտարարությամբ Փաշինյանն ինքն է խախտում նոյեմբերի 9-ի հայտարարությունը, քանի որ ինչքան էլ այդ փաստաթուղթն ինքնին կապիտուլյացիոն ակտ է, համենայն դեպս, այնտեղ Արցախը՝ որպես Ադրբեջանի մաս, ճանաչված չէ։
Իսկ երբ թիվ մեկ ղեկավարի կողմից պաշտոնապես հնչում է նման հայտարարություն, ապա մեղադրել ՌԴ-ին՝ ադրբեջանական անցակետ տեղադրելու ժամանակ անգործության մեջ՝ դառնում է անհիմն:
Ինչևէ:
Ականջդ կանչի, Աննա Հակոբյան.
դու իրավացի էիր...
Կյանքի գնով վերադարձված պատմական հայրենիքի համար տասնամյակներով նահատակված հազարավոր հայորդիների արյունը հանուն ոչինչի էր:
ՈՒ՞ր ես Տեր Աստված, ու՞ր ես հայ ժողովուրդ:
Միթե՞ սա էլ ես հանդուրժելու հա՛յ մարդ:
Այո՛, կհանդուրժես:
Սերունդները սակայն քեզ չեն ներելու:
Գուցե արդյունք չտա, բայց այն, որ հրամայականն է դիմել ՄԱԿ-ին՝ միջազգային խաղաղապահ ուժեր տեղակայելուն՝ աներկբա է:
Արագացրե՛ք, քանի դեռ ուշ չէ:
Պինդ կաց, Արցախ ու արցախահայ:
Անկախ բոլոր արհավիրքներից ու պատուհասներից, դուք կանգուն եք մնալու:
Դավիթ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ