Լավրովի սենսացիոն հայտարարությունից բխող կարևոր հետևությունները
ԱՄՆ-ն ու նրա դաշնակիցները ԱՊՀ մի շարք երկրներում, ներառյալ՝ Հայաստանում, իրենց վտանգավոր ռազմակենսաբանական գործունեությունը, չնայած այն դադարեցնելու Ռուսաստանի և նշված երկրներում հասարակության՝ վտանգը գիտակցող հատվածի, ՀԿ-ների, քաղաքացիական նախաձեռնությունների, ԶԼՄ-ների պահանջներին, շարունակում են: Ռուսաստանն այս առումով առանձնապես կարևորում է ԱՊՀ երկրների հետ համատեղ աշխատանքն անվտանգության սպառնալիքների չեզոքացման համար:
Վերոնշյալ եզրակացությանը կարելի է հանգել՝ ծանոթանալով ՌԴ արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի՝ ապրիլի 14-ի հայտարարությանը: Անդրադառնալով վտանգների համատեղ չեզոքացման խնդրին և ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեությանը, Լավրովն Ուզբեկստանում, այդ երկիր կատարած այցի արդյունքների շուրջ անցկացված մամուլի ասուլիսում, ТАСС գործակալության տեղեկացմամբ, ասել է.
«Հատուկ նշանակություն ունի մեր համատեղ աշխատանքը (ԱՊՀ երկրների հետ) մեր երկրների անվտանգության սպառնալիքների չեզոքացման ուղղությամբ։ Դրանք և ահաբեկչության սպառնալիքներ են, և սպառնալիքները, որոնք ստեղծվում են մեր տարածքում ռազմակենսաբանական գործունեության արդյունքում, որը վարում են Միացյալ Նահանգները և նրա դաշնակիցները»։
ՌԴ արտգործնախարարի հավաստմամբ, «Վաշինգտոնի և նրա դաշնակիցների ռազմակենսաբանական գործունեությունը ԱՊՀ երկրների տարածքում ուղղակի սպառնալիք է ստեղծում կենսաբանական անվտանգության, մասնավորապես ՝ բնակչության առողջության և բնության համար»։
Հաջորդ հետևությունը, որը բխում է պարոն Լավրովի հայտարարությունից, այն է, որ ԱՊՀ երկրներում (բացառությամբ Ռուսաստանի և Բելառուսի, որոնց Լավրովը դիվանագիտական նկատառումներով չի առանձնացրել) գտնվող կենսալաբորատորիաներում ԱՄՆ-ի, ավելի որոշակի՝ Միացյալ Նահանգների ռազմական գերատեսչության՝ Պենտագոնի, նրա Պաշտպանական վտանգների նվազեցման գործակալության, ինչպես նաև ԱՄՆ-ի դաշնակիցների գործունեությունը զուտ կենսաբանական չէ, այլ ռազմակենսաբանական:
Հիշենք, որ, օրինակ, մեր երկրի պարագայում Հայաստանի իշխանությունները, պատկան մարմինները, մասնավորապես, «ՀՀ առողջապահության նախարարություն» կոչվածը, նույն նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոն» կոչված ՊՈԱԿ-ը նշված հանգամանքը չեն խոստովանում: Հակառակը՝ երկար տարիներ ստել ու ստում են, թե Հայաստանում գտնվող կենսալաբորատորիաներում ԱՄՆ-ի, Պենտագոնի ֆինանսավորմամբ իրականացվող գործունեությունը զուտ կենսաբանական բնույթ ունի և նպատակաուղղված է վարակիչ հիվանդությունների վերահսկմանը և կանխարգելմանը:
Ի վերջո, երրորդ հետևությունը, որը բխում է ՌԴ արտգործնախարարի հայտարարությունից, այն է, որ ԱՊՀ երկրների, ներառյալ Հայաստանի իշխանություններն իրենց երկրի տարածքում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների ռազմակենսաբանական գործունեությունը դեռ չեն արգելել, կասեցրել, և նշված երկրների տարածքում Ռուսաստանի (և ոչ միայն…) թշնամիների ռազմակենսաբանական գործունեությունը դեռ շարունակվում է:
Ավելին. նշված երկրների իշխանությունները դեռ բավարար քայլեր չեն կատարել (եթե, իհարկե, ընդհանրապես կատարել են…) իրենց երկրի տարածքում ԱՄՆ ռազմակենսաբանական գործունեությանը գոնե թափանցիկ դարձնելու, այնտեղ գտնվող կենսալաբորատորիաներ ՌԴ համապատասխան մարմինների ներկայացուցիչների մուտքը ցանկացած պահի և առանց նախնական ծանուցման, թույլատրելու, հիշյալ կենսալաբորատորիաներում ԱՄՆ-ի և նրա դաշնակիցների գործունեությունը ոչ թե ձևականորեն, այլ իրապես վերահսկելի դարձնելու համար, ինչը թույլ կտար եթե ոչ ամբողջությամբ, ապա հիմնականում չեզոքացնել առկա վտանգները:
Այլ բան չէր էլ կարելի սպասել, քանի որ ԱՊՀ մի շարք երկրների, ինչպես, օրինակ, Հայաստանի, Մոլդովայի, Ադրբեջանի իշխանավորների հիմնական մասը ԱՄՆ-ի, Արևմուտքի, մեղմ ասած, ազդեցության գործակալներ, շահերի ներկայացուցիչներ են: Ավելին. նրանք ԱՄՆ-ի, Արևմուտքի հովանավորությամբ, աջակցությամբ ու նրանց օգտին գործում են իրենց ղեկավարած երկրների ազգային անվտանգության դեմ, իսկ նշված երկրների ազգային անվտանգության մարմիններն առերևույթ կերպով վաղուց և հիմնականում, ըստ էության, գրավված են Միացյալ Նահանգների ու նրա դաշնակիցների կողմից:
Մեր առողջությանը, կյանքին և Հայաստանի ազգային անվտանգությանը սպառնացող վերոնշյալ իրավիճակից դուրս գալու ելքը Նիկոլին ու նիկոլենց իշխանությունից օր առաջ հեռացնելն է և, վերջապես, ազգային պետություն ունենալը:
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ
Մանրամասները` https://livenews.am/press/2023/223690/20/23/35/?fbclid=IwAR1oI3kGbR1dc4l83TLt2PjpeEUU0Ioh1nbedPvQuPno4GcN0U1JD_V6-ik