Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Տուժողը դարձյալ մենք ենք և դարձյալ՝ մեր իսկ սխալների հետևանքով

Տուժողը դարձյալ մենք ենք և դարձյալ՝ մեր իսկ սխալների հետևանքով
03.04.2023 | 22:15

Քաջությունը ոչ միայն մարտի դաշտում է պետք, այլ նաև՝ մտքի դաշտում, որտեղ ամենամեծ քաջությունը պետք է սեփական սխալներն ընդունելու և հետադարձ հայացքով դրանց օբյեկտիվ անալիզի համար՝ առանց արած սխալների մեջ միայն ուրիշներին մեղադրելու։

Պակաս քաջություն պետք չէ նաև սեփական էության մասին իշխող դոգմաների և իդեալականացված մտապատկերի դեմ պայքարելու ժամանակ։

Սեփական էության և պատմության մասին մեր ժողովուրդը թյուրիմացությունների ծովի մեջ է, մի հանգամանք, որը թույլ չի տալիս իրականությունը ադեկվատորեն ընկալել և համապատասխան եզրակացություններ անել նույնիսկ մեր գոյության հետ առնչված պրոբլեմների վերաբերյալ։

Հազարամյա ստրկության և անվերջ տառապանքների պայմաններում ազատության և լավ կյանքի մասին երազները ժողովրդի մեջ ծնել են բազմաթիվ հեքիաթներ իմաստուն թագավորների, նրանց հաջողակ ու քաջ կրտսեր զավակների և չար ուժերի մասին, որոնք, անկասկած, նպաստել են մեր գոյության պահպանմանը։

Նույնիսկ այն բանից հետո երբ մեր ժողովրդի արևելյան հատվածը անհամեմատ անվտանգ կյանքով ապրում էր ռուսական կայսրության մեջ, նման հեքիաթասացության կարիքը զգացվեց լրիվ ուրիշ նկատառումներից ելնելով։

Բանն այն է, որ ֆիզիկապես ազատվելուց հետո մեր մարդկանց պետք էր դուրս բերել նաև հոգեկան թմբիրից ու անազատությունից։

Այս իմաստով ժողովրդի ստրկամտության և քարանձավային մենթալիտետի դեմ պայքարի լավագույն ձևը նոր գրականությունն էր՝ սկսած Աբովյանից մինչև Ռաֆֆի և ուրիշներ, որոնք հեքիաթասացությունը բարձրացրին գրականության մակարդակի՝ ժողովրդին ներկայացնելով մեր անցյալի իդեալականացված ու գունազարդված պատկերը։

Մեծ հաշվով, մաքուր քաղաքական նկատառումներից ելնելով, նման հեքիաթասացությանը միացավ նաև խորհրդային իշխանությունը, ըստ որի հիմնական դոկտրինայի, բոլոր ժողովուրդները հավասարապես իմաստուն ու քաջ էին և ունեին փառապանծ պատմություն։

Կեղծ հավասարություն քարոզող նման սխալ մոտեցումը և խորհրդային գաղափարախոսության ու ազգային քաղաքականության այլ սկզբունքային սխալները դարձան դանդաղ գործողության ռումբեր, որոնք, այլ հանգամանքների հետ միասին, պայթեցրին ԽՍՀՄ-ը։

Բայց հասարակ ժողովրդի գիտակցության մեջ ներթափանցած իդեալականացված մտապատկերը սեփական էության ու պատմության մասին մնաց նույնը, դարձավ կարևոր և նույնիսկ՝ վճռական գործոն նախկին խորհրդային ժողովուրդների, այդ թվում նաև՝ մեր անկախ կյանքում։

Ժողովուրդների անկախ կյանքը ցույց տվեց, որ ամեն մեկի մոտ այդ իդեալականացված մտապատկերի և իրականություն մեջ կան հսկայական տարբերություններ։

Այս հանգամանքը կտրուկ իջեցրեց ժողովուրդների կյանքի մակարդակը մինչև աղքատության աստիճան, բայց նաև նրանցից ամեն մեկն ունեցավ սեփական ցավից անտեղյակ և ուրիշների դավին անտարբեր նոր վերնախավ, որն սկսեց ապրել այնպիսի թագավորական կյանքով, որին կնախանձեր անգամ խորհրդային կուսակցական ու պետական վերնախավը։

Բնականաբար, այս վիճակում ամենից տուժողը դարձյալ մենք ենք և դարձյալ՝ մեր իսկ սխալների հետևանքով, ու նման է, որ չենք էլ պատրաստվում ոչ միայն ուղղել այդ սխալները, այլև՝ գիտակցել ու հասկանալ դրանք։

Այս ամենը մեկ անգամ ևս ստիպում է մեզ հետ նայել և քննական հայացքով հասկանալ մեր վերջին 200 տարվա պատմության հիմնական դասերը։

Առաջին հերթին՝ ո՞րն էր մեր անվտանգ և համեմատաբար ապահով կյանքի աղբյուրը այդ տարիներին։

Դա միայն ռուսի նման տեր ու դաշնակից ունենալն էր և՛ ցարական իշխանության ժամանակ, և՛ խորհրդային տարիներին, և՛ անկախության շրջանում։

Նրանք էին, որ Պարսկաստանից ու Օսմանյան կայսրությունից հայության բավարար քանակություն տեղափոխեցին դեպի Շահ Աբասից հետո հայաթափված ու օտար ցեղերով բնակեցված Արևելյան Հայաստան։

Դրա նպատակը բոլորովին այլ էր՝ տարածաշրջանում ստեղծել մուսուլմաններին հակակշիռ նոր քաղաքական ուժ, որը, դրանից բացի, կարող էր զարկ տալ նաև տնտեսական կյանքին՝ այն, ինչ որ հետագայում տեղի ունեցավ։

Այդ շրջաններից ամեն մեկը լի է եղել սխալներով և թերություններով, երբեմն էլ ռուսական պետականությունը վարել է մտածված հակահայկական քաղաքականություն՝ մեր հեղափոխական հակումների և, ընդհանրապես, գնացքի առաջից ավելի արագ վազելու մեր անհիմն պահվածքի պատճառով։

Այս ամենով հանդերձ, եթե մեր ժողովրդի գումարային (ինտեգրալ) ագրեգատ բանականությունը կարողանար օբյեկտիվորեն գնահատել իրավիճակը, ապա ակնհայտ կլիներ, որ, առավելագույն հավանականությամբ, մեր կյանքի հարատևումը կապված է ռուսի հետ, քանի որ միակ թուրքական այլընտրանքը մեզ համար միարժեքորեն կործանում է։

Նույնիսկ աշխարհակալ տարիներին Արևմուտքը սկզբունքային որևէ հարցում մեզ տեր չի եղել, այո, որբանոցներ սարքել են, որի համար խորապես շնորհակալ ենք։

Փոքրերի և ուժ չունեցողների համար դժվար է հաշտվել, որ իրենց ճակատագիրը ուրիշներն են որոշում, բայց դա է իրականությունը, և եթե դրա հետ համաձայն չես՝ նպատակային ու կամային քաղաքականությամբ ուժեղ դարձիր։

Դա կարող էր լինել ադեկվատ ներքին քաղաքականությամբ և Սփյուռքի հետ ռացիոնալ քաղաքականությամբ, բայց այդ ուղղություններով լուրջ քայլեր որևէ անգամ չենք տեսել։

Եթե չես կարողանում լավ կյանքով ապրել, ապա կարելի է գոնե գոյատևելու լուծումներով առժամանակ յոլա գնալ, որի համար էլ է խելք պետք։

Պավել Բարսեղյան

Դիտվել է՝ 9944

Մեկնաբանություններ