Չնայած ես հին եմ, բայց նախկին չեմ և, ըստ օդում կախված լուրերի, ավելի ներկա եմ, քան մի շարք ձվից նոր դուրս եկած գերժամանակակից երիտպառավներ ու երիտբիձաներ:
Հիմնվելով այդ դրական զգացողությունների վրա՝ ցանկանում եմ առաջարկություն հղել մերօրյա երեսփոխանների գերհզոր և ամենաբանիմաց բանակին: Աներկբա ունեք ձեր թավշափառ շարքերում մեր ժամանակների իրավաբանական մտքի աննախադեպ գիգանտիկներ, որոնք մասնագիտությամբ թեև իրավաբան չեն, հնարավոր է ունենան բանասիրական կամ անասնաբուժական կրթություն, բայց, որպես քաղաքական կարկառուն գործիչներ, խիզախորեն (իմա՝ դուխով) մխրճվում են իրավաբանական դարակազմիկ օրենքների կերտման հնոց: Այդ փաղանգի մեջ առանձնակի շարմ ունի հովակիմյանական, իոնիսյանական, բարբաջանյանական, սիմոնյանական աստղաբույլը, որը պատրաստ է, համապատասխան հանձնարարականի առկայությամբ, հանդես գալու ամենատարբեր ոլորտներին վերաբերող օրենսդրական նախաձեռնություններով, ասենք, գինեկոլոգիայից մինչև տրանսգենդերություն և այլն:
Հասկանալի է, որ ընտրյալների առաջնորդի ձևական հրաժարականից հետո վերոնշյալ օրենսդիրների աչքից վրիպելու էր իրենց ստնտուի անօրինական, հակասահմանադրական պաշտոնավարման աներկբա շարունակականությունը, որ նրանց ամենատես աչքերում խամրելու էր մի քանի օր առաջ Ցեղասպանության 107-րդ տարելիցին նվիրված համաժողովրդական հիշատակի և խնկարկման արարողությունը:
Հավանաբար, սկզբունքային տարաձայնություններ կան Ցեղասպանության հիշողության և պահանջատիրության հիմնախնդրում այն պաշտոնապես ճանաչողների հետ, հակառակ դեպքում, ավելի նպատակահարմար կլինեին, որպես առաջնահերթություն, մեր երկրում ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ԺԽՏՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՂ և դրան առնչվող նմանատիպ հիմնախնդիրների վերաբերյալ օրենքների քննարկումները Աժ-ում: Փաստորեն վարչախումբը նախընտրում է ինքնապաշտպանական բարիկադներ ու դիրքեր կառուցել ոչ թե հանրապետության սահմաններին, այլ իր շուրջ՝ գերխնդիր տեսնելով իր շատ սիրելի հպարտ քաղաքացուց պաշտպանվելու մեջ, որին հասցրել է հուսահատության և հիասթափության ծայրակետին:
Ի վերջո, իրենք աառաջարկում, իրենք ստեղծագործում, իրենք քննարկում, իրենք ասպետականորեն քվեարկում են՝ հանուն ՀՀ իմքեմալական շահի: Միգուցե չարժե՞ ժողովրդահաճո ցուցադրության համար նեղություն կրել և տնից հասնել աշխատանքի, այլ պարզապես տվյալ պահին գտնվելու վայրից սեղմել հեռավար կառավարման կոճակը, եթե, իհարկե, լրացուցիչ նեղություն պատճառելու համար հայրենիքի նվիրյալները կստանան միջին կենսաթոշակը մի քանի տասնյակ անգամ գերազանցող պարգևավճար: Ես առաջարկում եմ ավելի պարզ մոտեցում, քանի որ բնավ մտահոգ չեք այն ամենով, այսինքն, սպառնալիքներով և անհանգստություններով, որ ապրում է Հայաստանի հպարտ քաղաքացին՝ անվտանգային հարցերից մինչև սոցիալական, բարոյահոգեբանական հիմնախնդիրներ, հանդես եկեք իշխանության բռնազավթումը և յուրացումը, հասարակական գիտակցության ու կարծիքի ապակողմնորոշումը, պաշտոնական սուտը, կեղծիքն ու խաբեությունը դատապարտող, վերջապես, օրենսդրական մի նախաձեռնությամբ, ըստ որի, ով ընտրություններում իր ձայնը չտա ձեր աստվածային, երկնային, գերագույն, պայծառագույն, նորին-վերին-ստորին գերազանցություն ամենա-ամենա պարագլխին, կտուգանվի անձնական գույքի բռնագրավմամբ կամ ցմահ ազատազրկմամբ: Վստահ եմ, ուսապարկային մոտեցումը կլինի միանման, միատեսակ, միաձայն, միադեմ և մարիխուանայի բարոնության հավակնություններ ունեցող խոսնակի շուրթերից կհնչի արդեն արժեզրկված հայտնի, ինքնագոհ հայտարարությունը՝ ձայների մեծամասնությամբ որոշումն ընդունված է:
Հիշե՛ք, անձնվեր ուսապարկչիներ, ժողովուրդը, որը ձեզ բերել է իշխանության, և որին դուք կարգել եք քավության նոխազ, իմաստուն է, ասում է՝ գողինն ու բոզինը քառասուն օր է: Մինչդեռ քառասուն օրվա համբերատարությունը կարող էր նաև երեք տարի տևել, մինչև համբերանքի չիբուխի ծուխը ծխար, մինչև վերջնականապես համոզվեր, որ արտաքին թշնամու դեմ մարտնչելու համար անհրաժեշտ է նախ ազատվել ներիքին անչափելի տականքից, մինչև կհասունանար գիտակցությունը, և կգար հպարտ քաղաքացու վրեժի՛ ժամանակը, քաղաքացու վրեժի՛ ժամանակը, վրեժի՛ ժամանակը: