Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ռեալիստ լինենք Ռուսաստանի հետ հարաբերություններում

Ռեալիստ լինենք Ռուսաստանի հետ հարաբերություններում
10.02.2021 | 11:50

Եվրոպան սխալվում է, երբ ցանկանում է պատժամիջոցներ սահմանել Ռուսաստանի նկատմամբ՝ Նավալնիի դատապարտումից հետո: Պատժամիջոցները բացասաբար են ազդում առևտրի վրա, մինչդեռ հենց առևտուրը պետք է մերձեցներ նրանց՝ գրում է Ռենո Ժիրարը Le Figaro-ում: ԵՄ արտասահմանյան գործերի խորհուրդը 2021-ի փետրվարի 22-ին Բրյուսելում քննարկելու է հարաբերությունները, որ պետք է կառուցի Ռուսաստանի հետ: Համաժողովում ԵՄ գլխավոր դիվանագետը ներկայացնելու է Մոսկվա փետրվարի 5-ին իր այցի արդյունքները: Իսպանացի Ժոզեպ Բորելը գնացել էր Մոսկվա, որ պահանջի ազատ արձակել ընդդիմադիր Ալեքսեյ Նավալնիին, ում Մոսկվայի դատարանը դատապարտել էր 2 տարի, 8 ամիս ազատազրկման, թեպետ նա ոչ մի իրական հանցագործություն չի կատարել:

Մամլո ասուլիսում ՌԴ ԱԳ նախարարը ԵՄ գերագույն ներկայացուցչին դասախոսություն կարդաց՝ Սերգեյ Լավրովը քննադատեց Արևմուտքի բնակիչների «բացառիկությունը», որով իրենց իրավունք են վերապահում միջամտել՝ որտեղ ցանկանում են և երբ ցանկանում են, խառնվելով այլ երկրների ներքին գործերին: ԵՄ բոլոր լրատվամիջոցները լուսաբանում էին Բորելի «նվաստացումը»: Եվրոպական որոշ երկրներ (Լեհաստան, Լիտվա, Լատվիա, Էստոնիա) ցանկանում են, որ ԵՄ-ն նոր պատժամիջոցներ սահմանի Ռուսաստանի նկատմամբ՝ մարդու իրավունքների պահպանության իրավիճակի առնչությամբ: Ուստի միակ հարցը, որ մենք՝ եվրոպացիներս, պետք է մեզ տանք՝ կա՞ նվազագույն շանս, որ նման պատժիչ մարտավարությունը կաշխատի Ռուսաստանի դեմ: Կառաջադիմի՞ Ռուսաստանը մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում: Պատասխանը՝ ոչ: Իրենց պատմության մեջ ռուսները միշտ ատել են արտասահմանյան պետություններին, որ իրենց դաս են տվել և հավակնել են պարտադրել իրենց մտածելակերպը կամ գործողությունները: Բացի այդ՝ պարզ չէ՝ Ռուսաստանի վրա ԵՄ-ի ճնշման արշավը կծառայի՞ Նավալնու շահերին: Այդ արշավը ընդամենը նոր փաստարկներ է բերելու վարչակարգի քարոզչությանը, որ փորձում է նրան ներկայացնել օտարերկրյա պետությունների գործակալ (իսկ դա այդպես չէ): Միանգամայն բնական է, որ Նավալնուն, իբրև համարձակ և անարդար դատապարտված ընդդիմադիրի, աջակցեն ԶԼՄ-ները և հասարակական կազմակերպությունները: Սակայն պետությունների համար հակաարդյունավետ է պատժամիջոցների դիմել: ԵՄ քաղաքականությունը Ռուսաստանի նկատմամբ որոշարկվում է շահերով, ոչ թե հույզերով: Գերմանիան ճիշտ է, որ ցանկանում է ավարտել «Հյուսիսային հոսք-2» գազատարի շինարարությունը, որը ուղիղ կապելու է Բալթիկ ծովը ռուսական գազի պաշարներին: Ինչու՞ պիտի Գերմանիան գազի համար 35% ավելի վճարի՝ գնելով ամերիկյան թերթաքարային գազը: Ֆրանսիան սխալ էր, երբ 2015-ին հրաժարվեց Ռուսաստանին հանձնել պատվիրված «Միստրալ» ուղղաթիռակիրները: Եթե մենք ցանկանում ենք աստիճանաբար ռուսներին մղել դեպի մեր եվրոպական արժեքները, պետք է նրանց հետ առևտուր անենք, ոչ թե նրանց պատժենք: Մյուս կողմից՝ ռեալիզմը պահանջում է, որ մենք անզիջում լինենք ռուսների հետ, երբ նրանք հարձակվում են մեզ վրա մեր տանը: Հենց դրանով են նրանք զբաղվում՝ թույլ տալով հաքերներին արագ տարածվել իրենց տարածքում: Եվրոպայում Ռուսաստանից շորթիչ ծրագրերի քանակն աճում է երկրաչափական պրոգրեսիայով: Խելամիտ է ռուսներին ասել, որ եվրոպացիները այլևս իրենց հետ առևտուր չեն կարող անել, եթե շարունակեն իրենց դեմ ցանցահենությունը:
Կիբեռպատերազմի ֆրանսիական դոկտրինան ընդունում է միայն պաշտպանական միջոցներ:

Դա ճիշտ չէ: Ռուսական որևէ ազդեցիկ հաստատության գաղտնի արգելափակումը կարող էր հստակ ազդանշան դառնալ Կրեմլին: Եկեք ռուսների հետ կոշտ լինենք այնտեղ, որտեղ մեզ օգտակար է: Բայց առայժմ պահպանենք ազգերի ինքնորոշման փոխադարձ հարգանքը, ձեռնպահ մնանք առևտրին վնասելուն, որ միշտ մերձեցրել է մեզ:
Ռենո Ժիրար, Le Figaro


Հ.Գ. Որևէ մեկը մտածե՞լ է՝ ինչ ընթացք կունենային Բորելի ու Լավրովի բանակցությունները, եթե ԵՄ գլխավոր դիվանագետը չսկսեր Նավալնու ազատ արձակման հարցից ու ընդհանրապես չքննարկեր այդ հարցը: Բնականաբար՝ ոչ, որովհետև ԵՄ-ՌԴ հարաբերություններում թե Արևմուտքը, թե Ռուսաստանը իրենց իրավունք են վերապահում միջամտել միմյանց ներքին գործերին: Այն հակաքարոզչությունը, որ Ռուսաստանը վարում է Արևմուտքի երկրների նկատմամբ՝ արևմտյան ու արևելյան Եվրոպայի մայրաքաղաքներն ու Վաշինգտոնը դիտարկելով որպես սպառնալիք ու վտանգ սեփական գոյությանը, միշտ գտնելու է քավության նոխազներ Նավալնու կամ Բորելի տեսքով: Բորելը եկել էր Մոսկվա՝ հեռանկարում նաև Պուտինին հանդիպելու համար, բայց Սերգեյ Լավրովի հետ հանդիպումն ու համատեղ մամլո ասուլիսն այլևս անիմաստ դարձրին ՌԴ նախագահի հետ հանդիպումը, իմա՝ Ռուսաստանն ինքը պատրաստ չէ ԵՄ- ի հետ հարաբերությունների վերկանգնմանը, որովհետև դա կլինի արտաքին քաղաքականության 180 աստիճանի շրջադարձ, որի դեպքում փլուզվում է հակաարևմտյան ողջ քարոզչությունն ու նաև ներքին քաղաքականությունը, որ կառուցված է այդ առանցքի վրա՝ ամբողջ աշխարհը Ռուսաստանի թշնամին է, ուստի ռուսները պետք է միավորվեն նախագահի անձի շուրջ և մերժեն ցանկացած այլակարծություն: Դա, իհարկե, աբսուրդ է, բայց այդ աբսուրդի վրա է հիմնված ՌԴ նախագահի իշխանությունը՝ նա ցար է, նա փրկիչ է, ու առանց նրա Ռուսաստան չկա ու չի լինի: Հենց այս մտայնությունն են քարոզում ռուսական լրատվամիջոցները օրը 48 ժամ՝ գործնականում Արևմուտքին մղելով պաշտպանական, ավելի հաճախ՝ հարձակողական դիրքեր:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 14327

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ