«Վաղուց ժամանակն է, որպեսզի Ալլա Պուգաչովան ճանաչվի որպես օտարերկրյա գործակալ և զրկվի Ռուսաստանի Դաշնությունում իր ամբողջ ունեցվածքից՝ Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը վարկաբեկելու և արևմտյան քարոզչության օգտին աշխատելու համար»,- հայտարարել է ՌԴ Պետդումայի պատգամավոր Ալեքսեյ Ժուրավլյովը։ Ավելի վաղ Պուգաչովան Instagram սոցիալական ցանցում Կիևի մանկական հիվանդանոցի վրա հրթիռի խոցման մասին գրառում էր արել։               
 

Էմանուել Մակրոն. Հանրապետությունը իր պատմությունից չի ջնջի ոչ մի հետք ու ոչ մի անուն, ոչ մի հուշարձան պատվանդանից վար չի բերի

Էմանուել Մակրոն. Հանրապետությունը իր պատմությունից չի ջնջի ոչ մի հետք ու ոչ մի անուն, ոչ մի հուշարձան պատվանդանից վար չի բերի
16.06.2020 | 09:56

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը կիրակի երեկոյան չորրորդ հեռուստաուղերձն ուղղեց ազգին կորոնավիրուսի համաճարակի առիթով: Նա ամփոփեց սահմանափակող սանիտարական միջոցների հանման առաջին երկու փուլերի արդյունքները և պատմեց հունիսի 15-ին ու 22-ին կարանտինից դուրս գալու երրորդ փուլի սկսվելուն առնչվող որոշումների մասին: Նախագահտ խոստացավ հուլիսին նորից խոսել՝ շարադրելու երկրի զարգացման հիմնական ուղղությունների մասին ու աննախադեպ ճգնաժամից հետո բարեփոխումների:


Հունիսի15-ից սկսած Ֆրանսիայի մայրցամաքային ամբողջ տարածքը կհայտարարվի կանաչ գոտի համաճարակային տեսակետից՝ հայտարարեց Էմանուել Մակրոնը: Փարիզում ու Իլ դե Ֆրանսում, որ հունիսի 2-ից մնում էին նարնջագույն գոտում, կհանվեն մնացած սահմանափակումները: Կբացվեն բոլոր սրճարաններն ու ռեստորանները (հունիսի 2-ից նրանց արտոնված է հաճախորդներ ընդունել միայն բաց տարածքներում), կվերականգնվի ձեռնարկությունների աշխատանքը: «Վաղվանից սկսվում է նոր փուլ»՝ հայտարարեց նախագահը՝ կոչ անելով արագ վերադառնալ բնականոն կյանքի ու տնտեսության վերագործարկման: Հունիսի 22-ից դպրոցները կվերադառնան նորմալ ռիթմով աշխատանքի բոլոր աշակերտների համար: Պարապմունքները պարտադիր են առանց բացառության բոլոր աշակերտների համար: Դպրոցները սկսել էին բացվել մայիսի 11-ից, բայց սանիտարական խիստ արարողակարգերի պատճառով չէին կարող ընդունել բոլոր աշակերտներին, շատերը շարունակում էին հեռավար ուսուցումը: Նախագահը հայտարարեց, որ հունիսի 15-ից կարելի է այցելել բոլոր հարազատներին տարեցների տներում:
Էմանուել Մակրոնը հիշեցրեց, որ հունիսի 15-ից հանվում են ԵՄ-ի ներսում տեղաշարժի սահմանափակումները, հուլիսի 1-ից բացվելու են սահմանները այլ երկրների հետ (նայած յուրաքանչյուր երկրում համաճարակային իրավիճակին): Մունիցիպալ ընտրությունների երկրորդ փուլը կանցկացվի հունիսի 28-ին: Նախագահը նշեց, որ անհրաժեշտ է առաջվա պես խուսափել (բազմամարդ) հավաքներից, որոնք դեռ սահմանափակված են խիստ կանոններով (կանոնները կճշտի կառավարությունը):


«Սա չի նշանակում, որ վիրուսն անհետացել է, ու մենք կարող ենք լիովին կորցնել զգոնությունը: Մենք դեռ ստիպված ենք երկար ապրել վիրուսի հետ ու պահպանել ֆիզիկական հեռավորության կանոնները, հետևել համաճարակի զարգացմանը, որ պատրաստ լինենք, եթե վիրուսը նոր ուժով վերադառնա»՝ նախազգուշացրեց Մակրոնը: Ներկա իրավիճակը նա անվանեց «վիրուսի հետ պայքարում առաջին հաղթանակ»: Համաճարակի, սանիտարական ու տնտեսական ճգնաժամի ժամանակ ի հայտ եկած «խոցելի տեղերը» նախագահը խոստացավ «վերացնել առավելագույնս արագ ու վճռական»: Ճգնաժամն ամփոփելով՝ Մակրոնը նշեց. «Մենք կարող ենք հպարտանալ մեր արածով, և կարող ենք հպարտանալ մեր երկրով: Իհարկե, այս փորձությունը երևան հանեց մեր թերություններն ու թույլ կողմերը՝ որոշ ապրանքների մատակարարման հարցում մեր կախումը այլ մայրցամաքներից, մեր կազմակերպական ոչճկունությունը, սոցիալական ու տարածքային անհավասարությունը: Ես ուզում եմ, որ մենք դասեր քաղենք մեր ապրածից»՝ ընդգծեց նախագահը: Նրա խոսքով՝ մարտի կեսից խիստ կարանտին սահմանելով՝ իշխանություններն արեցին «հումանիտար ընտրություն՝ քաղաքացիների ընտրությունը բարձր դասելով տնտեսությունից»: Մակրոնը շնորհակալություն հայտնեց բոլոր ֆրանսիացիներին «պատասխանատվության ապշեցուցիչ զգացումի» համար: Նա հատուկ երախտագիտություն հայտնեց բժիշկներին ու նրանց, որ շարունակել են աշխատել կարանտինի շրջանում երկրի համար կենսական ոլորտներում: Մակրոնը հիշեցրեց, որ համաճարակի սկզբից իշխանությունները տնտեսությանն ու քաղաքացիներին աջակցելու համար հատկացրել են «չլսված գումար» 500 միլիարդ եվրո: Այդ ծախսերի պատճառով պետական պարտքի կտրուկ աճը չի փոխհատուցվի հարկերի բարձրացումով՝ խոստացավ Մակրոնը:


«Նոր փուլը, որ սկսվում է վաղը, թույլ կտա արագացնել վերականգնումը»՝ ընդգծեց Մակրոնը: Իր նախագահության մնացած երկու տարիների ու առաջիկա տասնամյակների գերակայություն նա անվանեց «անկախության ապահովումը հանուն լավ ու երջանիկ կյանքի»: «Մեր առաջին գերակայությունը ուժեղ, բնապահպան, սոցիալական, ինքնիշխան ու համերաշխ տնտեսության վերականգնումն է»՝ հայտարարեց նախագահը: Ընդունելով ձեռնարկությունների սնանկացման ու աշխատատեղերի կրճատման անխուսափելիությունը՝ Մակրոնը խոստացավ «ամեն ինչ անել՝ առավելագույնս խուսափելու համար աշխատանքից ազատումներից»: Նոր աշխատատեղերն անհրաժեշտ է ստեղծել՝«ներդրումներ անելով մեր տեխնոլոգիական, թվային, արդյունաբերական ու գյուղատնտեսական անկախության մեջ»: Մակրոնը հիշատակեց և «արտադրության վերադարձը Ֆրանսիա» այն ոլորտներում, որտեղ արդարացված է: Նախագահը հաստատեց բնապահպանորեն մաքուր, սոցիալական ու համերաշխ տնտեսության զարգացման քաղաքականությունը: Նա հիշեցրեց առողջապահության բարեփոխումների շարունակվող քննարկումների մասին, որոնցով առաջարկվում են նոր ներդրումներ, բժիշկների աշխատավարձի բարձրացում և ամբողջ համակարգի առավել արդյունավետ կազմակերպում: Նախագահը նշեց և թոշակառուների սոցիալական պաշտպանության մեծացման անհրաժեշտությունը, մասշտաբային ներդրումները երիտասարդության կրթության, մասնագիտական պատրաստության ու զբաղվածության մեջ:
Ֆրանսիայի վերականգնումը կատարվելու է «Եվրոպայի հետ միասին»՝ նշեց նախագահը՝ հիշեցնելով ֆրանս-գերմանական նախաձեռնությունը՝ ԵՄ պարտքային պարտավորությունների թողարման մասին ընդհանուր զարգացումը ֆինանսավորելու համար: Ֆրանսիայի ու Գերմանիայի նախաձեռնությունը վերաճեց Եվրահանձնաժողովի ծրագրի 750 միլիարդ եվրո գումարով:


«Հանուն լավ կյանքի՝ Ֆրանսիայի անկախությունը պահանջում է մեր միասնականությունը Հանրապետության ու նրա արժեքների շուրջ: Եվ դա երկրորդ գլխավոր ուղղությունն է մեր նոր փուլում»՝ հայտարարեց Մակրոնը՝ խոսելով հասարակության բազմաճյուղ տրոհման մասին: «Մենք այն ազգն ենք, որտեղ յուրաքանչյուրը, անկախ ծագումից ու կրոնից, պետք է իր տեղն ունենա: Այդպե՞ս է ամեն տեղ ու միշտ: Ոչ»՝ ընդունեց նախագահը: «Մենք անհաշտ ենք լինելու ռասիզմի, հակասեմիտիզմի, շահագործման դեմ պայքարում» ընդգծեց Մակրոնը՝ խոստանալով «նոր ուժեղ որոշումներ» հնարավորությունների հավասարության հարցերում: Բայց ռազիզմի ու շահագործման դեմ արժանապատիվ պայքարը «շեղվում է ճանապարհից» ու դառնում անընդունելի, երբ փորձում են օգտագործել «անջատականները» ի շահ փակ հանրությունների «վերածելով կոմունիտարիզմի ու ատելության կամ պատմության սուտ սրբագրումների»:
«Հանրապետությունը իր պատմությունից չի ջնջի ոչ մի հետք ու ոչ մի անուն: Հանրապետությունը ոչ մի հուշարձան պատվանդանից վար չի բերի»՝ հայտարարեց Մակրոնը՝ աշխարհում (ու Ֆրանսիայում) ծավալվող բողոքների համապատկերում՝ ընդդեմ ռասիզմի ու նորից բռնկված վեճերի գաղութատիրական անցյալի, ստրկավաճառության ու անցյալի շատ դեմքերի հուշարձանների մասին:


Նախագահը խոսեց և իրավապահների մասին՝ ոստիկանական բռնության դեմ ցույցերի ու ոստիկանության ներսում ռասիզմի դեբատների համապատկերում: Ի պատասխան իրավապահ մարմինների աշխատակիցները իրենց ակցիաներն են անցկացնում՝ ոստիկանությանը մեղադրելու դեմ՝ մեղադրելով քաղաքական իշխանությանը իրենց անհրաժեշտ աջակցությունը չցուցաբերելու մեջ: «Մենք չենք կարող կառուցել մեր ապագան անկարգության մեջ: Առանց հանրապետական կարգուկանոնի չկա ոչ անվտանգություն, ոչ ազատություն: Այդ կարգուկանոնը մեր երկրում ապահովում են ոստիկաններն ու ժանդարմները: Ամեն օր նրանք ռիսկի են գնում հանուն մեզ: Այդ պատճառով նրանք արժանի են պետական իշխանության աջակցությանը և ազգի երախտագիտությանը»՝ հայտարարեց նախագահը:
RFI


Հ.Գ. Հունիսի 14-ի Մակրոնի ելույթը չորրորդն էր՝ կորոնավիրուսի սկզբից: Մարտի 12-ին նա հայտարարեց ամբողջ երկրում դպրոցների փակման մասին, մարտի 16-ին՝ համընդհանուր խիստ կարանտինի, ապրիլի 13-ին՝ հաղորդեց մայիսի 11-ից սանիտարական խիստ սահմանափակումների փուլային հանման մասին:
Ֆրանսիան ուղղում է մեջքը, Փարիզի հաջողություններից է կախված ԵՄ ապագան՝ ինչ ուղղություն կընտրի ԵՄ-ն կորոնաճգնաժամից դուրս գալու ու աշխարհաքաղաքական ճգնաժամերը հաղթահարելու համար: Մակրոնն իր խոսքի արժեքը գիտի: Երեկ նաև հայտնի դարձավ, որ Ֆրանսիայի նախագահը հունիսի 24-ին Մոսկվայում չի մասնակցի երկրորդ աշխարհամարտում հաղթանակի 75-ամյակի շքերթին: Ելիսեյան պալատը տեղեկացրել էր, որ նախագահը հրավեր չի ստացել: Մինչդեռ նախքան մայիսի 9-ին շքերթի հետաձգումը՝ Ֆրանսիայի նախագահը իր համաձայնությունն էր տվել Մոսկվա մեկնելու: Կորոնավիրու՞սը, թե՞ սև կատուն է անցել Մոսկվայի ու Փարիզի միջև: Նորից: Նախքան կորոնավիրուսի ի հայտ գալը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ու Չինաստանի նախագահ Սի Ձինպինն էլ չէին բացառել իրենց մասնակցությունը: Պուտինը փաստացի շքերթը դարձնում է հանրաքվեի ցատկահարթակ՝ հույսը կտրելով առաջին դեմքերին ընդունելու հնարավորությունից:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 9987

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ