Վարչապետը սովորաբար պատանդ է վերցնում, հետո ինքը հայտնվում պատանդի կարգավիճակում այդ նույն պատանդների մոտ
22.05.2020 | 01:07
Օրերս հերթական ասուլիսի ընթացքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աչքի ընկավ իր համար համեմատաբար զուսպ կեցվածքով և ակնհայտորեն փորձում էր խուսափել վերջին օրերին անձամբ իրեն ուղղված մեղադրանքներից։ Քաղաքական վերլուծաբաններից շատերը դա բացատրեցին նրանով, որ կառավարության ղեկավարը, չունենալով իրական ու համոզիչ հակափաստարկներ, փորձում է պարտիան հետաձգել՝ ժամանակ շահելու ու հասկանալու համար, թե իր նկատմամբ էլ ինչ կոմպրոմատներ, ինֆորմացիաներ և տեղեկատվական ռումբեր կան հակառակորդների մոտ։ Սա մի կողմից փորձ էր խույս տալու առանց այն էլ լարված իրավիճակի շրջանառումից. կյանքը ցույց է տվել, որ Փաշինյանի ցանկացած պատասխան, հակափաստարկ կամ հայտարարություն նոր քաղաքական խնդիրներ է առաջացնում նրա համար, մյուս կողմից թերևս ամենավտանգավորն այն է, որ նա չի կարողանում հասկանալ, վերլուծել, թե իր վերաբերյալ է՞լ ինչ ինֆորմացիաների են տիրապետում հակառակորդները։ Եվ, օրինակ, ծխախոտի մաքսանենգության վերաբերյալ տեղեկատվությունը կամ Միքայել Մինասյանին իր կողմից անօրինական գործարք առաջարկելու մասին պատմությունը հերքելու դեպքում չի բացառվում, որ հրապարակ նետվեն նորանոր առարկայական փաստարկներ, որոնք է՛լ ավելի կհիմնավորեն նախկին մեղադրանքները։
Հույսեր կային, որ Նիկոլ Փաշինյանի նման էքսցենտրիկ անձնավորությունը, ի վերջո, հասկացել է, որ իր յուրաքանչյուր ձեռնարկ ավարտվում է նրանով, որ ինքը դառնում է, այսպես ասած, դարի հերթական հետապնդման կամ բացահայտման գերին։ Վերջին երկու տարիները վկայեցին, որ վարչապետը մեծ աղմուկ-աղաղակով նախաձեռնում է ինչ-որ մութ գործ, կոռուպցիոն սխեմայի բացահայտում, անգամ մարդկանց է ձերբակալում՝ աննախադեպ որակում տալով այդ ամենին, բայց շատ շուտով ուռճացված այդ փուչիկը պայթում է, ու նա այդ իրավիճակի պատանդի է վերածվում։ Եվ ամենամեծ խնդիրն այն է, որ նրա նյութած դավերը չեն սահմանափակվում ներքին քաղաքական արձագանքով. հակակոռուպցիոն, հակաօլիգարխիկ դրոշի տակ կատարվող բոլոր օպերացիաներն ի վերջո նրան դարձնում են իր իսկ նախաձեռնության պատանդ արտաքին քաղաքական դաշտում։
Առնվազն երեք դեպք կարելի է թվարկել՝ ապացուցելու համար, թե վարչապետն ինչպես է հայտնվել իր լարած թակարդում։
1. Ամենահայտնի դրվագը ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի հետ կապված պատմությունն է։ Ինչպես հայտնի է, հեղափոխությունից մի քանի ամիս հետո՝ էյֆորիայի պիկի շրջանում, ազդարարվեց, որ ՀՀ երկրորդ նախագահը ձերբակալվում է Մարտի 1-ի գործով, ավելին, հայտարարվեց, որ Մարտի 1-ի գործը բացահայտված է, բայց շատ շուտով ստացվեց առաջին հարվածը Ռուսաստանից։ ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի միջոցով Նիկոլ Փաշինյանը բացահայտ սուր քննադատության ենթարկվեց՝ մեղադրվելով ռուսների հետ եղած պայմանավորվածությունները չկատարելու մեջ։ Իսկ պայմանավորվածությունները հավանաբար վերաբերում էին նրան, որ իշխանափոխությունից հետո նախկինների նկատմամբ քաղաքական վենդետաներ չեն լինելու։ Սա նշանակում է, որ հայ-ռուսական հարաբերություններում բավականին լուրջ և քրոնիկ խնդիր է առաջացել՝ Ռոբերտ Քոչարյանի խնդիրը։ Այս ամենը ռուսական կողմը ներկայացնում է ոչ միայն որպես քաղաքական հարց՝ ասոցացնելով Ռոբերտ Քոչարյանին հայ-ռուսական հարաբերությունները կառուցողներից մեկի հետ, այլև միշտ ակնարկվում էր, որ ՀՀ երկրորդ նախագահի ազատության հարցում շահագրգռված է անձամբ ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը՝ որպես վերջինիս ընկեր։ Եվ փաստորեն, Պուտինը երբեք առիթը բաց չի թողել Քոչարյանի հետ իր ընկերական հարաբերությունները շեշտելու համար. միշտ վերջինիս տոներն է շնորհավորել, Հայաստան այցելելիս Ռուսաստանի դեսպանատանը հանդիպել է Քոչարյանի տիկնոջ հետ։ Սա ցույց է տալիս, որ հայ-ռուսական հարաբերություններում Քոչարյանի գործոնը բավականին սուր և շատ կարևոր կետ է դարձել, որին լուծում չտալը շատուշատ դռներ է փակում Հայաստանի իշխանությունների, մասնավորապես, Նիկոլ Փաշինյանի առջև։ Եվ քանի որ իշխանափոխությունից անմիջապես հետո, երբ վարչապետի վարկանիշը բավականին բարձր էր, Ռուսաստանն առանձնապես չէր շեշտադրում իր տարաձայնությունները վերջինիս հետ և համբերատար սպասում էր մինչև վարկանիշի անկումը։ ՀՀ կառավարության ղեկավարը, հանուն այսրոպեական հաճույքների, ըստ էության, զոհաբերեց շատ լուրջ գործոն հայ-ռուսական հարաբերություններում, խոսքը նախ և առաջ համաշխարհային զարգացումներում մեծ ազդեցություն ունեցող Պուտինի հետ հարաբերություններ կառուցելու հնարավորության մասին է։ Ըստ էության, հայ-ռուսական հարաբերություններում նրա մանևրելու աստիճանը զգալիորեն նվազեց։ Այսպիսով՝ Փաշինյանը դարձավ իր իսկ կողմից արված հայտարարությունների, ամբիցիաների գերին, ինչը նրան պարգևեց ընդամենը էժանագին հեղինակություն պողոսների մոտ, բայց միաժամանակ՝ ֆինանսական, տնտեսական, քաղաքական լրջագույն կորուստներ հայ-ռուսական հարաբերություններում։ Այժմ ստեղծվել է իրավիճակ, որ նույնիսկ մեծ ցանկության դեպքում Փաշինյանը չի կարողանում հարթել իրավիճակը։ Բացի արտաքին քաղաքական ասպեկտից, այստեղ կա նաև ներքաղաքական խնդիր. Փաշինյանը, թոշակառու Քոչարյանին ձերբակալելով, նրան դարձրեց քաղաքական գործոն, վերակենդանացրեց բավականին լուրջ քաղաքական շերտեր՝ հրահրելով ներքաղաքական զարգացումներ։
2. Փաշինյանի հաջորդ տապալումն առնչվում է Սահմանադրական դատարանի և նրա նախագահ Հրայր Թովմասյանի խնդրի հետ։ Հրայր Թովմասյանը Փաշինյանի կողմից հռչակվեց Հայաստանի ամենագլխավոր չարիքներից մեկը, որի պատճառով նոր իշխանությունները իբր թե չեն կարողանում իրականացնել անհրաժեշտ բարեփոխումները։ Հրայր Թովմասյանի հարցը փորձեցին լուծել նախ քաղաքական, այնուհետև քրեական ճնշումներով՝ փորձելով այդպիսով ազդեցություն ունենալ ՍԴ մյուս անդամների վրա։ Սակայն այստեղ էլ Փաշինյանը տապալվեց։ Հրայր Թովմասյանի գործոնը դարձավ ներքաղաքական կատալիզատոր և համախմբեց Նիկոլ Փաշինյանի գրեթե բոլոր հակառակորդներին, սակայն ինչպես Ռոբերտ Քոչարյանի դեպքում, այստեղ նույնպես ՀՀ վարչապետը սայթաքեց. սկսելով գործընթացը և ելքեր չգտնելով այն ավարտին հասցնելու համար՝ փչացրեց հարաբերություններն ինչպես ներքաղաքական դաշտում, այնպես էլ արտաքին քաղաքական, խոսքը, մասնավորապես, Եվրամիության և եվրոպական այլ կառույցների մասին է։ Եվրոպական կառույցները չէին թաքցնում, որ դեմ են ՍԴ-ի և նրա նախագահի դեմ սանձազերծած հաշվեհարդարին։ Նույնիսկ կարողացան հասնել նրան, որ Փաշինյանը չեղարկեց իր պատկերացրած սահմանադրական բարեփոխումները խորհրդարանի միջոցով լուծելու մտադրությունը։ Այստեղ էլ մինչ այժմ Փաշինյանը փնտրտուքների մեջ է. ի վերջո ինչպես ջրել թեման՝ պահպանելով սեփական դեմքը։ Եվ պատահական չէ, որ օրերս նամակ են գրել Վենետիկի հանձնաժողովին՝ խորհուրդ հարցնելով հարցը առանց հանրաքվեի հանգուցալուծելու կապակցությամբ։ Այսպիսով՝ Փաշինյանը հանուն իր իդեֆիքսի փչացրեց հարաբերությունները մեր մյուս գործընկերոջ՝ Եվրամիության հետ։
3. Փաշինյանի հաջորդ խոշոր տապալումը դատաիրավական համակարգի բարեփոխման տխրահռչակ օպերացիան է։ Ամեն ինչ ընթացավ գրեթե նույն սցենարով՝ մեծ աղմուկ, անխոհեմ, հակաիրավական գործողություններ, դատարանների շրջափակում, վեթինգի մասին հայտարարություններ և այլն։ Սակայն, ի վերջո, գործընթացը մեկնարկեց, սակայն Փաշինյանը, ինչ-ինչ հանգամանքներից ելնելով, հասկացավ, սա նույնպես իր խելքի բանը չէ, և ռեսուրսները չեն բավականացնում, որպեսզի համատարած վեթինգ իրականացվի։ Այստեղ նույնպես ներքին քաղաքական բավականին լուրջ դիմադրության հանդիպեց, լուրջ համախմբում տեղի ունեցավ նրա դեմ, բայց ամենակարևորն այն է, որ պատանդ վերցնելով դատաիրավական համակարգը՝ Փաշինյանը դարձյալ հայտնվեց իր հյուսած թակարդում։ Ի վերջո, այժմ իշխանությունն այս հարցում անցել է անհեթեթ մի սխեմայի, ինչի պատճառով լարվել են վարչապետի հարաբերությունները նրա հիմնական հովանավորներից մեկի և միաժամանակ‚ այսպես կոչված‚ թավշյա հեղափոխության իրական շարժիչ ուժի՝ Սորոսի հիմնադրամի հետ։ Սորոսականները մեծ դժգոհություններ ունեն ՀՀ իշխանություններից։ Նրանք հույս ունեին, որ գոնե այս ճակատում իրենք կիրականացնեն բարեփոխումները իրենց պատկերացրած սխեմաներով, սակայն պարզվեց, որ Փաշինյանը հերթական անգամ սկսեց մի գործ, որն ի վիճակի չէ վերջակետին հասցնելու։ Հարաբերություններն այնքան են փչացել, որ վարչապետին այսօր քննադատում են գրեթե բոլոր սորոսականները։ Իսկ որոշ սորոսական կառույցներ էլ Փաշինյանին ուղղակի անվանեցին ինքնահռչակ վարչապետ՝ նշելով, որ իրենք սկսում են պայքարն այն իշխանության դեմ, որը խաբել է իրենց։ Մասնավորապես վերջին օրերին «Քաղաքացու որոշում» կուսակցության ներկայացուցիչների հայտարարություններն ու գնահատականները սրությամբ չեն զիջում ամենաընդդիմադիրների հայտարարություններին։
ՈՒնենալով այս դառը դասերը՝ Նիկոլ Փաշինյանն այսօր խուսափում է կտրուկ հայտարարություններից, մասնավորապես, իր անվան շուրջ պտտվող մեղադրանքներից։ Շատ լավ հասկանում է, որ ժամանակն ի վնաս իրեն է աշխատում, մեկնարկել է հետհաշվարկը, մինչդեռ ռեսուրսներ բացարձակապես չկան։ Եվ այս պայմաններում կտրուկ շարժումներ անելը հանգեցնելու է ներքաղաքական և արտաքին քաղաքական նոր մարտահրավերների։ Փաշինյանն առայժմ ժամանակ է ձգում՝ փորձելով ինչ-որ տեղ կայունացնել իրավիճակը, սակայն նրա վերջին ֆեյսբուքյան ուղիղ եթերը ցույց տվեց, որ մի բան է նման ցանկություն ունենալը, այլ բան է, թե արդյոք իրականում այդ ցանկությունները կյանքի կկոչվե՞ն՝ հաշվի առնելով Նիկոլ Փաշինյանի հեղհեղուկ բնավորությունը։ Ինքնատիրապետումը բնավ էլ ՀՀ վարչապետի բնավորության գծերից չէ։ Երբ նա առավոտյան արթնանում է, որոշում է հնարավորինս հավասարակշիռ լինել ու տուրք չտալ զգացմունքներին‚ սակայն բավական է՝ ցերեկվա ընթացքում ինչ-որ մեկը նրան փոխանցի՝ он называл себя земляным червяком, բոլոր պլանները խախտվում են, համակարգիչը միացնում է, մտնում ուղիղ եթեր և էմոցիաների ներքո նոր հայտարարություններով ավելի սրում իրավիճակը։
Կարող ենք փաստել, որ Փաշինյանի ցանկացած գրառում, ֆեյսբուքյան եթեր կամ հայտարարություն անմիջապես աշխատում է նրա դեմ, է՛լ ավելի է թուլացնում նրա ռեսուրսները, և ամենավտանգավորը վարչապետի համար՝ ավելի է թուլացնում նրա ազդեցությունն իր իսկ թիմում, որտեղ ճեղքերը դժվար են թաքցվում։ ՈՒ չի բացառվում, որ այդ ճեղքերը կարող են հանգեցնել պայթյունի։
Արամ Վ. ՍԱՐԳՍՅԱՆ
Մեկնաբանություններ