Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Թրամփը կորոնավիրուսի տեստ հանձնեց՝ բացասական

Թրամփը կորոնավիրուսի տեստ հանձնեց՝ բացասական
16.03.2020 | 12:25

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի կորոնավիրուսի տեստը բացասական է՝ հաղորդեց նրա բժիշկ Շոն Կոնլին: «Երեկ երեկոյան, երբ ես նախագահի հետ մանրամասն քննարկեցի COVID-19-ի տեստավորման հարցը, նա որոշեց ստուգվել: Երեկոյան ես ստացա հաստատումը, որ տեստը բացասական է»՝ ասել է Շոն Կոնլին: Թրամփը որոշել է տեստավորվել Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի հետ Ֆլորիդայում հանդիպումից հետո: Մինչ այդ ԶԼՄ-ները հաղորդել էին, որ Բրազիլիայի պատվիրակության հինգ անդամներ կորոնավիրուսակիր են, մասնավորապես՝ Բրազիլիայի նախագահի մամլո քարտուղար Ֆաբիո Վայնգարտենը: Վարակվածներից էր և Մայամիի քաղաքապետ Ֆրենսիս Սուարեսը: Բոլսոնարուի տեստը բացասական էր: Շաբաթ օրը հայտնի դարձավ, որ Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսի տիկինը՝ Բեգոնիա Գոմեսը, վարակվել է նոր կորոնավիրուսով: «Մոնկլոա պալատում վերջին ժամերին անցկացված վարչապետի մերձավորների անալիզները դրական են միայն նրա կնոջ՝ Բեգոնիա Գոմեսի պարագայում: Գոմեսը և վարչապետը լավ են, երկուսն էլ մնում են Մոնկլոա պալատում և հետևում են կանխարգելիչ միջոցառումներին, որ սահմանել են առողջապահական մարմինները»՝ հաղորդել էր Իսպանիայի կառավարության մամլո ծառայությունը:


ԱՀԿ-ն վերջին մեկ օրում գրանցել է 9,7 հազար նոր վարակակիրների Չինաստանից դուրս, վարակվածների ընդհանուր թիվը աշխարհում 142000 է: Այս պահին մահացել է 5393 մարդ: ԱՄՆ-ում հայտնի են 2655 հիվանդներ 49 նահանգներում:
Չինաստանում պանդեմիան նահանջում է՝ վերջին մեկ օրում հիվանդության 20 նոր դեպք է գրանցվել, 10 մահ, հիվանդանոցից դուրս է գրվել 1370 մարդ: Ամբողջ աշխարհում կանխարգելիչ ու կարանտինային կոշտ միջոցներ են ձեռնարկվում: Էստոնիայի ու Էկվադորի իշխանություններն արգելել են օտարերկրացիների մուտքը երկիր, լատվիական airBaltic ավիաընկերությունը մարտի 17-ին բոլոր չվերթները բեկանել է, աշխարհի ամենամեծ կրուիզային ընկերություններից մեկը՝ Royal Caribbean-ը, դադարեցրել է կրուիզներն ամբողջ աշխարհում:
Պանդեմիան ընդգրկում է նոր երկրներ՝ վերջին ժամերին նոր դեպքեր են ի հայտ եկել Ուզբեկստանում, Հասարակածային Գվինեայում, Կոնգոյում, Կենտրոնական Աֆրիկյան պետությունում:
BBC


Հ.Գ. ԱՄՆ փոխնախագահ Մայք Փենսը հայտարարել է, որ մարտի 16-ից արգելվելու է նաև բրիտանացիների ու իռլանդացիների մուտքը ԱՄՆ: Կորոնավիրուսի տարածումը կանխելու նպատակով Վաշինգտոնն արգելել էր ԵՄ երկրներից մուտքը ԱՄՆ, որ քաոսային իրավիճակ էր ստեղծել եվրոպական օդանավակայաններում:
Արգելքը չի վերաբերում ամերիկացիներին և ԱՄՆ-ում մշտական բնակության իրավունք ունեցող անձանց:


Այսօր պատարագների հարցը կքննարկվի Մայր աթոռում: «Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև։ Ամենայն Հայոց Հայրապետը հետևում է խնդրի առնչությամբ բոլոր զարգացումներին», տեղեկացրել է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգի ղեկավար Տեր Վահրամ քահանա Մելիքյանը: «Նկատի ունենալով կորոնավիրուսի համավարակի և դրա կապակցությամբ ձեռնարկվող կանխարգելիչ քայլերի առնչությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Տեղեկատվական համակարգին ուղղվելիք բազում հարցումները՝ հարկ ենք համարում հայտնել հետևյալը.
Հայոց Եկեղեցին քաջ գիտակցում է իր պատասխանատվությունը հայրենիքի և ժողովրդի առջև։ Ամենայն Հայոց Հայրապետը հետևում է խնդրի առնչությամբ բոլոր զարգացումներին թե´ հայրենիքում, թե´ արտերկրի մեր թեմերում ու համայնքներում, իսկ պատկան մարմինները մշտական կապի մեջ են Մայր Աթոռի հետ:


Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրական հորդորն է ամենքիս պահպանել խաղաղություն, հոգատարություն և սեր դրսևորել միմյանց հանդեպ, որ զորացնենք մեզանում միաբանության ոգին՝ ի վիճակի լինելու միասնական ջանքերով հաղթահարել այս համավարակը:
Մայր Աթոռում Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ մարտի 13-ին գումարված ժողովը հանդես է եկել հայտարարությամբ՝ կոչ անելով «հանդես բերել առավելագույն զգոնություն ու պատասխանատվություն, հետևողականությամբ ու ամենայն լրջությամբ պահպանել մասնագիտացված կառույցների կողմից սահմանված պահանջներն ու ցուցումները և իրականացնել համավարակի կանխարգելման բոլոր միջոցառումները»:
Թեմակալ առաջնորդների միջոցով հոգևոր հովիվներին տրված են եղել անհրաժեշտ թելադրություններ՝ ի մասնավորի կիրակնօրյա պատարագի ժամանակ եկեղեցիներում կանխարգելիչ միջոցների ձեռնարկման կապակցությամբ:


Այսօր Սուրբ և Անմահ Պատարագի ընթացքում մեր հոգևորականներն իրենց աղոթքն են բարձրացրել առ Աստված մեր հայրենիքի, մեր ժողովրդի, մեր քաղաքացիների առողջ և անվտանգ կյանքի համար՝ իրենց հորդորը բերելով ներկաներին պատասխանատվությամբ մոտենալ պատկան մարմինների կողմից տրվող ցուցումներին:
Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ևս դադարեցված է մի շարք կառույցների` ներառյալ կրթական, սոցիալական խնամատարական հաստատությունների, Մայր Աթոռի թանգարանների գործունեությունը: Իրավիճակից ելնելով՝ վաղը Մայր Աթոռում Վեհափառի նախագահությամբ վերստին գումարվելու է ժողով, որի ընթացքում կքննարկվեն մի շարք կարևոր հարցեր։
Մինչ այդ հորդորում ենք մեր բարեպաշտ ժողովրդին պահպանել հանդարտություն: Հորդորում ենք նաև զանգվածային լրատվամիջոցների հարգելի գործընկերներին տուրք չտալ և չհանրայնացնել պատեհապաշտության մոլությամբ տառապող որոշ անձանց կողմից Հայոց Եկեղեցու և բարեպաշտ հայորդիների հասցեին հնչեցվող վիրավորական արտահայտություններն ու անտեղի դատողությունները», - հայտնել էր Վահրամ քահանա Մելիքյանը երեկ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 6553

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ