Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի տարեկան ընթրիքին իր ելույթում անդրադարձել է Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման գործընթացին՝ ընդգծելով, որ Ֆրանսիան արդեն 19 տարի է, ինչ լծված է այդ գործին: Նա ուրախությամբ արձանագրել է, որ արդեն մեկ տարի է ապրիլի 24-ը Ֆրանսիայում Հայոց ցեղասպանության հիշատակի ազգային օր է՝ ինքը կատարել է խոստումը: «Պայքարը, որ հայերը մղում են Ցեղասպանության ճանաչման համար, պայքար է նաև լռության, մոռացության դեմ: Իսկ ճշմարտության հարցում գոյություն ունի եղբայրություն հայ և ֆրանսիացի ժողովուրդների միջև»,- ասել է Մակրոնը: Նա ընդգծել է, որ Թուրքիան իր քաղաքականության հիմքում դրել է ռևիզիոնիզմը. «Ոչ մի մեծ պատմություն չի կերտվում ստի, ժխտողականության ու ռևիզիոնիզմի հիման վրա»,- ասել է Մակրոնը: Նա խոսել է նաև Լեռնային Ղարաբաղի ու նրա բնակչության մասին, նշելով, որ Հայաստանը հայտնվել է մեծ ճգնաժամի խաչմերուկում, որտեղ Ֆրանսիան նրա կողքին է: «Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը Եվրոպայում վստահության և անվտանգության ճարտարապետության առաջընթացի խոչընդոտ է»,-ասել է Մակրոնը։ Նա նշել է, որ ընտրությունները Ադրբեջանում կարող են դրական ազդեցություն ունենալ ու հույս հայտնել, որ գարնանը ինչ-որ առաջընթաց կարող է լինել այս հարցում։ «Շփումներ են հաստատվել ղեկավարների միջև, և ես այստեղ ուղի եմ տեսնում»,-ասել է Մակրոնն ու հավելել, որ սա նաև մարդկային դրամա է, որը Լեռնային Ղարաբաղում և հարակից շրջաներում ապրող բնակչությանը պահում է անկայունության ու մեկուսացման մեջ։ Երեկ Էմանուել Մակրոնը նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ է քննարկել Ղարաբաղի հարցի կարգավորումը:
Հարց՝ 1915-ի հայոց ցեղասպանության ճանաչման գործում իսկապես առաջամարտիկ Ֆրանսիան պատրաստվու՞մ է վերջապես իր խոսքն ասել նաև Արցախի հակամարտության կարգավորման մեջ: Համենայն դեպս՝ հայտարարությունը, որ «Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը Եվրոպայում վստահության և անվտանգության ճարտարապետության առաջընթացի խոչընդոտ է», չէր կարող պատահաբար հայտնվել նախագահի խոսքում: Առավելևս մի նախագահի, որ պաշտոնակալության առաջին իսկ օրվանից բախվում է խոչընդոտների երկրի ներսում: Ի՞նչ կարող է դա նշանակել: Մանավանդ հաշվի առնելով Մակրոնի մեկ այլ որակում՝ «խնդիրը մարդկային դրամա է, որը մեկուսացման մեջ է դնում այդ շրջանի բնակչությանը»: Փաստացի՝ Մակրոնն ակնարկու՞մ է, որ խնդիրը ազգերի ինքնորոշման իրավունքի գերակայությամբ պիտի լուծվի՝ վերացնելու մարդկային դրաման: Իվերջո, մարդու իրավունքների պաշտպանության ջատագով ԵՄ-ն վերջապես պիտի հասկանա, որ ազգերի ինքնորոշման իրավունքի հիմքում հենց մարդու իրավունքների պաշտպանությունն է: Եվ ե՞րբ կարող է Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունը լինել
Եվրոպայում վստահության ու անվտանգության ճարտարապետության առաջընթացի խոչընդոտ: Երբ Եվրոպան հարցը սկսի դիտարկել միասնական տարածքում ու համաեվրոպական անվտանգության խնդիրներով համաձայնության հասնի Ռուսաստանի հետ: Իսկ Մակրոնը ԵՄ միակ ղեկավարն է, որ Ռուսաստանի հետ հարաբերությունների կարգավորման նախաձեռնություն է սկսել: Թերևս Մակրոնը նաև գլխավոր խոչընդոտ է տեսնում Ադրբեջանի կարծր դիրքորոշումը ու հենց այդ պատճառով հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հարցով: Իսկ գուցե հեռախոսազանգը վերաբերում է Ժնևում Հայաստանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարների երկօրյա հանդիպման օրակարգին: Բայց այդ դեպքում Ֆրանսիայի նախագահը զուգահեռ հեռախոսազրույց պետք է ունենար ՀՀ վարչապետի հետ: Իսկ գուցե Էմանուել Մակրոնը հիշել է՝ Դոնալդ Թրամփի իսրայելապաղեստինյան կոնֆլիկտի կարգավորման ծրագրից հետո, որ Ֆրանսիան ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ է, բայց թե Հայաստանը, թե Ադրբեջանը աշխատում են միայն Ռուսաստանի հետ, և որոշել կատարել նախընտրական ևս մեկ խոստում՝ նպաստել Արցախի հարցի լուծմանը:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Համենայն դեպս հավելեմ, որ երեկ Թուրքիայի ԱԳ նախարար Մևլուդ Չավուշօղլուն Անկարայում «Լրագրողների միջազգային ֆեդերացիայի» գործադիր կոմիտեի անդամների հետ հանդիպման ժամանակ անդրադարձել է Արցախի հիմնախնդրին՝ նշելով. «Մենք ջանքեր ենք գործադրում, որ ղարաբաղյան հարցին լուծում տանք: Եթե Ռուսաստանն օգտագործի իր ուժն ու ազդեցությունը, մենք կլուծենք այս հարցը: Այս տարի կարևորելու ենք Ղարաբաղի հարցը»: Գուցե զուգադիպություն է Թուրքիայի ԱԳ նախարարի ու Ֆրանսիայի նախագահի նույն թեմային անդրադառնալը, բայց եթե ՌԴ ԱԳՆ-ն պարզաբանում չտա, թե ո՞ր օրվանից ու ի՞նչ հիմքով է Թուրքիայի ԱԳ նախարարը Ռուսաստանի մասին խոսում «ՄԵՆՔ» դերանունով ու ի՞նչ է նշանակում այդ «մենքը»՝ դիրքորոշումների համընկնու՞մ, որոշումների համատե՞ղ կայացում, թուրքադրբեջանառուսական տանդե՞մ այս հարցում, որ կասկածի տակ է դնում ԵԱՀԿ Մինսկի խմբում ՌԴ համանախագահության անկողմնակալությունը, Հայաստանն ու Արցախը պետք է իրենց եզրակացություններն ունեն ու նվազագույնը բացատրություն պահանջեն Հայաստանում ՌԴ դեսպանից՝ Թուրքիայի հետ չունենալով դիվանագիտական հարաբերություններ:
Հավելեմ նաև, որ երեկ ՀՀ ԱԳՆ-ն տեղեկություններ տարածեց ԱԳ նախարարների աննախադեպ՝ երկօրյա հանդիպման մասին. «Հունվարի 28-30-ը Ժնևում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Իգոր Պոպովը (Ռուսաստան), Ստեֆան Վիսկոնտին (Ֆրանսիա), Էնդրյու Շեֆերն (ԱՄՆ) առանձին և համատեղ ձևաչափով հանդիպումներ անցկացրեցին Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանի և Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ: Հանդիպումներին մասնակցում էր նաև ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրչիկը:
Եռօրյա ինտենսիվ քննարկումների ընթացքում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները և ԱԳ նախարարները քննարկել են օրակարգային հետևյալ հարցերը. 2019-ին ձեռք բերված պայմանավորվածությունների և քննարկված առաջարկների իրականացումը և ժողովուրդներին խաղաղության նախապատրաստելու ուղղությամբ հնարավոր հաջորդ քայլերը, ապագա կարգավորման հիմքը հանդիսացող սկզբունքները և տարրերը, կարգավորման գործընթացի առաջմղմանն ուղղված ժամանակացույցը և օրակարգը:
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները վերահաստատեցին հակամարտության խաղաղ կարգավորման ուղղությամբ կողմերին աջակցելու և կարգավորման գործընթացի կոնֆիդենցիալության սկզբունքի հանդեպ իրենց լիակատար հանձնառությունը: Նրանք շեշտեցին արդար և տևական խաղաղության ձեռքբերման համար ստեղծագործ մոտեցման և փոխզիջման ոգու անհրաժեշտությունը:
ԱԳ նախարարները համաձայնել են կրկին հանդիպել մոտ ապագայում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո»:
Այս հայտարարությունը դեռ պետք է մարսել՝ մասնավորապես ժամանակացույցի ու օրակարգի մասով: Հեռանկարում խաղաղության համաձայնագիրն է, բայց ի՞նչ պայմաններով: