Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Արցախը՝ մի ասուլիսի կտրվածքով

Արցախը՝ մի ասուլիսի կտրվածքով
26.01.2020 | 15:10

Երեկ Կապանում վարչապետ Նիկոլ Փաշինյանը գերազանցեց ասուլիսների տևականության սեփական ռեկորդը՝ թե իր, թե լրագրողների նախաձառնությամբ: 5 ժամ 15 րոպեում իր «ժամն» ուներ Արցախը: Ի՞նչ իմացանք.


1. Իմացանք, որ Նիկոլ Փաշինյանը, որ 2016-ին ասել էր ու մինչև հիմա ֆեյսբուքի իր էջում պահել է հայտարարությունը՝ ապրիլյան քառօրյա պատերազմը տեղի է ունեցել Ռուսաստանի գիտությամբ և համաձայնությամբ, հարցը քննարկել է Մոսկվայում. «Ես մեր հանրության շրջանում մի շարք մտահոգությունների մասին քննարկում եմ ունեցել նաև Ռուսաստանի մեր գործընկների հետ և շատ ուրախ եմ, որ շատ բարեկամական, եղբայրական, ռազմավարական դաշնակցային մթնոլորտում մենք այդ հարցերը քննարկել ենք, խոսել, վերլուծենք ենք իրավիճակը մանրամասն և փոխադարձաբար ստացել ենք մեզ անհրաժեշտ հարցերի պատասխանները: Ես Ձեր հարցին պատասխանեցի»,-ասաց նա: Այսինքն՝ ինքը ստացել է հարցի պատասխանը, մենք ստացանք, որ ինքն ունի պատասխան, մենք՝ չենք ունենալու:


2. Իմացանք, որ 2020-ի բյուջեով ՊՆ-ին հատկացվել է 307 մլրդ դրամ, որը 2018-ի փաստացի ցուցանիշը գերազանցում է 28 տոկոսով կամ 66 մլրդ դրամով, իսկ 2017-ի փաստացիի համեմատ ավելի է մոտ 4.5 տոկոսով. «2018-ի մայիսից ՀՀ-ն ձեռք է բերել տեսանելի ժամանակահատվածի համար աննախադեպ քանակի զենք-զինամթերք՝ Սու-30 բազմաֆունկցիոնալ ինքնաթիռներ, Տոր-Մ2 հակաօդային պաշտպանության համալիրներ: Զինված ուժերը համալրվել են հրետանային միջոցներով, զենիթային կայանքներով, հրաձգային զենքերով, 310 միավոր ավտոմոբիլային տեխնիկայով: Իրականացվել են տարբեր տեսակի սպառազինության նմուշի փարձարկումներ: Հայաստանի Հանրապետությունը փակել է 80-ականների զենքերի ամոթալի էջը, որովհետև ձեռք բերված սպառազինությունը կամ 2019-ի արտադրության, կամ ընդհանրապես չօգտագործված, այսինքն՝ գործարանային վիճակում են»,- ասաց Նիկոլ Փաշինյանը: Չասեք, որ այս հարցը Արցախին չի վերաբերվում, վերաբերվում է:


3. Իմացանք, որ Մյունխենում՝ անվտանգության հարցերի համաժողովում Ադրբեջանի նախագահի հետ դեռ հանդիպման պայմանավորվածություն չկա, բայց չի բացառվում, որ հանդիպեն: Իմացանք՝ հանդիպելիս՝ ի՞նչ են խոսում. «Շատ կարևոր եմ համարում, որ դուք՝ բոլորդ գիտեք, թե ես փակ սենյակում Ալիևի հետ ինչի մասին եմ խոսում, դա նկարագրված է 2019-ի մարտի 12-ի Ստեփանակերտում Հայաստանի և Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստի ժամանակ իմ ունեցած ելույթում, որտեղ ես ուղենշել էի առաջիկա բանակցություններում մեր քննարկումների շրջանակը: Այս պահին որևէ փաստաթուղթ սեղանին, որը մենք քննարկում ենք՝ չկա։ Մենք պետք է իրար հետ աշխատենք ավելի կոնկրետ, առարկայական քննարկումների փուլին մոտենալու համար, բայց այս շրջանը պետք է արդյունավետ օգտագործենք այդ փուլին մոտենալու համար: Ես կարծում եմ, որ այդքան էլ արդյունավետ չենք օգտագործել մի շարք օբյեկտիվ և սուբյեկտիվ պատճառներով»,-ասաց Փաշինյանը: Նա կրկնեց, որ Բաքվից, ցավոք, չի հնչում համարժեք հայտարարություն իր այն հայտարարությանը, որ Արցախի հարցի կարգավորման ցանկացած տարբերակ պետք է ընդունելի լինի Հայաստանի, Արցախի, Ադրբեջանի ժողովուրդների համար: «Սա, եթե հայեցակարգային մակարդակով արտահայտվենք, կարգավորման գործընթացի ամենամեծ խոչընդոտն է, բայց մեր դիրքորոշումը կառուցողական է: Մենք գտնում ենք, որ պետք է կարգավորել Արցախի հարցն այն հայեցակարգի և սկզբունքների շրջանակում, որոնք ասել եմ Ստեփանակերտում, նաև ՄԱԿ-ում ունեցած իմ ելույթների տրամաբանության շրջանակում»,-ասաց նա:


Նիկոլ Փաշինյանը նշեց, որ իրենք պատրաստ են կառուցողական աշխատանքի, թեպետ հասկանում են բարդությունը: «Բայց դա մեր պատասխանատվությունն է տարածաշրջանում: Ես նաև ասել եմ, որ հիմա տարածաշրջանում խաղաղության և կայունության ապագայի պատասխանատվությունն անձնապես կրում ենք մենք` Իլհամ Ալիևը, Արցախի նախագահը և Հայաստանի վարչապետը: Սա անձնավորված պատասխանատվություն է, և ինչ-որ առումով ընդհանուր պատասխանատվություն, որի տակից պատվով դուրս գալը չափազանց դժվար է, բայց ով է ասել, որ վարչապետի կամ նախագահի գործը պետք է հեշտ լիներ»,-ասաց նա:
Այսինքն՝ եթե Իլհամ Ալիևը ընդունակ չէ համարժեք հայտարարության, իսկ նա չի կարող նման հայտարարություն անել, որովհետև իր իշխանությունն ամբողջությամբ կառուցել է արտաքին թշնամու դեմ համախմբվելու ու հայատյացության, պատերազմի քաղաքականության վրա ու չի ընկալվի, եթե մի առավոտ արթնանա ու ասի՝ այսօրվանից մենք մտածում ենք խաղաղության մասին ու հայերն այլևս մեր մահացու թշնամիները չենք, ռեգիոնալ անվտանգության ու կայունության հարցը լուծում կստանա, երբ նա հեռանա: Ռեա՞լ է նրա հեռանալը: Ոչ: Նույնիսկ եթե նախագահությունը փոխանցի առաջին տիկնոջը: Կլանը նրան չի ների ու թույլ չի տա դավաճանել իր շահերին, այսինքն՝ Ալիևներից որևէ մեկի հեռանալը քանդում է իշխանության ամբողջ համակարգը Ադրբեջանում և ստեղծում անկառավարելի իրավիճակ, որ շատ ավելի վտանգավոր է, քան տեր և տիկին Ալիևների իշխանությունը: Գոնե այս պահին, քանի դեռ Ադրբեջանում չկա ուժեղ ընդդիմություն, որ ի վիճակի է վերցնել իշխանությունը: Բայց ուժեղ ընդդիմությունն էլ Արցախի հարցում նույն տեսակետն է շարունակելու: Այսինքն՝ Ադրբեջանին պետք է ժողովրդավարական իշխանություն՝ նոր մտածողություն ու նոր լուծումների ունակ մարդիկ: Ինչքա՞ն սպասենք: Դա չգիտի նույնիսկ Նիկոլ Փաշինյանը:


4. Իմացանք, թե Նիկոլ Փաշինյանին ի՞նչ ժառանգություն է թողել Սերժ Սարգսյանը:
«Պարբերություն 1. Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորման վերջնական նպատակներն են, այնպես, ինչպես նրանք կապված են միմյանց հետ.
Յոթ շրջանների՝ Աղդամի, Ֆիզուլիի, Ջեբրայիլի, Զանգելանի, Ղուբաթլիի, Քելբաջարի և Լաչինի վերադարձը Ադրբեջանին, պայմանով, որ պահպանվում է Լեռնային Ղարաբաղը Հայաստանին կապող միջանցքը։


Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։
Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում։


Դրացիական համագործակցության վերականգնում։
Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։
Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։
3. Տարածաշրջանում քաղաքական, առևտրային, տնտեսական և հումանիտար կապերի ամբողջական կարգավորում։
4. Դրացիական համագործակցության վերականգնում։
Հարավային Կովկասի տարածաշրջանի ամբողջական կայունության ապահովում։
Պարբերություն 2.
Վերաբնակները միջազգային հանրության օժանդակությամբ լքելու են 1-ին պարբերությունում նշված հինգ շրջանների տարածքները։ Ադրբեջանի քաղաքացիական իշխանությունները մտնելու են նշված տարածքներ, այն բանից հետո, երբ կտեղակայվեն խաղաղապահ միջազգային ուժերը և դուրս կհանվեն այդ շրջաններում ներկայումս գտնվող զինված ուժերը։ Խաղաղապահ միջազգային ուժերը կտեղակայվեն նախկին Լեռնային Ղարաբաղի ինքնավար շրջանի վարչական սահմանների երկայնքով՝ բացառությամբ Քելբաջարի և Լաչինի շրջանների մաս կազմող հատվածների։ Քելբաջարի շրջանը կմնա ԵԱՀԿ անցումային մշտադիտարկման տակ։


Պարբերություն 3.
Միևնույն ժամանակ, վերոնշյալ միջոցների ձեռնարկմանը զուգահեռ, մինչ վերջնական կարգավիճակի որոշումը, Լեռնային Ղարաբաղը պետք է օժտվի ժամանակավոր կարգավիճակով, որը կերաշխավորի նրա ամենօրյա կենսագործունեության կազմակերպումը»։
Նիկոլ Փաշինյանն ասաց, որ հրապարակումը չի հերքվել նախկին իշխանությունների կողմից։ «Հիմա սա այն ժառանգությունն է, ըստ հրապարակման, որ եղել է սեղանին։ Հիմա մեզ մեղադրում են, որ մենք էս ժառանգությունը կորցրել ենք։ Ուզում եմ ասել հետևյալը՝ որ պահին հենց էս նույն կետից ՀՀ-ն ուզենա շարունակել բանակցությունները, միջազգային հանրությունը ոչ մի պրոբլեմ չի ստեղծի։ Ոչ մի։ Բացարձակապես»։
Այսինքն՝ Մինսկի խմբի համանախագահները հստակ կմեկնաբանեն, թե ոչ՝ ի՞նչ են նշանակում մադրիդյան կոչված սկզբունքները, փաստացի ոչ մի նշանակություն չունի: Նախ՝ հակամարտության կողմերը սկզբունքները մեկնաբանում են սեփական հայեցողությամբ, հետո էլ՝ կողմերը չեն ընդունում այս սկզբունքները: Հավելեք՝ Արցախը բանակցային սեղան վերադարձնելու նախաձեռնությունը, որն Ադրբեջանը մերժում է: Այսինքն՝ բանակցությունները եղել են ստատուս քվոն պահելու միջոց, բայց ոչ հարցի լուծման, քանի դեռ կողմերը պահպանում են կոշտ դիրքորոշումը:


5.Ասուլիսում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց. «Հիմա Արցախի նախագահի բոլոր թեկնածուները թող ասեն՝ էս տեքստն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ չէ։ Թող Արցախի ժողովուրդը, թող հայ ժողովուրդն ասի՝ էս տեքստն իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ։ Եթե Արցախի ժողովուրդը կորոշի, որ սա է էն բանակցություների հիմքը, սա է ընդունելի տարբերակը, ես երաշխավորում եմ, որ նույն պահին սա կհայտնվի բանակցային սեղանի շուրջ։ Հիմա առաջարկում և պնդում եմ, որ Արցախի նախագահի բոլոր թեկնածուները ասեն՝ սա իրենց համար ընդունելի՞ է, թե՞ ընդունելի չէ։ Սա չափազանց կարևոր շեշտադրում է, որպեսզի շահարկումները վերանան»:


Դեռ ասուլիսի ընթացքոււմ առաջինն արձագանքեց Արցախի նախագահի թեկնածու
Արայիկ Հարությունյանը. «Որպես Արցախի Հանրապետությունում առաջիկայում սպասվող համապետական ընտրություններին հայտ ներկայացրած նախագահի թեկնածու՝ բանակցային գործընթացի վերաբերյալ դիրքորոշում արտահայտելու Ձեր կոչին արձագանքում եմ ազատագրված Քաշաթաղի շրջանի Որոտան (նախկին Կուբաթլու) քաղաքից: Այս պահին տեղի կուսակցական ակտիվի հետ հանդիպման եմ: Մեր քաղաքական թիմի, և համոզված եմ, նաև մեր ժողովրդի համար ընդունելի չէ ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման վերաբերյալ Ձեր կողմից մամուլի ասուլիսի ընթացքում վկահակոչված նախկին իշխանությունների կողմից քննարկված տարբերակը։ Այս առթիվ հրապարակավ հանդես գալու բազմաթիվ առիթներ եմ ունեցել, թե որպես ԱՀ վարչապետ, թե որպես քաղաքական կուսակցության ղեկավար։ Ավելին՝ նախագահ ընտրվելու դեպքում ջանք ու եռանդ չենք խնայելու, որ Արցախի Սահմանադրությամբ ամրագրված բոլոր տարածքները դառնան ծաղկուն շրջաններ: Այս մասին այսօր խոսել եմ որոտանցիների հետ հանդիպման ժամանակ, և առիթն օգտագործելով, նույն ասելիքս ուղղում եմ համայն հայությանն ու ողջ աշխարհին», - Facebook-ում գրեց Արայիկ Հարությունյանը:


Արցախի ԱԺ նախագահ Աշոտ Ղուլյանի արձագանքը. «Արձագանքելով ՀՀ Վարչապետ Նիկոլ Փաշինյանի այսօրվա մամուլի ասուլիսում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորման շուրջ բանակցությունների բովանդակության վերաբերյալ դիտարկումներին՝ որպես Արցախի Հանրապետության նախագահի թեկնածու հայտարարում եմ.
1. Արցախի անկախությունը նվազագույն կարգավիճակն է, իսկ միացումը մայր Հայրենիքի հետ՝ մեր վերջնանպատակը:
2. Արցախի Հանրապետության ներկայիս տարածքը մեր ժողովրդի անվտանգության ապահովման միակ հուսալի երաշխիքն է, որը զիջման ենթակա չէ:
3. Արցախի ժողովուրդը հանրաքվեի միջոցով իր ճակատագիրը որոշել է դեռևս 1991թ.՝ քվեարկելով հոօգուտ անկախ պետականության:
4. Ադրբեջանի կողմից Արցախի օկուպացված տարածքների վերադարձի և հայ փախստականների հարցերը բանակցային գործընթացի անբաժանելի մաս պետք է լինեն:
5. Առանց Արցախի մասնակցության լիարժեք ու բովանդակային բանակցություններ լինել չեն կարող:


Վերոնշյալ բոլոր դրույթները հիմնարար են ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության համապարփակ ու արդարացի կարգավորման համար»:
Արցախի նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանի արձագանքը. «Ընդունում եմ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի «չելենջը» և մեկ անգամ ևս իմ հստակ դիրքորոշումն եմ հայտնում ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության քաղաքական կարգավորման գործընթացում միջնորդների առաջարկած հիմնական սկզբունքների վերաբերյալ։ 2009-ի հուլիսին հրապարակված կարգավորման 3 սկզբունքներին ու 6 տարրերին Արցախից առաջինն եմ քննադատաբար արձագանքել՝ նշելով դրանց կիրառումից բխող վտանգներն ու մարտահրավերները, և ցայսօր մնում եմ նույն կարծիքին։ Ներքոբերյալ հղումը թույլ կտա հանգամանորեն ծանոթանալ իմ դիրքորոշմանը։ Թե տարիներ շարունակ փորձագիտական մակարդակով և թե ԱԳ նախարարի պաշտոնում միջնորդների հետ հանդիպումների և հրապարակային ելույթների ու հարցազրույցների ժամանակ բազմիցս նշել եմ, որ առաջարկված սկզբունքները հնացել են և վերանայման կարիք ունեն»։


6.Իմացանք, որ մյուս թեկնածուների արձագանքներ երեկ չեղան, այսինքն՝ Արցախը ևս դեմ է մադրիդյան սկզբունքներին, և նախագահի ու խորհրդարանի ընտրություններից հետո ձևավորված իշխանությունը հազիվ թե այլ տեսակետ ունենա: Ու եթե Արցախը վերադառնա բանակցային սեղան, արտահայտելու է իր անհամաձայնությունը մադրիդյան սկզբունքների շուրջ: Լավ, բայց ի՞նչ են առաջարկում հայկական կողմերը և ինչի՞ շուրջ է հնարավոր բանակցել սուբստանտիվի կետում խրված-մնացած Բաքվի հետ: Մնում է պատերա՞զմը:
7.Երեկ նաև իմացանք ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պատասխանը: նա Ֆեյսբուքի իր էջում գրեց. «Նիկոլ Փաշինյանի ասուլիսին Արցախի հարցով իբր գաղտնազերծած բանակցային ժառանգության նմանօրինակ մատուցումը վկայում է մի կարևոր ու վտանգավոր երևույթի մասին՝ Նիկոլը չի ուզում պատասխանատվություն վերցնել Արցախյան կարգավորման համար: Նա այնքան է վախենում, որ անգամ փաստաթղթի նախագիծը մեջբերելով՝ հղում է անում մամուլում հրապարակված տարբերակին, թեպետ բանակցային ամբողջական փաթեթը պաշտոնական նամակագրությամբ իր ձեռքի տակ է: Սերժ Սարգսյանի օրոք բանակցված փաթեթի մեխը՝ Արցախի Հանրապետության ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումն է՝
Կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում ՄԱԿ-ի կամ ԵԱՀԿ հովանու ներքո Լեռնային Ղարաբաղի ողջ բնակչության ազատ կամարտահայտությունը հանդիսացող համընդհանուր քվեարկության անցկացման միջոցով Լեռնային Ղարաբաղի վերջնական իրավական կարգավիճակի որոշումը, որը կլինի իրավական առումով պարտադիր և կհամապատասխանի միջազգային իրավունքի նորմերին և սկզբունքներին՝ նկատի ունենալով, որ քվեարկությանը դրված հարցը կամ հարցերը չպետք է սահմանափակվեն և կարող են ներառել կարգավիճակին վերաբերող բոլոր տարբերակները։
1. Եղե՞լ է Հայաստանում որևէ ղեկավար, որը չի խոսել խնդրի կարգավորման փոխզիջումային լուծման մասին:
2. Ո՞ւմ բանակցային ժառանգությունն է ամրագրում Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի միջազգային ճանաչումը:
3. Ի՞նչ փաստաթղթի շուրջ է այսօր բանակցում Նիկոլ Փաշինյանը:
Թող պատասխանի այս հարցերին, եթե այդքան խիզախություն կունենա:
Մեզ հանդգնում է մեղադրել մի մարդ, ով հպարտանում է իր այն թեզով, որ խնդրի կարգավորումը պետք է ընդունելի լինի Ադրբեջանի ժողովրդի համար:
Ինչպես ինքն է խոստովանել վերջերս մի նեղ շրջապատում, Նիկոլ Փաշինյանն Արցախյան բանակցություների ժամանակ իր անհեթեթ պահվածքը սվաղելու համար երբեմն ստիպված է ինքն իրեն գժի տեղ դնել (մեջբերումս բառացի է): Հիմա ում ես գժի տեղ դնում. քե՞զ, մե՞զ, թե ժողովրդի՞ն:
Հ.Գ. Պոպուլիզմը կործանելու է Հայաստանն ու Արցախը»:
Այսինքն՝ նախկին ու ներկա իշխանություններն էլ չունեն գլխավոր հարցի պատասխանը՝ եթե ոչ մադրիդյան սկզբունքները, ի՞նչ տարբերակ առաջարկել բանակցելու համար:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բնականաբար՝ այսօր ու հաջորդ օրերին լինելու են արձագանքներ Ադրբեջանից: Հատկապես Նիկոլ Փաշինյանի այն հայտարարությանը, որ ՀՀ ԱԺ-ի աշխատանքին լավագույն գնահատականը տվել է Ադրբեջանը՝ ցրելով խորհրդարանը… Գուցե արձագանքեն և ռուսները՝ ադրբեջանական երանգով: Ու մենք նորից արձանագրելու ենք, որ ԵԱՀԿ Մինսկի խմբի ԵՐԵՔ համանախագահներից աշխատում ենք միայն մեկի հետ, որ ԱՄՆ-ը Ֆրանսիան դարձել են նոմինալ անդամներ: Մի ասուլիսով, բնականաբար, Արցախի հարցի լուծման ճանապարհ գտնելը հնարավոր չէ: Ինքներդ դատեք՝ ինչ ավելացրինք մեր՝ հայկական զինանոցին, ու ի՞նչ հավելեցինք ադրբեջանական դիվանագիտության զինանոցին երեկ վարչապետի մակարդակով: Պե՞տք է, որ ներքաղաքական պայքարի գնդակ դառնա Արցախի հարցը, ու՞մ է դա ձեռնտու: Ես չգիտեմ:

Դիտվել է՝ 3550

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ