Հայկական կողմի հայտարարությունները վկայում են ՀԱՊԿ աշխատանքի բոլոր ձևաչափերից Երևանի հեռանալու մասին՝ լրագրողներին ասել է ՌԴ ԱԳ փոխնախարար Ալեքսանդր Պանկինը՝ պատասխանելով նոյեմբերի 28-ին ՀԱՊԿ գագաթնաժողովին Հայաստանի մասնակցության հնարավորության մասին հարցին՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։               
 

Ի՞նչ է հայտնի Ալ Կուդսի նոր հրամանատարի մասին

Ի՞նչ է հայտնի Ալ Կուդսի նոր հրամանատարի մասին
08.01.2020 | 12:46

Սպանված Կասեմ Սուլեյմանիից հետո Ալ Կուդս հատուկ ստորաբաժանման հրամանատար է նշանակվել բրիգադային գեներալ Իսմայիլ Ղանին: Ո՞վ է նա ու ի՞նչ է հայտնի նրա մասին: «Մենք բոլորս պատերազմի զավակներ ենք: Մենք մարտադաշտի ընկերներ ենք ու ընկերներ դարձանք մարտադաշտում»՝ Սուլեյմանիի հետ իր հարաբերությունները բնութագրել է Ղանին (մեջբերումը ԻՌՆԱ գործակալության): Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Համենեին, ում ուղիղ ենթարկվում է պահնորդների կորպուսը, հայտարարելով, որ Ալ Կուդսը կգլխավորի Ղանին, նրան անվանեց Իրանի առավել նշանավոր հրամանատարներից մեկը: «Նրա ղեկավարությամբ Ալ Կուդսը կլինի այնպիսին, ինչպիսին էր Սուլեյմանիի օրոք»՝ հայտարարեց այաթոլան: Ղանին երկար ժամանակ ստվերում էր, միայն հազվադեպ նրա անունը հայտնվում էր Իրանի ու Արևմուտքի ԶԼՄ-ներում: Իսմայիլ Ղանին ծնվել է 1957-ին, Իրանի հյուսիս-արևելքի Մեշխեդ քաղաքում: Իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսին անդամագրվել է հեղափոխությունից մեկ տարի անց՝ 1979-ին: Ինչպես Սուլեյմանին, մասնակցել է քրդերի ապստամբության ճնշմանը, որ բռնկվել էր շահի անկումից հետո: Մասնակցել է Իրան-Իրաք պատերազմին, որի ժամանակ մեկ միլիոն մարդ է զոհվել, շատերը պահնորդների կորպուսի թեթև սպառազինված զինվորներ, որ գրոհում էին իրաքցիների դիրքերը: Բայց ոչ Ղանին, նա հրամանատար էր:


Կամավորները տեսնում էին, որ «նրանք բոլորը զոհվում են, բայց երբ մենք հրամայում էինք գրոհել, նրանք չէին տատանվում»՝ հետագայում հիշել է Ղանին: «Նա այն բազում հրամանատարներից մեկն էր, ում աստղը ծագեց պատերազմի ժամանակ»՝ մեջբերել է Financial Times-ը Ղանիի ջոկատում ծառայած, մեշխեդցի զինվորներից մեկի խոսքը: Պատերազմից հետո նա միացավ նորաստեղծ Ալ Կուդսին, որտեղ աշխատում էր Սուլեյմանիի հետ և գլխավորում էր պահնորդների կորպուսի հակահետախուզության գործողությունները: Times of Israel-ը գրում էր, որ արևմտյան վերլուծաբանների կարծիքով՝ Սուլեյմանին հիմնականում զբաղվում էր Իրանից արևմուտք ուղղությամբ, Ղանին պատասխանատու էր արևելյան ուղղության համար՝ Աֆղանստան, Պակիստան: Իրանի պետական ԶԼՄ-ները, սակայն, նրա գործունեությունը երբեք չեն լուսաբանել: Եթե Թեհրանն իրոք պատասխանի Սուլեյմանիի սպանության համար, ինչպես սպառնում է, Ղանին է համակարգելու այդ պատասխանը՝ գրում է Financial Times-ը: Սակայն առայժմ ակնհայտ չէ՝ կկարողանա՞ Ղանին Իրանի ներսում այնքան ազդեցություն ունենալ, ինչքան ուներ Սուլեյմանին: Իրանի նախագահ Հասան Ռուհանին անցյալ շաբաթ ասաց, որ Սուլեյմանիին փոխարինել «անհնար է, որովհետև նա պարզապես զորահրամանատար չէր, որ կարող էր մեծ գործողություններ իրականացնել, նա քաղաքական գործիչ էր ու տաղանդավոր ստրատեգ»: 2012-ին ԱՄՆ ֆինանսների նախարարությունը պատժամիջոցներ էր սահմանել Ղանիի դեմ, նրան մեղադրելով իրանական պրոկսիներին ֆինանսավորելու մեջ, մասնավորապես՝ հիշատակվում էր Նիգերիայի Լագոս նավահանգստի զենքի գործում: Իրանցի բեռ ուղարկողը այն ժամանակ ասել էր, որ 13 ծովային բեռնախցերում քարեր են ու ապակեթուղթ: Երբ բեռնախցերը բացվեցին, «Կատյուշա» հրթիռներ էին, ինքնաձիգների փամփուշտներ և այլ զենքեր: 2012-ին Ղանիին քննադատում էր ԱՄՆ Պետդեպարտամենտի այն ժամանակվա ներկայացուցիչ Վիկտորիա Նուլանդը, որովհետև նա ասել էր, որ Սիրիայում Իրանի զինուժի ներկայությունը թույլ է տալիս զսպել կոնֆլիկտի մասշտաբները: «Ալ Կուդսի հրամանատարի տեղակալն ասում է, որ իրենք հպարտանում են, որ սովորեցնում ու օգնում են Բաշար Ասադի ուժերին և տեսեք, թե ինչի է դա հանգեցրել»՝ ասում էր Վիկտորիա Նուլանդը: 2015-ին Ղանին կողմնակի ընդունեց, որ Իրանը հրթիռներ ու այլ սպառազինություն է մատակարարում Պաղեստինի ինքնավարությանը Իսրայելի դեմ պայքարի համար: «ԱՄՆ-ը ու Իսրայելը չափազանց փոքր են, որ ռազմական հզորությամբ մրցակցեն Իրանի հետ: Այդ հզորությունը դրսևորվում է Պաղեստինի ինքնավարության ու Գաազայի ճնշված ժողովրդի աջակցության մեջ հրթիռների ու այլ զենքի տեսքով»՝ ասել է նա:
BBC


Հ.Գ. Աշխարհը փորձում է գուշակել՝ ո՞րն է լինելու Իրանի պատասխանը Կասեմ Սուլեյմանիի սպանության համար: Նրա հիշատակը սգալուն միացել է Իրանի քարոզչական մեքենան: Իրանի կենտրոնական հեռուստատեսությամբ հատուկ ծառայությունների սպանված գեներալին դասում են հանուն հավատի զոհված նահատակների շարքը: Զինվորականները, այաթոլա Ալի Համենեիից հետո, խոսում են վճռական վրեժի մասին: Իսրայելից ու ԱՄՆ-ից վրեժ լուծել պահանջող առաջին ցույցերը սկսվեցին դեռ ուրբաթ օրը՝ Բաղդադի օդանավակայանում հրթիռային հարվածից մի քանի ժամ հետո, որի ժամանակ զոհվեցին գեներալն ու նրա հետ եղած զինվորականները: Նախագահ Հասան Ռուհանին Իրանի ԶԼՄ-ներին շաբաթ օրը հարցազրույցում ԱՄՆ գործողությունը որակեց պետական ահաբեկչություն՝ Իրաքի հողում: Նա տարածաշրջանի երկրներին կոչ արեց դիմակայել «ԱՄՆ-ի ագրեսիային»: Դրանից հետո Իրաքի իշխանությունները եռօրյա սուգ հայտարարեցին: Շաբաթ օրը Բաղդադում առաջին սգո արարողության ժամանակ հնչեցին վրեժի կոչեր: Հազարավոր մարդիկ փողոց դուրս եկան: Արարողությունից քիչ անց հրթիռակոծվեց Բաղդադի կանաչ գոտին, որտեղ ԱՄՆ դեսպանատունն է ու պետական հաստատությունները, ԱՄՆ հակաօդային ուժերի «Բալադ» բազայի վրա երկու հրթիռ ընկավ, հրետակոծվեց և ալ Ջադրիա թաղամասը: Իրաքի ոստիկանությունը հաղորդեց, որ ԱՄՆ դեսպանատնից ոչ հեռու «Կատյուշա» հրթիռ է ընկել: Դեռ չի հաղորդվում՝ ո՞վ է Բաղդադը հրետակոծել: ԶԼՄ-ները գրում են 5 տուժածների մասին: Շաբաթ երեկոյան շիայական Ալ հաշդ աշ Շաբդի խմբավորումը հայտարարեց, որ ծրագրում է հարձակվել Իրաքի բազաների վրա, որ օգտագործում են ամերիկացի զինվորականները: «Իրաքի անվտանգության ուժերի աշխատակիցները պետք է մեկ կիլոմետրից ոչ պակաս հեռու մնան ամերիկացի թշնամու ռազմաբազաներից՝ սկսած կիրակի երեկոյից»՝ խմբավորման հայտարարությունն է մեջբերել РИА Новости-ն:


Սպանված գեներալին երեքշաբթի հրաժեշտ տվեցին, բայց մարտական հռետորաբանությունը շարունակում է սրվել պետական ԶԼՄ-ներով ու սոցցանցերով: Նպատակը ոչ այնքան թշնամիներին վախեցնելն է, որքան մարդկանց միավորելը անորոշության դեմ հանդիման և կասկածողներին ու հոռետեսներին կողմնակից դարձնելը՝ գտնում է BBC-ի մեկնաբան Լիզ Դուսետը:


Կասեմ Սուլեյմանիին «ողջ նահատակ» անվանեց այաթոլա Ալի Համենեին: Սուլեյմանին համարվում էր նրա աջ ձեռքը և երկրորդ ազդեցիկ մարդը Իրանում: Նրա սպանությունից հետո հեռուստատեսությունը ջանում է ընդգծել Համենեիի ու սպանվածի մտերմությունը: Սուլեյմանիի համար վրեժը մատուցվում է իբրև այաթոլայից տրված առաքելություն: Համենեին ԱՄՆ-ից վրեժ լուծելու մասին հայտարարեց Սուլեյմանիի սպանությունից մի քանի ժամ անց, մեկ օրում վրեժի խոստումը դարձավ Իրանի իշխանությունների պաշտոնական դիրքորոշում: Վրեժի մասին են խոսում բոլոր զինվորականները, պաշտոնյաները, քաղաքական գործիչները, որ հայտնվում են հեռուստատեսությունում:


Իրանի իսլամական հեղափոխության պահնորդների կորպուսի պաշտոնական ներկայացուցիչ Ռամազան Շարիֆը չկարողացավ զսպել արցունքները, երբ խոսում էր գեներալի մահվան մասին: «Ամերիկացիների ու սիոնիստների ուրախությունը երկար չի տևի և տխրության կվերածվի»՝ ասաց նա: Թեհրանի համալսարանի պրոֆեսոր Սաիդ Մուհամետ Մորանդին զգուշացրեց, որ արևմտյան երկրների ու հատկապես ԱՄՆ-ի քաղաքացիների համար անվտանգ կլինի արագ հեռանալ Մերձավոր Արևելքից: Մորանդին ու մի քանի փորձագետներ հայտարարում են, որ Սուլեյմանիի սպանությունը պետք է վերջ դնի տարածաշրջանում ամերիկացի զինվորականների ներկայությանը: Երբ նախագահ Հասան Ռուհանին այցելեց սպանված գեներալ-լեյտենանտի ընտանիքին (նրան մահից հետո շնորհվեց գեներալ լեյտենանտի կոչում), դուստրերը հարցրին՝ ե՞րբ իրենց հոր մահվան վրեժը կլուծվի: Ռուհանին պատասխանեց. «Այն ժամանակ, երբ կկտրվեն Ամերիկայի կեղտոտ ձեռքերը, որ կառչել են այս տարածաշրջանից»: Իրանը, իհարկե, ինչ-որ քայլեր կանի, որովհետև երկրի հեղինակության հարցն է, բայց, դատելով Ռուհանիի պատասխանից, Սուլեյմանիի սպանության վրեժը չի լուծվի՝ «Ամերիկայի կեղտոտ ձեռքերը» հազիվ թե տարածաշրջանից «կտրվեն», թեկուզ այն պատճառով, որ կա Իսրայելը: Պահնորդների կորպուսի մեկ այլ գեներալ՝ Գոլալամի Աբուհամզան ասել է, որ Իրանը տարածաշրջանում նույնականացրել է 35 ռազմական թիրախ, ներառյալ Թել Ավիվը: Նա խոսել է նաև Պարսից ծոցում ԱՄՆ ռազմանավերին հարվածելու հնարավորության մասին: Վերլուծաբանների կարծիքով՝ Իրանը կխուսափի ռազմական առճակատումից, որ կարող է կործանարար հարված հարուցել՝ Պարսից ծոցում հիմա կենտրոնացած է ԱՄՆ-ի նշանակալից զինուժ: Թեհրանից սպասում են ասիմետրիկ հարված՝ ե՞րբ ու ինչպիսի՞ն, մնում է գուշակել:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ