ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

ՆԱՏՕ-ն ունի նոր գլխավոր հակառակորդ

ՆԱՏՕ-ն ունի նոր գլխավոր հակառակորդ
04.12.2019 | 12:52

Կազմավորումից 70 տարի անց ՆԱՏՕ-ն կարող է տեսնել իր աշխատանքի արդյունքները, սակայն նոր մարտահրավերներին ալյանսը բավականաչափ պատրաստ չէ: Ռուսաստանը փորձում է ապակայունացնել ՆԱՏՕ-ն, բայց հայտնվել է նոր հակառակորդ՝ գրում է Քրիստոֆ Շիլցը Die Welt-ում: Դաշինքը մեծ ներդրում է ունեցել, որ Եվրոպայում խաղաղություն հաստատվի: Վարշավայի պակտը ցրվեց, իսկ ՆԱՏՕ-ն դեռ կա և գրավիչ է՝ ալյանսի անդամ են դարձել Վարշավայի պակտի շատ պետութուններ, իսկ Ուկրաինան ու Վրաստանն ամբողջ ուժով թակում են դուռը: Ժողովրդավարությունը հաղթեց կոմունիզմին, շուկան դուրս մղեց պլանային տնտեսությունը, ազատությունը գերակայեց ավտորիտարիզմին՝ այս ամենում կարևոր է ՆԱՏՕ-ի ներդրումը: Մյուս կողմից՝ բոլոր պատմական ձեռքբերումներով հանդերձ՝ այսօր կարող է փլուզվել ՆԱՏՕ-ի հիմնաքարը: Դաշինքի ապագայի, արդյունավետության, հավաքական անվտանգության ու ինքնապաշտպանության երաշխիքների աներերության վերաբերյալ անհանգստությունը ալյանսի անդամներից մեկի վրա հարձակման դեպքում արդարացված է:


Որո՞նք են ՆԱՏՕ-ի պրոբլեմները:
Առաջին՝ վտանգը ոչ միայն դրսից է, այլև՝ ներսում: ՆԱՏՕ-ն այսօր սպառնալիք է ինքն իրեն: Արևմտյան հանրությունների հիմնարար համաձայնությունը այլևս չկա: ՆԱՏՕ-ի ռազմավարական դիլեման է, որ դաշինքի ռազմական հնարավորություններում ներդրումները ավելի ու ավելի դժվար է իրականացնել քաղաքական առումով: Բայց ֆինանսներն անհրաժեշտ են, որ վախեցման քաղաքականությունը համոզիչ մնա ապագայում և անհրաժեշտության դեպքում պաշտպանությունն ավելի արդյունավետ լինի:


Երկրորդ՝ ալյանսը չունի հեռանկարային ռազմավարություն երկու պետությունների առումով: Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ճիշտ է, երբ նոր քննարկումներ է պահանջում Ռուսաստանի վերաբերյալ: Բայց և Չինաստանի դերի վերաբերյալ ՆԱՏՕ-ի ներսում կան մեծ տարաձայնություններ՝ ԱՄՆ-ի համար Պեկինը թշնամի է, Գերմանիան ու Ֆրանսիան ընդգծում են նախևառաջ շանսերը, որ Պեկինն առաջարկում է իբրև առևտրական տերություն: Գերմանիան ու Ֆրանսիան իրենց գերազանցապես կոմերցիոն վերաբերմունքով՝ թերագնահատում են Պեկինից բխող վտանգը՝ երկիրն ուզում է տարածաշրջանում քաղաքական ազդեցության հասնել տնտեսության մեջ ներդրումներով: Չինաստանն այնքան է մեծացրել իր սպառազինությունը, որ ամերիկացիների դերը՝ իբրև երաշխավոր պետություն կասկածի տակ է դրվում, օրինակ Ավստրալիայի, Հարավային Կորեայի, Ճապոնիայի ու Թայվանի համար: Դա կարող է դրամատիկ հետևանքներ ունենալ և Եվրոպայի անվտանգության ու բարեկեցության համար:


Երրորդ՝ ալյանսի ներսում կան ուժեր, որ ապակայունացնում են դաշինքը, իսկ դա ձեռնտու է Ռուսաստանին: Թուրքիայի նախագահ Էրդողանը դարձել է անկանխատեսելի իր միակողմանի գործողություններով (С-400, Հյուսիսային Սիրիա): ԱՄՆ նախագահ Թրամփի պահանջները (պաշտպանության ծախսերի մեծացում) արդարացված են, բայց ՆԱՏՕ-ի՝ իբրև ինստիտուտի նկատմամբ նրա վերաբերմունքը կասկածներ է հարուցում: Մակրոնը, որ ախտորոշել էր ալյանսի ուղեղի մահը ու եվրոպացիներին ՙռազմավարական ինքնավարության՚ կոչ էր արել, սպառնալիքի տակ դրեց միության միասնականությունն ու բարկացրեց ամերիկացիներին, իր դեմ տրամադրեց Արևելյան Եվրոպայի բնակիչներին: Արևելյան Եվրոպայից ՆԱՏՕ-ի անդամները այսուհետ ավելի շատ են որոնելու ԱՄՆ-ի աջակցությունը և արգելակելու են ԵՄ-ի ներսում այն ամենին, ինչի մեջ տեսնելու են Ֆրանսիայի գերակայությունը և դաշինքում ամերիկացի գործընկերներից հեռացումը: Փարիզի Ռազմավարական հետազոտությունների հիմնադրամի փորձագետ Ֆրանսուա Հեյսուրգի կարծիքով՝ ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածի համաձայն՝ հավաքական ինքնապաշտպանության երաշխիքների՝ Մակրոնի բացահայտ արտահայտված կասկածներից հետո Մոսկվան կարող է փորձել այդ կետի գործունեությունը իրականում: Իդեալական վայր կարող է դառնալ Մերձբալթիկան կամ Սևծովյան տարածաշրջանը, այսինքն՝ տարածաշրջանի սահմանափակված տարածքները, որ բավականաչափ հեռու են ՆԱՏՕ-ի մեծ երկրներից: Անհրաժեշտ են նոր ձևաչափեր: Անհրաժեշտ է ստեղծել նոր վստահության հարաբերություններ ալյանսի ներսում: ՆԱՏՕ-ի երկրների ղեկավարները պետք է հանդիպեն տարեկան մի քանի անգամ՝ երեք օրով, որ կարողանան միմյանց ճանաչել ոչպաշտոնական միջավայրում, ստանան սպառիչ տեղեկություններ փորձագետներից ու ընդունեն որոշումներ, որ ՆԱՏՕ-ին կնախապատրաստեն վաղվա մարտահրավերներին:
Քրիստոֆ Շիլց, Die Welt


Հ.Գ. ՆԱՏՕ-ի հիմնադրման 70-ամյակին նվիրված Լոնդոնի գագաթաժողովը սկսվեց սկանդալով: Պատճառը Թուրքիան էր: Լոնդոն մեկնելուց առաջ Էրդողանը չբացառեց, որ թուրքական պատվիրակությունը կարող է արգելափակել ռուսական սպառնալիքից Լեհաստանի և Բալթյան հանրապետությունների պաշտպանությանն ուղղված ՆԱՏՕ-ի հատուկ ծրագրի հաստատումը, եթե ՆԱՏՕ-ի անդամները չընդառաջեն Թուրքիային քրդական հարցում: «Ես անցած գիշեր հեռախոսազրույց եմ ունեցել Լեհաստանի նախագահի հետ: Նա առաջարկեց, որ մենք Լոնդոնում հանդիպենք Լեհաստանի և Բալթյան պետությունների ղեկավարների հետ: Ես ասացի, որ մեծ հաճույքով կմասնակցեմ այդ քննարկումներին: Դրա հետ մեկտեղ ես զգուշացրել եմ` եթե ՆԱՏՕ-ի մեր բարեկամները Թուրքիայի համար սպառնալիք ներկայացնող կազմակերպությունները որպես ահաբեկչական կառույցներ չեն ճանաչում, կներեք, Բալթիայի պաշտպանության ամրապնդմանն ուղղված դաշինքի ծրագրին մենք հավանություն չենք տա»՝ ասել է Էրդողանը:


Ակնկալվում է, որ կհանդիպեն Թուրքիայի, Ֆրանսիայի, Գերմանիայի և Մեծ Բրիտանիայի ղեկավարները, որի ընթացքում կրկին քննարկվելու է Սիրիայի հյուսիսում ստեղծված կացությունը, իր սահմանի երկայնքով բուֆերային գոտի ստեղծելու Թուրքիայի ջանքերը: Լոնդոն մեկնելուց առաջ Թուրքիայի նախագահը խոսում էր ՆԱՏՕ-ի բարեփոխման անհրաժեշտության մասին` ակնարկելով, որ դաշինքի ներսում տարաձայնությունների պատճառներից մեկը հնացած մոտեցումներն են: «Ակնհայտ է, որ դաշինքը պետք է արդիականացվի: Մենք չենք կարող այսօրվա պահանջներին համահունչ գործել 50-ականների, 60-ականների, 90-ականների, անգամ 2000-ականների պատկերացումներով: ՆԱՏՕ-ն պետք է ավելի արդյունավետ, ակտիվ ու վճռական գործի, հատկապես ասիմետրիկ սպառնալիքներին բախվելու ընթացքում, մասնավորաբար, երբ դրանց աղբյուրն ահաբեկչական կազմակերպություններն են: ՆԱՏՕ-ի նորացումն անխուսափելի է, դաշինքը պետք է առաջնահերթ ուշադրություն դարձնի այժմեական սպառնալիքներին», - հայտարարում էր Էրդողանը:


Թուրքիայի հետ հարաբերություններին անդրադարձավ նաև Դոնալդ Թրամփը. «Թուրքիան մի պետություն է, որի հետ ես լավ հարաբերություններ ունեմ: Մենք Թուրքիայի հետ մի համաձայնագիր կնքեցինք, որի հանդեպ բոլորը սկզբնական շրջանում շատ քննադատաբար էին տրամադրված: Վերջին օրերին, սակայն, ես մի շարք հոդվածներ կարդացի, որտեղ ասվում էր, որ այս համաձայնագիրն իրականում արդյունավետ էր: Ի վերջո, ես ցանկանում էի, որ մեր զինվորները դուրս գան այդ տարածաշրջանից, ես չէի ցանկանում, որ մեր զինծառայողները ոստիկանական գործառույթներ իրականացնեն մի սահմանի երկայնքով, որ արդեն 2000 տարի է, ինչ պատերազմի թատերաբեմ է: Դրա հետ մեկտեղ ես ցանկանում էի պահպանել վերահսկողությունը (սիրիական) նավթի հանդեպ», - ասում էր Դոնալդ Թրամփը:
Այսինքն՝ ով ինչ ցանկանում է՝ անում է, իրավունք չունե՞ր Մակրոնն արձանագրելու, որ ՆԱՏՕ-ի ուղեղը մահացել է:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 4620

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ