Խուզիստանի նավթը և «բենզինային խռովություններն» Իրանում
03.12.2019 | 02:10
Ես բավական շատ ժամանակ և ուշադրությունում եմ հատկացրել ու հատկացնում Իրանի դերին ինչպես Արցախի Հանրապետության, այնպես էլ Հայաստանի Հանրապետության անվտանգության ու հենց գոյության համար։ Դա ելնում է այն անվիճելի փաստից, որ և՛ մեր տարածաշրջանում, և՛ ամբողջ աշխարհում գործնականում բոլոր իրադարձությունները զգալի չափով կապված են հենց Իրանի և այն բանի հետ, թե ինչ պետություններ և ինչպես են կառուցում իրենց հարաբերություններն Իրանի հետ։ ՈՒստի անհրաժեշտ եմ համարում, որ Հայաստանի և Արցախի հասարակությունն իմանա, թե «ինչն ինչից է աճում», երբ խոսք է լինում Իրանի և շրջակա աշխարհի հետ նրա փոխհարաբերությունների մասին։
Մի ժամանակ Իրանում եղել են, այսպես կոչված, «հավկիթային խռովություններ», հետո՝ «տարադրամափոխանակման», հիմա երկիր է մտել «բենզինային խռովությունը»։ Իրադրությունը լարված էր։ Նոյեմբերի 15-ից հազարավոր մարդիկ հարցնում էին ինձ, թե ինչ է կատարվում Իրանում, ընդ որում՝ ոչ միայն Հայաստանում, այլև Ռուսաստանի, այլ երկրների քաղաքացիներ։ Ներկայացնում եմ իմ նախնական վերլուծությունը։ Կարճ ախտորոշումն է. Իրանում «կիևյան մայդան» կամ «երևանյան ասֆալտային հեղափոխություն» խաղարկելը նորից չհաջողվեց։ Հասկանալու համար առաջարկում ենք ոչ միայն պարզապես ծանոթանալ ներիրանական վերջին իրադարձություններին, այլև հետաքրքրվել, թե ինչն ինչից հետո է եղել։
Բայց սկսենք ո՛չ իրադարձությունների նկարագրությունից, ո՛չ էլ անկարգությունների պատճառի հիշատակումից։ Դրանք արդեն շատերը գիտեն. կառավարությունը հայտարարել է գների բարձրացման մասին։ Սկսենք այն բանից, որ, ի լուր աշխարհի, հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին դեռ նոյեմբերի 12-ին. «Իրանի հարավարևմտյան Խուզիստան նահանգում հայտնաբերվել է ավելի քան 53 մլրդ բարել ծավալով նավթային նոր հանքավայր։ 80 մ խորության վրա գտնվող ստորգետնյա պահեստարանի տարածքը 2 հազ. 400 քառակուսի կիլոմետր է։ Երկրաբանական հետախուզական աշխատանքներն այնտեղ սկսվել են 2016 թ.»։ Դա կարող է լինել Իրանի երկրորդ խոշոր նավթային հանքավայրը Ահվազ քաղաքի (Խուզիստանի վարչական կենտրոնը) հանքավայրից հետո, որի պաշարները, նախնական գնահատականով, հասնում են 56 մլրդ բարելի։
Այդ հայտարարությանը հետաքրքիր ձևով արձագանքեց համացանցը. օգտատերերի հիմնական կարծիքն այն էր, որ «հիմա կհետևեն ԱՄՆ-ի հայտարարությունները Իրանում մարդու իրավունքների խախտումների մասին»։ Բայց մի՞թե համացանցի օգտատերերի արձագանքը ծիծաղելի է կամ տեղին չէ։
ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ հանձնաժողովը «հանկարծակի» հավանություն տվեց «Իրանում մարդու իրավունքների մասին» բանաձևին։ Բնական է, որ դա բուռն բողոք առաջացրեց Թեհրանում։ Եվ զարմանալի չէ, որ որպես այդ բանաձևի կատաղի կողմնակիցներ հանդես եկան ԱՄՆ-ը, Իսրայելը և Կանադան։ Նոյեմբերի 14-ին Իրանի ղեկավարության տեսակետը հայտնեց ԻԻՀ ԱԳՆ մամուլի քարտուղար Աբբաս Մուսավին՝ հայտարարելով, որ Իսլամական Հանրապետությունը միշտ հավատարիմ է եղել մարդու իրավունքներին իր ազգային անվտանգության համապատասխան և կրոնական համոզմունքների ու պահանջների հիման վրա, հավելել, որ այդ բանաձևը վկայում է նրա հեղինակների կեղծավորությունը, հետևաբար զուրկ է օրինականությունից։ «Մարդու իրավունքներին ի՞նչ առնչություն ունեն արդի հանցագործները, որոնք նաև բանաձևի կողմնակիցներ են և արել են հնարավոր ամեն ինչ՝ երեխաների սպանությունից մինչև քննադատողների անդամատում և ազատ ու անկախ ազգերի դեմ տնտեսական ահաբեկչության իրականացում»,- հարցնում է Մուսավին։ Բանաձևը բնութագրելով միակողմանի և անիրական՝ նա ասաց, որ բանաձևն ընդունվել է այն ժամանակ, երբ նրա հիմնական կողմնակիցներից մեկը՝ ԱՄՆ-ը, խախտում է ավելի քան 83 մլն իրանցի քաղաքացիների, հատկապես կանանց, երեխաների ու տարեց մարդկանց հիմնական իրավունքները։ Ըստ Մուսավիի, այդ բանաձևին աջակցող Իսրայելի և տարածաշրջանի ռեակցիոն վարչակարգերի կողմից երեխաների սպանությունը այն դեպքում, երբ նրանց ձեռքերը թաթախված են անմեղ պաղեստինցիների ու եմենցիների արյան մեջ, բանաձևի ապօրինի լինելու բավարար պատճառ է, և Իրանը դատապարտում է արևմտյան երկրների կողմից անկախ պետությունների դեմ մարդու իրավունքների քաղաքական շահարկությունը և ափսոսանք է հայտնում ՄԱԿ-ի մեխանիզմների չարաշահման փաստի առնչությամբ։
Իսկապես, Մուսավիի հայտարարությունների օրը Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդ, այաթոլա Խամենեին հավանություն է տվել իրանցի ավելի քան 3500 դատապարտյալների ներման կամ դատավճռի մեղմացման առաջարկությանը։ Ներումը տրամադրվել է երկրի դատական իշխանության ղեկավար, խոջաթ օլ էսլամ Սեյեդ Ռայիսիի խնդրանքով, Մահմեդ մարգարեի և շիաների 6-րդ իմամ Ջաֆար Սադիկի ծննդյան հոբելյանի կապակցությամբ։ Խոջաթ օլ էսլամ Ռայիսին առաջարկել էր համաներել 3552 բանտարկյալի, հայտնել է Tasnim News գործակալությունը՝ պարզաբանելով, որ Իրանի Սահմանադրությունը գերագույն առաջնորդին իրավունք է տալիս դատապարտյալներին ներելու կամ նրանց բանտարկության ժամկետները կրճատելու դատական իշխանության ղեկավարի առաջարկությամբ, սակայն ներումը չի տարածվում որոշ խմբերի դատապարտյալների վրա, ներառյալ նրանց, որոնք դատվել են երկրի դեմ զինված պայքարի մասնակցելու, թմրանյութերի զինված կամ կազմակերպված տարածման, զինված կողոպուտի, զենքի մաքսանենգության, առևանգման, կաշառակերության և վատնման համար։ Արևմուտքի և Իսրայելի չափանիշներով դա նույնպես «մարդու իրավունքների խախտում է»։ Այ, ինչքան լավ կլիներ, եթե Իրանն էլ, որոշ երկչոտ պետությունների նման, մահապատժի չենթարկեր կամ երկար ժամկետներով չբանտարկեր անուղղելի բանդիտներին, թմրամոլներին, թմրավաճառներին և այլն։ Կարճ՝ կենդանի թողներ արևմտյան և իսրայելական հատուկ ծառայությունների հնարավոր գործակալներին։
Բայց Իրանը տարբերվում է բոլոր երկրներից։ Այնտեղ նավթային նոր հանքավայրի մասին հայտարարությունից ու ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի 3-րդ հանձնաժողովի և Իրանի ԱԳՆ մամուլի ծառայության կատաղի բանակռվից հետո այդ երկրում «բենզինային խռովություններ» են բռնկվում։ Դիմենք Թեհրանից և Իրանի այլ քաղաքներից ստացված հաղորդագրություններին։ Ի միջի այլոց, գործնականում ոչինչ չի թաքցվում։ Բողոքները բռնկվեցին այն բանից մի քանի ժամ հետո, երբ հայտարարվեց, որ բենզինի գինը բարձրանալու է 50 %-ով ամեն ամսվա առաջին 60 լիտրի համար և 200 %-ով` դրանից ավելիի։ Բենզինի գնագոյացման այդ պլանը հաստատել է տնտեսական համաձայնության բարձրագույն խորհուրդը, որի կազմում են երկրի նախագահը, խորհրդարանի խոսնակը և դատական իշխանության ղեկավարը։ Նոյեմբերի 17-ին Իրանի գերագույն առաջնորդն իր ելույթում պաշտպանեց այդ պլանը։ Նրա ելույթից հետո խորհրդարանը չեղյալ հայտարարեց թանկացումը չեղարկող, ավելի վաղ արված առաջարկությունը։ Բացատրությունը հասարակ է. բնակչության համար բենզինի գինը բարձրացել է 10 հազ. ռիալից մինչև 15 հազ. ռիալ և այդ գնով քաղաքացին ամսական կարող է գնել 60 լիտր։ 60 լիտրից ավելիի գինը լինելու է 30 հազ. ռիալ։ Առանձին չափեր են լինելու տաքսիների համար։ Դոլարի նկատմամբ ռիալի շուկայական փոխարժեքով հաշվելու դեպքում բենզինի նոր գինը կլինի 13 ցենտ մինչև 60 լիտրի և 26 ցենտ դրանից ավելիի համար։ Պաշտոնական փոխարժեքով լիտրը կարժենա 36 և 71 ցենտ, բայց կարևոր է հենց շուկայական փոխարժեքը, որովհետև տվյալ միջոցառման հիմնական նպատակն է կրճատել հարևան երկրներ բենզինի մաքսանենգության վիթխարի ծավալները կամ գոնե թույլ չտալ այդ ծավալների հետագա աճ։
Անսպասելի քայլ էր, մանավանդ որ եղավ Իրանի նավթի նախարար Նամդար Զանգանեի նոյեմբերի 14-ի այն հայտարարության գրեթե հաջորդ օրը, որ վառելիքի գները մոտ ապագայում չեն փոխվի։ Այնուամենայնիվ, բենզինի մաքսանենգությունը երևի իսկապես լուրջ խնդիր է, եթե իշխանությունն արել է այդ քայլը։ Չնայած դրան, խաղաղ սկսված ցույցերը որոշ դեպքերում վերաճեցին բռնության։ Ամենադաժան բռնությունները եղան Սիրջան քաղաքում, որտեղ նահանգապետի պաշտոնակատար Մուհամեդ Մահմուդաբադին հայտարարեց, որ քաղաքացիական անձ է սպանվել, իսկ ավտոլիցքավորման կայանները ենթարկվել են հարձակման, վնասվել է գույքը։ Թեհրանում նոյեմբերի 16-ին (ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի հասցեին Իրանի ԱԳՆ-ի պատասխանից 2 օր հետո) ցուցարարները կարգախոսներ էին գոռում և փողոցներում ավտոդողեր վառում։ Նման դեպքեր են եղել Շիրազ, Սպահան և Բուշեր քաղաքներում, որտեղ անվտանգության ուժերը ցուցարարների դեմ օգտագործել են արցունքաբեր գազ և ջրային թնդանոթ։ Արևմտյան Քերմանշահ քաղաքում զինված խռովարարների հետ բախման ժամանակ ոստիկան է սպանվել։ Մի քանի մարդ վիրավորել և մոտ 1000 մարդ ձերբակալվել է երկօրյա ցույցերի ժամանակ, որոնց ընթացքում ավտովարորդները շրջափակել են ավտոմայրուղիները, իսկ ուրիշները հարձակվել ու հրկիզել են հասարակական ունեցվածքը։ Բենզինի թանկացումից հետո մոտ 100 բանկ և 57 խանութ են հրկիզվել կամ կողոպտվել։ Յազդ քաղաքում ոստիկանության հետ բախումից հետո 40 մարդ է ձերբակալվել, որոնց մեծ մասը տեղացի չի եղել, նշել է նահանգի դատախազությունը։ Դա ոչինչ չի՞ հիշեցնում։ Հեղափոխությունը Կիևում նույնպես կատարեցին ոչ կիևցիները. վերհիշեք 2014 թ. ձմեռը, հարգելի ընթերցողներ։
Սակայն տարատեսակ «հեղափոխականներին» ու «հեղափոխությունների» ֆինանսիստներին հիշեցնենք «պապն ամեն օր փլավ չի ուտի» ասացվածքը։ Իրանը հաստատ «Եվրոպայի» և «ժանյակավոր վարտիքների» մասին երազող ՈՒկրաինա չէ։ Իրանի հետախուզության նախարարությունը շատ արագ, նոյեմբերի 17-ին հայտարարեց, որ բացահայտել է անկարգություններ հրահրողներին, և համապատասխան գործողությունները շարունակվում են։ IRNA գործակալությունը հայտնել է, որ Իրանի հարավի Շիրազ քաղաքում Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ) հետախուզական ստորաբաժանումը ձերբակալել է անկարգություններ հրահրողների երկու ղեկավարի, որոնց մի շարք արտասահմանյան երկրներ վարձել էին որոշակի առաջադրանքներ կատարելու համար։ Նրանց հիմնական նպատակն է եղել՝ ստեղծել քաոս, մարդկանց սադրել քաղաքների առանցքային կենտրոնների վրա հարձակվելու և ավերելու հանրային սեփականությունը դրամական պարգևի և երկրից հեռանալու դիմաց։ Ինչպես հայտնում է IRNA-ն, «նրանք պետք է օգտվեին իրավիճակից և խաղաղ ցույցերից, ամբոխին դրդեին ուժայինների հետ բախումների, ոստիկանական մեքենաները, տեղամասերը հրկիզելու և պետական ունեցվածքը, լիցքավորման կայանները ոչնչացնելու։ Բացի այդ ամենից նրանք պետք է ամեն ինչ տեսագրեին և ուղարկեին իրենց պատվիրատուին»։ Հաղորդվում է, որ խաղաղ ցուցարարների մեծ մասը կենտրոնացած է եղել Շիրազ քաղաքի կենտրոնում և չի միացել սադրիչների ցրված խմբերին։
(Նշենք, որ Երևանում էլ «հեղափոխությունների» բազմաթիվ մասնակիցներ փողոցային ցուցադրությունները տեսանկարում էին։ Հետաքրքիր է, իսկ երևանյան ցուցարարները 2018-ին ու՞մ էին ուղարկում նկարահանածը... Բայց փաստը հատկանշական է. պարզվում է՝ «պատվիրատուները հաշվետվություն են պահանջում»)։
Իրանի ոստիկանությունը հայտարարել է, որ անվտանգության ուժերը «առանց տատանման դիմակայում են նրանց, ովքեր խախտում են խաղաղությունն ու անվտանգությունը. պարզելու են ղեկավարին ու դաշտային ուժերը և դիմակայելու են նրանց»։ Մուտքը համացանց սահմանափակվել է ցույցերի սկզբից։ «Ներկայումս Իրանը գտնվում է ազգային մակարդակով համացանցի գործնականում լրիվ անջատման եզրին. ցանցի 12-ժամյա անջատումից հետո ցանցին միանալու հնարավորությունը սովորական մակարդակի 7 %-ն է»,- նշվում է Թվիթերի՝ Իրանից ստացվող հաղորդագրություններում։ Դա տեղի է ունեցել նոյեմբերի 17-ին. «Իրանի անվտանգության խորհրդի որոշմամբ, որը հաղորդվել է համացանցի օպերատորներին, համացանցի մուտքը սահմանափակվել է անցյալ գիշերից 24 ժամով»,- ասվում էր հաղորդագրության մեջ՝ հղում անելով տեղեկատվական ու հաղորդակցական տեխնոլոգիաների «իրազեկ աղբյուրի»։
Անկարգությունների առթիվ պաշտոնական հաղորդագրությամբ Իրանի ԻՀՊԿ-ն հանդես եկավ նոյեմբերի 18-ին։ Ընդգծենք` ոչ թե միտինգների ու ցույցերի, այլ հենց փողոցային անկարգությունների առթիվ։ ԻՀՊԿ-ն ընդգծեց, որ կոշտ կերպով արձագանքելու է երկրում Իրանի ժողովրդի անվտանգությանն սպառնացող ցանկացած հուզումների։ ԻՀՊԿ-ն շնորհակալություն հայտնեց ողջ իրանական ազգին նրանց դեմ պայքարում ցույց տված աջակցության համար, ովքեր ձգտում են խեղաթյուրել իրանցիների խաղաղ ցույցերը։ Կորպուսն ազգին կոչ արեց չենթարկվել «այն թշնամիների սատանայական կոչերի» ազդեցությանը, որոնք նրան դրդում են միանալու հանդարտությունը խախտողներին»։ Հղում անելով Իրանի հոգևոր առաջնորդի հրահանգներին ու ցուցումներին այդ առնչությամբ, ԻՀՊԿ-ն խոստացավ, որ դրանով կապահովվեն իրանական քաղաքների անվտանգությունն ու կայունությունը, կպահպանվի ազգի միասնությունը, հստակ արձագանք կլինի ազգի պահանջներին։ ԻՀՊԿ-ի հայտարարության մեջ ԱՄՆ-ը գլխավոր մեղավոր է համարվել հակահեղափոխական ուժերին աջակցելու և այն անկարգությունների համար, որոնք վերջերս քաոս էին ստեղծել ողջ երկրում։
Հատկանշական է նաև համաիրանական «Բասիջ» աշխարհազորի արձագանքը։ Նրա հրամանատար Գոլյամռեզա Սոլեյմանին նոյեմբերի 18-ին հայտարարել է, որ Իրանում վերջին անկարգություններն առաջացրած անձինք ձերբակալվել են։ Ըստ նրա, այդ անկարգությունները կարելի է բաժանել երկու մասի. ժողովրդի բողոքները բենզինի թանկացման դեմ և թշնամիների կողմից ցույցերի չարաշահումը։ «Մարդիկ խաղաղ ցույցերն սկսել են շաբաթ առավոտյան, բայց նույն օրվա երեկոյան պաշտպանության ալիք է առաջացրել երկրի թշնամիների աջակցությունը,- ասել է Սուլեյմանին։- Կիրակի օրը պայմանները բավական կայուն էին ողջ երկրում, իսկ այսօր իրավիճակն ավելի է լավացել։ Հանգստությունը խախտողների մեծ մասը բացահայտված է»։
Սերգեյ ՇԱՔԱՐՅԱՆՑ
Հեղինակի նյութեր
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-3
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում-2
- Թուրքիայի Հանրապետությունը Մուստաֆա Քեմալ փաշայի ժամանակներից մինչ օրս․ առաջին սիոնիստական պետությունն աշխարհում
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի- 2
- Ժամանակակից «Ադրբեջանի հանրապետությունը» սիոնիստների, անգլո-սաքսոնների և պանթուրքիստների հենակետն է՝ ընդդեմ Իրանի և ՌԴ-ի-1
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Երևանի և Ստեփանակերտի առաջին խնդիրը պաշտպանության երկու պետական կոմիտեների շտապ ձևավորումն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Կրկին ու կրկին՝ «Փաշինյա՛ն, հեռացի՛ր». սա ժողովրդի պահանջն է
- Փաշինյանն ամեն օր, կամավոր հրաժարական չտալով, ընդամենն ապացուցում է, որ հակահայ ուժերի դրածո է
- Բաց հարց Ռուսաստանի ԶԼՄ-ներին. Ինչքա՞ն կարելի է ստել Արցախի հարցում հայերի «մեղքի» մասին
- Ռուսաստանը, Հայաստանի իշխանությունների թողտվությամբ, Թուրքիային ներս է թողել Այսրկովկասի մեր մասը
- Թուրքիան մուտք է գործել տարածաշրջան ու Արցախից սպառնում է և՛ Իրանին, և՛ Ռուսաստանին
- Փաշինյան, խոստովանիր, գուցե Զանգեզուրն է՞լ եք արդեն վաճառել թուրքերին
- Հայաստանի քաղաքացիների մի մասը դավաճանել է ողջ հայ ժողովրդին
- Մեր ժողովրդին ԱՄՆ-ը, Իսրայելը, Անգլիան և Թուրքիան դավաճանների ձեռքով «Այսրկովկասյան Դեյթոն» են պարտադրել
- «Ով խաղաղություն է ուզում խայտառակության գնով, կստանա և՛ պատերազմ, և՛ խայտառակություն»
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
- Թեհրանում արդեն ընդունված են ինչ-որ պատշաճ որոշումներ
Մեկնաբանություններ