Ինչու՞ Նիկոլ Փաշինյանը չի հանդիպի Դոնալդ Թրամփին
24.09.2019 | 00:10
Մենք սևեռված ժողովուրդ ենք՝ մեզ անընդհատ պետք է, որ մեկը մեր գլուխը շոյի ու ասի, որ մենք ճիշտ ենք, լավն ենք, ու մեզ սիրում են: Մենք բարդույթավորված ենք վաղուց, ու՝ չենք ապաքինվում: Ամեն ապրիլի 24-ի մի ազգ՝ մի ականջ դարձած սպասում ենք ԱՄՆ հերթական նախագահի հերթական ուղերձին, որ հետո արձանագրենք՝ էլի չասաց «գենոցիդ»: Ասենք՝ ասաց: Հետո ի՞նչ: Ռեյգանն ասաց: ՈՒ՝ ի՞նչ: Մենք ոչ միայն սևեռված ու բարդույթավորված ժողովուրդ ենք, մենք անծրագիր ժողովուրդ ենք: Հընթացս ու բառադի:
Սեպտեմբերի 21-ին լրագրողները Գյումրիում հարցախեղդ էին անում ԱԳ նախարարին՝ ե՞րբ կկայանա Թրամփ-Փաշինյան հանդիպումը: Նախարարը դիվանագիտական պատասխաններ էր տալիս՝ սանկ ու նանկ, որովհետև չէր կարող ուղղակի ասել՝ հանդիպեն, որ ի՞նչ: Օրակարգ չունենք: Հայաստանն ու ԱՄՆ-ը ընդհանուր օրակարգ չունեն: Հայաստանն իր օրակարգն ունի՝ փող տվեք, որովհետև հեղափոխություն ենք արել, փող տվեք, որովհետև համակարգային կոռուպցիա չունենք, փող տվեք, որովհետև բարեփոխում ենք անում, փող տվեք, որովհետև ուրիշը չունի, որ տա… ՈՒ՝ այդպես: ԱՄՆ-ը իր օրակարգն ունի տարածաշրջանի հետ, որովհետև Հայաստանի պես պետությունը իր տեսակարար կշռով՝ քաղաքական, տնտեսական, սոցիալական, ֆինանսական, աշխարհաքաղաքական ու աշխարհագրական, ռազմական ու պատմամշակութային արժեքով, բնական ու ժողովրդագրական ռեսուրսներով առանձին միավոր դիտվելու համար պետք է ունենա ինքնուրույն քաղաքականություն: Կամ՝ եզակի աշխարհագրական դիրք: Կամ՝ եզակի ինքնատիպություն: Կամ՝ եզակի դեպք, որ կարող է իրավիճակ փոխել տարածաշրջանում: ԱՄՆ-ը հարաբերություններ ունի Մեծ Մերձավոր Արևելքի հետ, ու քարտեզին մի հայացքը բավական է, որ արտաքին քաղաքականության մեջ պահպանողական ԱՄՆ-ը՝ անկախ դեմոկրատները, թե հանրապետականներն են Սպիտակ տանը, սահմանի ու պահպանի իր գերակայությունները: Մենք ԱՄՆ-ի համար գերակայություն չենք: Մենք ոչնչով չենք հետաքրքրում աշխարհի թիվ 1 գերտերությանը: Բոլորն են ԱՄՆ-ից փող ու պաշտպանություն ուզում, բայց մյուսները, ի տարբերություն մեզ, ինչ-որ բան ստանալու համար պատրաստ են ինչ-որ բան տալ: Մենք ակնկալում ենք հատուկ կարգավիճակ՝ տվեք, բայց չեք ստանա, չենք կարող տալ այն, ինչ տալիս ենք արդեն ուրիշին: Այս պայմաններում Թրամփ-Փաշինյան հանդիպումը կարող է տևել 15-20 րոպե՝ քաղաքավարական ֆրազներից հետո կողմերը մի 5 րոպե խոսելու են ԱՄՆ-ում հայկական սփյուռքի մասին, մի 5 րոպե ԵԱՀԿ Մինսկի խմբում ԱՄՆ դերակատարության ու կոնֆլիկտի խաղաղ կարգավորման անհրաժեշտության: Դոնալդ Թրամփին հազիվ հետաքրքրի, որ Հայաստանում սիրո ու համերաշխության թավշե հեղափոխությունից հետո կատարվում են ինստիտուցիոնալ բարեփոխումներ, նա պարտավոր չէ իր աղյուսը դնել այդ կառույցի պատում: Հանդիպումը կարող է երկարել, երբ քննարկվեն տարաձայնությունները: Օրինակ՝ ԻԻՀ-ԱՄՆ, ՀՀ-ԻԻՀ հարաբերությունները: Օրինակ՝ Սիրիա մարդասիրական առաքելություն ուղարկելը՝ ՌԴ հովանու տակ: Օրինակ՝ ԱՄՆ-ՌԴ և ՀՀ-ՌԴ հարաբերությունների հատույթում հայտնված Հայաստանի վարքագիծը, շատ հեռու չգնալու համար, նշեմ միայն Ամուլսարի չավարտվող պատմությունը: Բայց իբրև գերտերություն՝ ԱՄՆ-ը տարաձայնությունները քննարկում է քաղաքական հավասար կշիռ ունեցող պետության հետ՝ Չինաստան, ԵՄ, ՌԴ, ու դա ոչ միայն հասկանալի է, այլև՝ արդարացված: Այսպես թե այնպես՝ ՀՀ վարչապետը երբևէ հանդիպելու է ԱՄՆ նախագահին, թեկուզ դա կարող է Թրամփը չլինել, ոչ էլ Փաշինյանը: Զոհրաբ Մնացականյանն ընդամենը արձանագրում է իրավիճակը, որի ժամանակ գուցե ինքն էլ նախարար չլինի: Նա գիտի, բայց չի ասում, որ ԱՄՆ նախագահի հետ հանդիպելու համար հարկավոր է ՕՐԱԿԱՐԳ, որն ամրագրելու է ներքին ու արտաքին քաղաքականության մեջ տեսակետների ընդհանրություն, որն էլ վերաճելու է որոշակի համաձայնագրի: Գոնե՝ մտադրությունների հուշագրի: Զոհրաբ Մնացականյանը հիանալի գիտի, որ մենք երբեք ԱՄՆ-ին չենք ներկայացնի ոչ քաղաքական, ոչ տնտեսական համագործակցության այնպիսի առաջարկ, որ ԱՄՆ-ին հետաքրքրում է: Մենք լավագույն դեպքում, համոզիչ կամ անհամոզիչ, բացատրելու ենք՝ ինչու՞ չենք կարող դա անել: Օրինակ՝ Նիկոլ Փաշինյանը չի կարող Դոնալդ Թրամփին ասել՝ եկեք ու ներդրումներ արեք Հայաստանում նոր ԱԷԿ-ի կառուցման համար:
Նիկոլ Փաշինյանը չի կարող Դոնալդ Թրամփին ասել՝ Հայաստանը նավթ ու գազ չունի, բայց գունավոր մետաղները ծով են, եկեք ու արդյունահանեք: Նիկոլ Փաշինյանը չի կարող Դոնալդ Թրամփին ասել՝ մեզ հետաքրքրում են ձեր «Պետրիոտ» համակարգերը՝ ինչու՞ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիան կարող է ռուսական S-400 գնել, ՀԱՊԿ անդամ Հայաստանը չի կարող «Պետրիոտ» գնել, ձեր ռազմական դրոնները, ձեր կործանիչները, մեզ զենք վաճառեք, թեկուզ վարկով, մենք պատրաստ ենք ԱՄՆ-ից զենք գնել: Նիկոլ Փաշինյանը չի կարող Դոնալդ Թրամփին ասել՝ ազգային անվտանգության դիվերսիֆիկացման շրջանակներում՝ մենք ուզում ենք ՆԱՏՕ-ի հետ կապերը խորացնել, մենք պատրաստ ենք մեր օդային տարածքը տրամադրել ԱՄՆ-ի կամ ՆԱՏՕ-ի ինքնաթիռներին: Կամ՝ մեր տարածքում ԱՄՆ ռազմաբազա կարող եք տեղակայել: ՈՒ էլի՝ տասնյակ «չի կարող»-ներ, որ կարող են ու հետաքրքրում են ԱՄՆ ցանկացած նախագահի, ոչ միայն Դոնալդ Թրամփին՝ իր «Նախ և առաջ Ամերիկան» կարգախոսով: Դոնալդ Թրամփն էլ չի կարող Նիկոլ Փաշինյանին ասել՝ մենք ճանաչում ենք ցեղասպանությունը ու պահանջելու ենք Թուրքիայից փոխհատուցում, որովհետև կես ժամ հետո Էրդողանը կզանգի ու կասի. «Պարոն նախագահ, մեր ռազմավարական համագործակցության վրա ինչու՞ եք հայկական քար գցում: Մեր տարածքում է ձեր «Ինջիրլիք» ռազմաբազան, համաձա՞յն եք՝ փակենք, ձեր տարածքում է մեր Գյուլենը, տվեք՝ ճանաչենք: ՈՒ ընդհանրապես իսլամաֆոբիային մի տրվեք»: Դոնալդ Թրամփը չի կարող Նիկոլ Փաշինյանին ասել՝ մենք վստահ ենք, որ Արցախը Հայաստան է ու վերջ, ու դեն ենք գցում տասնամյակներով ոչ մեկին ոչինչ չտվող մադրիդյան սկզբունքները, գնացեք ու միացեք, որովհետև կես ժամից կզանգահարի նույն Էրդողանն ու կասի՝ «Ալիևը պատերազմ է սկսում՝ հազիվ եմ համոզել, որ սպասի՝ Ձեզ հետ խոսեմ ու Ձեր աջակցությունը ստանամ»: Շարունակե՞մ, թե՞ այսքանն էլ հերիք է, որ հայ հանճարեղ լրագրողները դադարեն ԱԳ նախարարին ու իրենք իրենց հարցնել՝ ե՞րբ են հանդիպելու Թրամփն ու Փաշինյանը:
ՈՒրեմն՝ ինչու՞ է Նիկոլ Փաշինյանը գնացել ԱՄՆ: Որովհետև Վաշինգտոն չի գնացել, այլ՝ Նյու Յորք: Կարճ ասած՝ ՄԱԿ, որի կենտրոնակայանը ԱՄՆ-ում է: Ընդամենը: ՈՒ ճիշտ է արել: Սեպտեմբերի 22-ին Լոս Անջելեսից սկսված այցի ծրագրում ոչ միայն Վաշինգտոնը չկա, այլև չկան բարձրաստիճան քաղաքական հանդիպումներ, ու դա բնավ չի նշանակում, որ ԱՄՆ-ում ՀՀ դեսպանը վատ է աշխատել: Նշանակում է՝ ՀՀ արտաքին քաղաքականության մեջ չի հասունացել ԱՄՆ-ի հետ հարաբերվելու պահը, այն էլ՝ ՌԴ նախագահի Հայաստան այցից առաջ, որ կարող է տևել մի քանի ժամ՝ ինչպես արդեն եղել է, կամ՝ նույնիսկ Պուտինը կարող է Հայաստանում գիշերել, բայց դա ոչինչ չի ապացուցի: ՄԱԿ-ի նստաշրջանի կուլիսներում կլինեն պաշտոնական ու ոչ պաշտոնական հանդիպումներ ու շփումներ, որոնք կարող են կոնկրետ շարունակություն ունենալ: Զոհրաբ Մնացականյանը վկա. «Աջակցությունը, որը մենք ստանում ենք ԱՄՆ-ից և քաղաքական առումով, և անմիջական, շատ կարևոր ու մեծ նշանակություն ունի»: Իսկ ընդհանրապես սեպտեմբերի 21-ին ԱՄՆ նախագահի ու պետքարտուղարի ուղերձներն առավել քան խոսուն էին ընդհանուր օրակարգի տեսակետից: Պոմպեոն արձանագրում էր, որ անցած տարի «Հայաստանի կառավարությունն ու ժողովուրդը վստահ քայլեր են ձեռնարկել՝ ընդլայնելու քաղաքական մասնակցությունն ու խթանելու ժողովրդավարական կառավարումը: Հայաստանն այժմ ունի բացառիկ հնարավորություն պայքարելու կոռուպցիայի դեմ՝ համաձայն ընթացակարգի, ուժեղացնի օրենքի գերակայությունը անկախ դատական համակարգի օգնությամբ ու գրավելու ավելի շատ արտաքին ներդրումներ: Ակնկալում եմ շարունակել մեր աշխատանքը Հայաստանի հետ՝ կյանքի կոչելու այս նպատակներն ու կառուցելու ավելի լավ ապագա հայերի հաջորդ սերունդների համար: Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ՝ մենք շարունակում ենք հանձնառու լինել՝ օգնելու կողմերին գտնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ ու տևական կարգավորում: Մենք ողջունում ենք վերջին բարձր մակարդակի համաձայնությունը՝ հանուն հակամարտության բանակցային կարգավորման, ջանքերը՝ ստեղծելու արդյունավետ քննարկումների համար հարմար միջավայր և նախապատրաստելու բնակչությանը խաղաղության»: Թրամփն էլ ողջունում էր սերտ համագործակցությունը և հաստատում. «Մենք զորավիգ ենք իրավունքի գերակայությունը հարգող կոռուպցիայից զերծ ժողովրդավարական երկրում ապրելու հայ ժողովրդի ցանկությանը, որն արտահայտվեց անցած տարի Հայաստանով մեկ տեղի ունեցած խաղաղ գործողությունների ընթացքում։ Մենք ողջունում ենք Մինսկի խմբի գործընթացի շրջանակում Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը խաղաղ ու տևական լուծում գտնելու հարցում Ձեր անձնական ներգրավվածությունը։ Լիահույս եմ, որ մեր երկու երկրների գործընկերությունը առաջիկա տարիներին նոր թափ կստանա»։
Բավարարվեք այսքանով ու մի սպասեք, որ Նիկոլ Փաշինյանը ԱՄՆ-ից գալու է ու… նոր հեղափոխություն անի: Նույնիսկ եթե մի քանի նախարարներ պորտֆել կորցնեն: Դա վերաբերում է նրանց, բայց ոչ Հայաստանի Հանրապետության ճակատագրին:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. Լոս Անջելեսի Գրանդ Պարկի հանրահավաքը, լրագրողների, հոգևոր ու աշխարհիկ կառույցների, գործարարների հետ հանդիպումները առանձին պատմություն են, որ թեմային չեն վերաբերում: Կամ վերաբերում են այնքանով, որքանով մեզ տեղավորում ենք բարդույթավորված ու մտասևեռված հայի սինդրոմի մեջ: Առաջ նայեք: ՈՒ ընդհանրապես՝ հերիք է: Մի պաշտոնյայի աշխատանքից հանում են, վայնասուն է բարձրանում՝ հայ-հարայ, պետությունը քանդվում է: ԱԱԾ պետի և ոստիկանապետի պաշտոնանկությունը հայելու պես արտացոլեց հասարակության երկփեղկումը: Արթուր Վանեցյանն ու Վալերի Օսիպյանը համարյա ազգի հերոսներ դարձան՝ հենց պաշտոնանկվեցին: Այդ անկապ հիացումի ու նույնքան անկապ հիասթափության բռնկումները կապ չունեն ոչ պետության, ոչ իշխանության, ոչ տրամաբանության հետ: ԱԱԾ-ն առանց Արթուր Վանեցյանի էլ գոյություն կունենա, նույնը՝ ոստիկանությունն առանց Վալերի Օսիպյանի: Անձի ֆետիշացումը, կեղծ քաղաքականացումը վկայում է, որ սեփական պատմությունը ուրիշի անունով առաջ տանելու անհեռանկար գործընթացը չի դադարել: Ոչինչ չի քանդվում: Պետությունը պաշտոնյաների խաղալիքը չէ, որ քանդվի, երբ հեռանում են՝ լուռ կամ շատախոսելով: Պետությունը դպրոցականների ու բնապահպանների խաղալիքն էլ չէ, որ ուլտիմատում են տալիս՝ մի շաբաթ ժամանակ՝ լեգիտիմացրեք մեր որոշումը, մենք ենք իշխանությունը: Պետությունը ՀԿ-ների խաղալիքը չէ, որ սորոս-հակասորոս են խաղում: Պետությունը նույնիսկ զոհված զինվորների հարազատների խաղալիքը չէ, որ հրահանգավորված միտինգ են անում ու պառկում կառավարության դռան առաջ՝ դե, բա մեզ էլ փող տվեք, մարտի 1-ի զոհերի հարազատերին տվել եք, չեք տա՝ ինչ ասես կանենք: Պետությունը նաև վարչապետի պատանդը չէ, որ այս ամենը հարուցել է իր հախուռն ու հեղափոխական անցյալում, իսկ հիմա ստիպված է ամեն քայլափոխի բախվել «հեղափոխականների», որ իրենից հեղափոխական են ու իրեն արդեն չեն ընդունում Աստծո տեղակալ: Առաջ նայեք: Իրական խնդիրները տեսեք: Մենք այդպես էլ գլխավորն ու երկրորդականը չենք զատում: Մեզ համար ամեն ինչ գլխավոր է՝ դատավարություն թե դատավոր, հացի գին թե անկախություն: Իհարկե՝ «Հայաստանի անկախ պետությունը Երկիր մոլորակի վրա այլևս գոյություն է ունենալու հավիտյան», բայց խնդիրը գոյության փաստը չէ, այլ՝ որակը ու մակարդակը: Մեկ էլ՝ հեռանկարը, եթե գիտեք երազել:
Հեղինակի նյութեր
Մեկնաբանություններ