ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Նետանյահուն խոստացել է Արևմտյան ափը վերցնել

Նետանյահուն խոստացել է Արևմտյան ափը վերցնել
12.09.2019 | 13:12

Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուն խոստացել է Հորդանանի հետ սահմանին օկուպացված Արևմտյան ափի մի մասը բռնակցել, եթե եկող շաբաթ ընտրվի: Նա պատրաստ է Իսրայելի ինքնիշխանությունը տարածել Հորդանանի դաշտավայրի և Մեռյալ ծովի հյուսիսի վրա: Դա կարող է նրա համար ապահովել աջ կուսակցությունների աջակցությունը, որը կպահանջվի իշխող կոալիցիա ձևավորելու համար, բայց երաշխավորում է պաղեստինցիների դիմադրությունը: Պաղեստինցիները գտնում են, որ Արևմտյան ափի տարածքները պետք է լինեն ապագա անկախ պաղեստինյան պետության կազմում: Նետանյահուն նախկինում հայտարարել էր, որ Իսրայելը միշտ է պահպանելու ներկայությունը Հորդանանի դաշտավայրում՝ անվտանգության նկատառումներով: Իսրայելը Հորդանանի Արևմտյան ափը, Արևելյան Երուսաղեմը, Գազան և Գոլանի բարձունքներն օկուպացրել է 1967-ին: 1980-ին Իսրայելը բռնակցեց Արևելյան Երուսաղեմը, 1981-ին՝ Գոլանի բարձունքները, աշխարհի երկրների մեծ մասը այդ տարածքները մինչև այսօր չեն ճանաչում իսրայելական:

Արևմտյան ափը մինչև հիմա պաղեստինաիսրայելական կոնֆլիկտի հիմնաքարն է: Այնտեղ և Արևելյան Երուսաղեմում կառուցվել է 140 բնակավայր, որ միջազգային իրավունքի տեսակետից անօրինական է, թեպետ Իսրայելն այդպես չի համարում: Այդ բնակավայրերում հիմա ապրում են 600 000 հրեաներ: Պաղեստինցիները պնդում են, որ նրանց պետք է վտարել վիճելի տարածքներից: ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը ճանաչել է Իսրայելի ինքնիշխանությունը Արևելյան Երուսաղեում ու Գոլանի բարձունքներում: Դրանից հետո Նետանյահուն Գոլանի բարձունքներում հիմնեց ՙԹրամփի բարձունքներ՚ բնակավայրը:
Նետանյահուի գլխավորած ձախկենտրոնամետ Լիկուդ կուսակցությունը մասնակցում է ընտրարշավին, համապետական ընտրությունները հաջորդ երեքշաբթի են: Հասարակական կարծիքի հարցումները ցույց են տալիս, որ Լիկուդը ձայները կիսում է կենտրոնամետ Կախոլ-Լավան (կապույտ-սպիտակ) քաղաքական ալյանսի հետ: Գուցե հաղթանակի համար Նետանյահուն ստիպված է դիմել կոալիցիայի կազմավորման: Նրա ձեռնարկած կարևոր քայլերից մեկը Դոնալդ Թրամփի հետ ՙդարի համաձայնագրի՚ կնքումն էր՝ պաղեստինցիների հետ խաղաղ համաձայնագրի երկար սպասված ծրագիրը, որ հավանաբար կհրապարակվի ընտրություններից մի քանի օր անց: Պաղեստինը կանխավ մերժել է ծրագիրը՝ ԱՄՆ-ին մեղադրելով իսրայելամետ դիրքորոշման մեջ:
BBC


Հ.Գ. ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիու Գուտերեշը մտահոգություն է հայտնել Իսրայելի վարչապետ Բենյամին Նետանյահուի նախընտրական հայտարարության առնչությամբ, որ Իսրայելը մտադիր է բռնակցել Հորդանան գետի Արևմտյան ափը։ «Գլխավոր քարտուղարը մտահոգ է Իսրայելի վարչապետ Նետանյահուի հայտարարության կապակցությամբ, որը հայտարարել է ընտրություններում հաղթելու դեպքում Հորդանանի հովիտն ու Մեռյալ ծովի հյուսիսային հատվածը բռնակցելու մտադրության մասին, ինչը կլինի Արևմտյան ափին իսրայելական ինքնիշխանության հաստատման հարցում առաջին քայլը»,-ասվում է հայտարարության մեջ։ Գուտերեշի կարծիքով՝ նման քայլը «միջազգային իրավունքի կոպիտ խախտման կհանգեցնի»։ «Սա կխարխլի բանակցությունների վերսկսման բոլոր նախադրյալները»,-համոզված է նա։ Ընդգծվում է, որ ՄԱԿ-ը հավատարիմ է ՄԱԿ-ի բանաձևերի հիման վրա պաղեստինցիների և իսրայելցիների միջև կոնֆլիկտի կարգավորմանը:


Նետանյահուն ոչ միայն խոստացել է Արևմտյան ափը վերցնել, վերջերս ռմբակոծել էր Լիբանանի տարածքը՝ Հեզբոլահի հետ փոխհրաձգություն կազմակերպելով: Նա պահանջում է պատժել Իրանին՝ միջուկային ծրագրի վերսկսման համար: Մինչև ընտրությունները Իսրայելի ամենաերկարակյաց վարչապետը դեռ նոր ագրեսիվ հայտարարություններ է անելու, որը կարող է և հակառակ ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքի վրա: ԱՄՆ նախագահի խորհրդական Ջոն Բոլտոնի պաշտոնանկությունը Իսրայելում Կնեսետի ընտրություններից առաջ լուրջ հարված էր Նետանյահուին, եթե հաշվի առնենք, որ Դոնալդ Թրամփի աշխատակազմից հեռացավ բացահայտորեն բանակցությունների դեմ պաշտոնյան, որ հատկապես կոշտ դիրքորոշում ուներ Իրանի հարցում և Սպիտակ տնից արդեն հայտարարություններ են հնչում ՄԱԿ-Ի Գլխավոր ասամբլեայի շրջանակներում Թրամփ-Ռուհանի, կամ Մակրոն-Ռուհանի-Թրամփ հնարավոր հանդիպումների մասին: Սեպտեմբերի 2-ին CNN -ը հաղորդեց, որ Թրամփը մեկուսացրել է իր խորհրդականին միջազգային հարցերի քննարկումներից: Washington Post-ի տվյալներով՝ Բոլտոնը չի մասնակցել Աֆղանստանի հարցի քննարկումներին և չի եղել Կիմ Չեն Ինի հետ Թրամփի հանդիպումներում: ԿԺԴՀ-ի հարցում նախագահի ու խորհրդականի տեսակտեները արմատականորեն հակառակ էին՝ Բոլտոնը կողմնակից էր Հյուսիսային Կորեային «նախազգուշական՚ ռազմական հարվածներին և ասում էր, որ ցնցված է Փխենյանի հետ բանակցելու փորձերից: Նա նաև դեմ էր ԱՄՆ զորքերը Սիրիայից դուրս բերելու ու Սիրիայում ԱՄՆ զինուժի կրճատմանը: Բացի այդ՝ Բոլտոնի տեսակետը, որ Իրանում վարչակազմի փոփոխության կոչ էր անում, «հակասում է Թրամփի՝ Իրանի նախագահ Հասան Ռուհանիի հետ հանդիպման պատրաստակամությանը՚՝ տեղեկացնում է CNN-ը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2765

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ