ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Ինչու Վլադիմիր Պուտինը աթեիստին տարավ մենաստան

Ինչու Վլադիմիր Պուտինը աթեիստին տարավ մենաստան
24.07.2019 | 13:14

Ամառներն անտառապատ Վաալամի փառահեղ մենաստանը, շրջապատված Լադոգայի մուգ ջրերով, կարելի է անվանել հրաշալի, հանգիստ ու ոգեշնչող վայր: Դա Վլադիմիր Պուտինի սիրած ապաստանն է, և 2001-ից նա պարբերաբար այցելում է սուրբ վայրեր: Այս շաբաթ նա անսովոր հյուր էր բերել, սովետական համակարգի վետերան, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյին, որ չի հետևում աստվածավախության պոստկոմունիստական մոդային և կենսախնդորեն իրեն անվանում է «ուղղափառ աթեիստ»: Հուլիսի 17-ին ռուսները նորություններով տեսան՝ ինչպես երկու նախագահներին համառոտ ցուցադրում էին մենաստանի դրամատիկ վերածնունդը, երբ 1989-ին սովետական իշխանությունը մենաստանը կառավարման հանձնեց ուղղափառ եկեղեցուն: Երկու հյուրերը տարբեր էին արձագանքում: Երբ նրանց ցույց էին տալիս սրբազան մասունքներն ու առարկաները, Պուտինը ուղղափառին վայել պահվածք ուներ՝ նա խաչակնքում էր ու համբուրում սրբապատկերները: Հյուրը նույնպես համբուրում էր, բայց չէր խաչակնքում: Որոշ ռուս հեռուստադիտողների թվաց, որ իրենց նախագահը հուսահատ ջանքեր է գործադրում հյուրին հավատի բերելու: Կղզում վերակառուցել են, նորացրել ու զարդարել են ոչ միայն գլխավոր տաճարը, այլև տասնյակ այլ շենքեր: Կոմունիզմի տարիներին կղզի էին ուղարկում երկրորդ համաշխարհայինի հաշմանդամներին, նրանք ապրում էին բավականին խիստ պայմաններում: Երբ կղզին անցավ եկեղեցու իշխանության տակ, կարգուկանոն հաստատեց բավականին բարդ դատավարություններով Վալաամի բնակիչների հետ, նրանցից շատերը կղզուց հեռացան: Վալաամում վերականգնվեց կայսերական Ռուսաստանի աշխարհը, ճիշտ է, ցուցադրական, որ ակնհայտորեն կշփոթեցներ Դոստոևսկուն: Հյուրերին ցույց են տալիս Աստվածամոր սրբապատկերը, որ հինավուրց հանրահայտ սրբապատկերի կրկնօրինակն է: Սրբապատկերն ուղարկել են միջազգային տիեզերակայան և տիեզերքում հազար անգամ պտտվել է Երկրի շուրջ ու վերադարձել կղզի: Մատուռներից մեկում «շաբաթվա հյուրերին» պատմեցին Ռուսաստանի երկար պատմությունից մի քանի էջեր: Մատուռը 1914-ին սկսել է կառուցել մեծ իշխան Նիկոլայ Նիկոլաևիչը, որ Գերմանիայի կայսեր դեմ պատերազմում եկեղեցական զորքերի հրամանատարն էր: Իսկ շինարարությունն ավարտվել է 2017-ին: Ի նշան մենաստանի հիմնադիրի նկատմամբ հարգանքի՝ հոգևորականներն այստեղ աղոթում են զոհված ռուս զինվորների հոգու հանգստության համար՝ 18-րդ դարում շվեդների դեմ կռվածներից սկսած, ու նրանց, որ զոհվում են այսօր Սիրիայում: Այստեղ հիշում են Լենինգրադի նացիստական շրջափակման զոհերին: Պուտինը կարողացավ մի քանի րոպեում հյուրին մատուցել գաղափարը՝ թե ինչ պետություն է ուզում ղեկավարել: Այդ պետությունը պիտի արժանավոր ժառանգը լինի Ռուսատանի բոլոր նախորդ սերունդների, ցարերից մինչև կոմունիստներ, նրանց քաջության, ինքնազոհաբերման պատրաստակամության ու ռազմական արիության ժառանգորդը: Անցյալի փառքի այդ բոլոր ժամանակներում Ռուսաստանն ու Բելառուսը մեկ կայսրության մաս են եղել: Երկու նախագահն էլ դա հիանալի հասկացան: Կարելի է միայն գուշակել՝ ինչ էր մտածում Լուկաշենկոն: Վերջին տարիները նա Ռուսաստանի հետ համառ կռիվներ է տալիս՝ փորձելով պաշտպանել իր երկրի անկախությունը Մոսկվայի չթուլացող ճնշումներից: Ռուսաստանը չի ցանկանում կենսագործել երկու պետությունների միավորման՝ վաղուց դադարի վիճակում գտնվող համաձայնագիրը, որ կնքվել է 1997-ին (դաշնային պետության համաձայնագիրը իրականում կնքվել է 1999-ին և միավորման մասին խոսք չի եղել): Լիովին հնարավոր է, որ Պուտինը երազում է ղեկավարել այդ նոր պետությունը՝ 2024-ից հետո իշխանություն մնալու շանս տեսնելով: Մերձավոր հեռանկարում Կրեմլը, ամենայն հավանականությամբ, կձգտի իր վերահսկողությունը տարածել Բելառուսի վրա, որ փոխհատուցի ազդեցության կորուստը Ուկրաինայում:

Ամենամռայլ պահերին կիևցի ստրատեգները անհանգստանում են, որ Ռուսաստանը կարող է կազմակերպել ակցիա, որը կանվանվի Ուկրաինայի ագրեսիա Բելառուսի դեմ: Դա Մոսկվային կտա արդարացում՝ ուժեղացնելու իր վերահսկողությունը Բելառուսի վրա՝ պաշտպանելու ու Ուկրաինայի դեմ «հակահարձակման» կազմակերպման համար: Բայց Լուկաշենկոն, կարծես, խուլ է Մոսկվայի բոլոր գայթակղությունների առաջ: Ինչ-որ ժամանակ նրան քննադատում էին, անվանում էին Եվրոպայի վերջին բռնակալ, բայց նա որոշակի հարգանքի արժանացավ իր լիբերալ հայրենակիցների կողմից՝ Կրեմլին հաստատուն դիմակայության համար: Չխզելով ռազմական կապերը Ռուսաստանի հետ՝ Լուկաշենկոն մերժում է Բելառուսում մշտական ռազմաբազա ստեղծելու Մոսկվայի պահանջը և բարելավում է հարաբերությունները ՆԱՏՕ-ի հետ: Բելառուս հայրենասերներին զարմացնելով ու ուրախացնելով՝ Լուկաշենկոն սկսել է բելառուսերեն խոսել: Նա մերժում է «ռուսական աշխարհի» հայեցակարգը, որ քարոզում են Պուտինի կառավարությունն ու ռուսական եկեղեցին: Այդ գաղափարի էությունն այն է, որ սլավոնական ու ուղղափառ արմատները ստեղծում են բնական համերաշխություն, որ միավորում է Ռուսաստանին, Ուկրաինային ու Բելառուսին: Հունվարին ուկրաինական անկախ եկեղեցու հռչակումը հզոր հարված էր պանսլավիստական հայեցակարգին, որ հնարավոր է վերածնել, եթե Ռուսաստանը իրականացնի Բելառուսի քաղաքական նվաճումը: Անկասկած, Մոսկվային ավելի ձեռնտու է այն իրավիճակը, որը թույլ կտա իր վերահսկողությունը հաստատել Բելառուսի վրա Լուկաշենկոյի դժկամ համաձայնությամբ՝ նրան գահընկեց չանելով: Ցինիկի տեսակետից՝ Լուկաշենկոյին ցարերի ժամանակ բարգավաճած մենաստան հրավիրելը փափուկ ուժի դրսևորման հերթական քայլն է՝ փափուկ ու կոշտ ուժերի կիրառման հերթագայության մեջ: Բայց Լուկաշենկոն կարող է չհանձնվել: Սովետական բնազդները յուրացրած Լուկաշենկոն կարող է պարզապես բավարար լսողություն չունենալ ռուսական նոր երաժշտական տրամադրության համար, որտեղ մեկ ներդաշնակ երգեցողության մեջ են միաձուլվում ուղղափառությունը, կոմունիզմը և սովետական աշխարհաքաղաքական երազանքները:
The Economist (Մեծ Բրիտանիա)


Հ.Գ. Բորիս Ջոնսոնին վարչապետ ստացած բրիտանացիները իրենց մասին մտածելու փոխարեն՝ ռուս-բելառուսական զիգզագներով են տարված: Ինչու՞: Ամբողջ խնդիրը 2024-ից հետո Վլադիմիր Պուտինի ճակատագիրն է՝ կշարունակի՞ նախագահել, թե՞ նոր նախագահ կունենա Ռուսաստանը: Բայց այդ հարցի պատասխանը ոչ ոք չունի, անգամ ինքը՝ Պուտինը: Ճիշտ ինչպես Պուտինը՝ Լուկաշենկոն ևս չի ցանկանում հեռանալ: Նրանք շատ նման են իրար՝ հավերժ իշխանության իրենց ձգտումներում՝ միանգամայն անկեղծ հավատալով, որ առանց իրենց երկիրը վարի կգնա: Որ բազում անելիքներ ունեն՝ անգամ իրենք իրենց համար չպատասխանելով հարցին՝ բավարար ժամանակ չե՞ն ունեցել իրենց ծրագրերը կյանքի կոչելու համար: Ու եթե չի ստացվել, ուրեմն չի ստացվելու նաև ևս 5 կամ 6 տարում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 3402

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ