ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Զելենսկու կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ տարավ, իսկ հետևանքնե՞րը

Զելենսկու կուսակցությունը ջախջախիչ հաղթանակ տարավ, իսկ հետևանքնե՞րը
24.07.2019 | 13:10

Գերագույն Ռադայի ընտրություններում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կուսակցությունը տպավորիչ հաղթանակ տարավ, բայց հասկանալի չէ՝ ինչ քաղաքականություն է վարելու նախագահը՝ գրում է Մաթիաս Բրյուգմանը Handelsblatt-ում: Պնդումները, որ Զելենսկին Ռուսաստանի հետ մերձեցման կողմ է, ճիշտ չէ՝ դա ցույց տվեցին նրա առաջին քաղաքական քայլերը մայիսի վերջին: Զելենսկին ցանկանում է երկիրը տանել ԵՄ և ՆԱՏՕ: Բայց կհայտնվի այնտեղ երբևէ Ուկրաինան, կախված է ոչ միայն Եվրոպայից: Բրյուսելը նոր մասնակիցներ ունենալու մեծ ցանկություն չունի: Հարց է նաև՝ կկատարի՞ Ուկրաինան երբևէ ԵՄ-ի անդամակցության պայմանները: Ինչպես նախագահական ընտրություններում, խորհրդարանի ընտրություններում ևս Զելենսկին բաց թողեց հարցը՝ ի՞նչ է ուզում իրականում: Ինքն ասում է, որ պայքարում է կոռուպցիայի և օլիգարխների դեմ: Իրոք էլ՝ մայիսի 20-ից զբաղվում է դրանով, համենայն դեպս՝ խոսում է՝ շրջելով Ուկրաինայի քաղաքներով: Նա մեղադրում է չինովնիկներին կոռուպցիայի մեջ, ցանկանում է աշխատանքից ազատել մաքսավորներին ու վարչակազմերի ղեկավարներին: Բայց բարձրագոչ հայտարարություններից բացի՝ ոչինչ դեռ չի արել: Նախևառաջ պարզ չէ՝ ցանկանու՞մ է Զելենսկին, ինչպես հայտարարում է, ձերբազատվել օլիգարխներից քաղաքական ու տնտեսական իմաստով և իրականում արմատականորեն փոխել համակարգը: Թե դրանք միայն անհրաժեշտ խոստումներ էին՝ միանձնյա վերահսկողություն ստանալու, հետո իր հետ կապված բիզնեսմենների շահերը լոբբինգ անելու համար:

Ռուսաստանի համար շատ ձեռնտու է, որ Ուկրաինան խճճվի սեփական հակասությունների մեջ: Կրեմլի տերը բացարձակապես շահագրգռված չէ իր տնտեսական լճացման ու քաղաքական դեպրեսիայի մեջ տեղապտույտ անող կառավարման մեջ, որ ազատ, ծաղկուն, ժողովրդավարական ու դինամիկ Ուկրաինա լինի կողքին: Սակայն Ուկրաինան այդպիսին կլինի, եթե Եվրոպան շարունակի դիմակայել Ռուսաստանին՝ պատժամիջոցներով ու միլիարդներ Կիևին հատկացնելով: Զելենսկին հայտարարել է, որ մեկ ամսում նոր վարչապետ կնշանակի՝ «տնտեսության գուրու»: Դա հույս է ներշնչում, որ բարեփոխումների մասին նա լուրջ է խոսում: Բայց և ստիպում է ԱՄՀ-ին, ԵՄ-ին ու մյուս հովանավորներին մեկ ամիս սպասել հարցի պատասխանին՝ ո՞ր ուղղությամբ է շարժվելու Ուկրաինան: Եվ՝ նպատակայի՞ն էին միլիարդների կայունացնող վարկերը Ուկրաինային, թե՞ ընդամենը ֆինանսավորում էին «Պրիվատ բանկի» նախագահ, օլիգարխ Կոլոմոյսկու վերադարձը: Հիմա Զելսնսկին պետք է հստակ ցույց տա, որ քաղաքականության մեջ չի պաշտպանում իր հեռուստամեկենասի շահերը, այլ՝ իրականում ցանկանում է բարեփոխումներ անել: Կանի՞: Արևելքում արժեքավոր ասույթ կա՝ հույսը վերջինն է մեռնում:
Handelsblatt


Հ.Գ. Խորհրդարանական վերջին ընտրություններով Ուկրաինան առնվազն մի քանի ռեկորդ սահմանեց: 1991-ից հետո առաջին անգամ նախագահի կուսակցությունը բացարձակ մեծամասնություն ստացավ Գերագույն Ռադայում՝ 450 տեղերից 253-ը, և կարող է միանձնյա որոշումներ կայացնել ու կառավարություն ձևավորել։ «Սա հզոր և խորհրդանշական արդյունք է: Սա ոչ միայն մեծ վստահություն է, այլև՝ մեծ պատասխանատվություն, անձնապես ինձ համար և իմ թիմի։ Մենք թույլ չենք տա, որ ուկրաինացիները հիասթափվեն. դուք գիտեք մեր գերակայությունները, վստահ եմ՝ դրանք այն հարցերն են, որ կարևոր են յուրաքանչյուր ուկրաինացու համար՝ վերջ տալ պատերազմին, ազատագրել մեր գերիներին և արմատախիլ անել կոռուպցիան, որը շարունակում է մնալ մեր երկրում»՝ ասաց Զելենսկին։ Խորհրդարանը ռեկորդային է նոր դեմքերի առատությամբ՝ մոտ 60 տոկոսը, նրանց մեծ մասը երբևէ չի զբաղվել քաղաքականությամբ։ Երկրի պատմության մեջ առաջին անգամ Գերագույն Ռադայում կլինի սևամորթ պատգամավոր Ժան Բելենյուկը։ 28-ամյա «ժողովրդի ծառան» քաղաքական կարիրեան սկսելուց առաջ զբաղվել է հունահռոմեական ըմբշամարտով և 2016-ին՝ Ռիո դե Ժանեյրոյի Օլիմպիադայում, արծաթե մեդալ բերել Ուկրաինայի հավաքականին։ «Իմ հաղթանակը և թեկնածությունը վկայում են, որ Ուկրաինան իսկապես ժամանակակից երկիր է, որը հավասար իրավունքներ է տալիս յուրաքանչյուրին», - «Ֆրանսպրես»-ին ասել էր Զելենսկու կուսակիցը։ Նորընտիր պատգամավորներից Սվյատոսլավ Յուրաշը ամենաերիտասարդն է երկրի ողջ պատմության մեջ. Մայդանի ցույցերից աչքի ընկած ակտիվիստը խորհրդարանական մանդատ կստանա 23 տարեկանում, կրկին՝ «Ժողովրդի ծառա» կուսակցության ցուցակներով։ «Ժողովրդի ծառա» կուսակցության ցուցակով խորհրդարան անցած պատգամավորների շարքում կան նաև հարսանեկան լուսանկարիչներ, հեռուստաաստղեր ու ռեստորանային համալիրների սեփականատերեր, որ իրենց տեղամասերում առավելության են հասել քաղաքական դաշտի հնաբնակների՝ նախկին նախագահ Պետրո Պորոշենկոյի ու նախկին վարչապետ Յուլիա Տիմոշենկոյի աջակիցների նկատմամբ. երկու ուժերն այս անգամ չհաղթահարեցին 10 տոկոսի շեմը, որ փաստում է՝ Ուկրաինայի հասարակությունը հոգնել է հին դեմքերից և նոր շունչ ու նոր մոտեցումներ է փնտրում:
Ուկրաինական «Левый берег» պարբերականը՝ գրել է, որ Ազգային բանկի ղեկավարի նախկին տեղակալ Վլադիսլավ Ռաշկովանը, որ երկիրը ներկայացնում է ԱՄՀ-ում, կլինի ապագա վարչապետը:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2752

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ