ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Պատմության մասին մտածեք, որ թողնելու եք

Պատմության մասին մտածեք, որ թողնելու եք
28.06.2019 | 00:50

Արթնացա վաղ առավոտյան ու հասկացա՝ կորցրել եմ աղքատությունը գլխիս մեջ, և, ուրեմն՝ հարուստ եմ: ՈՒ քանի որ հարուստ եմ, կգնամ զբոսաշրջային գործակալություն ու Իսպանիա-Իտալիա երկշաբաթյա տուր կպատվիրեմ, հետո ինչ 1645 եվրո է՝ հարուստ եմ, գլխումս այլևս աղքատություն չկա: Վերջապես ունե՞մ, թե՞ չունեմ հանգստի իրավունք: Սկզբի համար «Նապոլիից» պայուսակ կգնեմ ու հարմարավետ կոշիկ՝ հո բոբիկ չեմ գնալու: Չէր խանգարի մինչև մեկնելս մի քիչ էլ միրգ առնել: Հետո ինչ, որ քաղցր ու խոշոր թութը 1200 դրամ է, կարգին, չթթու գիլասը՝ նույնքան, 1000 էլ՝ ծիրանը: Ես հարուստ եմ: Վերջապես՝ ունե՞մ, թե՞ չունեմ նորմալ սնվելու իրավունք: Միս-ձուկ-հավ չեմ սիրում ու չեմ գնում, մի՞րգն էլ է տաբու: Ինձ նման հարուստ մարդու համար: Գնացի: Հարուստ գլխիս ու դատարկ գրպանիս տարբերությունը բացատրելու կարիք կա՞: Մանավանդ ամսվա վերջին:


…ԱԺ-ն ընդունեց Հարկային օրենսգրքի փոփոխությունները: Կողմ էր ՔՊ-ն, իսկ ԼՀԿ-ն ու ԲՀԿ-ն դեմ էին: Հարկային եկամուտի համահարթեցումով բյուջեի տարեկան 45 մլրդ դրամի կորուստները փոխհատուցվելու են ծառայությունների ու ապրանքների գների թանկացմամբ: Ես հիմա հարկվելու եմ ամենահարուստ մարդկանց պես, ուրեմն ես էլ հարուստ եմ, թող իրենք մտածեն, որ մեծ եկամուտների դիմաց քիչ հարկեր են մուծելու: Մի քանի հազար մարդ գիշերները չե՞ն քնի, որ հարստանում են մի քանի հարյուր հազարի հաշվի՞ն: Բայց իրենք խնդրե՞լ էին: Թող ՔՊ-ն մտածի՝ ինքը առաջարկեց, ինքը ընդունեց, ինքն էլ թող պատասխան տա: Համահարթեցման համար՝ պրոգրեսիվ հարկային համակարգի փոխարեն: Հա, բայց հուլիսի 1-ից թանկացած ապրանքների ու ծառայությունների պատճառով դատարկվելու է իմ գրպանը: Վարչապետն ասում է՝ թող գործատուները մտածեն ու բարձրացեն աշխատավարձները: Որտեղի՞ց: Ես չգիտեմ: ՈՒ դա իմ խնդիրը չէ:
Իմ խնդիրը չէ պատասխանել հարցին՝ եթե մարդը ունի հարկային պարտավորություններ, գրանցված աշխատավարձն էլ միջինից ցածր է, ինչու՞ կառավարությունը ոչ թե պաշտպանում է միջինից ցածր և նվազագույն աշխատավարձ ստացողներին, այլ բարձր եկամուտ ստացողներին:


Իմ խնդիրը չէ պատասխանել հարցին՝ ինչու՞ ընտրվեց համահարթեցումը, որ հակասոցիալական քայլ է, երբ մենք սոցիալական պետություն ենք:
Իմ խնդիրը չէ, որ կառավարությունը մերժում է չհարկվող շեմն ու աշխատող աղքատների եկամտահարկը նվազեցնելը, որ բյուջեին 90 մլրդ հավելյալ փող կարժենա, բայց 2 մլն ստացողի հարկը իջեցնում է, որ բյուջեից է գնում: Ես հավատում եմ, որ բարձր վարձատրության հարկային բեռ նվազեցնելով՝ խթանվելու է տնտեսությունը, արտահանումը, կրճատվելու է ստվերը: Հավատու՞մ եմ: Չեմ հավատում, ուզում եմ տեսնել: Աժ-ից ասում են՝ չի ստացվի, կփոխենք: Նրանք պատրաստ են ամեն ինչ փոխել, բայց գիտե՞ն՝ ինչ ու ինչու: 30 տոկոս աղքատության, 20 տոկոս գործազրկության, ԱԺ արտահերթ ընտրություններից հետո խոստացված ֆանտաստիկ ներդրումների բացակայությամբ հարկային համակարգի համահարթեցումը հա՞րց է լուծելու: Ինչու՞ չսահմանվեց չհարկվող շեմ՝ կենսապահովման նվազագույն զամբյուղի արժեքի չափով, չսահմանվեցին քառաստիճան պրոգրեսիվ դրույքաչափեր, ինչու՞ խոստացվեց ու չբարձրացվեց նվազագույն աշխատավարձը 57000-ից 63000-ի, երբ բացահայտորեն 57000-ը չի բավարարում նվազագույն սպառողական զամբյուղին: Դա իմ խնդիրը չէ, կարևորը՝ ես գլխիցս հանել եմ աղքատությունը ու հիմա հարուստ եմ: Իսկ երբ հարուստ գլուխս ու դատարկ գրպանս հակասության մեջ մտնեն, դուրս եմ գալու փողոց, նայելու եմ երկնքին, փառք եմ տալու Աստծուն, հետո հայտարարելու եմ, որ ՀՀ նախագահը ես եմ, վարչապետը ես եմ ու ես եմ Աժ նախագահը, ես եմ ՍԴ նախագահը և մեր համատիրության պետը: Հետաքրքիր է՝ առաջինը ոստիկանությու՞նը տեղ կհասնի՝ իշխանության ինքնազավթման դեպքը կանխելու, թե՞ շտապ օգնությունը՝ տանելու ուր որ անկ է՝ հոգեկան առողջությունս վերականգնելու: Պատճառը՝ ես չունեմ ուսապարկ, որ ուներ Նիկոլ Փաշինյանը:

Եվ ընդհանրապես՝ վտանգավոր գաղափարներով արթնանում են երկուշաբթի, ոչ թե ուրբաթ: ՈՒ՞ր կորավ իմ աղքատությունը, ինչու՞ գլուխս դատարկվեց: Առանց այդ էլ գրպանս լցվում ու դատարկվում է նույն արագությամբ: Միջին վիճակագրական հայի համար սովորական, անշուք ու անիրադարձություն կյանքի պարագայում:


…Սուրբ Պետրոսն ու Վատիկանը Հռոմում, Սան Մարկոն ու սուրբ Ղազարը Վենետիկում, Գաուդիի Սագրադա ֆամիլիան Բարսելոնայում կսպասեն, սիրտս ատոմակայան է ուզում: Օրինակ՝ առավոտից երեկո բարձր տեխնոլոգիաներից են խոսում, տնտեսական հեղափոխությունն էլ պայմանավորում են բարձր տեխնոլոգիաների զարգացումով ու …. «Ադամյան» հեռուստացույց են հավաքում: Լավ է, շնորհակալ եմ Հովհաննես Ադամյանին: Բայց ատոմակայանից բարձր տեխնոլոգիա կա՞: Մեծամորի վրա ինչքա՞ն ենք հույս դնելու: Սպառվող էլեկտրաէներգիայի 40 տոկոսն ապահովող ԱԷԿ-ի կյանքը անվերջ երկարացնել չի հաջողվի՝ ռուսները չէ, մարսեցիները գան: Որ այդքան փայլուն աշխատող կառավարություն ունենք (ես չեմ ասում, կլասիկ Մարուքյանը չի ասում, վարչապետն է ասում), որ այդքան փայլուն հարաբերություններ ունենք Ռուսաստանի հետ (էլի ես չեմ ասում), որ այդքան եվրաինտեգրվում ու համագործակցում ենք Եվրոպայի հետ, որ Չինաստանի հետ էլ համարյա գնալ-գալ ունենք, հիմա էլ Վիետնամի ու Սինգապուրի, ինչու՞ ենք պահը կորցնում:


Բացատրեմ, թե ատոմային էներգետիկայի զարգացումը ինչ նշանակություն ունի ցանկացած երկրի կյանքում: Որ տարածաշրջանում միակ ԱԷԿ ունեցող Հայաստանը իրավունք չունի դառնալ Մեծամորի ԱԷԿ սպասարկող անձնակա՞զմ, որ փառք ու պատիվ կանաչ տեխնոլոգիաներին, բայց ատոմային էնեգետիկան ավելի էժան է ու հեռանկարային: Թե՞ հարցնեմ՝ հեղափոխությունից հետո ինչու՞ ենք վախենում ամբիցիաներ ունենալուց: Բացատրե՞մ՝ պետությունը պիտի ամբիցիա ունենա, որ քաղաքացին հպարտ ու դուխով լինի: Ատոմային էներգետիկայի նախարարություն ունենալը համարվեց ավելորդ՝ 12 առաքյալները հերիքեցին կառավարությանը, 13-րդին մերժեցին, լավ, գոնե ատոմային էներգետիկայի զարգացման գործակալություն ունենալը անհնա՞ր է, թե՞ փող չկա: Վարչապետը կառավարության ամեն նիստի ասում է՝ փող կա, ճանապարհ ենք սարքում, ենթակառուցվածք ենք վերականգնում, աշխատավարձ ենք բարձրացնում, պիտի մտածենք արդյունավետ ծախսել: Բա մտածեք: Գլոբալ մտածեք, քթներդ գետնից կտրեք, շուրջներդ նայեք: Հեռանկար տեսեք: Տնտեսական հեղափոխությունը «հերոսները» չեն անում, պետությունն է անում: Երբ պետությունը վերածվում է «հերոսներ» փառաբանողի, ձեռքերը լվանում ու սպասում՝ ով ինչ կանի, իշխանությունը պարտվում է: Պոպուլիզմն էլ հասկացանք: Հուլիոս Կեսարն էլ Պոպուլիստների կուսակցությունից էր, Հռոմեական կայսրության կյանքը փոխեց: Մինչև հիմա կան լեռներից սառն ու մաքուր ջուր Հռոմ բերող նրա կառուցած քարե խողովակները: Հայրենիքի Հայր տիտղոսն էլ Սենատը պոպուլիզմի համար չտվեց, այլ կայսրության ողջ տարածքի բարեփոխումների, որ արվում էին ոչ թե մարդկանց դուր գալու, այլ կյանքը փոխելու համար: Նույնիսկ եթե այդ պահին այդ մարդիկ չէին հասկանում՝ ինչ հեռանկարներ են բացվում պետության համար: Չասեք՝ Կեսարին սպանեցին: Սպանեցին, որ գան իշխանության, չեկան, Կեսարին հաջորդեց Օգոստոս կայսրը, որ շարունակեց Կեսարի սկսածը: 23 հոգով մի մարդու սպանեցին ու պատմության մեջ իրենց անունները չթողեցին՝ մի քանիսից բացի: Պատմությունն էլ հո չեք փոխի: Պատմության մասին մտածեք, որ թողնելու եք: Թե չէ ֆուտբոլիստ չլինելով՝ ֆուտբոլի գնդակ մակագրել՝ ես էլ կարող եմ՝ հանուն ֆրանկոֆոնիայի: Ֆուտբոլ եք սիրու՞մ: «Հրազդանը» վերականգնեք: Ի՞նչ է նշանակում՝ թանկ է: «Հրազդանը» Երևանի ու Հայաստանի համար կանաչ դաշտ չէ, որտեղ 22 անխելք ընկնում են մի գնդակի հետևից, 23-րդն էլ կողքից վազում է, որ կարգ չխախտեն: «Հրազդանը» առասպել է, պատմություն, այցեքարտ, տոն, հաղթանակ, կենսագրություն, սքանչելի է, վերականգնեք, ոչ թե նորերը կառուցեք, ինչ է՝ թե մուտքերն ու ելքերը ՖԻՖԱ-ի ստանդարտներին չեն համապատասխանում: Ձևը գտեք՝ ճարտարապետներ ունեք, ֆուտբոլ եք զարգացնում, ասում եք՝ հանրապետական մարզադաշտն էլ կարող է որակազրկվել:


…Ռոբերտ Քոչարյանը նորից կալանավորվեց (երրորդ անգամ): Ասաց՝ ոչ օրենք կա, ոչ օրինականություն: Իբր իր ժամանակ կար: Սամվել ՈՒզունյանը ամիսներով չէր հիվանդանում, ինքը «ուչաստկովի» գտավ, ինքը շատ օրինական ու ազնիվ վերցրեց ու պետական գույքը պարտքի դիմաց հանձնեց: Իբր Մեղրին փոխանակելու տարբերակ չի քննարկել: Իբր պատերազմում ինքն է հաղթել՝ մեղա «Եռաբլուրին»: Իբր իր ժամանակ դրախտ էր ու «Պոպլավոկում» մարդ չէին սպանում՝ իրեն բարևելու համար, կամ էլ երկնիշ տնտեսական աճը փուչիկ չէր, որ շինարարական բումով ավարտվեց: Այդ Հայաստանից, ու այդ դրախտից հեռացողները վկա, որ «Հայլուրի» Հայաստանն ու իրական Հայաստանը 10 տարի իրար չհանդիպեցին: Իսկ հիմա այնքան դժոխք է, որ ինքը դարձել է ընդդիմադիր: ՈՒ՝ վերադարձել քաղաքականություն: Չէր ուզում, հարկադրեցին: Չեմ հասկանում՝ Ռոբերտ Քոչարյանի ի՞նչն է ընդդիմադիր, որ դատաքննության մե՞ջ է: Չեմ հասկանում՝ ինչու՞ են նրան իշխանությունով, դատական համակարգով, լրատվամիջոցներով դարձնում օրակարգ սահմանող հետհեղափոխական Հայաստանում, ներպետական ու միջպետական հարաբերություններ պայմանավորում: 10 տարին քի՞չ էր: Թե՞ մեծ պահանջարկ կա «հերոսի», որ ընտրություններում փող չաշխատածներին երկնքից ընկած փողի տեր է դարձնում՝ արևի տակ մի քանի ժամ գոռգոռալու դիմաց՝ ձևացնելով հանրային աջակցություն, որ պիտի վերածվի հանրային անհնազանդության: Կարող է վերածվել, բայց ոչ հանուն Ռոբերտ Քոչարյանի: Փաստացի՝ «Մերժիր Սերժինը» սահուն վերածվեց «Մերժիր Ռոբին», հընթացս էլ Մանվել Գրիգորյանին, ում նույնիսկ կենսաթոշակն էին կտրել, կարծես «նախորդ հանցավոր ռեժիմը» ուներ երկու դեմք, մնացածները ինդուլգենցիա ստացան՝ Աննա Հակոբյանի հիմնադրամին մուծվելով: Ով չմուծվեց, մանր-մունր գործեր բացվեցին: Ճիշտ պահին էլ ԱԱԾ-ի արխիվներն անհետացան: Նիկոլ Փաշինյանը մնաց սուպերվարչապետ ու մտադիր չէ Սահմանադրություն ու Ընտրական օրենսգիրք փոխել, ընդհանրապես համակարգին կպչել՝ տեղերում մանր-մունր կաշառակերներ կբռնվեն՝ համակարգային կոռուպցիան կվերանա, 1-2 դատավոր կհանեն՝ վեթինգ կլինի: 2008-ի մարտի 1-ի գործը Ռոբերտ Քոչարյանի գործ կդառնա ու…

կբացահայտվի: Այս պայմաններում ընտրողը դարձյալ զրկվում է իրական ընտրությունից, դժգոհը դժգոհ է, բայց կամ Նիկոլին է ընտրելու, կամ Փաշինյանին, որովհետև Սերժին ու Ռոբին մերժել է: Սա՞ է Նիկոլ Փաշինյանի ուզածը: Ինչու՞ ոչ: Բայց ժամանակը աշխատում է նրա դեմ, եթե հաշվի առնենք վարկանիշի անկումն ու դժգոհությունները տնտեսական քաղաքականությունից, կամ պիտի դառնա բռնապետ, կամ պիտի հեռանա: Խնդիրը խոստումները չկատարելը և իրավիճակի փոփոխություն չլինելն է: Եթե այս գործոնները միավորվեն, գնալու ենք արտահերթ ընտրությունների՝ նույնիսկ եթե աղքատությունը հանել ենք գլխից, տեղը ոչինչ չի ավելացել՝ չկան ոչ աշխատանք, ոչ իդեալ, ոչ հեռանկար, ոչ էլ անգամ զվարճանք:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ. ՌԴ պատվիրակությունը վերադարձավ ԵԽԽՎ ու… սկսվեցին հայկական պատվիրակության խնդիրները: Տարօրինակ չէ՞, որ ինիքնիշխանություն պահանջողները այս օրերին իրենց գլխավոր խնդիրն են դարձրել քարկոծելը պատվիրակության 2 անդամներին՝ մեկին չքվեարկելու, մեկին ՌԴ դեմ քվեարկելու համար, իսկ նա արդարանում է ինքնամոռաց: Հերիք է ինքնալյուստրացիա անեք: Ռուսաստանը աշխարհի միակ երկիրը չէ: Վրաստանն ու ՈՒկրաինան քարտեզից չեն վերացել: Միջազգային կառույցներում ՌԴ-ի կցորդը լինելու ստրկամտությունը հավե՞րժ է, ուրեմն եղել է ոչ թե թավշե, այլ ֆեյք հեղափոխություն: ԵԽԽՎ-ում և այլուր Աժ պատվիրակությունը բոլոր իրավունքներն ունի կողմ ու դեմ քվեարկելու՝ հանուն ՀՀ ինքնիշխանության ու շահի: Համենայն դեպս՝ անցած տարիներին ՌԴ պատվիրակությունը շատ ավելի Ադրբեջանի ու Թուրքիայի կողքին է եղել, քան Հայաստանի: ՈՒ հազիվ թե հիմա նույնը չկրկնվի:

Դիտվել է՝ 2349

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ