Ոչ ոք չէր կանխատեսում, որ համաժամանակյա Հայաստանի երկու հարևանների դեպքում այսպիսի իրադարձություններ կզարգանան: Իրանի հետ՝ այո, Վրաստանը մեկեն բռնկվեց՝ ստեղծելով տարածաշրջանում վտանգավոր իրավիճակ: Գուցե հարվածից 10 րոպե առաջ հրամանը կասեցնելը հրապարակելը տեղեկատվական հնարք էր, որով Թրամփը հայտնի էր դարձնում իր մտադրությունների լրջությունը, բայց երբ մի տարածքում այդքան զենք է կուտակվում ու կողմերը բանակցելու հնարավորություն չեն տեսնում, պատահականությունն էլ կարող է պատերազմ սկսել: ՈՒղղափառության միջխորհրդարանական վեհաժողովում ՌԴ Պետդումայի պատգամավորի՝ Վրաստանի խորհրդարանի նախագահի բազկաթոռին նստելու ու ռուսերեն խոսելու պատճառով խորհրդարանի նախագահի հրաժարականը, Ռուսթավելի պողոտայում բազմահազարանոց ցույցեր սկսելը՝ Բիձինա Իվանիշվիլիի երկրից հեռանալու, արտահերթ խորհրդարանական ընտրությունների ու 100-տոկոսանոց համամասնական ընտրակարգի պահանջով, վկայում է, որ Վրաստանում ևս հիբրիդային պատերազմ է: Ներքին գործերի նախարարությունը հայտարարեց, որ տեղի է ունեցել պետական հեղաշրջման փորձ։ Նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին ասաց, որ Ռուսաստանը իրենց թշնամին է, օկուպանտ, իսկ Վրաստանի ապակայունացումը Ռուսաստանի ձեռքի գործն է, հինգերորդ շարասյան դրսևորում, բայց Մոսկվան այս պարագայում, թերևս, կապ չունի։ ՈՒ չի բացառվում, որ իրական շահառուն ոչ թե Մոսկվան, այլ Բաքուն է, ու պատմությունը սկսվել է Դավիթ Գարեջիի վանական համալիրի տարածքային վեճով: Բաքուն վրացական համալիրը համարում է «աղվանական», իսկ միֆական աղվանների ամեն ինչը՝ իրենը։ Պատահական չէ, որ Բաքվի գիտությունների ակադեմիայում հանկարծ հասկացան, որ Վրաստանի հարավ-արևելյան շատ տարածքներ ադրբեջանական են, Թբիլիսին էլ՝ ադրբեջանական մշակույթի տարածք:
Վրաստանի հանդեպ Ադրբեջանի հավակնությունը պատմաքաղաքական չէ, այլ ռազմաքաղաքական: Վրաստանն ու Հայաստանը քար են «մեծ թյուրքական ճանապարհին»: Վրաստանի ներքին անկայունությունը ամրացնելու է Ադրբեջանի դիրքը տարածքային վեճի մեջ, և ոչ միայն։ Թբիլիսիի եվրաատլանտյան կուրսը, եվրաինտեգրումը հավասարապես անցանկալի են Ռուսաստանի, Թուրքիայի, Ադրբեջանի համար: Ի տարբերություն ռուսների՝ թուրքերն ու ադրբեջանցիները բացահայտ չեն գործում, բայց Վրաստանի տնտեսության մեջ խորացած Բաքվին այդ քաղաքականությունը դուրսմղում է խոստանում: Ռուս-վրացական հարաբերությունների բարելավումը նույնպես դեմ է թուրք-ադրբեջանական տանդեմի շահերին, մասնավորապես՝ Աբխազիայի և Հարավային Օսիայի տարածքով տրանսպորտային հաղորդակցության վերականգնման առումով, որով քանդվելու է Հայաստանի շրջափակման վրա կառուցված քաղաքականությունը: Պատկերացրեք ռուս-վրացական նոր առճակատում, որի հետևանքը Լարսի փակումն է, ու հավելեք Վաշինգտոն-Թեհրան առճակատումը, որի հետևանքը ոչ ոք չի կարող կանխատեսել:
Հայաստանում 2018-ի բյուջեի կատարման քննարկման ժամանակ վարչապետն ԱԺ-ում հայտարարեց. «Պետական բյուջեի մասով կառավարությունը 2018-ի արդյունքներով չունի չկատարված ոչ մի պարտավորություն և այլ կերպ գնահատել կառավարության աշխատանքը, քան փայլուն, հնարավոր չէ»: Հիմա այդ «փայլունը» շատ ավելի փայլուն բումերանգով վերադառնում է:
Հեղափոխությունը՝ թավշե, բաց ձեռքերով, դուխով, ցանցային, քաղաքացիական ու չգիտեմ էլ ինչ, հաղթեց ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու հաջորդ օրից սկսեց ինքն իր դեմ գործել: Երբ Նիկոլ Փաշինյանը հանեց ուսապարկը, պարզվեց՝ երկիրը կառավարելու պատկերացում ու ծրագիր չկա՝ հեղափոխականները սկսեցին իրավիճակային ու իրադարձային որոշումներ ընդունել ու իրականացնել: Նրանք միանգամից մոռացան, որ իրենց խնդիրը ոչ թե անձերին փոխելն է, այլ համակարգը: Համակարգը: Որ «նախորդ հանցավոր ռեժիմի» կադրերի փոխարեն սեփական քայլածներով, սորոսականներով ու հավատարիմներով համալրված՝ գործելու է նույն տրամաբանությամբ:
Փոխարենը հեղափոխական էյֆորիայի ալիքի վրա հայտարարվեցին Երևանի ավագանու ու ԱԺ արտահերթ ընտրություններ, ու ՔՊ-ն իր ձեռքով առաջին հարվածը հասցրեց իրեն՝ խորհրդարանում ստանալով բացարձակ մեծամասնություն ու ինքն իրեն դատապարտելով լճացման ու տրոհումների: Փոխարենը այլևս «ազատության ու ժողովրդավարության բաստիոն» Հայաստանում, որից կախված է աշխարհում ժողովրդավարության ճակատագիրը, տարբեր «պայքարների» շրջանակներում սկսվեցին ու չեն ավարտվում ընտրովի դատավարությունները, որ հարվածի տակ են դնում ՀՀ ինքնիշխանությունը՝ Հայաստանը ներքաշելով հիբրիդային պատերազմի մեջ: Գուցե քչերն են նկատել, որ լյուստրացիան սկսվել է ու առավել քան ակնհայտ է՝ ո՞ր շարասյունը ու՞մ շահերն է առաջ մղում՝ անտեսելով ՀՀ ինքնիշխանության շահը: Օրինակ՝ երկրորդ նախագահի ու ՍԴ նախագահի հետ ՌԴ դեսպանի հանդիպումներից, նրան ԱԳՆ հրավիրելուց ու ՀՀ ներքին գործերին միջամտությունից զերծ մնալու նախազգուշացումից հետո ի՞նչ արեցին զանազան ակտիվիստներն ու քաղաքական ուժերը: Բացի «Հանրապետություն» կուսակցությունից, որ անկախությունը բացարձակ արժեք հայտարելով ու ՀՀ ինքնիշխանության պաշպանության անհրաժեշտությունից ելնելով՝ անթույլատրելի համարեց ՀՀ-ում ՌԴ դեսպանի քայլերը, որ չեն տեղավորվում «հասարակական-քաղաքական-բիզնես շրջանակների» հետ հանդիպումների տրամաբանության մեջ և հայտարարեց. «Եթե ՀՀ ԱԳՆ հրավիրվելու ու Հայաստանի ներքին գործերին չմիջամտելու նախազգուշացումից հետո ՌԴ դեսպանը շարունակի այդ գործելաոճը, «Հանրապետություն» կուսակցությունը սկսելու է Հայաստանում նրան persona non grata հայտարարելու շարժում՝ դիմելով քաղաքական գործունեության բոլոր թույլատրելի միջոցներին՝ այդ թվում՝ ՌԴ դեսպանատան դիմաց բողոքի ակցիաներ կազմակերպելուն»: Որևէ կուսակցություն հարկ համարե՞ց իր վերաբերմունքն արտահայտել ՌԴ դեսպանի, իմա՝ Ռուսաստանի քայլերի վերաբերյալ: Լյուստրացիան ուրիշ ի՞նչ կերպ է լինում: Մի սպասեք, որ ասեն. «Մենք սնվում ենք ՌԴ-ից ու պաշտպանում ենք ՌԴ շահը, մենք ՌԴ ներկայացուցիչն ենք Հայաստանի քաղաքական ու հասարակական, քաղաքացիական-ակտիվիստական, ֆինանսական-տնտեսական դաշտում»: Ինչու՞ հակասորոսականները, հանուն ՀՀ ինքնիշխանության, չորոշեցին մեկ ժամով շրջափակել ՌԴ դեսպանատան մուտքը: Բազմագույն «ծռերը», և այլք պարոնայք ու տիկնայք: Եթե իսկապես մտածում են Հայաստանի մասին: ՈՒ՝ պատվեր չեն կատարում: Հենց դա է հիբրիդային պատերազմը, որ ՀՀ իշխանությունը չի ընկալում ու համարժեք քայլերի ունակ չէ: Փոխարենը հեշտ ու հասու է քրեական ու քաղաքական դատավարությունների շոուներով, պատերին տալով ու մայթերին պառկեցնելով, «Վենդետա չի լինելու», «Գիլիոտինի մի սպասեք» հայտարարություններով վենդետա անել ներկայի ու գիլիոտինն իջեցնել ապագայի վրա։ Հընթացս նաև այդ ներկան ու ապագան որակելով «Պոզիտիվ, կրեատիվ, իննովացիոն», ոչինչ, որ real taim իրավիճակը նեգատիվ է, պալիատիվ ու կոնսերվատիվ։ Համարյա ամեն օր լուրեր են հրապարակվում սպանությունների մասին: Համարյա ամեն շաբաթ ՀՀ վարչապետը հայտարարում է, որ տնտեսությունը «հերոսները» պիտի զարգացնեն, իսկ ինքը հաղթել է փողոցում «պպզած սպասող քուչային»: Համարյա ամեն կառավարության նիստի կամ տարբեր իրադարձությունների բերումով նրա ելույթներում հնչում են սպառնալիքներ: Հիմնականում՝ անձերին: Որովհետև հեղափոխությունից մեկ տարի հետո էլ չկա համակարգը փոխելու անհրաժեշտության ընկալումը: Կամ՝ կա, բայց չգիտեն՝ ինչպես: ՈՒ սիրո և համերաշխության, բաց ձեռքերի, դուխով հեղափոխությունը վերածվում է հետհեղափոխական ատելության ու պառակտումի խրամատի, որտեղ փորձում են խցկել առանց բացառության բոլորին, որ հասկանան՝ ում հետ ինչպես վարվել։ Սկզբի համար իրական համերաշխության ու հանդուրժողականության անհրաժեշտությունը պետք է գիտակցել ու ինքնիշխանությունը հարվածի տակ դնող մթնոլորտը փոխել: Շատ քչերը կասկածի տակ կդնեն, որ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանը պետք է հեռանա, և ՍԴ կազմը պետք է փոխվի, բայց երբ ՍԴ նորընտիր անդամը խորհրդարանում երդումից առաջ ինքն իրեն հռչակում է ՍԴ նախագահ, ոչ թե այդ խնդիրն է լուծում, այլ հարվածի տակ է դնում Հայաստանի՝ իրավական պետություն լինելու իրավունքն ու ՍԴ նախագահին և անդամներին հնարավորություն է տալիս համախմբվել ու պայքարել՝ հասկանալի չէ ում դեմ ու ինչի համար՝ նրանց շուրջ հավաքելով ոչ թե իրենց, այլ օրինականության ապահովման կողմնակիցներին: Տասնյակ իրավաբաններ հաստատեցին, որ Վահե Գրիգորյանի հայտարարությունն իրավական աբսուրդ է, անգամ ՔՊ-ն հավաստեց, որ ոչնչից տեղյակ չէր, բայց ակնհայտ է, որ նման հայտարարությունները հենց այնպես չեն հնչում: Հակառակ դեպքում համարժեք արձագանք պիտի լիներ, որ չկա: Հետևանքը լինելու է այն, որ մի քանի օր ՍԴ-ի առաջ ի պաշտպանություն Հրայր Թովմասյանի ու Հրայր Թովմասյանի դեմ ցույցեր են լինելու: Լավագույն դեպքում: Ոստիկանության աչքը լույս: Վատագույն դեպքում ՍԴ-ն շարունակելու է այս կազմով ինչ-որ ժամանակ գործել: Պատահական չէ, որ Վահե Գրիգորյանի հայտարարության հաջորդ օրը ՍԴ-ն հայտարարեց, որ վարույթ է ընդունել Ռոբերտ Քոչարյանի դիմումը, ավելին՝ դատաքննությունը նշանակել է 2019-ի օգոստոսի 29-ին: Այսինքն՝ վստահ են, որ մինչև սեպտեմբեր ոչինչ չի փոխվելու: Կամ՝ ժամանակ են ձգում թե իրենց, թե Ռոբերտ Քոչարյանի համար: ՈՒ դա նաև Սերգեյ Կոպիրկինի հետ հանդիպման ուղղակի հետևանքն է: Մեծ երևակայություն պետք չէ ունենալ՝ հասկանալու, որ Հայաստանում քաղաքացիական բախումները, անկայունությունը, տնտեսությունը 64-րդ պլան մղելն ու ընթացիկ հրդեհները մարելը ակնահաճո են թե Ռուսաստանին, թե Ադրբեջանին, թե Թուրքիային: Այս մթնոլորտում վեթինգ, անցումային արդարադատություն՝ դառնում են ձևական, որովհետև նույն համակարգում փոխում են անձանց՝ իշխանության անցանկալիներին՝ իշխանության ցանկալիներով, իսկ պետության կյանքում ոչինչ չի փոխվում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ. Գ. «Պոզիտիվ, կրեատիվ, իննովացիոնը» չստացվեց նաև Վաշինգտոնում: Վկա համանախագահների հայտարարությունը, որտեղ չկա Վիեննայի օրակարգը, իմա՝ սահմանին միջազգային հետաքննության մեխանիզմների տեղակայումը: Ադրբեջանը դիմադրում է, որովհետև այդ դեպքում եթե ոչ ընդմիշտ, երկար ժամանակով փակելու է պատերազմի ճանապարհը և ճանաչելու է Արցախի սահմանը: Գուցե կիրթ Ալիևը խոստացել է չկրակե՞լ՝ Վիեննան չպնդելու դիմաց: Քանի՞ օրով: Էլմար Մամեդյարովը Զոհրաբ Մնացականյանի հետ հանդիպման, ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկների մասին ասաց. «Մեր միջև շարունակում են բավականին լուրջ տարաձայնություններ լինել: Ընդհանուր առմամբ, կարող եմ ասել, որ առաջարկները նույնն են: 15 տարի մենք տեսնում ենք միևնույն գաղափարները, խաղաղության նույն ծրագիրը»։ Եվ հավելեց՝ եղել են «ինտենսիվ և խորքային» բանակցություններ: Մամեդյարովը կարծում է, որ «անհրաժեշտ է ավելի շատ քաղաքական կամք դրսևորել: Շփման գծում իրավիճակը չպետք է խոչընդոտի դեպի խաղաղության պայմանագիրը կամ հռչակագիրը տանող առաջընթացին»։ Իրականում ավելի կարևոր էր՝ ինչ են ասում ԱՄՆ պաշտոնյաները: Փաստացի՝ ստատուս-քվոն դարձել է կոնֆիկտի լուծում, բանակցային գործընթացում փոփոխություն չկա։ Բոլթոնի պլան չկա: Կա կողմերի՝ բանակցությունները շարունակելու ցանկություն։ Հումանիտարը, խաղաղությանը նախապատրաստելը, ինժեներական աշխատանքները օրակարգում չեն: Բաքուն պնդում է սուբստանտիվը, Երևանը մերժում է Լավրովի պլանը: Իսկ վարչապետն ասում է. «Մենք կողմնակից ենք մեր տարածաշրջանում տևական և կայուն խաղաղություն հաստատելու գործին: Բայց, եթե կլինեն ուժեր, որ մեր այս մղումը կփորձեն մեկնաբանել որպես թուլության դրսևորում, ահա այդ բոլոր ուժերը կստանան մեր հավաքական կամքի, մեր հավաքական ուժի վճռական հարվածը, վճռական հակահարվածը»: ՈՒ՞մ է ասում:
Հասցեատիրոջը գիտի՞, թե՞ էլի սև ու սպիտակ է խաղում ու բումերանգ նետում: