Տեղական ու միջազգային մի շարք կազմակերպություններ, ինչպես նաև առանձին երկրներ հանդես են գալիս Հայաստանում միասեռականների և ուրիշ այլասերվածների, ինչպես նաև ԼԳԲՏԻ (լեսբուհի, գեյ, բիսեքսուալ, տրանսվեստիտ) անձանց պղծության, այլասերման, սոդոմական մեղքի քարոզչության և նրանց այլ «իրավունքների» պաշտպանությամբ, խրախուսմամբ ու խթանմամբ: Եվ, կարծում ենք, մեր հասարակությունը պետք է տեղեկանա, թե որ կազմակերպությունների և երկրների մասին է խոսքը:
Ս. թ. մայիսի 21-ին հրապարակված «ՀՀ Անկախության հռչակագրի նկատմամբ որևէ ոտնձգություն համարվելու է հանցագործություն և ունենալու է ծանրագույն հետևանքներ» վերտառությամբ հոդվածում ներկայացրել էինք միջազգային այդպիսի կազմակերպություններից մեկին՝ Եվրոպական միությանը (ԵՄ), որի բարձր ներկայացուցիչ Ֆեդերիկա Մոգերինին մայիսի 17-ին հոմոֆոբիայի, տրանսֆոբիայի և բիֆոբիայի դեմ պայքարի միջազգային օրվա (մայիսի 17) կապակցությամբ Եվրոպական միության անունից հանդես է եկել խայտառակ հայտարարությամբ (Հայաստանում այն առաջինը հրապարակել է Եվրամիության դեսպանությունը): Աշխարհում այլասերման, պղծության, սոդոմական մեղքի տարածման, դրանով զբաղվողների պաշտպանության ու հովանավորման ակունքում, ԵՄ-ից բացի, կանգնած է նաև ԱՄՆ-ի պետքարտուղարությունը (պետդեպարտամենտը), այլ կերպ ասած՝ ԱՄՆ-ի արտաքին քաղաքական գերատեսչությունը, որն այժմ ղեկավարում է Մայք Պոմպեոն:
2019 թ. մարտի 13-ին հրապարակվել է Հայաստանում 2018 թ. մարդու իրավունքների վերաբերյալ ԱՄՆ-ի պետքարտուղարության Ժողովրդավարության, մարդու իրավունքների և աշխատանքի բյուրոյի զեկույցը: Հիշյալ բյուրոյի մարդու իրավունքների զեկույցում ընդարձակ անդրադարձ կա նաև Հայաստանում ԼԳԲՏ անձանց մասով մարդու իրավունքների վիճակին:
«Սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վրա հիմնված բռնության դրսևորումներ, խտրականություն և այլ չարաշահումներ» վերնագրումը ստացած բաժնում նշված է. «Հակախտրականական օրենսդրական դրույթները սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ԼԳԲՏԻ անձանց համար պաշտպանություն չէին ապահովում»:
Խնդրին անտեղյակ անձանցից ոմանք գուցե և հարցադրեն՝ իսկ ի՞նչ վատ բան է գրված ԱՄՆ-ի պետդեպարտամենտի զեկույցում… Թեև այս դեպքում «վատ»-ը նույնիսկ մեղմ է ասված, քանի որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտն այսպիսի զեկույցներով մեզ դեպի սոդոմգոմորյան կործանում է առաջնորդում: Սակայն, անտեղյակ մարդկանց նույնիսկ դա, առանց համապատասխան մեկնաբանությունների, կարող է տեսանելի կամ հասկանալի չլինել: Եվ, ուրեմն, ինչպես ասում են, հերթով…
Բնականաբար, հարց է առաջանում՝ «Հակախտրականական օրենսդրական դրույթները սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ԼԳԲՏԻ անձանց համար պաշտպանություն չէին ապահովում» ինչի՞ց… Քանի որ զեկույցում խոսքը «հակախտրականական» օրենսդրական դրույթների մասին է, պատասխանը պարզ է՝ պաշտպանություն չեն ապահովում սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ խտրականության կիրառումից:
Ընդգծենք, որ ՀՀ-ում նշված հիմքով ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ մարդու և քաղաքացու հիմնական իրավունքների և ազատությունների գերակշիռ մասի առումով խտրականություն չի կիրառվում, ինչն անժխտելի փաստ է: Գործնականում նրանց նկատմամբ խտրականություն (մերժում, արգելում) կիրառվում է կամ կարող է կիրառվել միայն հետևյալ դեպքերում՝ երեխայի որդեգրման խնդրանքի (որպեսզի չաղավաղեն անչափահասի հոգեբանությունը, չպղծեն նրա հոգին ու, հնարավոր է, նաև մարմինը), դաստիարակչական, կրթական հաստատություններում աշխատելու ցանկության (նույն պատճառներով), այլասերման քարոզչության (ընդ որում, այս առումով խտրականություն, ցավոք, կիրառվում է խիստ մասնակիորեն), ինչպես նաև այլասերվածների պիղծ ամուսնությունները քաղաքացիական կացության ակտերի մարմիններում գրանցելու ցանկության կամ դիմումի:
Ահա խտրականության հենց վերոնշյալ դրսևորումներն են, որ, Եվրամիության հետ, անհանդուրժելի է համարում ԱՄՆ-ի պետդեպարտամենտը: Վերջինս իր զեկույցում արձանագրելով, որ «Հակախտրականական օրենսդրական դրույթները սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով ԼԳԲՏԻ անձանց համար պաշտպանություն չէին ապահովում», դրանով իսկ ՀՀ իշխանություններին դիվանագիտական լեզվով ասել է, որ ՀՀ-ում գոյություն ունեցող հակախտրական օրենսդրական դրույթները ԱՄՆ-ին չեն բավարարում, քանզի դրանք բավարար չեն խտրականությունից հիշյալ հիմքով ԼԳԲՏԻ անձանց պաշտպանությունը (այսինքն՝ լիարժեք պաշտպանությունը) ապահովելու համար: Իսկ դրանից բխում է այն, որ ինչպես ԵՄ-ն, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը նույնպես ՀՀ-ից պահանջում է ընդունել առանձին օրենք խտրականության մասին, ինչը ՀՀ իշխանությունները պատրաստվում են առաջիկայում անելու: Ըստ իշխանական «Իմ քայլը» կուսակցությունների դաշինքով ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր ընտրված Թագուհի Թովմասյանի հիմնադրած «Ժողովուրդ» օրաթերթի 2019 թ. մայիսի 14-ի հրապարակման, «ՀՀ իշխանություններին նոր գլխացավանք է սպասում: Խոսքը «Խտրականության մասին» օրենքի նախագծի մասին է, որ ՀՀ արդարադատության նախարարությունը պատրաստվում է ԱԺ ներկայացնել»:
Բացի վերոնշյալից, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Զարուհի Բաթոյանը նպատակ ունեն հասնելու նրան, որ ՀՀ աշխատանքային օրենսգրքում ներառվի ցանկացած բնույթի (այդ թվում նաև՝ ըստ անձի սեռական կողմնորոշման) խտրականությունն արգելող դրույթ, ինչը նշանակում է, որ ԼԳԲՏԻ անձանց սեռական կողմնորոշման կամ գենդերային ինքնության հիմքով դպրոցում կամ մանկապարտեզում աշխատանքի չընդունելը կամ աշխատանքից ազատելը որոշակի պատասխանատվություն կառաջացնի տվյալ հաստատության տնօրենի համար:
Ավելին. ՀՀ արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը, նշված նախարարության հրապարակած պաշտոնական տեղեկատվության համաձայն, ս. թ. մարտի 4-ին ընդունելով Եվրոպայի խորհրդի մարդու իրավունքների և օրենքի գերակայության գլխավոր տնօրինության ղեկավար Քրիստոս Ջիակոմոպուլոսին, Երևանում ԵԽ գրասենյակի ղեկավար Նատալյա Վուտովային, նրանց նաև տեղեկացրել է, որ «օրենսդրական կարևոր նախաձեռնությունները, մասնավորապես քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի նախագծերը, ընթացքի մեջ են, և, Կառավարության ու Օրենսդիր մարմնի միասնական լինելով պայմանավորված, դրանք շատ արագ կընդունվեն և կյանքի կկոչվեն»: Պաշտոնական համապատասխան (E-draft.am) կայքում հրապարակված ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի 197-րդ հոդվածի («Խտրականությունը») համաձայն, խտրականությունը` մարդու իրավունքները, ազատություններն ու օրինական շահերը ուղղակի կամ անուղղակի խախտելը, կախված նրա սեռական կողմնորոշումից, պատժվում է ընդհուպ ազատազրկմամբ մինչև 2 տարի ժամկետով: Եթե ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագիծն ընդունվի իր ներկայիս տեսքով, ապա Հայաստանում այլասերման քարոզչության ուղղակի կամ անուղղակի ցանկացած արգելք, ԼԳԲՏԻ անձանց կողմից երեխա որդեգրելու կամ, ասենք, դպրոցում ուսուցիչ աշխատելու ցանկացած մերժում կհամարվի քրեական հանցանք և ենթակա կլինի քրեական պատժի:
Ինչպես Եվրամիությունը, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը նույնպես ցանկանում է, իսկ խորքում պահանջում է մեզանից, որ հանդուրժող լինենք ոչ միայն միասեռականների և, ընդհանրապես, ԼԳԲՏ անձանց, այլև նրանց սոդոմական մեղքի և այդ կործանարար մեղքի, պղծության քարոզչության նկատմամբ: Ցանկանում (պահանջում) են, որ չատենք այդ մեղքը և այն համարենք մարդու սովորական կամ ընդունելի վարք:
«Չկային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարող օրենքներ կամ այլ քրեական դատական մեխանիզմներ, որոնք կօգնեին ԼԳԲՏԻ համայնքի անդամների դեմ գործած հանցանքներով քրեական հետապնդում իրականացնելիս,- նշված է ԱՄՆ-ի պետդեպարտամենտի հիշյալ զեկույցում:- Հասարակության կողմից սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վրա հիմնված խտրականության դրսևորումը բացասաբար է անդրադարձել կյանքի բոլոր բնագավառներում՝ զբաղվածություն, բնակապահովում, ընտանեկան հարաբերություններ, կրթություն ու առողջապահական ծառայությունների հասանելիություն: Տրանսգենդեր անձինք հատկապես խոցելի էին ֆիզիկական ու հոգեբանական բռնությունների ու հալածանքների տեսանկյունից»:
Ի՞նչ նկատի ունի պետդեպարտամենտը՝ իր զեկույցում նշելով, թե «չկային ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարող օրենքներ կամ այլ քրեական դատական մեխանիզմներ, որոնք կօգնեին ԼԳԲՏԻ համայնքի անդամների դեմ գործած հանցանքներով քրեական հետապնդում իրականացնելիս»: Նշվածը կեղծիք է. զեկույցում առկա այս ձևակերպումից անտեղյակ մեկը կարող է այն սխալ տպավորությունը ստանալ, թե ՀՀ-ում ատելության հողի վրա կատարված հանցագործություններն անպատիժ են մնում, քանի որ դրանց դեմ պայքարող քրեական դատական մեխանիզմներ չկան:
Մինչդեռ իրականությունն այն է, որ մեր երկրում հանցագործությունների դեմ (այդ թվում նաև՝ ատելության հողի վրա կատարված) պայքարող քրեական դատական մեխանիզմներ կան, դրանք արտահայտված են ՀՀ քրեական և քրեական դատավարության օրենսգրքերի բազմաթիվ հոդվածներով, քրեական գործերով դատաքննություն իրականացնելու դատարանների իրավազորությամբ ու չեն տարբերակում՝ անձի նկատմամբ հանցագործությունն ատելությա՞ն հողի վրա է կատարվել, զզվանքի՞, խանդի՞, նախանձի՞, թե՞ մեկ այլ բանի:
Տարաբնույթ հանցագործությունների դեպքում պատիժ նախատեսող, այդ հանցագործությունների դեմ պայքարող բազմաթիվ հոդվածներ կան ՀՀ քրեական օրենսգրքում, հետևաբար ատելության հողի վրա կատարված հանցագործությունների դեմ պայքարող այդ ի՞նչ օրենքների մասին է խոսքն այն դեպքում, երբ հանցագործությունների դեմ պատիժ նախատեսող, պայքարող օրենսդրական դրույթները ոչ թե ինչ-որ օրենքներում, այլ Քրեական օրենսգրքում պետք է լինեն ու հենց այնտեղ են:
Դատելով ամենից, ԱՄՆ-ի պետդեպարտամենտը նկատի ունի այն, որ ՀՀ օրենսդրությունում ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ ատելության հողի վրա կատարված հանցագործությունների համար ավելի խիստ պատիժ սահմանող նորմ կամ դրույթ չկա, ու պետդեպարտամենտի նպատակը հասնելն է նրան, որ ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծի 72-րդ հոդվածի («Պատիժը ծանրացնող հանգամանքները») 1-ին մասի 7-րդ կետում որպես պատիժը ծանրացնող հանգամանք նշվի նաև հանցանքը սեռական կողմնորոշմամբ և/կամ գենդերային ինքնությամբ պայմանավորված ատելության, անհանդուրժողականության կամ թշնամանքի շարժառիթով կատարելը, այսինքն՝ ընդունվի «Հանրային տեղեկատվություն և գիտելիքի կարիք» («Փինք Արմենիա») ՀԿ-ի առաջարկը:
Վերոնշյալ առաջարկի ընդունումը, որին հետամուտ է նաև ԱՄՆ-ի պետդեպարտամենտը, անթույլատրելի է: Հակառակը՝ տրանսգենդերի, իսկ այլասերման հրապարակային քարոզչության պարագայում ցանկացած չափահաս անձի նկատմամբ բռնությամբ հանցանքը (ծեծ և այլն) ատելության հողի վրա կատարած լինելը ՀՀ քրեական նոր օրենսգրքի նախագծում պետք է ձևակերպել որպես պատիժը մեղմացնող հանգամանք, քանի որ անձն այդ հանցանքը կատարել է ոչ թե, ասենք, շահադիտական նպատակներով, այլ հարկադրաբար՝ տրանսգենդերի գոյությունը կամ ցանկացած չափահաս անձի կողմից այլասերման քարոզչությունը մեր հասարակության մեջ համարելով անբնական, հակամարդկային և հակաաստվածային, վտանգավոր, մեր ազգին ու նրա արժեհամակարգին անհարիր, այսինքն՝ առաջնորդվելով հանրային գերակա շահով և ազգային անվտանգությամբ:
Ոմանց մեջ կարող է հարց առաջանալ՝ մի՞թե կողմ եք ԼԳԲՏ անձանց նկատմամբ հանցագործություններին: Միանգամից պատասխանենք՝ ո՛չ, կողմ չենք, բայց միաժամանակ նշենք, որ Հայաստանում այլասերվածների հանդեպ բռնությունների մի մասի հեղինակները հենց նույն այլասերվածներն են եղել (խանդի հողի վրա, պայմանավորված սեռական ծառայությունից դժգոհ մնալով կամ դրա դիմաց վճարելուց հրաժարվելով և այլն), իսկ մյուս մասը կատարվել է հարկադրաբար՝ այլասերվածների սադրանքի, պատվախնդիր մարդկանց համբերության բաժակը լցվելու պատճառով, երբ այդ մարդիկ ստիպված են եղել կարգի հրավիրել այլասերվածներին, քանի որ հենց պետությունը չի կատարել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իր գործառույթը:
Ի՞նչ նկատի ունենք այն պնդմամբ, որ պետությունը չի կատարել ՀՀ Սահմանադրությամբ նախատեսված իր գործառույթը: Ա՛յն, որ պետությունն օրենքով չի արգելել ու հիմա էլ, այսինքն՝ իշխանափոխությունից հետո, դեռ չի արգելում այլասերման քարոզչությունը, ներառյալ՝ անչափահասների շրջանում, չնայած նրան, որ ՀՀ Սահմանադրության 42-րդ հոդվածի («Կարծիքի արտահայտման ազատությունը») 3-րդ մասով նախատեսված է՝ «Կարծիքի արտահայտման ազատությունը կարող է սահմանափակվել միայն օրենքով` պետական անվտանգության, հասարակական կարգի, առողջության և բարոյականության կամ այլոց պատվի ու բարի համբավի և այլ հիմնական իրավունքների և ազատությունների պաշտպանության նպատակով»:
Ընդգծում ենք՝ բարոյականության պաշտպանության, այլոց պատվի, հասարակական կարգի, պետական անվտանգության պաշտպանության համար… Այս առումով եթե ոմանք բռնություն են կիրառել ԼԳԲՏԻ անձանց նկատմամբ, ու դա որակվում է հանցագործություն, ապա պետությունը կիսում է այդ հանցագործության մեղքը և ապագայում էլ կիսելու է, քանի դեռ օրենքով բարոյականության պաշտպանության, այլոց պատվի, հասարակական կարգի, պետական անվտանգության պաշտպանության համար չի արգելել այլասերման քարոզչությունը:
Խիստ կասկածելի է պետդեպարտամենտի զեկույցում առկա այն արձանագրումը, թե հասարակության կողմից սեռական կողմնորոշման ու գենդերային ինքնության վրա հիմնված խտրականության դրսևորումը բացասաբար է անդրադարձել կյանքի բոլոր բնագավառներում՝ բնակապահովում, առողջապահական ծառայությունների հասանելիություն, կրթություն… Իսկ ի՞նչ է, Հայաստանում բնակարանի կարիք ունեցող նորմալ մարդկանց բնակապահովման խնդիրը լուծված է, ԼԳԲՏԻ անձանց նկատմա՞մբ է խտրականություն կիրառվել… Այսինքն՝ պետությունը պարտավո՞ր էր նրանց բնակարանով ապահովել: Չի ապահովել, քանի որ ԼԳԲՏԻ անձի՞նք են… Սա ի՞նչ անհեթեթություն է…
Կամ՝ որոշակի ու՞մ կողմից և այլասերվածներից որոշակի ու՞մ է մերժվել առողջապահական ծառայությունների մատուցումը, ի՞նչ հիմք ունի պետդեպարտամենտում ԼԳԲՏԻ անձանց առողջապահական ծառայությունների հասանելիության վերաբերյալ առկա վերոնշյալ ձևակերպումը: Տպավորությունն այն է, որ ԱՄՆ-ի պետդեպարտամենտի նման կառույցն առաջնորդվել է այլասերվածների իրավունքների պաշտպան հայաստանյան որոշ ՀԿ-ների կեղծագրերով:
Եվ ի՞նչ է նշանակում, թե տրանսգենդեր անձինք հատկապես խոցելի էին հոգեբանական բռնությունների ու հալածանքների տեսանկյունից: Նրանք իրենց անբնական, հակամարդկային և հակաաստվածային կողմնորոշման և արարքների համար չպե՞տք է հանդիմանվեն, կշտամբվեն, քննադատվեն, պարսավվեն… Այլասերվածների սոդոմական մեղքը, առավել ևս՝ նրանց կողմից դրա, այլասերման քարոզչությունը չպե՞տք է քննադատվի, դատապարտվի, պախարակվի, որովհետև ԱՄՆ-ի պետդեպարտամենտը վերոնշյալ քննադատությունը, պարսավանքը որակում է նրանց հանդեպ հոգեբանական բռնություն ու հալածանք… Ականջներիդ օղ արեք. հայերս ատելու ենք սոդոմական մեղքը ու չենք հանդուրժելու այլասերման քարոզչությունը:
Թեև վերոնշյալ զեկույցի առնչությամբ մեր վերլուծությունը դեռ շարունակություն կունենա, քանի որ դրանում անդրադարձ կա նաև Շուռնուխի դեպքին, ոստիկանության Երևանի բաժիններից մեկում այլասերվածների հետ կապված միջադեպին, բայց, կարծում ենք, նույնիսկ շարադրվածից հետո յուրաքանչյուրը կարող է հետևություն անել՝ ԱՄՆ պետդեպարտամենտը հայերիս ու Հայաստանի բարեկա՞մն է, թե՞ թշնամին…
Արթուր ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ