ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Վերջին բռնապետը կարող է դառնալ դաշնակից Պուտինի դեմ

Վերջին բռնապետը կարող է դառնալ դաշնակից Պուտինի դեմ
26.05.2019 | 13:05

Եթե ուզում եք ցմահ նախագահ մնալ, պետք է կանխավ ծրագրեք: Վլադիմիր Պուտինի իրավասությունների ժամկետն ավարտվում է 2024-ին, և նա պետք է ընտրություն կատարի: Կրեմլի գլխավոր գիշատչի համար առավել գրավիչ տարբերակ է հարևան Բելառուսի անեքսիան՝ գրում է Ռոջեր Բոյեսը The Times-ում: 1996-ին երկու երկրները ստորագրել են միութենական պայմանագիր, որ կոչ է անում ստեղծել դաշնային պետություն: Եթե պայմանագիրը իրականացվեր և տնտեսությունները լիարժեք ինտեգրված լինեին, արդյունքը կլիներ ընդլայնվող ՙՌուսաստան+՚-ը: Պուտինը անարգել կարող էր դառնալ նոր կառույցի ղեկավար և իրեն կազատեր իրերը Կրեմլից տեղափոխելու հոգսից: Այս սցենարի պրոբլեմն է, որ Բելառուսն արդեն ղեկավարում է մարդ, որ հավասարապես ձգտում է իր տեղում մնալ՝ Ալեքսանդր Լուկաշենկոն, ում համարում են Եվրոպայի վերջին բռնապետը: Ազգի հավերժական հայր դառնալու՝ Պուտինի հավակնությունները բավարարելու համար Լուկաշենկոն պետք է տեղը զիջի: Նորմալ պայմաններում դա կարող էր դիտարկվել լիովին իբրև XIX դարի վեճ՝ երկու ավտորիտար ղեկավարների միջև, որ ի վերջո լուծվում է հօգուտ ավելի շատ նավթ, ավելի շատ տանկեր ու միջազգային ազդեցություն ունեցող երկրի: Այլ խոսքով՝ քաղաքական դիմակայությունը էականորեն հօգուտ Կրեմլի է: Վիճակագրությունը հստակ է՝ Ռուսաստանն ունի 900 000-անոց բանակ, Բելառուսը՝ 45 350:


Եվրոպական սահմանակից շրջանները տագնապած են և ավելի խելամիտ ղեկավարման դեպքում Բելառուսը կարող էր պարզապես խուսափել Պուտինի կաշկանդիչ գրկախառնումից: Բռնության շարունակումը Դոնբասում հանգեցնելու է Արևմուտքի հերթական պատժամիջոցներին: Կրեմլի ու Թրամփի վարչակազմի՝ հարաբերությունների վերբեռնման ցանկությունը կմտնի փակուղի: Դա նույնպես կարող է Լուկաշենկոյին մղել Արևմուտքին հայացքն ուղղել կամ նույնիսկ Չինաստանին՝ առավել կայուն գործընկերային հարաբերությունների որոնումներում: Բելառուսների համար ամենաստորացուցիչ դիլեման տնտեսության կյանքն է, որի բիզնես մոդելն ամբողջությամբ կառուցված է ռուսական սուբսիդիաների վրա: Ռուսական հումքը մտնում է Բելառուս, վերամշակվում ու վաճառվում արևմտյան շուկաներում: Մոսկվան ցանկանում է նավթի հարկ վերցնել հարևանին մատակարարվող հումքից: Լուկաշենկոն դիմադրում է՝ ասելով, որ չի կարելի այդպես վարվել մերձավոր դաշնակցի հետ: Կրեմլի պատասխանն էր՝ արագացրեք երկու երկրների ինտեգրումը միասնական մաքսային ծառայության, միասնական տարադրամի, միացյալ դատական համակարգի ու համատեղ Սահմանադրութան միջոցով: Թիմում խաղացեք ու մենք մեր նավթի դիմաց կգանձենք մեր ներքին տուրքերը: Այլ խոսքով՝ տվեք ձեր անկախության մնացորդները, ներդրում արեք Պուտինի կենսաթոշակային ծրագրում ու մենք կշարունակենք ձեզ աջակցել: Լուկաշենկոն չի սխալվում, որ դա ՙդոն Կոռլեոնիեի՚ ոգով առաջարկ է: Ու՞ր է այդ ամենը տանում: Հավանաբար՝ ոչ ուկրաինական ոգով ներխուժման, թեպետ ՆԱՏՕ-ի շտաբային սպաները այդ հնարավորության խաղարկումով զորավարժություններ արեցին: Ռուսաստանը մեծացնելու է ճնշումը Լուկաշենկոյի վրա, որ նա համաձայնի արագ միավորման: Պետք է պատասխան ոչ միայն հարցին՝ ինչպես երկարացնել Պուտինի կառավարումը. այլև՝ ինչպես առավել համոզիչ ռուսական իշխանությունը հաստատել ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի սահմանների ուղղությամբ: Իմաստ չունի շտապեցնել Լուկաշենկոյին ԵՄ կամ ՆԱՏՕ մտնել: Բայց եթե Մոսկվան շարունակի նրան անկյուն քշել, նա շուտով փորձելու է ԱՄՀ-ից վարկ ստանալ: Վարկ տալը կախված է տնտեսական խոր բարեփոխումներից: Նրան պետք է եվրոպական ֆինանսավորումը, որ պայմանավորված է թափանցիկ ընտրություններով, քաղաքացիական հասարակությանը զիջումներով ու մահապատժի մորատորիումով: Մենք կարող ենք ավտոկրատիային օգնել առավել ազատ շնչել ու ցույց տալ Պուտինին, որ չի կարող նախկին խորհրդային հանրապետություններին վերաբերվել ինչպես իր անձնական խաղահրապարակի:
Ռոջեր Բոյես, The Times


Հ.Գ. ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի վարկանիշը հասել է պատմության մեջ ամենացածր ցուցանիշինին: Ըստ Հասարակական կարծիքի ուսումնասիրման համառուսաստանյան կենտրոնի վերջին հարցումների, Վլադիմիր Վլադիմիրովիչին այժմ վստահում է ռուսաստանցիների 31,7 տոկոսը: Ըստ փորձագետների՝ նրա վարկանիշը նվազել է կենսաթոշակի անցնելու տարիքային շեմը բարձրացնելու, ԱԱՀ-ի բարձրացման ու Արևմուտքի պատժամիջոցների պատճառով սրված տնտեսական վիճակի պատճառով: Բելառուսում Լուկաշենկոյի վարկանիշի հարցումներ հայտնի չեն:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 1744

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ