ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ձեռս մաշի դառնա ի հող, օրենքս մնա հիշատակող

Ձեռս մաշի  դառնա ի հող, օրենքս մնա  հիշատակող
08.11.2013 | 00:32

Հրանտ Մաթևոսյանն ասում էր` հրեն կովն անդարդ արածում է, հորթին երեկ են մորթել. հիշողություն չունի: Մեր ժամանակն ու կյանքն էլ հայտնվել են հիշողությունից զուրկ ցիկլի մեջ: Դժվար է տրվում` ժամանակի անձավ մտնելն ու այնտեղից մի քանի պատառ հիշողություն պոկելը: Շա՜տ է ցավեցնում:

Հաճախ եմ ինձ բռնել այն մտքի վրա, որ եթե Եգորը (այդպես էինք ասում ԷԴԻԿ ԵԳՈՐՅԱՆԻՆ), եթե Աշոտը` Նավասարդյան, ողջ լինեին, էլի՞ այսպես կլիներ: Էլի՞ արժեքներն այսքան ու այսպես գլխիվայր կլինեին։
Բայց դե, նրանք բախտավոր էին, որ այս վայրիվերումները չտեսան: Չտեսան, թե ինչպես իրենց երազած, սարքած հայրենիքը, արժեքները ձևախեղվեցին «լույսի արագությամբ»:
Եգորն այսօր (ավելի ստույգ` նոյեմբերի 11-ին) կդառնար վաթսուն տարեկան: Ասում են` տաղանդավոր էր թե՛ որպես գիտնական, թե՛ որպես ուսանող, թե՛ որպես աշակերտ, թե՛ որպես քաղաքական գործիչ։ «Սովորել ենք միասին ֆիզմաթ դպրոցում. էդ ի՜նչ աշխատասեր էր` ահավոր։ Մեր ավարտելու տարին «ծանր» տարի դարձավ,- հիշում է նրա դասընկեր, ԿԳ փոխնախարար Մանուկ Մկրտչյանը։- Մեդալներ ստանալու օրենքը փոխեցին, վերացրին արծաթե մեդալը, ոսկե մեդալ կարող էին ստանալ լոկ նրանք, ովքեր գերազանցիկ էին եղել բոլոր տարիներին. միայն Էդիկը ստացավ ոսկե մեդալ, և դա պատահական չէր: Հետո էլ նա «էդքան» գերազանցիկ էր համալսարանում: Բոլորը մտածում էին` շատ խոստումնալից ֆիզիկ է: Քաղաքականություն մտավ շատ անսպասելի, դե, գոնե ինձ համար` անսպասելի։ Ահավոր զարմացած էի` այնքա՜ն նվիրված էր գիտությանը, այնքան էր խորացած, շշմել էի. Մոսկվայից եկա, ասացի. Էդիկ, էս ի՞նչ ես անում, ո՞ւր ես գիտությունը թողել։ Ասաց՝ սա էլ է գիտություն, գուցե թե` ավելի լուրջ գիտություն, և էս պահի համար գուցե ես էստեղ ավելի եմ պետք»:
Պե՛տք էր: Այն էլ` ինչքա՜ն: «Պապաների» ու «պախանների» այս և անցնող օրերում նա համարվել ու դեռ համարվելու է «Սահմանադրության հայր»: Նվաստս իր կողքին է եղել այն օրերին, երբ նա ստեղծում էր վեց հարյուր տարի պետականություն չունեցող անկախ երկրի Սահմանադրությունը: Պետք էր տեսնել այն ոգին ու ոգեշնչումը, որով նա «արարում» էր Սահմանադրական օրենքները. «Իմ կյանքի գործն եմ անում, անեմ, հետո թող ինչ ուզում է լինի»:
Արեց: Ոչ միայն այդ: Նրա անվան հետ է կապված ՀՀ նորածին անկախ երկրի ողջ իրավական բազայի ստեղծումը: Նրա գրած մայր օրենքներն են առայսօր իրավաբանորեն ոտքի կանգնած պահում բարոյապես օր օրի խեղվող Հայաստանը։ Ասում են` Լևոն Տեր-Պետրոսյանը հենց դա չէր ներել նրան. այդ Եգորն էր, որ «օրենսդրորեն» քանդեց ՀՀՇ-ի մոնոպոլիան` համաժամանակյա քանդելով ամենաքարացած դոգման` «թեկուզ պոլի փետ, բայց ՀՀՇ-ական պետք է լինի»։ Նա հեղինակեց օրենսդրական նախագիծ, որը հնարավորություն էր տալիս ԱԺ պատգամավորին մի ֆրակցիայից անցնելու մեկ այլ ֆրակցիա, ինչն էլ քանդեց ՀՀՇ-ի ստեղծած «Հանրապետություն» բլոկը` իր հայտնի հետևանքներով հանդերձ:
«Ասեմ՝ իմանաք,- շարունակեց Մանուկ Մկրտչյանը,- իննսունականներին, ավելի ստույգ՝ 94-95 թվերին, երբ Էդիկն անչափ լուրջ դիրք ուներ քաղաքական վերնախավում, առաջինն էր, որ դարձավ ներքին ընդդիմություն, միակն էր, որ ճշմարտությունն ասաց օրվա իշխողների երեսին, սակայն ցավալիորեն ըմբռնում չգտավ»:
Ի՞նչ կարևոր էր` մեծ հաշվով: Էդիկի փոխարեն այսօր «քարերն են աղաղակում», արձանագրելով` քաղաքական դաշտում, պառլամենտում այլևս նման անխոնջ, սկզբունքային գործիչ, ով իր հետևից թողեց իրավական հսկա կաճառ, չկա: ՈՒ հարց է` մեկ էլ ե՞րբ կլինի:


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 2091

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ