Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Օրը երկար է անցնում, ժամանակը` անդարձ

Օրը երկար է անցնում,  ժամանակը` անդարձ
26.02.2013 | 00:43

Բոլորն ամեն ինչ գիտեն, ոչ ոք ոչինչ չգիտի` հակիրճ այսպիսին է հետընտրական Հայաստանը: Անցած շաբաթվա իրադարձությունները շատ նման են Պանդորայի արկղը բացելու հանրահայտ իրողությանը: Բայց այս ամենն արդեն եղել է. ես չասեմ, ասելու եք դուք: Եղել է մի քանի անգամ, ու ամեն անգամ արկղը փակվել է` հայտնի հետևանքներով: Այս փորձը իր նույնքան հայտնի նմանություններով` նաև տարբերություններ է ի հայտ բերում: Առաջին ու հիմնական տարբերությունը իրավական ձևակերպումների բացակայությունն է: Իր հայտարարությամբ արդեն նախագահ` Րաֆֆի Հովհաննիսյանը ոչինչ հանձն չի առնում, նրա ցանկացած հայտարարություն, ցանկացած քայլ, ցանկացած պահանջ ներկայացվում է իբրև ժողովրդի հայտարարություն, քայլ, պահանջ, բայց այդպե՞ս է արդյոք: Եվ ճի՞շտ է պայքարի այս նոր տեխնոլոգիան` ես էլ դու եմ, ես չկամ, արդարացնելո՞ւ է իրեն եթե ոչ ընթացքի, գոնե արդյունքի տեսակետից: Բացահայտ առաջնորդների առկայությամբ նախորդ պատմությունների իրավական ավարտը չի՞ կրկնվելու այս դեպքում, երբ նույնքան բացահայտ առաջնորդը հնարավորն անում է տարրալուծվելու ու առաջնորդվելու համար: Գույների ու ծաղիկների 21-րդ դարի հեղափոխությունների պատմության մեջ նո՞ր խոսք է հավելվել` բարևը: Բարևը` բարև, բայց կլինի՞ հեղափոխությունը:
Նախորդ հետընտրական իրավիճակներից տարբերվող ևս մի իրադարձություն էր ԿԸՀ-ի տվյալներով ընտրված նախագահի և նրա ընտրվածությունը վիճարկող թեկնածուի հանդիպումը: Ընդունեք, որ անհնարի կատեգորիայում էր Ռոբերտ Քոչարյանի հանդիպումը Կարեն Դեմիրճյանի կամ Ստեփան Դեմիրճյանի, Լևոն Տեր-Պետրոսյանի հետ: Ոչ միայն Ռոբերտ Քոչարյանի պատճառով, ընտրությունների արդյունքները չընդունող ոչ մի թեկնածու նախագահական գնալու ցանկություն չի հայտնել ու պատրաստակամություն չի դրսևորել: «Իրավատեր» Րաֆֆի Հովհաննիսյանը գնաց, տետ ա տետ խոսեց, հետո հրապարակեց իր պայմանները, բնականաբար լռեց Սերժ Սարգսյանի առաջարկների մասին: Որ առաջարկներ պիտի լինեին, հանդիպման փաստն է վկայում: Սերժ Սարգսյանն առայժմ լռում է: Տրամաբանորեն նա կարող էր ստեղծված իրավիճակից երեք ելք առաջարկել: Առաջին` կազմվում է հետընտրական կոալիցիա (թեպետ կոալիցիաներ սովորաբար կազմվում են խորհրդարանական ընտրություններից հետո), «Ժառանգությունը» ներգրավվում է պետական կառավարման համակարգում և հնարավորություն է ստանում իրականացնել իր ծրագրերը որոշակի ոլորտներում: Ընդդիմության պատասխանատվության ստանձնման, ընդդիմությանը լծակներ տալու անհրաժեշտության մասին վաղուց խոսում էր ՀՅԴ-ն: «Ժառանգությունն» էլ մինչև այս ընտրությունները պետական կառավարման ոլորտում, ընդդիմություն մնալով հանդերձ, իր ծրագրերն իրականացնելուն դեմ չի եղել: Երկրորդ ելքը կարող էր լինել, չընդունելով կոալիցիայի առաջարկը` դառնալ ընդդիմության առանցք և համախմբել ընդդիմադիր դաշտը: Այս խնդիրը ևս վաղուց հասունացած էր և անկախ ընդդիմադիր կուսակցությունների թվից, ընդդիմադիր տրամադրություններ ունեցող հասարակությունը դեռ խորհրդարանական ընտրություններից առաջ որոնում էր իր առաջնորդին և միանշանակ գտնելու է` անկախ նրանից, թե ինչ որոշում Րաֆֆի Հովհաննիսյանը կընդունի ու ինչպես կզարգանան իրադարձությունները: Երրորդ ելքը, որ հավասարապես անցանկալի է ոչ միայն հանդիպման կողմերի, այլև բոլորի համար, բացարձակ առճակատումն է, որ կարող է ավարտվել ոչ այնքան խաղաղ: Այս ելքը մերժելով հանդերձ` չպետք է մոռանալ, որ պետությունը մնում է պետություն, իսկ Հայաստանում աննախանձելի փորձ է կուտակվել, թե նման դեպքերում ինչպես իրավիճակ փոխել: Րաֆֆի Հովհաննիսյանը պնդում է, որ իր բոլոր առաջարկներին ստացել է «ոչ» պատասխանը: «Ասացի` ճանաչեք ժողովրդի հաղթանակը, պատասխանը` «ոչ»: Ասացի շամպայն խմելու փոխարեն նոր ընտրություն Հայաստանի ապագայի համար, պատասխանը` «ոչ»:

Ասացի` լավ, պատրաստ չեք ժողովրդի հաղթանակն ընդունել, պատժեք բոլոր ընտրակեղծարարներին, մարզպետ, գյուղապետ, հրամանատար, որ բերեց մեր հպարտությանը` զինվորին կրկնակի քվեարկության, նախարարներին, որ կեղծեցին, վախ սփռեցին, կաշառեցին: Պատիժ բոլորին անխտիր, ՀՀ օրենքի խստագույն չափով»: Հերթական «ոչ»-ին հետևել է մինչև կյանքի վերջ պայքարելու Րաֆֆի Հովհաննիսյանի խոստում-սպառնալիքը: Մերժվել է նաև համամասնական ընտրակարգով արտահերթ խորհրդարանական ընտրությունների առաջարկը: Բնականաբար: Բայց Րաֆֆի Հովհաննիսյանը պատրաստ է նորից ու նորից հանդիպել Սերժ Սարգսյանի հետ: Ի՞նչ է նա, այդ դեպքում, ակնկալում նախագահից: Ի տարբերություն նախորդ նախագահական ընտրություններից հետո Ազատության հրապարակն իր նստավայրը դարձրած Լևոն Տեր-Պետրոսյանի` Րաֆֆի Հովհաննիսյանը միայն կարճատև այցերով է հրապարակ մտնում, նա գնում է մարզեր` բարևելու ժողովրդին: Հետընտրական իր ավելի բազմամարդ հանրահավաքներում նա շնորհակալություն է հայտնում նրանց հաղթանակի համար: Թատրոնից արդեն սերիալի վերածվող այս պատմությունը կարող է տևել ևս մի քանի օր, իսկ հետո՞: Բարևված ժողովուրդը մարզերից գալո՞ւ է մայրաքաղաք` հաղթանակը տոնելու: Ո՞ր հաղթանակը, ո՞ւմ հաղթանակը: Պաթետիկ-թատերական-հրապարակախոսական ելույթներից ժամանակն է, որ Րաֆֆի Հովհաննիսյանն անցնի իրավական ձևակերպումների, որոշակիություն ու տրամաբանություն մտցնի իր քայլերում: Նա սիրով խոսում է Վազգեն Մանուկյանի, Կարեն Դեմիրճյանի, Ստեփան Դեմիրճյանի ընտրություններում հաղթանակների մասին և նույն ու ավելի սիրով շրջանցում է 2008-ը: Ինչո՞ւ: Րաֆֆի Հովհաննիսյանն օրենք խախտելը բացառում է և միայն խաղաղ պայքարի կողմնակից է, բայց արդեն պարզ է, որ նա օրենքի այլ պատկերացում ունի, քան բուն օրենքը: Առայժմ ոստիկանությունը միայն զգուշացնում է, բայց կարող է և պաշտպանել բուն օրենքը, ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի հռչակած «օրենքը»: Ինչպե՞ս է նա իրականացնելու իր իշխանությունը երկու դեպքում էլ` ի վերջո Բաղրամյան 26 չմտնելու և մտնելու: Չմտավ` կառուցվելո՞ւ է նոր նախագահական` «Բարև» դաստակերտ, ուր իշխում են ազատությունն ու իրավունքը, ուր բոլորն իրավատեր են, իսկ գլխավոր իրավատերն ասում է` հնարավոր է: Մտավ` ի՞նչ է անելու, թատրոնով կարող ես ընտրությունների գնալ, թատրոնով պետություն չես պահի:
Ի՞նչ է անում իշխանությունը: Համարյա ոչինչ: Սպասում է (ֆեյսբուքյան, մեղմ ասած, անհեթեթությունները բաբուխանյանական ոճով նախ` անթույլատրելի են, երկրորդ` ուղիղ հակառակ ներգործությունն են ունենում): Ինչի՞ն: Իրավիճակի լիցքաթափմա՞նը, թե՞ լիցքերի կուտակմանը` միանգամից պարպելու համար: Փոքր ու կիսամեծ տրամաչափի տարբեր գործիչներ բացահայտորեն ավելին չեն ասում, քան ասվել է ընդհանրապես` ընդդիմության տարատեսակ մանիպուլյացիաների, ընտրական գործընթացներում նույնքան տարատեսակ խախտումների ընտրության արդյունքների վրա չազդելու, դիտորդների գնահատականների, նորընտիր նախագահին հղված շնորհավորանքների և այլնի, և այլնի մասին: Բայց դա ոչինչ չի փոխում: Ելքի որևէ առաջարկ դեռ չի հնչել: Հնարավո՞ր է, որ Սերժ Սարգսյանը գնա Ազատության հրապարակ: Եվ ի՞նչ է դա տալու: Իսկ գուցե ընդհանրապես այս իրավիճակը բնավ էլ ճգնաժամայինի հակված չէ: Պարզապես դժվար է ընկալել, որ նախագահական ընտրությունների թեկնածուները միանգամայն տարբեր խնդիրներ էին լուծում` գործող նախագահ Սերժ Սարգսյանը վերընտրվելու, նախագահի թեկնածու Րաֆֆի Հովհաննիսյանը շարժում ստեղծելու (մյուս թեկնածուներն արդեն խաղից դուրս են, և նրանց նպատակներին անդրադառնալը կամ ուշ է, կամ շուտ): Եվ նրանք լուծել են իրենց խնդիրները: Իսկ ժողովուրդը նորից սխալվեց` մտածելով, որ սա իր խաղն է: Եվ ամենամեծ սխալը հիմա իրադարձությունների զարգացմանը սպասելն է, որովհետև յուրաքանչյուրն իր խնդիրը լուծել է, և հիմա միակ խնդիրը լուծման փաստի հետ ժողովրդին հաշտեցնելն է: Իսկ եթե ոչ, թե Րաֆֆի Հովհաննիսյանն է պարտավոր հոդաբաշխ բացատրել, թե ինչ է անելու ու ինչպես, թե Սերժ Սարգսյանն է պարտավոր համարժեք գնահատել իրավիճակն ու արձագանքել իբրև գործող ու ընտրված նախագահ` խոսքով ու գործով: Առաջինը` խոսքով, հիմնականը` գործով, որովհետև ի վերջո որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ Րաֆֆի Հովհաննիսյանը հասարակության ընդդիմադիր ընդհանրական տրամադրությունների խորհրդանիշն է: Խորհրդանիշը կարող է փոխվել, ի՞նչ անել տրամադրությունների հետ: ՈՒ այդ հարթության վրա խորհրդատուներ չկան: Ստույգ` ավելի լավ է` չլինեն, որովհետև նրանք միայն իրենց ցանկացած պատկերն են ներկայացնում ու ճշմարտության նրանց պահը երբեք չի գալիս:
Ցավալի խորհրդանշական էր, որ մինչ Րաֆֆի Հովհաննիսյանը գնում-գալիս էր Երևան, ոմանց բարևում էր, ոմանք էլ նրան էին բարևում, Լևոն Տեր-Պետրոսյանը հրաժեշտ էր տալիս: Օձ հմայողի իր խոսքով նա պատմության դարակներն ուղարկեց ՀՀՇ-ն` առանց գոնե նախապես փոշին մաքրելու: 3 ձեռնպահ, 6 դեմ ու 375 կողմը ՀՀՇ-ի պարտության քվեարկության պատկերն էր իրականում, որ առաջին նախագահն իր հաճելիորեն խզված ձայնով ու «ջերմության մեջ» լինելու փաստով ներկայացրեց միանգամայն հակառակը: 2000-ականների «աղանդավորներին» նա ուղարկեց «գեղի կլուբ», բայց մոռացավ ասել, թե այդ ժամանակ ինքն ինչո՞ւ էր այդքան լուռ ու անտարբեր իր անդավաճան «գործիքի» նկատմամբ, ի՞նչ կարող էր ու ինչո՞ւ չարեց ՀՀՇ-ն, ինչո՞ւ մնացին անխոստում «բիձեքով», ո՞ւր գնացին խոստումնալից ջահելները: Առաջին նախագահն արձանագրեց իրավիճակն ու փակեց ՀՀՇ-ի էջը: 25 տարին երկար ժամանակ էր շարժման համար ու կարճ` կուսակցության: Դրոշը փոխանցվեց ՀԱԿ-ին: Անգո ՀԱԿ կուսակցությանը, որ նույնքան անփառունակ փակեց կոնգրեսի էջը, թեպետ առաջին նախագահը տրամագծորեն հակառակ կարծիքին է: Ագռավն իր ճտին սև չի ասի` ես չեմ ասել: Վաղուց է ասված ու նույնիսկ ՀՀՇ-ի դեպքով էլ հերքված չէ, հայտնի չէ 2000-ականների ՀՀՇ-ն ումն էր: Ընդունեք նաև, որ երբ ընտրություններից առաջ ազդարարվեց ՀԱԿ կուսակցության ստեղծման մտադրությունը, ընդդիմադիր դաշտում այլ իրավիճակ էր, և այլ իրավիճակ է հիմա, երբ կոնգրեսը կորուստներով գնում է դեպի կուսակցություն: Ի՞նչ անելու: Կյանքը հետաքրքիր է դառնում: Նույնիսկ այն պարագայում, երբ Լևոն Տեր-Պետրոսյանն իրավացիորեն գործ է որոնում` գնահատելով հետընտրական զարգացումները և որակելով ժողովրդի, այլ ոչ թե Րաֆֆի Հովհաննիսյանի նախաձեռնություն: «Ժողովուրդը իր գործն արել է, իսկ պահանջատերերը դեռ միայն խոսում են»` հեշտ է ասել 68 տարեկանում, բայց և ճիշտ է` գետն անցնելու համար պետք չէ մոլլա Նասրեդինի պես նստել ու ափին սպասել, որ նախ գետն անցնի, հետո` ինքը: Օրը երկար է անցնում, ժամանակը` անդարձ:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Հ. Գ.- Րաֆֆի Հովհաննիսյանը սպասում էր ԿԸՀ-ից ընտրությունների վերջնական արդյունքների հրապարակմանը` առաջարկելով ընտրություն կատարել, բայց ինքն էլ կանխավ գիտեր, որ թվերի կախարդանքը մեծ չի լինելու: Ոչ էլ տարբեր: ՈՒ` ի՞նչ: Փոփոխությունների չինական դասական մեծ գիրքը, որ, իհարկե, խորհրդատու չէ հայերիս համար, բայց չի դադարում իմաստուն մնալ, ուսուցանում է. «Շփման և փոխգործակցության մեջ ես, և այժմ ժամանակն է գործելու` արդեն իսկ սեփական ազդեցությունը թողնելով միջավայրի վրա: Այդ ազդեցության հիմնական միջոցը խոսքն է, որով կդիմես մյուսներին, բայց այս փուլից արդեն միմիայն քեզնից է կախված իրավիճակի հետագա զարգացումը` թե ինչպես կօգտագործես ազդեցության լծակներն ու ինչպիսի արդյունքների կհասնես, ցավոք, այս փուլում դու սահմանափակվում ես միայն խոսքով, ինչը վտանգավոր է»:

Դիտվել է՝ 2334

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ