Այսօր առավոտյան, ի պատասխան Կիևի ռեժիմի՝ ռուսական էներգետիկ և տնտեսական օբյեկտներին վնաս պատճառելու փորձերին, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը հեռահար ճշգրիտ զենքերով խմբակային հարված են հասցրել ՈՒկրաինայի ռազմարդյունաբերական օբյեկտներին և ԶՈՒ ավիացիոն բազաներին: Ըստ ՌԴ ՊՆ-ի՝ քաղաքացիական օբյեկտներին ՌԴ ԶՈՒ-ի հասցրած կանխամտածված հրթիռային հարվածների մասին հայտարարությունները բացարձակապես չեն համապատասխանում իրականությանը։               
 

Ռուսական «կովկասյան քաղաքականությունը» ոչ միայն տեղապտույտ է տալիս, այլ աշխատում է ճիշտ հակառակ ուղղությամբ

Ռուսական «կովկասյան  քաղաքականությունը» ոչ միայն  տեղապտույտ է տալիս, այլ աշխատում է  ճիշտ հակառակ ուղղությամբ
26.10.2012 | 12:28

Հյուսիսային Կովկասի թեման ռուսական լրատվամիջոցներում և համապատասխանաբար շարքային ռուսների գլխում բավական հաճախ է առկայծում: Ընդ որում, տարբեր տեսանկյուններից, բայց գրեթե միշտ իշխանությունների համար առավել նշանակալի պահի: Հիմա էլ այդ թեման սկսել է զբաղեցնել տպագիր և էլեկտրոնային լրատվամիջոցներին, և, սովորականի նման, շատ յուրօրինակ ձևով: Այսպես, օրերս զանգվածային կարգով հանրությանը «արտահոսք» նետվեց այն մասին, որ հոկտեմբերին ռուսական բանակը միանալու է Հյուսիսային Կովկասում հակաահաբեկչական գործողությունների իրականացմանը: Հաղորդվում էր, որ նման որոշում են ընդունել Ազգային հակաահաբեկչական կոմիտեն և Դաշնային օպերատիվ շտաբը. այս մասին «Ինտերֆաքսին» հայտարարել է խմբավորման շտաբի ոմն աշխատակից:

Այս նորությունը, միանգամայն հասկանալի է, տեղ է գտել լրատվամիջոցներում, որոնք եզրակացրել են, որ այդ կերպ հաստատվել է ավելի վաղ հրապարակված համանման տեղեկությունը` ստացված պաշտպանության նախարարության աղբյուրներից: Ավելին, հաղորդումներ են երևացել, որ ստորաբաժանումները տարածաշրջանում սկսել են աշխատել դեռ մեկ շաբաթ առաջ, որ «նրանք գործում են իրենց պլանների համաձայն, բայց փոխգործակցելով ՆԳՆ ներքին զորքերի օպերատիվ խմբավորման, այլ ոստիկանական ստորաբաժանումների և Անվտանգության դաշնային ծառայության հետ», որ Մախաչկալայի արվարձանում «գրոհայիններին» ավիահարվածներ են հասցվել, իսկ ռուսական բանակային ստորաբաժանումներն արդեն առաջին զոհերն են տվել: Բանակային տարբեր աղբյուրներ հաղորդել են, որ «տեղի ուժայինները քիչ են, և նրանց հանդեպ վստահություն էլ չկա, բախումներն էլ գրոհայինների հետ ավելի ու ավելի են շատանում»: Իսկ ՌԻԱ «Նովոստի» գործակալության աղբյուրը տեղի ունեցող իրադարձությունները բացատրել է «տարածաշրջանում ուժային բաղադրիչի մեծացման, ինչպես նաև ավազակային կազմավորումների մնացորդների արագ ու վերջնական ոչնչացման անհրաժեշտությամբ»: Ազգային հակաահաբեկչական կոմիտեում երկար ժամանակ այս ամենը ո՛չ հաստատում էին, ո՛չ հերքում:
Հիշեցնենք, դեռ 2006-ին սկսվել էր Ռուսաստանի զինված ուժերի զորախմբի դուրսբերումը Հյուսիսային Կովկասից, իսկ 2008-ին այնտեղ իրավակարգի պահպանման առաջադրանքը լիովին փոխանցվեց ներքին գործերի նախարարությանը: Այժմ ահաբեկչության դեմ մղվող պայքարն այստեղ հետևյալ տեսքն ունի. «ուժայինները» գործում են, եթե կարելի է այսպես ասել, «հերթափոխային եղանակով», տեղի ոստիկանությունը գրեթե չեն օգտագործում: Նրանք, որպես կանոն, զբաղվում են գործողությունների նախնական մշակմամբ: Առավել բարդ ու կարևոր «զտումների» համար (օրինակ, ոչնչացման մասին որոշումները) ներգրավվում են ԱԴԾ-ի «Ալֆա» և «Վիմպել» ջոկատները, որոնք «գործուղման» են մեկնում թեժ կետեր: Հարկ է ուշադրության առնել, որ, պաշտոնական տվյալների համաձայն, հատուկ գործողություններ տեղի են ունենում առնվազն շաբաթը մեկ անգամ: ՈՒժայինների կորստի մասին միշտ չէ, որ հաղորդում են, սովորաբար` երբ զոհերը երեք հոգուց ավելի են լինում: Սակայն ավելի հաճախ զոհվում են տեղի ոստիկաններ, այնպես որ, տեղի ոստիկանությունում աշխատելու ցանկությունը շուտ է հօդս ցնդում: Դաղստանի ոստիկանության և դատախազության արհմիության նախագահ Շամիլովը Ռուսաստանի ղեկավարությանը տագնապով հաղորդում է, որ «ներքին գործերի մարմինների աշխատակիցների զանգվածային կործանում է տեղի ունենում», որ Դաղստանում սանձազերծվել է «իսկական քաղաքացիական պատերազմ իր բոլոր հայտանիշերով», և որ վերջին տարիներին այնտեղ զոհվել է հանրապետության ՆԳՆ ավելի քան 800 աշխատակից, իսկ հազարավորները վիրավորվել են: Հյուսիսային Կովկասում սպանում են, իհարկե, ոչ միայն ուժային կառույցների աշխատակիցների, այլև իշխանության ներկայացուցիչների, կրոնական գործիչների: Այնպես որ, պատկերը բավական ճնշող է, և բանակի Կովկաս վերադառնալու հավանականությունը, իհարկե, մեծ է: Դա պատերազմի տրամաբանությունն է, ոչ թե պահպանական գործունեության:
Շատ հետաքրքիր է, որ, բանակային թեմաներին զուգընթաց, լրատվամիջոցներում վերստին բարձրացվել են վաղեմի և ռուսների համար ցավագին հարցեր. «Հյուսիսային Կովկասն ապրում է ծնելության իսկական հորձանք, և այնտեղից սերվածներն ուր որ է կգերազանցեն տեղաբնիկների թվին», երկրորդ` «այն խժռում է Ռուսաստանի բյուջեի համարյա կեսը»: Այդ «առասպելները» պսակազերծելու որոշ հետազոտողների փորձերը, ինչպես միշտ, չեն գործում ընդդեմ հակակովկասյան կայուն կարծրատիպերի: Առավել ևս, սոցիալապես լարված միջավայր են գտնում` որպես բարեբեր հող, վարչապետ Մեդվեդևի խոսքերն այն մասին, որ այս տարի բյուջեից տարածաշրջանին տրված լրավճարները կազմել են 13 մլրդ ռուբլի: Բայց դա «Կովկասին հերիք չէ», և նա առաջարկում է այնտեղ մասնավոր ներդրողներին հրապուրել (օրինակ, Հյուսիսկովկասյան դաշնային օկրուգի տարածքում պաշտպանության ներդրումները շատ ավելի են նրա տնտեսության մեջ կատարվող ներդրումներից): Սակայն ո՞ր ողջամիտ գործարարը փող կներդնի մի տարածաշրջանում, որտեղ քաղաքացիական պատերազմ է: Այսինքն, կարծես այլ բան չի մնում, եթե ոչ «երրորդ կովկասյան պատերազմ» սկսելն ու խնդիրը լուծելը: Առավել ևս, որ Սոչիի օլիմպիադան քթի տակ է:
Ճիշտ է, իրավիճակի սրումից մի քանի օր անց հետևել է հերքումը, և Դաշնության խորհրդի փոխնախագահ, Ազգային հակաահաբեկչական կոմիտեի անդամ Տորշինը հաղորդել է, որ բանակը ներգրավելու մտադրություն իշխանությունները չունեն, իսկ «իրավիճակը Հյուսիսային Կովկասում վերահսկվում է, ավազակային կազմավորումների պարագլուխներն այսօր ավելի շուտ են վերացվում, քան կարողանում են որևէ բան ծրագրել»: Եվ բացի այդ, «գաղտնի պայմաններում նման գործողություն իրականացնելը գործնականում անհնար է»,- եզրակացրել է նա:
Այդուամենայնիվ, միանգամայն օրինաչափ է, որ ռուս հանրության շրջանում անմիջապես նորից թեժ բանավեճ ծավալվեց: Իսկ ի՞նչ հետևություններ են արվում: Դրանք, ինչպես ասում են, ամեն ճաշակի էլ լինում են` սկսած «ռազմական միջոցներով պայքար է մղվում ֆինանսական շահերի համար»-ից, և, վերջապես, «ամեն մարտական գործողություն ունի իր նախահաշիվը» եզրահանգումից մինչև տեղի իշխանությունների լիակատար հավանությունը: Օրինակ, Ինգուշիայի նախագահ Յունուս Բեկ Եվկուրովը նկատել է, որ բանակային ստորաբաժանումները կօգնեն լեռնային անտառապատ տեղանքում լուրջ խնդիրներ լուծելուն: Հետաքրքիր է «Ալֆա»-ի վետերանների միջազգային միավորման փոխնախագահ Ալեքսեյ Ֆիլատովի կարծիքը, որը համոզված է, որ բանակը մտցնելու որոշումը թելադրված է ոչ թե իրավիճակի վատացմամբ կամ ուժերի պակասով, այլ այն բանով, որ բանակը պետք է «պարբերաբար կամ ավելի լավ կլինի` միշտ» մասնակցի մարտերի: Իսկ Չեչնիայի զինվորական պարետի նախկին տեղակալ Ալեքսանդր Գլուշչենկոյի կարծիքով, պաշտպանության նախարարության զորքերը Հյուսիսային Կովկաս մտցնելը հավասարազոր է այն բանի ընդունմանը, որ սոցիալ-քաղաքական վերափոխումները տարածաշրջանում ձախողվել են, որ «խոշոր զորամիավորումների ցանկացած մարտական գործադրում շատ լավ փողեր են, ընդ որում այնպիսի փողեր, որոնք հետո կարելի է որևէ կերպ փոշեցրել»: Մոտավորապես նման գնահատական է տալիս «Ֆորբս» հանդեսը, որը կարծում է, որ հիմա սրվել է նրանց դիմակայությունը, ովքեր կցանկանային «լափել» ի հաշիվ ներդրումային մեծ նախագծերի, և նրանց, ում ներկա կայուն անկայունությունը լիովին ձեռնտու է, «չէ՞ որ դա ևս փող վաստակելու վաղուց կարգավորված մեխանիզմ է»: Սակայն առավել սուր առաջադրվում է հետևյալ հարցը. շատ զորամասերում զինվորների հիմնական մասը նորակոչիկներ են, և պաշտպանության նախարարությունը բարոյական ու իրավական իրավունք ունի՞, արդյոք, նրանց մարտի նետելու:
Նկատենք ևս մեկ հանգամանք: Եռանդուն լրագրողներն անմիջապես իմացել են տեղի ունեցողի մասին Կովկասի զինվորականների կարծիքը, և ասում են, որ ձմռան շեմին, երբ անտառներում, փաստորեն, ոչ ոք չկա, պարզ չէ, թե ինչը կարող է հիմք հանդիսանալ զորքեր մտցնելու համար: Բացի այդ, սպանում են ոչ թե անտառներում, այլ բնակավայրերում, ուստի հիմնական աշխատանքը պետք է կատարեն ՆԳՆ-ն ու ԱԴԾ-ն: Ի դեպ, գարնանը, երբ զորքերը վերահսկեն «կանաչ գոտին», իսկ ՆԳՆ-ն ու ԱԴԾ-ն աշխատեն բնակավայրերում, դա ինչ-որ չափով կարող է կայունացնել իրավիճակը, թեև միառժամանակ: Սակայն, միաժամանակ, հետևցնում են, որ «դա էլ ելք չէ»:
Բայց «քաղաքացիական», թե «պարտիզանական» պատերազմը Հյուսիսային Կովկասում շարունակվում է ու նույնիսկ խորանալու միտում ունի, և այս օրերին շրջանառության մեջ դրված լուրերը, ինչպես նաև դրանց առնչությամբ բացասական արձագանքն ստիպում են խորհել պատճառների ու հետևանքների մասին: Եվ լիովին կարելի է հանգել հետաքրքիր հետևությունների: Այսպես, հաշվի առնելով, որ բանակի ներգրավման մասին տեղեկությունները վերջին ութ տարում Հյուսիսային Կովկասում իրականացվող դաշնային քաղաքականության ձախողման փաստացի վկայությունն են, ստացվում է, որ տարածաշրջանի զարգացման ներդրումային ուղին, վերևներում ինչ-որ առումով ձեռնտու չէ ոմանց: Այսինքն, մենք դարձել ենք «իշխանական վեճուկռվի» վկաներ: Եվ այստեղ, ուշադրություն դարձնենք, գլխավոր ու միակ հաջողությունն առայժմ «Պուտինի ծրագիրն» է` կոշտ, ռազմականացված ու սեփական կանոններով ապրող «կայունության կենտրոնի» ստեղծումը` կադիրովյան Չեչնիայի նման: Փաստորեն, Կադիրովի վարչակարգն արդեն դարձել է տարածաշրջանում Ռուսաստանի ուժային բաղադրիչի այլընտրանքային կենտրոն, առանց որի ակտիվ մասնակցության հաճախ անհնար է դառնում Գրոզնուց հեռու ընկած վայրերում ծագող խնդիրների կարգավորումը (հիշենք նրա եռանդուն փորձերը` միջամտելու Ինգուշիայի հարցերին): Ամենայն հավանականությամբ, խոշորածավալ արյունահեղության սարսափները Մոսկվային ստիպում են դուրս գրել այդ ծախքերը որպես փոքրագույն չարիք: Չի կարելի բացառել, որ «Չեչնիայի հաջողությունները» հույսեր կծնեն, որ Հյուսիսային Կովկասի մյուս հանրապետություններում ևս նման ուժային կենտրոնները կարող են խաղաղարար դեր կատարել: Ընդ որում, Կրեմլում չտեսնելու են տալիս, որ չեչենական տարբերակը չի գործում, և մի շարք առանձնահատուկ հանգամանքների բերումով չի կարող գործել նաև հարևանների մոտ (օրինակ, Դաղստանի կամ Կաբարդա-Բալկարիայի խայտաբղետ ազգային և կրոնական կազմը): ՈՒ երբ հարցերի լուծման ժամկետները սեղմում են, երբ երկրի անվանատու ազգը ծայրաստիճան ցավագին է ընդունում նոր կռիվներին հնարավոր մասնակցությունը, անխուսափելի զոհերը «վայրենի լեռնցիների հնազանդեցման» ընթացքում, երբ տարածաշրջանի նշանակությունը բազմապատկվում է աշխարհաքաղաքական վերաձևումների, տնտեսական և հաղորդակցական առումով, Կրեմլում կարող է Կովկասը յուրային Կադիրովին «հանձնելու» գայթակղություն առաջանալ: Այն, որ նա, փաստորեն, չի ենթարկվում ռուսական օրենքներին և անաղմուկ Գրոզնի է վերադարձնում այնպիսի գործիչների, ինչպիսիք են Մասխադովի ներկայացուցիչներ Սուգայիպովն ու Համբիևը, մոտ ժամանակներս սպասում է «Նորդ-Օստի հերոս» Մովսար Բարաևի հոր վերադարձին, ռուսական արդարադատությունից Լոնդոնում թաքնվող Ահմեդ Զաքաևին հրավիրում է վերադառնալ հանրապետություն, խաղալ թատրոնում և զբաղվել չեչեն ժողովրդի մշակութային դաստիարակությամբ, Մոսկվայի «իրատեսներն», ասես, չեն տեսնում: Մինչդեռ Կադիրովը պնդում է, թե «նրանք գալիս են, համոզվում, որ Չեչնիայում ոչ ոք չի խանգարում մզկիթներ կառուցելուն, աղոթելուն»: Այսինքն, ապրում ենք մեր ուզածով, առանց Մոսկվային նայելու։ Եվ այստեղ, օրինակ, ասես խրախուսանք լինի ՌԴ ֆինանսների նախարարության առաջարկությունը Գրոզնուն պարգևատրելու 96 միլիոն ռուբլով` «տեղական բյուջեի օգտագործման մեծ թափանցիկության և արդյունավետության համար»: Իսկ ի՞նչ կհետևի, եթե այդ «խելագար գաղափարը», իրոք, առկա է, ինչ-որ մեկը, իրոք, ի դեմս Կադիրովի, տեսնում է գեներալ-նահանգապետի: Հասկանալի է, որ ներկա արյունալի սպանդը կնմանվի մանկական խաղի, թեև, հասկանալի է, առանց ռուս տղաների մասնակցության ու դիակների: Առժամանակ:
Խիստ հատկանշական է, որ ամերիկացի քաղաքագետների մեծամասնությունը երկար ժամանակ համարում էր, որ Կովկասյան տարածաշրջանում առավել հավանական են կա՛մ Ռուսաստանի հեռանալը որպես ակտիվ աշխարհառազմավարական դեմքի, և նրան այլ կառույցներով փոխարինելը, կա՛մ ներկա կարգավիճակի պահպանումը և տևականորեն լարվածության սաստկացումը (տարբերակը, որի պարագայում Ռուսաստանը վերականգնում է իր դիրքերը Կովկասում, համարվում է ամենաքիչ հավանականը): Ընդ որում, հարկ է նկատել, որ ռուսական «կովկասյան քաղաքականությունը» ոչ միայն տեղապտույտ է տալիս, այլև աշխատում է ճիշտ հակառակ ուղղությամբ: Եվ որպես հետևանք, տարածաշրջանի նկատմամբ պատշաճ, և գլխավորը` համարժեք ուշադրության բացակայությունը հանգեցրել է այն բանին, որ Ռուսաստանը համարյա լրիվ կորցրել է այնտեղ իր ազդեցությունը:
Հիմա Մոսկվան, հնարավոր է, որոշել է գործել «միահամուռ աշխատանքի» եղանակով, և հնարավոր նոր պատերազմի մասին «արտահոսքի» նետումը սոսկ սկիզբն է նոր խորամանկ բազմաքայլ գործողության: Փորձագետները կարծում են, որ խնդիրը պետք է լուծել զուտ հասարակական, մարդասիրական եղանակներով` հետևողականորեն քանդելով կրոնական, սոցիալական ու տնտեսական բարդությունների խճճված թնջուկը: Բայց այդ ամենը, ինչպես ցույց է տալիս վաղեմի փորձը, ավաղ, Կրեմլի գործելաոճը չէ։

Սուսաննա ՊՈՂՈՍՅԱՆ
Շանհայում մեր հատուկ թղթակից

Դիտվել է՝ 2949

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ