ԱՄՆ-ը պատժամիջոցներ է սահմանել Իրանի նավթային և նավթաքիմիական հատվածների դեմ Իսրայելին Թեհրանի հասցրած զանգվածային հարվածից հետո՝ տեղեկացնում է ԱՄՆ-ի ֆինանսների նախարարության օտարերկրյա ակտիվների վերահսկման վարչությունը: Պատժամիջոցներ են սահմանվել նաև վեց իրավաբանական անձանց և վեց նավերի դեմ՝ Իրանից նավթի և նավթամթերքների վաճառքին գիտակցված մասնակցության համար։                
 

Հայաստանյան ընդդիմադիրները կնախանձեին ԼՂՀ-ի ընդդիմադիրներին

Հայաստանյան ընդդիմադիրները  կնախանձեին ԼՂՀ-ի ընդդիմադիրներին
03.07.2012 | 12:00

Այն, որ ԼՂՀ նախագահի ընտրությունները և բուն ընտրարշավը տարբերվելու էին հայաստանյան ցանկացած համապետական ընտրությունների ընթացքից, թերևս, դժվար չէր կանխատեսել: Այդ մասին էր հուշում թեկուզ երկու հայկական պետություններում անցկացված նախորդ բոլոր ընտրությունների փորձը: ԼՂՀ ընտրությունները միշտ էլ անհամեմատ ավելի քաղաքակիրթ և ժողովրդավարական պայմաններում են ընթացել, և դա արձանագրվել է նույնիսկ Արցախի նկատմամբ, մեղմ ասած, ոչ բարենպաստ վերաբերմունք ունեցող միջազգային դիտորդների և կազմակերպությունների կողմից: Ինչևէ, այս օրերին ԼՂՀ-ում թափ հավաքած ընտրարշավն ապացուցում է, որ վերոհիշյալ միտումները շարունակում են պահպանվել: Գոնե այս պահի դրությամբ, ի տարբերություն հայաստանյան ընտրական գործընթացների, Արցախում չեն նկատվում ընտրողներին մանրածախ և մեծածախ գներով գնելու փորձեր, թաղային հեղինակությունների և քրեածին տարրերի ազդեցության չափը գործընթացների վրա ձգտում է զրոյի: Ընդդիմադիր թեկնածուներից յուրաքանչուրը գրեթե ամեն օր ազատորեն քարոզչություն է իրականացնում, այսպես կոչված, «վարչական և ուժային ռեսուրսները» մարմնավորող կառույցների ներկայացուցիչների հետ: Բացի այդ, ի տարբերություն հայաստանյան համապետական ընտրությունների, ընդդիմադիր թեկնածուների առջև բաց են ուսանողության հետ հանդիպումների համար ուսումնական հաստատությունների բոլոր դահլիճները: Ի դեպ, իրենց բազմաթիվ հարցազրույցներում այս իրողությունը փաստում են նաև իրենք` ԼՂՀ նախագահի պաշտոնի ընդդիմադիր թեկնածուները: Պետք է արձանագրել, որ նախագահի թեկնածուների միջև մինչ օրս ընթանում են հեռակա, զուտ քաղաքական բանավեճեր` առանց փոխադարձ վիրավորանքների: Ինչպես և պետք էր ենթադրել, ընդդիմադիրները հանդես են գալիս փոքր-ինչ արմատական դիրքերից, իսկ իշխանությունը ներկայացնող թեկնածուն` ԼՂՀ-ի ներկայիս նախագահը, հանդես է գալիս ավելի պրագմատիկ ծրագրերով: Բավական է միայն համեմատել, օրինակ, գործող նախագահի «Շարունակենք սկսածը հանուն Արցախի» և ընդդիմադիր դիրքերից հանդես եկող, պաշտպանության նախկին փոխնախարար, Արցախի հերոս Վիտալի Բալասանյանի «Հերոս ժողովրդին` հերոս նախագահ» նախընտրական կարգախոսները: Ի դեպ, հետաքրքրական է, որ հենց վերջին կարգախոսն է, մեղմ ասած, ոչ միանշանակ ընդունվում ընտրողների շրջանակներում, քանի որ, ինչպես արցախցիներն են ասում, իրենց մոտ պարզապես ընդունված չէ ի ցույց դնել սեփական մարտական անցյալը:
Թերևս միակ նորամուծությունը, որ կարող է նմանություններ հիշեցնել հայաստանյան և արցախյան ընտրությունների միջև, ԼՂՀ-ում մեծ թափով ինտերնետի և, մասնավորապես, սոցիալական ցանցերի ազդեցության ավելացման հանգամանքն է: Ինչպես և վերջին հայաստանյան խորհրդարանական ընտրությունների ժամանակ, ԼՂՀ-ում նույնպես այս օրերին թեժ «քաղաքական մարտեր» են ընթանում, հիմնականում Facebook սոցիալական ցանցում: Ընդ որում, շատ դեպքերում ղարաբաղյան կոլորիտով` տեղի անարատ բարբառի օգտագործմամբ: Եվ ամենևին էլ զարմանալի չէ, որ վիրտուալ պայքարի ձևն այժմ բավականին պոպուլյար է ԼՂՀ-ում, քանի որ, ինչպես պնդում են պաշտոնական աղբյուրները, այժմ ԼՂՀ տարածքում կա շուրջ 5000 օգտատեր, իսկ արդեն մոտ ապագայում երկրի ամբողջ ծածկույթն ապահովվելու է ժամանակակից 3G համակարգով:


Սերգեյ ՍԱՂՈՒՄՅԱՆ

Դիտվել է՝ 2007

Մեկնաբանություններ