Համընդգրկուն ճշմարտություն է, որ ցանկացած կառավարման համակարգ, անկախ նրանից` ժողովրդավարական է, ավտորիտար, թե տոտալիտար, հիմնված է հավասարակշռության բևեռների վրա: Այլ կերպ ասած` ցանկացած կառավարման համակարգ պետք է ընդդիմություն ունենա: Հայաստանի նման կայացման ճանապարհին գտնվող երկրների համար ընդդիմության դերակատարությունը շատ ավելի մեծ է, քանզի այս կարգի երկրներում քաղաքական քննարկումների և բանավեճի հիմնական առարկան պետության ապագան է, և ընդդիմության առաքելությունը պետք է լինի հասարակությանը շատ ավելի արդյունավետ, շատ ավելի իրականանալի և շատ ավելի տրամաբանական ու առարկայական ապագայի առաջարկումը:
Ըստ էության, իշխանության խնդիրը գործելն է, իսկ ընդդիմության խնդիրը` այնպիսի քննադատության կազմակերպումը, որն ընտրական գործընթացների շրջանում կմեծացնի ընդդիմության ընտրազանգվածն ու հնարավորություն կտա ընդդիմադիր ուժերին գալու իշխանության` ապահովելով քաղաքական «ռակիրովկան»: Սակայն Հայաստանի ընդդիմությունն այլ ճանապարհով է գնում: «Ժառանգությունը», որի համար մեծ հաջողություն էր 2007-ին խորհրդարանում հայտնվելը, հետո նաև «Ազատ դեմոկրատների» հետ համագործակցված այդ հաջողությունը 2012-ին կրկնելը, այդպես էլ չկարողացավ ներկայացնել ո՛չ իր սոցիալական հենքը, ո՛չ հստակ ընդգծված գաղափարախոսություն և ո՛չ էլ հստակեցրեց իր դերակատարությունն ապագա գործընթացներում:
Այս տարիներին «Ժառանգության» գործունեությունն ավելի շատ արտասահմանից ֆինանսավորվող հասարակական կազմակերպություն է հիշեցրել, քան քաղաքական ուժ: Այս գումարման խորհրդարանում ևս «Ժառանգությանը» չի հաջողվում ձևակերպել իր առաքելությունը, և այնպիսի կարծիք է ստեղծվում, կարծես «Ժառանգությունը» խորհրդարանում և ընդհանրապես քաղաքական դաշտում «ազդեցության գործակալների» խմբավորում է և ոչ իշխանության ձգտող քաղաքական կազմակերպություն:
Նախանձելի իրավիճակում չէ նաև ՀՅԴ-ն, որը մայիսի 6-ին կայացած խորհրդարանական ընտրություններում մեծ հետընթաց ապահովեց` մի կերպ խմբակցությունն անցկացնելով ԱԺ: 1998-2008 թթ. հանդիսանալով Ռոբերտ Քոչարյանի իշանության հենարանը և իշխանության ընձեռած բարիքներից մինչև վերջ օգտվելով` ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանի օրոք չկարողացավ ընդգծել իր դերակատարությունը ո՛չ իշխանության և ո՛չ էլ ընդդիմության ճամբարում: 2009-ին հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման պատրվակով ՀՅԴ-ն անցավ ընդդիմադիր դաշտ, սակայն այդպես էլ չկարողացավ պահպանել իր ընտրազանգվածն ու ներկայումս ստիպված է քաղաքական դեգերումների փորձության ճանապարհով գնալ:
Ինչ վերաբերում է ՀԱԿ-ին, ապա այս խմբակցությունը չի կարող արդյունավետ աշխատանք տանել, քանզի ՀԱԿ-ի «կրեդոն» մշտապես եղել է արմատական դիրքերից գործելը, իսկ ներկայումս անհասկանալի քաղաքական ուժերի միավորում հանդիսացող ՀԱԿ-ը փորձում է ռևերանսներ կազմակերպել ԲՀԿ-ի հետ: Ի դեպ, ընդունված կարծիքի համաձայն, խորհրդարանական ընտրությունների շրջանում ԲՀԿ-ի ընտրազանգվածի զգալի մասը ՀԱԿ-ի նախկին քվեարկողներն էին, որոնք, ատելություն ունենալով իշխանության նկատմամբ, իրենց ձայնը տվեցին ոչ թե արմատական ՀԱԿ-ին, այլ չափավոր ընդդիմություն ԲՀԿ-ին, քանզի ՀԱԿ-ը հուսախաբ է արել իր ընտրողներին և ներկայումս ստիպված է գոյատևման խնդիր լուծել:
ՈՒշագրավ է այն հանգամանքը, որ ՀԱԿ-ի առաջնորդ Լևոն Տեր-Պետրոսյանը, ով ինտելեկտուալ գործչի և պրոֆեսիոնալ հեղափոխականի համբավ ունի, առաջին հայացքից անհասկանալի «սիլիբիլիների» մեջ է Գագիկ Ծառուկյանի հետ: Հավանաբար, առաջին նախագահը ԲՀԿ-ն դիտարկում է որպես «փողի պարկ», որից հնարավոր է կերակրվել, մինչև կգան ավելի բարենպաստ ժամանակներ: Իսկ բովանդակային առումով իրավիճակն այնպիսին է, որ ՀԱԿ-ն ու ԲՀԿ-ն միմյանց կդավաճանեն առաջին իսկ հարմար պահին: Կասկածից վեր է նաև, որ ՀԱԿ խմբակցությունը շատ մոտ ապագայում ճաքեր է տալու, քանզի այստեղ են հավաքված մարդիկ, ովքեր տարբեր նպատակներ, գաղափարներ, հավակնություններ ունեն և անցել են տարբեր քաղաքական ուղիներ: Երբ Լևոն Զուրաբյանն աջակցում է Վարդան Օսկանյանին, իսկ Նիկոլ Փաշինյանն անխնա «կատոկում է», ապա պարզ է դառնում, որ այս խմբակցության ամբիցիոզները ներքին համերաշխություն չեն պահպանելու, հատկապես այն դեպքում, երբ «պախան Լևոնի» աստղն օրեցօր մարում է, և նա դադարում է բացարձակ հեղինակություն լինելուց:
Նկատենք, որ մեր ընդդիմադիրները ոչ մի կերպ չեն ցանկանում հասկանալ, որ անկախ Հայաստանի պատմության և ոչ մի դրվագում հասարակությունը չի ներել նրանց, ովքեր ստել են և չեն կարողացել արդարացնել իրենցից սպասելիքները: Այս համատեքստում է, որ առաջիկա նախագահական ընտրություններից հետո, երբ Սերժ Սարգսյանը կվերընտրվի նախագահի պաշտոնում, ընդդիմադիր քաղաքական ուժերն է՛լ ավելի ծանր դրության մեջ են հայտնվելու, քանզի, սովորության համաձայն, նախընտրական շրջանում հանդես են գալու ծայրահեղ արմատական կեցվածքով, ընտրությունը դեռ չկայացած հայտարարելու են կեղծիքների մասին, միևնույն ժամանակ չեն կարողանալու ձևավորել միասնական ընդդիմադիր ճամբար և խոսելով «սրանց մնացել է X օր» ոճով, նորից կանգնելու են կոտրած տաշտակի առաջ: Հերթական անգամ հիասթափեցնելով ընտրողներին` ընդդիմությունն իր տարբեր խմբավորումներով ստիպված է լինելու համակերպվել դանդաղ մահվան գործընթացին:
Պետք է նշել, որ ընդդիմադիր ուժերի հաշվարկները սխալ դուրս եկան: Ընդդիմությունը քննադատում էր Սերժ Սարգսյանի իշխանությունը նույն ոճով, ինչ Ռոբերտ Քոչարյանի, մինչդեռ այս երկու գործիչների տարբերությունները հսկայական են: Եթե կարելի էր քննադատել Ռոբերտ Քոչարյանին նրա համար, որ միջազգային հանրության շրջանում նրա իշխանությունն այնքան էլ ընդունված չէր, ապա նույնը չէր կարելի անել Սերժ Սարգսյանի մասով, քանզի հասարակությունը տեսնում է, որ Սերժ Սարգսյանն ու նրա հիմնական հենասյուն Տիգրան Սարգսյանը հաջողությամբ հարաբերություններ են հաստատել ռուսաստանյան և արևմտյան քաղաքական ու ֆինանսական շրջանակների հետ: Բացի դրանից, 2008-ից ի վեր Հայաստանի միջազգային վարկանիշն անշեղորեն աճ է արձանագրում, և ընդդիմության քննադատությունն ընկալվում է որպես շարքային «շառով տալու» գործողություն:
Չէր կարելի Սերժ Սարգսյանին քննադատել նաև Հայաստանում խոսքի ազատության և մարդու իրավունքների սահմանափակման մասով, քանզի Ռոբերտ Քոչարյանի հեռանալուց հետո իրավիճակը զգալիորեն փոխվել է: ՈՒստի այս դրվագում ևս ընդդիմությունը հայտնվեց սուտասանի կարգավիճակում, իսկ ժողովուրդն ամենաիմաստունն է և ամեն ինչ նկատում է: Ինչևէ, հայրենի ընդդիմության թշվառությունը, բնավ, լավ երևույթ չէ, և իշխանությունը պետք է հասկանա, որ ընդդիմության վերացման պարագայում ընդդիմություն է առաջանալու իր շարքերում: Ինչ արած, սա է քաղաքականության բնական օրենքը:
Ալբերտ ՊՈՂՈՍՅԱՆ