ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

Միջազգային սկանդա՞լ, թե՞ հայկական ավանդական «հնարամտություն»

Միջազգային սկանդա՞լ, թե՞ հայկական ավանդական «հնարամտություն»
12.06.2012 | 01:30

2012 թ. խորհրդարանական ընտրությունների ամենամեծ անակնկալներից մեկը, թերևս, մեծամասնական ընտրակարգով պատգամավորության թեկնածու Վիկտոր Դալլաքյանի անհաջողությունն էր Վանաձորում. նա մինչ այդ 4 անգամ անընդմեջ մեծամասնական ընտրակարգով Վանաձոր քաղաքում ընտրվել էր ԱԺ պատգամավոր (1995-2012)։ Վիկտոր Դալլաքյանին կարելի է համարել Հայաստանի 3-րդ Հանրապետության օրենսդիր. նորանկախ Հայաստանի պատմության մեջ նա միակ պատգամավորն է, որ հեղինակել է 83 օրենք, որոնք ընդունել է Ազգային ժողովը։
«Առավոտ» օրաթերթի 2012 թ. հունիսի 8-ի համարի` «Ինքնախոստովանական ցուցմունք. թիվ 30 ընտրատարածքի առեղծվածը» վերտառությամբ հրապարակման մեջ անհերքելի ապացույցներ են բերվում, որ 2012-ի մայիսի 6-ին խորհրդարանական ընտրություններում ծրագրվել է դավադրություն Վիկտոր Դալլաքյանի դեմ, ինչի պատճառով պատգամավոր է «ընտրվել» հանրությանն անհայտ, անկուսակցական Էդմոն Մարուքյանը։
ՀՀԿ-ի թեկնածու Վիկտոր Դալլաքյանի դեմ դավադրություն կազմակերպած իշխանական հայտնի շրջանակների հրահանգով Մարուքյանին տրամադրվել է Հայաստանում 5 տարվա անընդմեջ բնակության կեղծ փաստաթուղթ, իսկ քվեարկության օրը Վիկտոր Դալլաքյանին տրված քվեաթերթիկները հաշվվել են Մարուքյանի օգտին կամ դարձվել անվավեր` օգտվելով այն հանգամանքից, որ Դալլաքյանն ընտրական հանձնաժողովներում անդամներ և վստահված անձինք չի ունեցել։ «Առավոտի» հրապարակման մեջ նշվում է, որ 2009-ի օգոստոսից մինչև 2010-ի հուլիսը Մարուքյանը Հայաստանում չի բնակվել, և ըստ Մինեսոտայի պետական համալսարանի ծրագրերի համակարգող Պատրիկ Ֆիննեգանի և համալսարանի համապատասխան կայքի (http://www1.umn.edu/humanrts/center/humphrey/2009-10Fellows Bios.html, http://www1.umn.edu/humanrts/research/armenia-NGO.html, http://www1.umn.edu/humanrts/center/humphrey/2009-10%20 Humphrey%20highlights.pdf,http://www.linkedin.com/pub/edmon-marukyan/17/56a/751)` նա չէր կարող համապատասխան սերտիֆիկատ ստանալ առանց ուսումնառության լիարժեք (ստացիոնար) հաճախելու (մանրամասները` «Առավոտի» հրապարակման մեջ)։
Փաստորեն, Էդմոն Մարուքյանը Սահմանադրության հոդված 64-ի` ՀՀ-ում վերջին 5 տարում մշտապես բնակվելու պահանջի խախտմամբ գրանցվել է պատգամավորության թեկնածու և որպես գործիք իշխանական հայտնի խմբավորման կողմից օգտագործվել Վիկտոր Դալլաքյանի դեմ։ Իրազեկ աղբյուրների փոխանցմամբ` Մարուքյանն օգտվել է փաստաթուղթ կեղծելու հայտնի հնարքից` Հայաստանից ԱՄՆ նա մեկնել է իր անձնագրով, իսկ ԱՄՆ-ում համապատասխան մարմիններին իրազեկել, թե կորցրել է անձնագիրը։ Նրա դիմումով` Հայաստանից նոր անձնագիր է ուղարկվել, որով նա ԱՄՆ-ից վերադարձել է Հայաստան, բայց նոր անձնագրում արդեն չի երևում, որ նա շուրջ մեկ տարի բացակայել է հայրենիքից: Այս խնդիրն ունի ոչ միայն հայաստանյան, այլև միջազգային հնչեղություն, քանի որ շոշափվում է նաև ԱՄՆ-ի հեղինակության հարցը։
«Իրատես de facto»-ն սկսում է լրագրողական հետաքննություն և ակնկալում, որ ՀՀ գլխավոր դատախազությունը կհարուցի համապատասխան քրեական գործ, իսկ ՀՀ ոստիկանությունը կնշանակի ծառայողական քննություն` պարզելու, թե ինչու և ինչպես է Վանաձորի անձնագրային ծառայության պետը կեղծ փաստաթուղթ տրամադրել Է. Մարուքյանին։
Հետաքննության լիարժեք անցկացման նպատակով «Իրատես de facto»-ն դիմել է ՀՀ իրավասու կառույցներին, այդ թվում և` ՀՀ անձնագրերի և վիզաների վարչություն, և ակնկալում է նրանց պատասխանը։
Հավելենք, որ խնդրի առնչությամբ առաջիկայում կներկայացնենք սենսացիոն այլ փաստեր, այդ թվում` ԱՄՆ-ի դեսպանատնից (որը նրան ԱՄՆ-ի մուտքի վիզա է տրամադրել) և Մինեսոտայի համալսարանից։


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2885

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ