ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Նրանք, ովքեր ընդդիմություն էին խաղում, այսօր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակներում են»

«Նրանք, ովքեր ընդդիմություն էին խաղում, այսօր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակներում են»
18.05.2012 | 10:57

Հայ ազգային կոնգրեսում ներքին խնդիրների կծիկը նոր ակոսներ է բացում: Բոլոր նրանք, ովքեր այս տարիներին լուռ թաքցրել են իրենց անհամաձայնությունները, մեկեն արտահայտվելու բուռն ցանկություն են հայտնում: Կուսակցությունների ղեկավարներ, անհատներ բարձրաձայնում են կոնգրեսից հեռանալու իրենց մտադրության մասին: Մեր տեղեկություններով, առաջիկայում նման քայլի կդիմի նաև «Հայրենիք ու պատիվ» կուսակցության ղեկավար ԳԱՌՆԻԿ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ, որից էլ փորձեցինք պարզաբանումներ ստանալ:

-Ճի՞շտ են այն խոսակցությունները, թե դուք ևս ցանկություն ունեք կոնգրեսից հեռանալու:

-Այդ մասին դեռ որոշում չունենք, սպասողական վիճակ է:

-Ինչի՞ն եք սպասում:

-Դա պայմանավորված է մեր հետագա անելիքներով: Փաստորեն, այնպես ստացվեց, որ հասնում ենք նախագահական հերթական ընտրություններին, ու պետք է այդ մասին մտածել:

-Ոմանք արդեն հեռացել են կոնգրեսից, մի քանիսն էլ մտադիր են նման քայլի դիմելու. ի՞նչ եք մտածում այս առնչությամբ:

-Կարծում եմ, նրանց քայլը դեռ վաղաժամ է, քանի որ ՀԱԿ-ը միակ ընդդիմադիր ուժն է, ուստի չի կարելի հեշտությամբ վերցնել ու տրոհել:

-ՀԱԿ-ի համակարգող Լևոն Զուրաբյանը կարծիք էր հայտնել, թե այս ընթացքում չի բացառվում, որ «կոնգրեսը համալրվի նոր, թարմ, երիտասարդ ուժերով, և կոնգրեսից դուրս գան հոգնած, սպառված, հին կարծրատիպերով առաջնորդվող, համաշխարհային այսօրվա քաղաքականության զարկերակը չզգացող ուժերը»:

-Չգիտեմ՝ նա ինչ նկատի ունի, դա նրա խնդիրն է: Նախ` մարդկանց նկատմամբ ուշադիր պիտի լինել: Կոնգրեսը Լևոն Զուրաբյանի սեփականությունը չէ: Դա 18 կուսակցությունների միավորում է, իսկ մարդկանց և կուսակցությունների նկատմամբ պետք է տարրական հարգանք ունենալ, մտահոգ լինել նրանց պահպանելու խնդրով:

-7 մանդատով խորհրդարան գնալու ՀԱԿ-ի որոշումը հանրության շրջանում միանշանակ չընդունվեց, ասում են՝ կոնգրեսում ևս: Ձեր տեսակետը:

-Երբ ամիսներ առաջ քննարկվում էր՝ գնա՞լ ընտրությունների, թե՞ ոչ, մենք դեռ այն ժամանակ դեմ էինք այդ գործընթացի մաս դառնալուն: Առաջարկում էինք նաև, որ եթե դրան, այնուամենայնիվ, մասնակցենք ու ստանանք որոշակի թվով մանդատ, չվերցնենք: 7 մանդատով խորհրդարանում ի՞նչ են անելու:

-Ասել է՝ համամիտ եք, որ լինելով խորհրդարանում փոքրաթիվ խմբակցություն, ՀԱԿ-ը խնդիրների լուծման գործում ոչ մի ազդեցություն չի կարող ունենալ:

-Նախ` տարրական թվաբանություն գոյություն ունի, սահմանադրություն ու խորհրդարանի մասին օրենք: Հույսեր փայփայել, թե որևէ ուժ կմիանա կոնգրեսին, բացառվում է, քանի որ մաքուր ընդդիմություն միայն կոնգրեսն է: Մյուսների հետ հույս կապելը նաև անիմաստ է, քանի որ վերջիններս էլ են փոքրաթիվ ու իշխանության կողմից կառավարելի: Կլասիկ տարբերակով իշխանափոխություն իրականացնել մեր երկրում հնարավոր չէ:

-«Մաքուր ընդդիմություն» համարում եք ՀԱԿ-ը, բայց մյուս ընդդիմադիրներն էլ հակառակն են պնդում, թե կոնգրեսն է իշխանության մի թևի հետ «խաղերի» մեջ:

-Վերջին հինգ տարին ապացուցեց, որ կոնգրեսը միակ ընդդիմադիր ուժն է, որը, իհարկե, թույլ տվեց առանձին սխալներ, բացթողումներ ու չհասավ իր ռազմավարական նպատակին՝ արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրությունների: Իսկ նրանք, ովքեր ընդդիմություն էին խաղում, այսօր ՀՀԿ-ի և ԲՀԿ-ի ցուցակներում են:

Ճեպազրույցը՝

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 6873

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ