ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Որպեսզի երկիրը կայանա, պիտի կուսակցական համակարգը կայացած լինի»

«Որպեսզի երկիրը կայանա, պիտի կուսակցական համակարգը կայացած լինի»
18.05.2012 | 10:55

«Իրատես de facto»-ի հարցերին պատասխանում է քաղաքագետ ԱՆՈՒՇ ՍԵԴՐԱԿՅԱՆԸ:

-Ձեր գնահատականով` ի՞նչն է բնորոշ հետընտրական շրջանին: Եթե մի բառով բնորոշենք, ի՞նչ ենք ասելու:

-Անվանելու ենք չլուծված մարտահրավերների ժամանակաշրջան: Ոչ մի խնդիր, որ պիտի դներ ներքաղաքական դաշտը, ոչ միայն չի լուծվել, այլև չի դրվել: Ընդդիմությունն այդ քաղաքական խնդիրները չի դրել, որովհետև նրան զրկել են այդ հնարավորությունից:

-Ո՞վ է զրկել:

-Չունենալով քաղաքական մեծամասնություն խորհրդարանում, ընդդիմությունը հնարավորություն չունի քաղաքական օրակարգ ձևավորելու: Իսկ գործող մեծամասնության պարագայում քաղաքական խնդիրները կարող են շարունակաբար մնալ երկրորդ պլանում, առաջին պլանում կլինեն միջանձնական հարաբերությունները, բիզնես ծրագրերը, ներքին պայմանավորվածությունները: Հայաստանը, որ փոքր երկիր է, որտեղ հեշտ է լուծել հիմնարար քաղաքական խնդիրները, գտնվում է դարձյալ խաչմերուկում: Սա, թերևս, անորոշության խաչմերուկն է:

-«Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին»` ո՞ւմ կարգախոսն էր:

-Ես ինչքան հիշում եմ բոլոր ընդդիմադիր ուժերին, մենք անընդհատ լսում ենք «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը: Եթե ժողովուրդը հաստատապես գիտի, որ ռեժիմը հանցավոր է, ինչո՞ւ է ձայն տալիս: Եթե ընդդիմությունը հանցավոր ռեժիմի հանցանքները կարողանում է փաստարկել, ինչո՞ւ չի դիմում այն օրենսդրական գործողություններին, որոնցով հանցանքին հաջորդում է պատասխանատվությունը: Արդյո՞ք նման դեկլարացիաները չեն խաթարում քաղաքական դաշտը: Հերիք չէ` իշխանությունը քաղաքական խնդիրներ չի հնչեցնում, ընդդիմությունն էլ քաղաքական խնդիրները փոխարինում է դեկլարացիաներով: «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսը, ըստ էության, քաղաքական դեկլարացիա է, որը շատ էֆեկտիվ է, բայց հարցի լուծում չի տալիս, որովհետև «Ոչ մի ձայն հանցավոր ռեժիմին» կարգախոսի հակափաստարկը «Բոլոր ձայները ոչ հանցավոր ռեժիմինը» չէ: Պիտի լինի` բոլոր ձայները արդյունավետ կառավարմանը: Բոլոր ձայները` Հայաստանի խնդիրների լուծմանը: Բոլոր ձայները արտաքին և ներքին մարտահրավերների հաղթահարմանը: Չկան նման կարգախոսներ, մշտապես եղել է անձերի, հակադրությունների սխեմա, Հայաստանում քաղաքական պայքարը երբեք չի եղել տարբեր քաղաքական պլատֆորմների, քաղաքական հայացքների միջև: Շատ վաղուց ես, օրինակ, չեմ տեսել լիբերալների և ազգայնականների պայքար և շատ կարոտում եմ լուրջ բանավեճի:

-Հայաստանում, Ձեր կարծիքով, բազմակուսակցական համակարգը կայացա՞ծ է:

-Հայաստանում կուսակցական համակարգը բազմաբնույթ է, բայց քաղաքական մակարդակով կայացած չէ: Եթե փորձենք կուսակցությունների պլատֆորմները միջին օղակների մակարդակով մանրամասնել, որպես կանոն, կտեսնենք, որ կուսակցական գործունեության մեջ ընդգրկված մարդիկ չեն ըմբռնում իրենց գործունեության բնույթը: Առայժմ Հայաստանում շատ քիչ ուժեր են կարողացել քաղաքական բաղադրիչը պահել:

-Պահանջա՞րկ չկա, թե՞ պայման չկա:

-Առաջին հերթին` պայման, որովհետև քաղաքական պահանջարկը վերևից է ձևավորվում` քաղաքական կամք պիտի լինի, որ զգաս քաղաքական ուժերի անհրաժեշտությունը: Դա առայժմ անվիճարկելիորեն երկրի կառավարման ամենաարդյունավետ համակարգն է: Եթե նույնիսկ ընդունենք, որ կուսակցություններ պետք չեն, ու կուսակցությունները վերանան, քաղաքական կազմակերպման ինչ-որ ձև պե՞տք է լինի: Առայժմ կուսակցություններն են, և պետք է ձգտենք, որ կուսակցությունները դադարեն անձնական շահերով միավորված մարդկանց խմբեր լինելուց և լինեն գաղափարական ազդակներով միավորված մարդկանց հանրություն: Ես դեմ եմ կուսակցություններին վերագրվող առանձնահատուկ միսիոներականությանը` գալու, փրկելու: Կուսակցականությունը քաղաքական գործառույթ է, առօրյա աշխատանք, երբեմն` շատ ձանձրալի, միևնույն ժամանակ` անհրաժեշտ երկրի կառավարման գործընթացն իրականացնելու համար:

-Այսինքն` որպեսզի կուսակցական համակարգը կայանա, պիտի երկի՞րը կայացած լինի:

-Որպեսզի երկիրը կայանա, պիտի կուսակցական համակարգը կայացած լինի:

-Բայց մեր դեպքում կյանքը հակառակն է ապացուցում:

-Հայաստանի անկախ պետականությունը կայացել է ֆորմալ, բայց դեռ չի կայացել բովանդակային առումով: Ի՞նչ է պետականությունը: Պետականությունը տվյալ երկրում գոյավարող տնտեսական, քաղաքական և հասարակական համակարգի ճշգրիտ հավասարակշռությունն է: Մենք չունենք այդ հավասարակշռությունը, այդ բոլոր համակարգերը միմյանցով փոխպայմանավորված են, և երբեք չես կարող ասել` ո՞րն է առաջնայինը:

-Լավ, մեր դեպքում գոնե հստակ սահմանագիծ կա՞ իշխանության և ընդդիմության գաղափարական դաշտերի միջև:

-Հայաստանում մթնոլորտը չափազանց ընտանեկան է, տնավարի` հստակ քաղաքական սահմանազատումներ կազմավորելու համար: Շատ կարևոր է գաղափարախոսական պլատֆորմի հստակեցումը:

-Հայաստանի խորհրդարանական ընտրություններում ինչ-որ մեկը հաղթե՞ց:

-Հայաստանի խորհրդարանական ընտրությունների հաղթանակը կերևա մի երկու տարի հետո: Եթե դու հաղթել ես, և արտագաղթը չի կանգնում, նշանակում է` պարտվել ես, եթե հաղթել ես, բայց քո երկրի տնտեսական համակարգը շարունակում է մնալ օլիգարխիկ, եթե քո տնտեսության մեջ մարդու օրինազրկումը շարունակվում է, նշանակում է` դու տապալել ես քո ամբիցիոզ նախագծերը:

-Ինչո՞ւ, դա նշանակում է` դու շարունակվում ես և լուծում ես քո խնդիրները, պարտադիր չէ, որ այդ խնդիրները լինեն նաև հասարակությանը:

-Եթե պարտադիր չէ, որ հասարակությանը լինեն, ուրեմն աշխատում են քո անձնական շահերը, և ընդդիմության գործառույթն է իրողությունը բարձրաձայնելը:

-Բարձրաձայնում է ձանձրացնելու չափ, հետո՞:

-Արդյունավետ մենեջմենթի խնդիր կա` բարձրաձայնելը և էֆեկտիվ միջոցներ կիրառելը տարբեր են: Ես չեմ կարծում, որ մեր համակարգն այնքան արատավոր ու սարսափազդու է, որ էֆեկտիվ միջոցառումների փաթեթ ներկայացնելուց հետո փոփոխություններ հնարավոր չեն:

-Ձեր գնահատականով` հետընտրական կոալիցիաներ հնարավո՞ր են, և ինչի՞ պիտի ծառայեն:

-Մենք ունեինք իշխանական կոալիցիա, որի գործող մասերը որևէ գաղափարական ընդհանրություն չունեին, միավորվել էին իշխանության շուրջը: Եվ ի՞նչ: Ընտրություններից մի քանի օր առաջ կոալիցիոն ուժերից մեկն ինքնահռչակվեց ընդդիմություն: Օգտվեց իշխանության բոլոր բարիքներից և որոշեց իշխանության պատասխանատվությունից բոլորովին ձերբազատվել: Կոալիցիաներն անարդյունավետ են հենց իշխանական թևի համար: Ընդդիմադիր թևի համար կարող են ավելի արդյունավետ լինել, բայց շարժական ձևաչափերով: Ոչ թե կայուն ու երկարաժամկետ միավորումներ, այլ որևէ խնդրի լուծման։

-Նախավերջին խորհրդարանական ընտրարշավում ամենաընդդիմադիր քաղաքական ուժը ՀՅԴ-ն էր, վերջինում` ԲՀԿ-ն, ի՞նչ է կատարվում Հայաստանի քաղաքական ուժերի հետ, ինչո՞ւ են նախընտրական շրջանում կտրուկ ընդդիմադիր դառնում, հետընտրական շրջանում վերադառնում իրենց բուն դիրքերին:

-Ոչինչ չի կատարվում, նրանք պաշտպանում են իրենց անմիջական շահը: Շատ ավելի հետաքրքիր է` ի՞նչ է կատարվում հասարակության հետ, որ չեն զանազանում ընդդիմադիր ու իշխանական ուժերը, որ չեն հասկանում` հնարավոր չէ նախարարական պորտֆելներով ընդդիմություն, հնարավոր չէ երկրի տնտեսական գործառույթների համար պատասխանատվություն կրելով` պայքարել իրավահավասարության համար: Կարո՞ղ է ԲՀԿ-ն պայքարել տնտեսական մենաշնորհի կամ քրեաօլիգարխիկ համակարգի դեմ: Խնդիրը բնավ էլ քաղաքական ուժինը չէ: Քաղաքական ուժը կարող է ինքնահռչակվել ազգի միակ և անբեկանելի փրկիչ, դա իր ընտրական իրավունքն է, հանրության իրավունքն է նրան հավատալ կամ չհավատալ:

-Չե՞ք կարծում, որ այդ ինքնահռչակումների ուղիղ հետևանքն է, որ հանրությունն ընտրում է վճարված ընտրության տարբերակը, որովհետև Հայաստանի քաղաքական դաշտում չկան իդեաներ, իդեալներ ու առաջնորդ, ում հետևից արժե գնալ:

-Հայաստանի քաղաքական դաշտում այդ ամենը եղել է, և ընտրողի ենթագիտակցության մեջ արմատավորվել է, որ բոլոր իդեա-իդեալները պայքարը վերադարձնում են ելակետ, և իրենց կյանքում ու երկրի կյանքում ոչինչ չի փոխվում: Այդ պատճառով էլ անհրաժեշտություն է նոր որակի ընդդիմության ձևավորումը, որն արդեն ոչ թե մարդկանց էմոցիոնալ ռեսուրսը չարաշահի` խաղարկելով օբյեկտիվ դժգոհության խաղաքարտը, այլ կարողանա հանրության խնդիրները լուծել` առանց այդ հանրության խորագույն աջակցությունն ակնկալելու: Դու պիտի քաղաքական մեխանիզմների տիրապետես և այդ մեխանիզմները փորձես գործարկել հանուն մարդկանց բարեկեցության: Էմոցիոնալ ռեսուրսը սպառված է արդեն, մեծանում է նոր սերունդ, որը շուտով այլևս չի կարողանալու ապրել այն համակարգում, որին համակերպվում է ավագ և միջին սերունդը:

-Իսկ եթե այդ սերունդը գերադասի ապրել այնտեղ, որտեղ նման խնդիրներ չկա՞ն:

-Ես շատ եմ շփվել մարդկանց հետ, ովքեր պետություն չունեն, նրանք պատրաստ են իրենց կյանքը տալու, որ հնարավորություն ունենան ապրելու սեփական պետության մեջ: Մենք ունենք մեր փոքրիկ երկիրը և չենք հասկանում` ինչ է նշանակում պետականազուրկ, վտարանդի լինելը: Արտագաղթի հովվերգական մոտիվն այլևս չի գործում, մարդիկ չեն գնում ավելի լավ կյանքի հետևից, մարդիկ փախչում են անտանելի կյանքից: Դրսում նրանք ընդամենը սոցիալական հարց են լուծում, հոգևոր ու մշակութային խնդիրը մնում է անլուծելի: Մեր պետության խնդիրը հոգևոր և մշակութային պահպանություն ապահովելն է այժմ: Եթե դա դառնա գերակայություն, և ցանկացած գործողություն, որ ուղղված է այդ պահպանության դեմ, պատժվի, մենք կկայանանք իբրև պետություն:

-Հավանակա՞ն է ընդդիմադիր նոր բևեռի ձևավորումը:

-Նայեք Ձեր շուրջը և կտեսնեք ընդդիմադիր նոր բևեռը: Խնդիրը կոնսոլիդացիան է, ոչ թե միտինգային, այլ գաղափարական ընդհանուր հայտարարի շուրջ:

-ՈՒ Դուք տեսնո՞ւմ եք նման համախմբումի նախադրյալ, սովորաբար համախմբվում են միջակությունները, մեղքը միավորում է ավելի, քան ապրիորի բարին, գեղեցիկը, ազնիվը կամ անկեղծը:

-Բավական է, որ մարդկանց համախմբի բարին ու գեղեցիկը, մարդկանց պիտի համախմբի օգտակարն ու արդյունավետը: Եվ, իհարկե, կան նախադրյալներ:

-ՀՀ հինգերորդ գումարման Ազգային ժողովը ներկայացուցչական այն մարմի՞նն է, որտեղ հասարակության տարբեր խավեր ներկայացված են, դեգրադացիայի կամ առաջընթացի մեր պայմաններում այդ խորհրդարանն անելիք ունի՞:

-Հայաստանի ոչ մի խորհրդարանի նախագահ մինչև վերջ չի պաշտոնավարել, եթե ԱԺ նախագահն այդքան հեշտ տեղաշարժվող ֆիգուր է, ուրեմն խորհրդարանը ևս այդքան հեշտ տեղաշարժման ենթակա է: Այս խորհրդարանում, կարծում եմ, ջանքեր գործադրված են վիճակը փոխելու: Իշխանության ուժերը փորձեցին իրենց ցուցակներում ընդգրկել ակնհայտորեն քաղաքական դեմքեր` Վարդան Օսկանյան, Արտաշես Գեղամյան... Ես կարող եմ նրանց տեսակետների հետ բացարձակ անհամաձայնություն ունենալ, բայց նրանք գոնե տեսակետ ունեն` ի տարբերություն նախորդ խորհրդարանի պատգամավորների, որոնց գերակշիռ մասը անհարիր էր իր կարգավիճակին:

-Իսկ այս խորհրդարանի գերակշիռ մասը հարի՞ր է իր կարգավիճակին:

-Գոնե միտված է իր հայտնի քաղաքական գործիչների մասով:

-Հրաշալի է, խորհրդարանում որոշումներն ընդունվում են քվեարկությամբ, քաղաքական դեմքերն իրենց չքնաղ գաղափարներով չե՞ն կորչելու մեծամասնության հորձանուտում:

-Իսկ գուցե քաղաքական կամքի ժամանակն է եկել Հայաստան, և դու չես շարունակելու «եթե»-ներով ապրել, որովհետև մարտահրավերներն այնքան լուրջ են, որ իներցիայով չես կարող շարժվել:

-Ի՞նչ է ակնկալում Հայաստանից արտաքին աշխարհը և ի՞նչ է ուզում Հայաստանում տեսնել:

-Արտաքին աշխարհը շահագրգռված է, որ բոլոր այն պետություններում, որոնք ունեն դրոշ, օրհներգ, զինանշան, գործեն պետական ստանդարտները:

-Իսկ ո՞րն է այդ պետական ստանդարտը:

-Պետության ներսում քաղաքացուն չի կարելի տնտեսազրկել, իրավազրկել, խոշտանգել, և դա վերաբերում է բոլոր պետություններին: Բայց մենք բավականաչափ մշակութային ժողովուրդ ենք, որ ունենանք մեր ներքին գրաքննիչը և չսպասենք դրսի ստանդարտների գործառնությանը: Մենք պիտի մեր ներքին վերահսկողությունն իրականացնենք: Մենք պիտի մեր պետական ստանդարտները պահպանենք` սկսած մարդկային արժանապատվությունից մինչև միջազգային արժանապատվություն:

-Ներքին վերահսկողության համար պիտի արժեհամակարգ ունենալ, ունե՞նք:

-20 տարի սովետական արժեհամակարգը վերացնելուց հետո ներդրվել է գավառական նացիոնալիզմի սխեմայով և օրընթաց շահով գործող համակարգ, Հայաստանում չկա երկարաժամկետ շահի տեսլականը, մեր արժեհամակարգը խաթարված է, բայց մենք ապրում ենք 21-րդ դարում, և ուզած-չուզած դու պիտի քո արժեհամակարգը ստեղծես, որ հարաբերվես աշխարհի հետ, և դա պետք է դառնա պետական հայեցակարգ: Պետության լրջագույն բացթողումն է, որ մինչև հիմա չի արվել. պիտի սկսես կրթությունից մինչև հեռուստատեսություն։

-Մի հարյուր տարին հերի՞ք է:

-Փոքրիկ ու կազմակերպված հայ ժողովրդի դեպքում վերևից ներդրված ստանդարտն իր արդյունքը կտա արդեն մի սերնդի պարագայում:

-Իսկ եթե վերևին այդ ստանդարտը ձեռնտու չէ՞, արժեհամակարգի պարագայում մարդը ոչ միայն գոյություն ունի, նա սկսում է մտածել:

-Իրականում այդ ստանդարտը շատ ձեռնտու է, որովհետև դու ունենում ես մի քիչ ավելի ըմբոստ հանրություն, որը թույլ չի տալիս իրեն ուծացնել ու ստրկացնել, բայց ունենալու ես հայրենիքի սահմաններին պաշտպանության պատրաստ, երկրի նյութական բարիքը բազմապատկող, պետությունն ու իշխանությունը հարգող հանրություն: Վերստին կարճ շահի ու երկարատև շահի խնդիրն է: Մենք պիտի գերադասենք երկարաժամկետ շահի առավելությունը:

Զրույցը`

Անահիտ ԱԴԱՄՅԱՆԻ

Դիտվել է՝ 6558

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ