ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

SOS Ծիծեռնակաբերդից (հուշաբլրում հուշն է հոշոտվում)

SOS Ծիծեռնակաբերդից (հուշաբլրում հուշն է հոշոտվում)
18.05.2012 | 05:59

«Սկսվեց Սուրբ Պատերազմից,

ավարտվեց Մեծ Թալանով.-

գռփողների հայտնի զարմից

նորերն ելան ալամով,

ու ծեծեցին ծեծած տեղը

որպես կարկուտ մի զորեղ…»։

Դավիթ ՀՈՎՀԱՆՆԵՍ,

«Նոր քրոնիկոն»

ՆԱԽԱՎԱՐԺԱՆՔ-ՀՈՒՇԱԳԻՐ

(խնայեք ձեր նստուկները, տիարք ամենահասներ, երկրի էներգետիկ դաշտերն այդտեղ են խաչասերվում)

Բախտախաղն է իր գործն անում: Կամ նրա հետ բարեկամ ես, կամ էլ զառերը մի կողմ դիր և ձեռքդ առ բահ ու փոցխ:

Բայց եթե զառին ես երդում տվել, անշուշտ, զառ բռնելու արվեստին պիտի տիրապետես: Հակառակ պարագայում քեզ պարզապես կտիրանան զառակից-խաղընկերներդ, ովքեր առավել դյուրազգաց են, ավելի «հայրենասեր»: Անշուշտ` խարդախելիս:

Զառակիր-ասպետի և բնասեր-ակտիվիստի միջև կամուրջներն այրված-մոխրացած են դեռ Աբել-Կայենի ժամանակներից:

Մերօրյա զառակրաց արշավանքներում տնկված ծառն ու թուփը մոլախոտի բարգավաճման ապաստարանն են, վարուվերվող Հայաստանը: Եվ հայտնի է խաղամոլ ամենեցուն, որ իրենց ծառ ու թուփ մշակել, բահ ու փոցխ ճանկել ամորձատման սպառնալիքով հակացուցված են: Ինչո՞ւ: Բայց մի՞թե տարակարծություն կա սույնի շուրջ: Չէ՞ որ փոցխն ու բահը կոշտուկապատում են ափը, պնդացնում բթամատն ու ճկույթը:

Եվ ահավասիկ եզրահանգումը ասվածի. մի՞թե անդյուրաշարժ թաթով-բթով և կոշտուկապատ ափով-ձեռամբ հնարավոր է զառ բռնել: Հարկավ` ոչ: Եվ վերոնշյալը ոսկետառ վայելչագրված է բախտախնդիրների բախտացույցում:

Բայց Ծիծեռնակաբերդում ուշ երեկոյից մինչև վաղ այգաբաց թափառում են զեռունների բնօրրան բլուրն անտառի վերածած բահակիր-ասպետների և ջրկիր-դիցուհիների ուրվականները: Հանգստություն նրանց ազնիվ հոգիներին և կենդանություն դեռևս ողջ-առողջներին:

Մի խոսքով, ավանդույթի համաձայն, շնչում-արտաշնչում ենք: Լիաթոք և ողջամիտ: Չմոռանալով ամենից կարևորը` շնչելը լճիցլճերում պարտադիր նախապայման է, արտաշնչելը` կամավոր կամակորություն:

Նախավարժանքն ավարտված է: Սուրճի ամպիկը զարմանալիորեն խորհրդավոր է բուրում, ու կանխատեսում ուշագրավ զարգացումներ: Մի ումպ թունդ արևելյան սուրճ և պաղ-կենարար հայոց ջրի մի կում: Հրաշալի՜ համադրություն:

ԱՇԽԱՐՀԻԿ-ՀՈԳԵՎՈՐ ՊԱՏԵՐԱԶՄՆԵՐ

(նորանկախ մեղեդիների)

Առաջին խորշակը Ծիծեռնակաբերդով անցավ 1991-ին, առաջին անհույս և անպատվաբեր ձմեռն էր երկրում, Ծիծեռնակաբերդում, հուշաբլրում:

Կացնավոր արշավանքները ապաշխարվում էին միայն ինքնաշեն վառարանների ջերմությամբ, նաև ինքնաբերաբար թխված հացի հոգեշահ բույրով: Հնարավո՞ր էր, որ հուշաբլուրը զերծ մնար «կանաչ եղեռնից»: Միանգամայն: Եթե միայն մազութ ներկրողների դավադիր փաղանգը գոնե կենդանական աշխարհի բարոյականին ապավիներ: Ապավիներ, զի խոտաճարակներն ու երկկենցաղները, հավքերն ու գիշատիչները, զեռուններն ու միջատները երբևէ չեն ճարակում, կլանում, հոշոտում այն, ինչը վաղվա օրվա ու հաջորդ սերնդի սեփականությունն է:

Այ, եթե նորամանուկ հանրապետությունն ապավիներ կենդանագազանային հանձնախմբին և երկրի կենսապահովման աջթևայիններին կազմեր «երեք վարազ և չորս թռչուն, մեկ բորենի ու վեց մողես» սկզբունքով, վստահաբար հուշաբլուրը կփրկվեր այս դառնաշունչ անարգանքից: Հետո նաև իշխանն ու սիգը Սևանի լազուր ամրոցները չէին հանձնի խեցգետիններին ու որսաբոզերին, չէր պղտորվի մայրաքաղաքի թամանյանական վսեմաշուք պատկերը:

Սա՞ ինչպես եղավ ու ինչո՞ւ: (Զառը գետնեց ծառին: Ահա թե ինչու): Գուցե վերոնշյալը գիտական ֆանտաստիկայի ոլորտից է: Կամ ավելի ստույգ` մի որոմի, որ անկախությամբ պնդվեց մեր սրտում, գնդվեց մեր մտքում և կոչվում է «Լալահառաչ ուտոպիզմ»: Այս բնագավառում, ի դեպ, անվրեպ հաջողակ ենք: Բայց, քանի որ «ինչքան էլ սուգ անեք, ինչքան էլ լաց ըլեք, հո Կիկոսը կենդանանալո՞ւ չի», շրջայցի դուրս գանք մեր մոտակա անցյալում, այսպես ասած «անցյալ ափսոսական» անգո բային տուրք տալով: Նաև` «վեր կացեք, եկեք գնանք մեր տունը, մարդ կանչենք, ժամ ու պատարագ անենք, Կիկոսի քելեխը տանք, լացով ի՞նչ պիտի անենք»:

Օ՜, անմա՛հ Կիկոս, օ՜, իմաստուն Կիկոսապապ:

Ծիծեռնակաբերդը քոսապատ և փշածածկ անապատից կանաչագեղ հրվանդանի վերածվեց շաբաթօրյակների շնորհիվ, ո՛չ լենինյան, համազգային: (Սա կոչ է ներկա իշխանապետներին. վերականգնե՛ք, արգո տիարք և հարգարժան տիկնայք, շաբաթօրյակի ավանդույթը, և կշահենք մեծապես, դուք էլ, մենք էլ, երկիրն էլ: Նաև հիշենք հիշարժանը` շաբաթօրյակներում մեծ փողեր են խնայվում):

ՈՒս ուսի ծառ ու թուփ էին տնկում պատկառելի գիտնական այրն ու վառվռուն ուսանողուհին, նկարիչն ու լուսանկարիչը, կուսհրահանգիչն ու նրա մշտական զոհ` առաջավոր բանվորը:

Զուգահեռ ընդարձակվում էր քաղաքամայրը: Վեր խոյացան «Չերյոմուշկան» (ներկա` Աջափնյակը), Նոր Նորքը, Հարավ-արևմտյան զանգվածը (նշանավոր «Բանգլադեշը»): Ծիծեռնակաբերդը հայտնվեց մայրաքաղաքի աշխարհագրական կենտրոնում: Եվ մասնակիորեն սփոփեց բազմափորձ սիրահարներին, նորելուկ դահուկորդներին և այլոց: (Հասկանալի է, սաղարթների սիրահարները անզուսպ սիրաբանում էին, այնուհետև դահուկով անփույթ սահում: Երբեմն ճիշտ հակառակը):

Սակայն բախտացույցի սլաքը դեռ չէր կանգնել գլխավոր նշանակետի առջև: 1965-ի ազգային զարթոնքը սովետական քաղաքական ղեկավարությանը հուշեց եղեռնի սուրբ նահատակների հիշատակը հավերժացնել Երևանի վարչական կենտրոնից դուրս` Ծիծեռնակաբերդում:

Կառուցվեց հրաշակերտ հուշակոթողը` յուր անմար կրակով: Եվ կրակված հուշը արժանավայել հանդերձ հագավ: Ի դեպ, բլրի ծառուղիներում էին երդմնակալության հանդեսը կատարում հռչակավոր ԱՄԿ-ի (Ազգային միացյալ կուսակցություն) նվիրյալները` Ստեփանը Զատիկյան, Պարույրը Հայրիկյան, Աշոտը Նավասարդյան և այլք:

Ծիծեռնակաբերդի բլուրը վերաիմաստավորվեց հուշաբլրի:

«Չերյոմուշկացի» մանուկներիս համար 1-կոպեկանոց մի անմրցելի ըմպելիք կար` Հալաբյան և Լենինգրադյան փողոցների խաչմերուկում տեղակայված մետաղյա անվավոր տակառից հոսող թանը: Այն թղթե բաժակներով էր մատուցվում: Հետո անցնում էինք փողոցն ու 15 կոպեկը հաճույքով «զոհաբերում» ճանապարհորդական մանրակերտ ավտոգնացքին: Գույնզգույն ու դյուրընթաց, դրանք բերվել էին օդանավակայանից և բնակչությանը հասցնում էին բլրի կենտրոն, ուր բացօթյա էստրադան էր և սեղանի թենիսի խաղահրապարակը: Այստեղ հետո մարզահամերգային համալիրը կառուցվեց:

Հուշակոթողը Ծիծեռնակաբերդի աշխարհիկ գոյակերպը շեշտակի փոխեց հոգևորի, ՄՀՀ-ն այն վերադարձրեց ելման կետ:

Ծիծեռնակաբերդը Երևանի աշխարհագրական կենտրոնն էր, հուշակոթողը` Ծիծեռնակաբերդի:

Մարզահամերգային համալիրը էապես խմբագրեց երևույթը, նրա շուրջը կառուցվեցին շոգեբաղնիքներ, պանդոկներ, խաղահրապարակներ:

Կառավարական համարանիշերով շքեղ «Վոլգան» կառանվեց hուշաբլրի ստորոտին, այնտեղ, ուր այժմ «Հավանա» զվարճանքի կենտրոնն է: Մեքենայից իջավ ծերունազարդ հյուրը և անմիջապես էլ վեճի բռնվեց իր ուղեկցորդների հետ: Ականջ դրեցի: Նրան համոզում էին մեքենայով բարձրանալ hուշակոթող, ճանապարհը բավականին երկար և հոգնեցուցիչ է: Ալևոր կինը կտրուկ մերժումով դողդոջ քայլերով ճանապարհ ընկավ դեպի սրբավայր: Եվ քայլեց ժամից ավելի:

Մարիետա Շահինյանն էր, սովետական նշանավոր գրողն ու հրապարակագիրը, ՈՒլյանով-Լենինի կենսագիրը:

Այսօր, ինչ խոսք, անհնար է օտարել ՄՀՀ-ն: Սակայն hուշաբլուրն ունի վերակենդանացման, վերաիմաստավորման, առհասարակ` վերից վար «դարձի գալու» խնդիր: Այն պիտի դառնա պատմամշակութային հոգևոր կենտրոն, զի իշխող իրավիճակը բանականի և բարոյականի բիրտ ոտնահարում է:

Ծիծեռնակաբերդում մեր ինքնիշխանությունը մոլեգնեց ինչպես ոչխարի փարախ ներխուժած բորենիների ոհմակը:

Եվ ասվածը բնավ չափազանցություն չէ:

Ահավասիկ դեպի հուշակոթող տանող ճանապարհը: Հարդարուն է այն, աչքի համար շոյիչ: ՈՒ ամեն բան ծառայում է մեկ գերնպատակի` տիտղոսակիր հյուրերին և պատվարժան այցելուներին հուշակոթող հասցնել կանաչագեղ ճանապարհով:

Սակայն զարհուրելի հետևողականությամբ մի «մանրուք» է անտեսվում. ծառ ու թուփ hուշաբլրում տնկվում և խնամվում են միայն և միայն նշանավոր ծառուղում, ուր յուրաքանչյուր ծառ արժանապատվությամբ ավետում է` ահա այսինչ օրը hուշաբլուր այցելեց ահա այս պետության ղեկավարը և, որպես հարգանքի տուրք ու հիշատակի ամփոփում, հողին հանձնեց սույն գեղանկար տնկին: Հրաշալի՜ է։

Սակայն այս առինքնող օազիսից ափաչափ հեռու ժամանակը տառացիորեն կանգ է առել 1991-1995-ի սահմաններում: Ամենուր աղբակույտեր են, ճահճուտներ, կացնահարված ծառերի դառը հիշողություն: Բայց չէ՞ որ աղբակույտերում առնետներն են հաստատում իրենց տիրակալությունը:

Եվ մի՞թե դաժանամիտ ու չարոգի պիտի լինել շեփորելու համար, որ, այո՛, hուշաբլրի լանջերը անգութ անտերության են մատնվել հեռահար մի նպատակով` դրանք կհայտարարվեն հանրային գերակա շահ, hուշաբլուրը կպատվի դղյակների ու պանդոկների դիվային շղթաներով: Սա, չնայած վերը բերած մեր հիմնավորումներին, անհավանակա՞ն է թվում:

Փառք Երկնավորին, եթե այդպես է: Բայց զգոնությունը թելադրում է այլ բան` դիմահայաց կանգնել դեպի լյառն Մասիս և հայացքով տեղազննել Դալմայի այգիները` Երևանի վաղեմի փառքերից մեկը: Մի՞թե կա որևէ տարակուսանք, որ մինչև հաջորդ խորհրդարանական ընտրություններ Դալմայում մի նոր «Հյուսիսային պողոտա» ի հայտ կգա:

ՎԵՐՋԵՐԳ

(ՏՕՏ խորհրդարանին և կառավարությանը հայոց)

Բոլորս դեպի համազգային, ժողովրդավարական, իրավական և բարեփոխիչ շաբաթօրյակներ: ՈՒ քանի դեռ մայիս ամիսն է, կանաչապատենք ծառ ու թփով Ծիծեռնակաբերդի հուշաբլուրը: Սա հոգեշահ գործ է:

Միաժամանակ հսկայական միջոցներ կխնայվեն` ի շահ հավերժական փորկապի մեջ գալարվող մեր պետական բյուջեի։

Ո’ղջ լերուք:

Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3440

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ