Թել Ավիվում Թուրքիայի դեսպանատունը, ի հիշատակ ՀԱՄԱՍ-ի սպանված առաջնորդ Իսմայիլ Հանիեի, խոնարհել է իր դրոշը: Իսրայելի արտգործնախարար Իսրայել Կացը նկատողություն է արել ԱԳՆ հրավիրված Իսրայելում Թուրքիայի փոխդեսպանին։ Ի պատասխան՝ Թուրքիայի նախագահի աշխատակազմի ներկայացուցիչը հայտարարել է. «Մի օր դուք անպայման պատասխան կտաք մեր պաղեստինցի եղբայրների ու քույրերի սպանության և ձեր կատարած ամոթալի ցեղասպանության համար»:               
 

«ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ` ԱՎԵԼԻ ԼԱՎ ԼԻՆԻ, ԵՂԱՎ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»

«ՈՒԶՈՒՄ ԷԻՆՔ` ԱՎԵԼԻ ԼԱՎ ԼԻՆԻ, ԵՂԱՎ ԻՆՉՊԵՍ ՄԻՇՏ»
09.11.2010 | 00:00

Աստծո անցած յոթ օրում հաստատվեց, որ անխուսափելին է ամենազորեղը, որովհետև իշխում է բոլորին, և ժամանակն է ամենաիմաստունը, որովհետև բացահայտում է ամեն ինչ: Մարդկային իմացության այս կոդերը անխուսափելիորեն գործում են բոլոր ժամանակներում:
«Ֆորբսը» հրապարակել է աշխարհի ամենաազդեցիկ մարդկանց ցանկը: Առաջինը Չինաստանի ղեկավար Հու Ձինտաոն է, երկրորդը` ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբաման, երրորդը` Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլա բին Աբդել Ազիզը, չորրորդը` ՌԴ վարչապետ Վլադիմիր Պուտինը, հինգերորդը` Հռոմի Բենեդիկտոս պապը, վեցերորդը` ԳԴՀ կանցլեր Անգելա Մերկելը, որ ճանաչվել է աշխարհի ամենաազդեցիկ կինը: Ե՛վ Օբաման, և՛ Պուտինը մեկական հորիզոնական նահանջել են նախկին դիրքերից:
Անցած ամբողջ շաբաթ Հայաստանում այն տպավորությունն էր, որ հակառակ գների խայտառակ ու հմուտ կառավարվող անկառավարելիությամբ աճի` երկիրն ամսվա վերջին համապետական ընտրությունների է գնալու: ԲՀԿ-ն հիպոթետիկ 50+1-ը ստանալուց հետո նախագահի թեկնածու էր առաջադրում ու արդեն համարյա հաղթել էր, ՀՀԿ-ն քմծիծաղում ու լուրջ չէր համարում կոալիցիոն գործընկերոջ ռևանշը, մյուս կուսակցությունները սպասում էին նրանց մենամարտի ավարտին, որ հաղթողի կողմն անցնեն, ժողովուրդն անտարբեր էր, որովհետև խոշոր հաշվով ի՞նչ տարբերություն` ՀՀԿ-ն, թե ԲՀԿ-ն: Այդ ՀՀԿ-ի ու ԲՀԿ-ի անդամների համար նշանակություն ունի մեկի հաղթանակը ու մյուսի չհաղթանակը, այն էլ ոչ բոլոր անդամների, միայն կուսակցական վերնախավերի: Համենայն դեպս, ԲՀԿ-ական անպատեհ ակտիվացումը երեք պատճառ նվազագույնն ունի. առաջին` հրահանգ է ստացվել կուսակցությունը ժամանակից շատ շուտ շարքից հանելու, և իրականում տեղի է ունենում ոչ միայն կուսակցության, այլև նրա ղեկավարի, մեղմ ասած, փչացնելու գործընթաց: Այն էլ` իր կուսակիցների ձեռքով: Երկրորդ` հրահանգ է ստացվել ընտրողներին նախապես ներշնչելու, որ ՀՀԿ-ի միակ այլընտրանքը ԲՀԿ-ն է, այլ խաղեր տալու հնարավորություն չկա ու չի տրվելու: Երրորդ` իշխանությունները, առանց անուններ տալու, նախապատրաստվում են արտահերթ ընտրությունների, որտեղ միակ խնդիրն ունեն լուծելու` անձերին փոխելով` բուրգը պահպանել: Իսկ այդ դեպքում ԲՀԿ-ն, իրոք, արժանի թեկնածու է Գագիկ Ծառուկյան-Ռոբերտ Քոչարյան տանդեմով: Իհարկե, կան չորրորդ, հինգերորդ, վեցերորդ տարբերակներ էլ, չի բացառվում նաև ամբողջ գործընթացի ոչ մի պատճառ չունենալը:
Լեռնային Ղարաբաղի հակամարտության վերաբերյալ կանադացի պատգամավոր Ռայնլ Անդրեյչուկի բանաձևը հանվել է ՆԱՏՕ-ի խորհրդարանական վեհաժողովի օրակարգից: Մի շտապեք հայ դիվանագիտության մատը տեսնել, ոչ էլ հյուսիսատլանտյան հանկարծահաս հայամետության. բանաձևն օրակարգից հանվել է Ադրբեջանի պատվիրակության ղեկավար Զիաֆաթ Ասկյարովի խնդրանքով, քանի որ ադրբեջանական պատվիրակություն քննարկման օրերին պարզապես գոյություն չէր ունենալու: Նոյեմբերի 7-ին կայացած խորհրդարանական ընտրություններից հետո կկազմավորվի նոր պատվիրակություն, որն էլ ՆԱՏՕ-ի ԽՎ-ում կքննարկի հետաձգված նախագիծը: Ինչո՞ւ էր առաջադրվել բանաձևը: Իսկ ինչո՞ւ ոչ, Ադրբեջանը հերթական հնարավորությունը ստացավ ցույց տալու, որ միջազգային բոլոր ատյաններում կարող է «օկուպացված տարածքների» ու «փախստականների» հարց բարձրացնել ընդդեմ «ագրեսոր Հայաստանի»:
Թուրքիայի Ազգային անվտանգության խորհուրդը սրբագրել է իր «Կարմիր գիրքը»` հինգ տարին մեկ կատարվող փոփոխությունները սահմանում են Թուրքիայի ազգային անվտանգությանը սպառնալիք ներկայացնող երկրներն ու իրադարձությունները: Այս անգամ «գաղտնի սահմանադրությամբ», ինչպես անվանում են փաստաթուղթը, Թուրքիայի համար դադարել են սպառնալիք լինելուց Հայաստանը, Վրաստանը, Սիրիան, Իրանը, Բուլղարիան, փոխարենը հավելվել է Իսրայելը: «Jerusalem Post»-ի վկայությամբ` սպառնալիք են համարվել նաև գլոբալ ջերմացումը և օնլայն ահաբեկչությունը: Թուրքիան կարծում է, որ Մերձավոր Արևելքը պետք է լինի միջուկազերծ գոտի:
Թուրքական «Makina ve Kimya» ընկերությունը և Ադրբեջանի պաշտպանական արդյունաբերության նախարարությունը թմբուկային ականանետերի արտադրության համաձայնություն են ձեռք բերել և բանակցում են Ադրբեջանում ականանետների զինամթերքի արտադրության վերաբերյալ:
Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովը համոզված է, որ Աստանայի վեհաժողովը Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում շրջադարձային է լինելու: Ստամբուլում նա մասնակցել է Աֆղանստանի հարցով տարածաշրջանային համագործակցության 4-րդ համաժողովին և հանդիպել գործընկերոջը` Ահմեդ Դավութօղլուին: Cihan գործակալությունը հաղորդում է, որ լրագրողների հետ հանդիպման ժամանակ Մամեդյարովն ասել է. «Ադրբեջանի, Հայաստանի ու Ռուսաստանի նախագահների աստրախանյան եռակողմ հանդիպման ժամանակ արտգործնախարարներին հանձնարարվեց շարունակել բանակցային գործընթացը, և առաջիկայում նման հանդիպում կարող է կայանալ: Այդ հանդիպման ժամանակ ԱԳՆ ղեկավարները կքննարկեն Աստանայի վեհաժողովի նախապատրաստական աշխատանքները»: Հակամարտության հաղթահարման ճանապարհային քարտեզը, ըստ Մամեդյարովի, կազմված է Կովկասում խաղաղության ու կայունության վերահաստատման նպատակով: Նոյեմբերի 6-ին Հայաստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի արտգործնախարարները հանդիպեցին Մոսկվայում, քննարկման առանցքում Լեռնային Ղարաբաղի հարցն էր:
ԱՄՆ-ի պետքարտուղարի Եվրոպայի և Ասիայի հարցերով տեղակալ Ֆիլիպ Գորդոնը կարծում է, որ ԱՄՆ-ը, որպես Մինսկի խմբի համանախագահող երկիր և Կովկասում կարևոր խաղացող, մեծ դեր է կատարում: Պետդեպարտամենտը շատ է կենտրոնացած ԼՂՀ հակամարտության խնդրի վրա, որովհետև «դա վտանգավոր կացություն է»: «Շփման գծում շատ հաճախ են լինում միջադեպեր, մենք վճռական ենք Մինսկի գործընթացի միջոցով կարգավորման հարցում, որի բացակայությունը մշտապես մտահոգիչ վիճակ է ստեղծելու: Դա կհանգեցնի երկու երկրների մեկուսացմանը, մինչդեռ նրանք պետք է տնտեսության և դիվանագիտության առումով համագործակցեն: Դա կստեղծի բախման հնարավորություն, ուստի մենք իսկապես շատ ենք զբաղվում այդ հարցով»,- ասել է Գորդոնը:
«Գոյություն ունի փաստի ընդհանուր ընկալում, որ հակամարտության արդարացի և երկարաժամկետ կարգավորումը հնարավոր չէ առանց Լեռնային Ղարաբաղի ժողովրդի մասնակցության: Ես կարծում եմ, ինչ-որ փուլում Լեռնային Ղարաբաղը կներգրավվի բանակցային գործընթացում, բայց դրա հետ պետք է համաձայնեն բոլոր կողմերը, ներառյալ Ադրբեջանը: Պարզ է, որ մենք առայժմ դրան չենք հասել»,- ասել է Հայաստանում ԱՄՆ-ի դեսպան Մարի Յովանովիչը «Asbarez»-ին տված հարցազրույցում:
Նոյեմբերի 2-ին ԱՄՆ-ի միջանկյալ ընտրություններում նախագահ Բարաք Օբաման կորցրեց Կոնգրեսը և պահպանեց Սենատը: Դեմոկրատ Նենսի Փելոսին թեև մնաց, բայց հրաժեշտ տվեց խոսնակի պաշտոնին, և Ներկայացուցիչների պալատի նախագահ դարձավ հանրապետական Ջոն Բեյները: Ընտրություններն անցկացվում էին Կոնգրեսի բոլոր 435 և Սենատի 100 տեղերից 37-ի համար: Նոյեմբերի 3-ի ասուլիսում ԱՄՆ-ի նախագահը շիտակ ասաց. «Կարծում եմ` գլխավոր հարցն այն է լինելու, թե կարո՞ղ են դեմոկրատներն ու հանրապետականները միասին նստել և հիմնական խնդիրների վերաբերյալ լուծումներ առաջարկել: Համոզված եմ, որ կարող են»: Օբաման չի խուսափել նաև պարտության պատասխանատվությունից. «Ընտրությունների արդյունքները ցույց են տալիս, որ ամերիկացիները դժգոհ են տնտեսության վիճակից: Կասկած չկա, որ մարդկանց համար առաջին մտահոգությունը տնտեսությունն է, նրանք հիասթափված են, որ մեզ չի հաջողվել բավարար տնտեսական առաջընթաց ապահովել: Մենք կայունացրել ենք տնտեսությունը, մենք մասնավոր հատվածում աշխատատեղեր ենք ավելացրել, սակայն մարդիկ ամբողջ Ամերիկայում չեն զգում այդ առաջընթացը»: Նախագահը հաղթողներին համագործակցության կոչ է արել. «Եթե հանրապետականները մտքեր ունեն, թե ինչպես բարելավել առողջապահական համակարգը, եթե ցանկանում են առաջարկել այնպիսի գաղափարներ, որոնք առավել արդյունավետ և արագ կդարձնեն առողջապահական բարեփոխումները, որ բավականին թանկ էին շատ ընտանիքների, գործարարների ու դաշնային կառավարության համար, մենք հաճույքով կքննարկենք այդ առաջարկները»: Կոնգրեսի նորընտիր խոսնակ Ջոն Բեյներն էլ իր հերթին է հայտարարել. «Ժամանակն է, որ մենք քշտենք մեր թևքերը և գործի անցնենք` մարդկանց պահանջներն ու առաջնահերթությունները բավարարելու` աշխատատեղեր ստեղծելու, ծախսերը կրճատելու, Կոնգրեսի գործելակերպը փոխելու ուղղությամբ»: Փաստորեն` հանրապետականներ-դեմոկրատներ հետընտրական առաջին փոխհրաձգությունը կայացել է արդեն: Հանրապետականների հաղթանակն ապահոված Թեյի կուսակցության ղեկավարներից Մարկ Մեքլերն էլ է մասնակցել այդ հեռակա հրաձգությանը. «Մեր երկրի հիմնադիր հայրերը ստեղծեցին մի Սահմանադրություն, որը թույլ է տալիս երկու տարին մեկ խաղաղ հեղափոխություն անցկացնել, եթե նպատակահարմար ենք համարում: Երեկ երեկոյան մենք այդ հեղափոխությունն արեցինք: Երեկ երեկոյան մենք տեսանք, թե ինչպես է արևը մայր մտնում մի Ամերիկայում, որին ժողովուրդն այլևս չի աջակցում, և այսօր, երբ արթնացանք, արևը ծագեց մի նոր Ամերիկայի վրա»: «Միասնական Ռուսաստան» կուսակցության անդամ Սերգեյ Մարկովը հանրապետականների հաղթանակից հնարավոր վտանգ է տեսնում ռուս-ամերիկյան հարաբերությունների վերաբեռնման քաղաքականության համար. «Մենք բոլորս հասկանում ենք այդ պարտության պատճառը` հիասթափությունը, որ Օբաման հրաշագործ չէ: Ի տարբերություն ԱՄՆ-ի ընտրողների` Ռուսաստանում միշտ էլ իմացել են, որ Օբաման հրաշագործ չէ»: Ռուսաստանում զգուշանում են, որ հանրապետական Կոնգրեսը չի հաստատի ռուս-ամերիկյան համաձայնագիրը միջուկային զենքի կրճատման վերաբերյալ, որը համարվում է վերաբեռնման քաղաքականության ձեռքբերումը: Մարկովն այն կարծիքին է, որ խնդիրը սոսկ հանրապետականների հաղթանակը չէ, հանրապետականներն իրենք են փոխվում` նրանք վերածվում են խավարի ուժի, եվրոպացիները խիստ վախեցած են, որ Օբամայի տեղում կարող է հայտնվել հրեշավոր մեկը` Սառա Փեյլինի նման: «Օբամայի ընտրությունից հետո Ամերիկան Եվրոպայի համար դադարել էր պրոբլեմ լինելուց: Բայց ամեն ինչ կարող է փոխվել և ավելի վատանալ, քան եղել է Բուշի օրոք», ասել է Մարկովը:
ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի հայաստանյան ներկայացուցչության աջակցությամբ անցկացված հարցումով հայաստանցիների 46 տոկոսն իր ապագան Հայաստանում չի տեսնում: Վերարտադրողական վարքագծի վրա ազդող հիմնական գործոններից են բնակարանային և կենցաղային պայմանները: Անչափահաս երեխաներ ունեցող ընտանիքներից յուրաքանչյուր 10-րդը սեփական բնակարան չունի: Ժողովրդագրական տվյալներով` ամեն տարի Հայաստանից հեռանում է 25-30000 մարդ. մշտական միգրացիոն հոսքերի շրջանակներում` 10000 մարդ, ժամանակավոր միգրացիայի` 15000:
ՀԱԿ-ի տնտեսագետների հաշվարկով` 2010-ին 1,5 միլիարդ դոլար է դուրս բերվել Հայաստանից:
«ՈՒզում էինք` ավելի լավ լինի, եղավ ինչպես միշտ». սա միայն մեկն է քաղաքականության մեջ մեծ շրջանառություն ունեցող այն թևավոր խոսքերից, որոնց հեղինակը Ռուսաստանի նոր ժամանակների պատմության ամենահետաքրքիր գործիչներից մեկն էր` Վիկտոր Չեռնոմիրդինը: Այս անգամ իր ասույթը վերաբերվեց իրեն` 73 տարեկանում երկարատև հիվանդությունից հետո ՌԴ նախկին վարչապետը վախճանվեց Մոսկվայում: Վերջին հարցազրույցում, որ կայացել էր օգոստոսին, «Ինչո՞ւ էր Ելցինը Դումայում այդպես պնդում Ձեր թեկնածությունը» հարցին 1992-1998 թթ. կառավարության ղեկավարը մի բառով պատասխանեց` անխելքությունից:
Նոյեմբերի 7-ին Ադրբեջանում տեղի ունեցան խորհրդարանական ընտրություններ: Բնակչության 50,14 տոկոսը` 2480205 մարդ, մասնակցեց Միլի մեջլիսի 125 պատգամավորների ընտրությանը մեծամասնական ընտրակարգով: Ադրբեջանի ընտրական օրենսգրքի համաձայն` ընտրությունները համարվում են կայացած ընտրողների ցանկացած թվի պարագայում, և պատգամավորության թեկնածուներն ընտրվելու համար պիտի հավաքեն ընտրողների ձայների մեծամասնությունը: Ադրբեջանի Կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Մազահիր Պանախովը ասուլիսում հայտարարեց, որ ՄՄ ընտրություններին մասնակցել է 690 թեկնածու, այդ թվում` 23 քաղաքական կուսակցությունների ներկայացուցիչներ ու անկախ թեկնածուներ, ընտրություններն անցել են «պլյուրալիզմի և թափանցիկության մթնոլորտում»: Պանախովը հրապարակել է քվեարկության արդյունքները, կրկին Միլի մեջլիսում են Սիավուշ Նովրուզովը, Օքթայ Ասադովը, Ռասիմ Մուսաբեկովը, Ասիմ Մոլազադեն, Սամեդ Սեիդովը, Այդին Միրզազադեն, Գանիրա Փաշաևան և նախորդ խորհրդարանի տասնյակ այլ ներկայացուցիչներ: Պատգամավոր են ընտրվել, իհարկե, և Իլհամ Ալիևը, և Մեհրիբան Ալիևան, և Զեյնաբ Խանլարովան: Բախտիար Ալիևը և Բախտիար Սադիգովը Աղդամից են ընտրվել, Նազիմ Ֆարաջևը` Լաչինից, Ֆլորա Կասիմովան` Խանքենդիից, Ջավիդ Գուրբանովը` Քելբաջարից, Էլման Մամեդովը` Շուշա-Աղդամ-Խոջալու-Խոջավենդի ընտրատեղամասից: Եվ ո՞վ է նրանց ընտրել: ԵԽԽՎ դիտորդական առաքելության ղեկավար Պոլ Վիլլեն հայտարարել է, որ ընտրական գործընթացը Ադրբեջանում նախորդ տարիների համեմատ ավելի խաղաղ մթնոլորտում է ընթացել։ «Ես չեմ լսել ընտրությունների ընթացքում լուրջ պրոբլեմների մասին: Ադրբեջանն իսկապես այն երկիրն է, որ ժողովրդավարացման ճանապարհին է»,- ասել է նա: Պոլ Վիլլեի գլխավորած կարճաժամկետ դիտորդական առաքելության 30 անդամները եղել են ոչ միայն Բաքվում, այլև մյուս ընտրատեղամասերում: Վիլլեն նաև ասել է. «Մենք ընդամենը դիտորդներ ենք, մենք դատավորներ չենք: Տեխնիկական տեսակետից ԿԸՀ-ի կողմից ընտրությունների կազմակերպումը համապատասխանում է միջազգային չափանիշներին»: Նրա կարծիքով` խնդրահարույց էր թեկնածուների գրանցումը: Վիլլեն համոզված է, որ ընդդիմադիր կուսակցությունները նախընտրական բանավեճերում իրենց ծրագիրը չեն ներկայացրել և ոչ մի ռեալ առաջարկ չեն արել ընտրողներին: Ընտրությունների ընթացքին հետևում էր 21 կազմակերպություն ներկայացնող 1029 միջազգային դիտորդ: ԵԽԽՎ երկարաժամկետ դիտորդական առաքելությունը Ադրբեջանում էր հոկտեմբերի 19-21-ին: Դիտորդները նաև արձանագրել են, որ ոչ մի լուրջ ընդդիմադիր քաղաքական ուժ խորհրդարանում ներկայացված չէ:
Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆ

Դիտվել է՝ 1196

Մեկնաբանություններ