Ոնց երևում է` ՀՀԿ-ն «նոու-հաուների» և «մարշ-բրոսոկների» տրամաբանությունն է այսուհետ նախընտրում` փորձելով իր բոլոր քաղաքական ռեսուրսներն ի տեղի օգտագործել:
Հերիք չէր Տեր-Պետրոսյանին «հարսնաքարաբար» մերժած Ռուբեն Հայրապետյանն ասաց` «հլը մեծականով խոսքդ ասա» (նկատի ունենք մեծամասնականի «մոմենտով» պարոն Հայրապետյանի «քաղաքացիական հասարակության» զարգացմանը զարկ տալու հրաժարիմքը), հետն էլ` պարոն Հայրապետյանը (ստուգաբանմամբ սույն ազգանունը նշանակում է հայրերի պետ) Հովիկ Աբրահամյանի «հրաժարիմքից» հետո պատգամավորական բուռն գործունեություն ու ներկայություն սկսեց ծավալել խորհրդարանում:
Էդ քիչ էր, ֆուտբոլն ու ֆուտբոլային քաղաքականությունը (բառիս բուն իմաստով) բարձրացնող Հայրապետյանն առաջիկայում պետք է իր ուշադրության կենտրոնում պահի Հրազդանը, այնտեղ տեղի ունեցող քաղաքապետի ընտրությունները:
Ըստ մեր աղբյուրների` Ռուբեն Հայրապետյանը մեծագույն նվիրումով ձեռնամուխ է եղել այնտեղ ՀՀԿ թեկնածուին հաղթանակի տանելու սրբազան գործին` ապացուցելու, թե որտեղ են ձմեռում ՀԱԿ-ի, ինչպես նաև իր հարևանությամբ ապրող ԲՀԿ-ի խեցգետինները:
Սա Հրազդանի ընտրությունների միակ «նոու-հաուն» չէ: ՀՀԿ-ն լուսանցքների և լուֆտերի բացառմամբ է գնում նաև ընտրություններին (անիմաստ է այս ընտրություններն Իջևանի ընտրությունների հետ համեմատելը, որովհետև այնտեղ ՀՀԿ-ն լուծում էր բոլորովին այլ, ճիշտ է, կրկին ազատ-արդար ընտրությունների խնդիր, այն է` քարտ-բլանշ էր տալիս իր կոալիցիոն գործընկերոջը. ի տարբերություն Հրազդանի, Իջևանում ընտրությունները «սամատյոկ» էր թողել):
Հրազդանում ՀՀԿ-ն մաստեր-կլաս է ցույց տալու, որովհետև Հրազդանը, որը գտնվում է ԲՀԿ-ի հարևանությամբ և ավանդաբար համարվում է ԲՀԿ մարզ, իսկ քաղաքապետի այլընտրանքային թեկնածուն էլ ՀԱԿ-ական է (էն էլ ի՜նչ ուղի անցած, Սերժ Սարգսյանի ձեռից ինչքա՜ն հաց կերած), ակամա դարձել է խորհրդարանական ընտրությունների նախակարապետը, և ՀՀԿ-ն յուր «մարշ-բրոսոկի» «մախն» է ցանկանում ցուցանել:
Ընդ որում, Հրազդանի ընտրություններն այնքա՜ն դետալային են հաշվարկված, որ առաջադրվել է մի «անհայտ ծագման» թեկնածու ևս: Հովհաննես Պրտավյան: Քաղաքապետի խորհրդական: Որն այսօր ավելի շատ է հետաքրքրում բոլորին, քան Սասունն ինքնին, այն պարզ պատճառով, թե` «հալբաթ ինչո՞ւ». ինչո՞ւ է այս Պրտավյանն իր թեկնածությունը դրել:
Թեկնածությունն էկզոտիկ է նախ և առաջ այն ֆենոմենով, որ հոգեխանգարմունքի է հասցրել իրենց` հոգեխանգարմունքի հայրերին: Սասունի քարոզչության «լիազոր ներկայացուցիչ», 2006-ին համանման քայլ իրացրած, թեկնածություն դրած, այդով պաշտոնից ազատված Մեսրոպ Մեսրոպյանը հրահանգում է հանել այդ Պրտավյանին ևս… խարույկի վրա «այրել», մոխիրը հանձնել քամուն, ինչպես այրեցին իրեն:
Բայց արի ու տես, որ քաղաքապետի ՀՀԿ-ական դարակում դրված է Պրտավյանի ինդուլգենցիան:
Սույն Պրտավյանը, պարզվում է, իսկապես, խառնել է «հոգեն»: Այն է` ՀԱԿ նեյրոլինգվիստիկ ողջ հաշվարկը. եթե այնպես «երևա», որ ՀԱԿ-ի պարտությունն անխուսափելի ու ջախջախիչ է, ապա Սասունը հանում է իր թեկնածությունը` հազար ու մի ՀԱԿ-ական «պատճառաբանությամբ»:
Իսկ այդ ժամանակ արդեն ընտրություն տեղի չի ունենա` հայրերի պետ-ական (Ռուբեն Հայրապետական, էլի), ՀՀԿ-ական բոլոր նոու-հաուներն ու պատրաստություններն ամբողջապես ջուրը լցնելով:
Հիշենք` ընտրական նոր օրենսգրքով մեկ թեկնածուով ընտրություն չի կարող տեղի ունենալ:
Իսկ այդ ժամանակ ո՞վ է գալիս ՀՀԿ-ին օգնության: Կեցցե՛ք: Ճի՛շտ եք: Իհարկե, «մույս» (օ՜յ, պարոն Օսկանյան, որ իմանաք ո՜նց ենք Ձեզ կարոտել) ՀՀԿ-ական` պարոն Պրտավյանը:
Բա՜: Ի՜նչ էլ ազգանուն է:
Կարմեն ԴԱՎԹՅԱՆ