ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Ստվերից դուրս գալու համար պետք չէ ավելի «ստվերոտվել»

Ստվերից դուրս գալու համար պետք չէ ավելի «ստվերոտվել»
29.05.2009 | 00:00

ՀԱԿԱՌԱԿ ԷՖԵԿՏ
ՀՀ կառավարությունը, կարծես, կամա թե ակամա ամեն կերպ նպաստում է գործարար-պետական չինովնիկ անառողջ տնտեսական հարաբերությունների սերտաճմանը։ ՈՒրիշ ինչպե՞ս բացատրել անցած շաբաթ ԱԺ ներկայացրած հարկային բարեփոխումների փաթեթում առաջարկված փոփոխությունները, մասնավորապես, հարկային տեսուչի պարտադիր ներկայությունը մասնավոր ընկերություններում։ Հումորով նկատենք, որ սա նոր էջ է բացում համաշխարհային տնտեսության մեջ։ Համենայն դեպս, ուզում ենք հավատալ, որ ֆինանսների նախարարությունն այդ քայլով ցանկանում է նորարարություն մտցնել, քան թե...
Անցած շաբաթ ֆինանսների փոխնախարար ՍՈՒՐԵՆ ԿԱՐԱՅԱՆՆ ԱԺ-ում ամեն կերպ փորձում էր հիմնավորել նշված փոփոխության անհրաժեշտությունը։ Դա, ըստ նրա, բխում է պետբյուջեի` պետության շահերից։ Միանշանակ է, որ այս օրինագծի կողմնակիցները կփորձեն ամեն կերպ բառակապակցություններով համոզել, որ հարկային տեսուչի պարտադիր ներկայությունը ձեռնարկատիրոջ մոտ լավագույն տարբերակն է` ստվերային եկամուտների կանխման, հարկատուին ստվերից օրենսդրական դաշտ բերելու համար։ Սակայն որքան էլ նման հայտարարությունները համոզիչ հնչեն` ժողովուրդը, առավել ևս գործարար խավը, վաղուց դուրս է եկել հեքիաթներին հավատալու տարիքից։ Եվ բնական է, որ օրենսդիրը, որում ներգրավված են խոշոր գործարարներ, պետք է ըմբոստանար այս փոփոխության դեմ։ Համաձայնենք, որ հարկային տեսուչի պարտադիր ներկայությունը մասնավոր հատվածում գործարար խավի իրավունքների ոտնահարում է։ Այսինքն, կոպիտ սահմանադրական խախտում։ Այս մասին մի քանի օր է տարբեր լրատվամիջոցներով խոսում են գործարարները, այդ իսկ պատճառով մենք չենք ծանրանա խնդրի վրա։ Սակայն կփորձենք հասկանալ։ Արդյո՞ք հարկային տեսուչի ներկայությունը կնպաստի, որպեսզի ստվերային շրջանառությունից գումարները դուրս բերվեն հարկային դաշտ, թե՞ իրականում նոր ստվեր կձևավորվի այդ նույն փոփոխության պատճառով։ Մենք հակված ենք կարծելու, որ այդ դեպքում միանշանակ գործելու է հակառակ էֆեկտը, այսինքն, գործարարն ինչ-որ ժամանակ հետո շփման մեջ մտնելով հարկային տեսուչի հետ, համագործակցության ուղիներ է փնտրելու, և... առաջանալու է նոր ստվերային կապ։ Բացառել հարկային տեսուչի նման հնարավոր քայլը, միամտություն կլինի։ Այս դեպքում որքանո՞վ կշահի պետբյուջեն, չգիտենք, բայց որ որոշ չինովնիկների գրպանները կծանրանան, կասկածից վեր է։ Գուցե մենք սխալվում ենք, և տվյալ դեպքում պետբյուջե ասելով ֆինանսների նախարարությունը նկատի ունի, որ պետական չինովնիկը ևս հայ մարդ է, և նրա գրպանը նույնն է, ինչ պետբյուջեն։ Եթե այդպես է, ապա մենք ուղղակի չենք գնահատում պետական չինովնիկի քրտնաջան աշխատանքը։ Մենք բոլորովին դեմ չենք, որ պետական չինովնիկի սոցիալական ապահովվածության մակարդակը բարձր լինի, սակայն ո՛չ ի հաշիվ ինչ-ինչ գործարքների։
Իսկ թե որքանով է դա տեղին հատկապես ֆինանսատնտեսական ճգնաժամի պայմաններում, կարծում ենք, մանրակրկիտ բացատրության կարիք չի զգում։ Նշենք միայն երկու խնդիր. առաջինը` գործարար-չինովնիկ հանցավոր կապից պետբյուջեն չի շահելու, երկրորդ` հարկային տեսուչի մշտական ներկայությունն ընկերություններում կաթվածահար է անելու ցանկացած ընկերության բնականոն աշխատանքը, քանի որ այս դեպքում գործելու է հոգեբանական խնդիրը։ Դրա արդյունքում ցանկացած ընկերությունում մեկը մյուսի նկատմամբ անհանդուրժողականության մթնոլորտ է ձևավորվելու, ինչից տնտեսությունը բնավ չի շահելու։
Եթե խնդիրը դիտենք օրենսդրական դաշտում, ապա այն ուղղակիորեն հակասում է 20 տարի առաջ մեր պետության որդեգրած ազատ տնտեսական շուկայի քաղաքականությանը։ Օրենքով սահմանված կարգով, այսպես թե այնպես, հարկային մարմիններն ուսումնասիրություններ են իրականացնում մասնավոր հատվածում, և գործարարները պարտադիր իրենց հաշվետվություններն են ներկայացնում պատկան կառույցներին։ Այս պարագայում անհասկանալի է դառնում առաջարկվող տարբերակով հարկային փաթեթում փոփոխությունների անհրաժեշտությունը։ Կարծում ենք` խնդիրը ոչ թե շարունակական բարեփոխումներ իրականացնելն է, այլ եղած օրենքները ճշտորեն կիրարկելու։ Հակառակ դեպքում անգամ հարկային տեսուչի ներկայությունը չի փրկի Հայաստանի տնտեսությունը և ո՛չ էլ ֆինանսական ճգնաժամը հաղթահարելու խնդիր կլուծի։
Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3826

Մեկնաբանություններ