ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

Չբացելով փակագծերը

Չբացելով փակագծերը
17.07.2009 | 00:00

ԴՐԱՄԱՏԻԿԱԿԱՆ ԹԱՏՐՈՆԸ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՇԵՔՍՊԻՐՅԱՆ ՓԱՌԱՏՈՆՈՒՄ
Հունիսի 29-ից հուլիսի 12-ը Հունգարիայի Գյուլա քաղաքում կայացել է Շեքսպիրյան միջազգային փառատոն, որին մասնակցել է Երևանի Հ. Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը` «Մակբեթ» ներկայացումով: Հայկական թատերախումբն իր տպավորությունների և հաջողությունների մասին հանգամանալից մեկնաբանություններով հանդես եկավ օրերս հրավիրված մամլո ասուլիսի ընթացքում, որին մասնակցում էին դրամատիկական թատրոնի գեղարվեստական ղեկավար Արմեն Խանդիկյանը, «Մակբեթ» ներկայացման գլխավոր դերակատար, ՀՀ ժողովրդական արտիստ Արթուր ՈՒթմազյանը, ՀՀ վաստակավոր արտիստ Հովհաննես Բաբախանյանը, գրական մասի վարիչ Նորայր Ադալյանը, թատրոնի գլխավոր նկարիչ Կարեն Գրիգորյանը:
Արմեն Խանդիկյանը նշեց, որ ինչպես այս, այնպես էլ 2005 թվականին Լեհաստանի Գդանսկ քաղաքում կայացած շեքսպիրյան փառատոնին իրենց մասնակցության հարցում կարևոր դերակատարություն ունի Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը, որի կազմակերպած երևանյան շեքսպիրյան փառատոները հնարավորություն են ընձեռում հայկական թատերախմբերին` ներկայանալու արտասահմանցի մասնագետներին, ճանաչվելու նրանց կողմից և ստանալու արտասահմանյան փառատոներին մասնակցելու հրավերներ:
Արմեն Խանդիկյանը խոսեց ոչ միայն հունգարական փառատոնի, այլև թատրոնին վերաբերող այլ խնդիրների մասին: Նա ժխտեց դրամատիկական թատրոնի մահանալու մասին հնչող հայտարարությունների իսկությունը, որպես ապացույց պատմեց թատրոնի խաղացանկի բազմազանության և սպասվող երեք նոր ներկայացումների մասին: Հատկապես շեշտեց թատրոնում բեմադրված շեքսպիրյան ութ ներկայացումների կարևորությունը, որոնցից չորսը («Մակբեթ», «Համլետ», «Ռոմեո և Ջուլիետ», «Հուլիոս Կեսար») իրենք խաղում են այսօր: Նա անդրադարձավ նաև թատրոնի խաղացանկի բովանդակության, դերասանական կազմի, երիտասարդ դերասանների ընտրության, դրսից հրավիրված ռեժիսորների հետ աշխատելու խնդիրներին: Թատրոնի գեղարվեստական ղեկավարն ասաց, որ «Մակբեթ» ներկայացումով իրենք մասնակցել են պետական մրցանակաբաշխության և չեն արժանացել մրցանակի, մի հանգամանք, որ իր մեջ թերահավատություն է ծնում և նման մրցանակաբաշխությունների այլևս չմասնակցելու տրամադրություն: Արմեն Խանդիկյանն արժևորեց փառատոներին մասնակցելու թե՛ մասնագիտական, թե՛ հոգեբանական կողմը: «Երևի թե ճգնաժամային այս օրերին պետք էր մեր մասնակցությունը բերել միջազգային փառատոնին, որպեսզի մենք էլ հասկանանք, որ տնտեսության համար այս ծանր վիճակում էլ կարելի է դուրս գալ ու քո մշակութային, թատերական արտադրությունը տանել-ցույց տալ ուրիշ երկրում, որպեսզի հասկանանք, թե ով ենք, ուր ենք հասել, համեմատության մեջ որ տեղում ենք»,- նկատեց նա:
Փառատոնի ընթացքում դրամատիկականի ստեղծագործական խումբը նաև հնարավորություն է ունեցել դիտելու այլ թատերախմբերի բեմադրած շեքսպիրյան ներկայացումները, զգալու օտար միջավայրի շունչն ու տրամադրությունները և անելու իր համար կարևոր եզրակացություններ:
Որպես իր ղեկավարած կոլեկտիվի մեծագույն արժանիք` Արմեն Խանդիկյանը խոսեց իրենց համախմբվածության, միասնականության մասին, ինչպես և իրենց ոճին ու ձեռագրին հավատարիմ մնալու հաստատակամության մասին: «Մեր թատրոնը,- ասաց նա,- չի դավաճանում իրեն և բեմ չի հանում կոպիտ, կացնային հարվածներով տաշված, քաղաքականացված հումոր: Մեր թատրոնը փորձում է մնալ 40 տարիների ընթացքում ձևավորված իր դիմագծի շրջանակում»: Արմեն Խանդիկյանը, չցանկանալով բացել փակագծերը, ակնարկեց, որ դրամատիկական թատրոնի համար հետագայում կբացվեն նոր դռներ ու կլինեն նոր մասնակցություններ այլ միջազգային փառատոների:
Իսկ այն, որ հայկական թատերախումբը հաջողությամբ է մասնակցել Գյուլայի փառատոնին, վկայում են ոչ միայն դրամատիկի ներկայացուցիչները, այլև փառատոնի տնօրեն Ջոզեֆ Գեդեոնի նամակը, որում, մասնավորապես, ասված է. «Դրամատիկական թատրոնի «Մակբեթը» զգացմունքային խոր ներկայացում է` ռեժիսորական հետաքրքիր լուծումներով, լուսաձայնային տպավորիչ էֆեկտներով և դերասանական փայլուն կատարումներով: Ձեր մեկնաբանությունը շատ արտահայտիչ էր, հուզիչ… Ես կուղարկեմ այն թերթերի պատճենները, որոնք գրել են ձեր աշխատանքի մասին: Ես շարունակելու եմ համագործակցությունը դրամատիկական թատրոնի հետ: Վստահ եմ, որ Ձեր ներկայացման հաջողությունը կշարունակվի այլ փառատոներում»:
Մեր հարցին ի պատասխան պարզեցինք, որ, հունգար հանդիսատեսին իր ստեղծագործական ներուժը ներկայացնելուց զատ, դրամատիկական թատրոնը Հունգարիայում նաև մեր երկիրը բացահայտելու առաքելությունն էր իրականացնում:
Հուրախություն մեզ` նաև պարզեցինք, որ, ի հեճուկս ամեն կարգի ճգնաժամերի, հայկական թատերախումբը եվրոպացի հանդիսատեսին ներկայացել է արժանապատիվ կեցվածքով` ոչ մի կերպ չմատնելով մեր երկրի խեղճությունն ու մեզանում առկա ֆինանսական դժվարությունները: Եվ այս հարցում թատրոնի գեղարվեստական ղեկավարը երախտագիտությամբ ընդգծեց Երևանի քաղաքապետարանի ու մշակույթի նախարարության աջակցությունը:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 3939

Մեկնաբանություններ