ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հաղթանակը չի փոխի վերաբերմունքը ուկրաինական ճգնաժամի նկատմամբ՝ հայտարարել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը։ «Վաշինգտոնի սկզբունքային վերաբերմունքը ուկրաինական և նույնիսկ եվրոպական հարցերի նկատմամբ չի փոխվի այն առումով, որ Վաշինգտոնը միշտ կձգտի իր վերահսկողության տակ պահել այն ամենը, ինչ տեղի է ունենում ՆԱՏՕ-ամերձ և բուն ՆԱՏՕ-ի տարածքում»,- ընդգծել է նա։               
 

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ

ԵՎՐՈՊԱԿԱՆ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐԸ ԵՎ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆԱՅԻՆ ՀԻՄՆԱԽՆԴԻՐՆԵՐԸ
24.11.2009 | 00:00

ԵՎրոպական զինված ուժերի կամ արագ արձագանքման կորպուսի ստեղծումը եվրոպական մայրցամաքային տերությունների արձագանքն է այն իրողությանը, որ ԱՄՆ-ի քաղաքական և ռազմական տիրապետությունը պատմության մեջ դարձել է աննախադեպ։ Վրաստանի իրադարձությունները և Ռուսաստանի փորձերը` ղարաբաղյան հիմնախնդրի «կարգավորման» իր ծրագիրն իրականացնելու ուղղությամբ, հետաքրքրություն ստեղծեցին խաղաղապահ առաքելությունների ձևավորման առնչությամբ և, բնականաբար, այդ հետաքրքրության դաշտում հայտնվեցին նաև եվրոպական ուժերը։ Այնուհանդերձ, եվրոպացիները կտրականապես հրաժարվեցին մասնակցելուց խաղաղապահ գործողությանը Վրաստանում 2008-ի իրադարձություններից հետո։ Եվ այդ կապակցությամբ անհրաժեշտ է ավելի մեծ ուշադրություն դարձնել եվրոպական զինված ուժերի բովանդակությանն ու նպատակներին, նրանց ձևավորման շարժառիթներին և, առհասարակ, այդ գաղափարի շրջանակներում համապատասխան օպերացիաների իրականացմանը տարածաշրջաններում։ Ֆրանսիայի վերադարձը ՆԱՏՕ-ի ռազմական կազմակերպության շրջանակներ բոլորովին էլ հարցականի տակ չի դնում եվրոպական ուժերի ձևավորումը։ Հակառակը, ֆրանսիացիների մտայնությամբ Եվրամիության դերն անվտանգության գլոբալ համակարգում պետք է մեծանա։
Եվրոպական ուժերի կառույցը ձևավորվել է, այսպես կոչված, ոչ արևմտաեվրոպական միության շրջանակներում։ Այն իրենից ներկայացնում է նոր գաղափար` լարվածության օջախներում սահմանափակ ծավալով ուժի կիրառման մասին։ Չնայած եվրոպական պետությունները բավական արդյունավետ մասնակցեցին Բոսնիայում ու Կոսովոյում լարվածության մարմանը, եվրոպացիները միաժամանակ հասկացան, որ հայտնվել են ԱՄՆ-ի ենթակայության ներքո և այլևս կասկածներ չունեին, որ անհրաժեշտ է ձևավորել եվրոպական ուժեր։ Եթե նախկինում միայն Ֆրանսիան ու Գերմանիան էին ակտիվորեն հանդես գալիս այդ նախաձեռնության օգտին, ապա Սեն Մալոյում Ֆրանսիայի նախկին նախագահ Ժակ Շիրակի և Մեծ Բրիտանիայի նախկին վարչապետ Թոնի Բլերի հանդիպումից հետո Մեծ Բրիտանիան էլ ամբողջությամբ սկսեց աջակցել այդ նախագծին։ Այնուհանդերձ Գերմանիան, պատմական անցյալի տարբեր առանձնահատկություններից ելնելով, չի ձգտում հանդես գալ այս նախագծի առաջնորդի դերում, այլ նախընտրում է հետևել Ֆրանսիային, միաժամանակ ամեն կերպ աջակցելով նրան։ Ֆրանսիան շարունակում է մնալ լիդեր այս նախագծի ձևավորման առումով և ձգտում է ընդգծել նախաձեռնության հակաամերիկյան կամ առնվազն այլընտրանքային նշանակությունը։ Գերմանիան ավելի զուսպ է արտահայտվում եվրոպական ուժերի այլընտրանքային նշանակության վերաբերյալ և նույնիսկ փորձում խաղալ ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի հակասությունների վրա։ Մեծ Բրիտանիան թեկուզ և աջակցում է նախագծին, սակայն միաժամանակ ձգտում է լոյալ մնալ ԱՄՆ-ի նկատմամբ, պահպանել Եվրոպայում նրա գլխավոր գործընկերոջ և եվրոպական հարաբերություններում գլխավոր «միջնորդի» իր դերը։ Մեծ Բրիտանիայի դիրքորոշումը հակված է ՆԱՏՕ-ի դերի պահպանմանը` որպես արևմտյան հանրության գլոբալ ռազմական կազմակերպության, և եվրոպական զինված ուժերի ու ՆԱՏՕ-ի գործառույթների հստակ սահմանազատմանը։ Եվրոպացիները, այդ թվում` Ֆրանսիան, ստիպված են ընդունել այս փուլում ՆԱՏՕ-ի այլընտրանքի բացակայությունը գլոբալ առումով։ Եվրոպական զինված ուժերը կոչված են մասնակցելու հարաբերությունների կարգավորմանը հակամարտությունների գոտիներում, երբ հակամարտությունը, ամենից առաջ նրա ռազմական փուլը, արդեն մարված է։ Այսինքն, ըստ էության, եվրոպական զինված ուժերի գործառույթները հանգելու են խաղաղապահ գործողությունների իրականացմանը։ Որոշակի իմաստով, նրանք կդառնան այլընտրանք ՄԱԿ-ի ուժերին։
Ներկայումս եվրոպացիներն ամենից առաջ շահագրգռված են Եվրոպայում կարգ ու կանոնի հաստատմամբ։ Այդ իմաստով կարևոր է եվրոպական զինված ուժերի պատասխանատվության, նրանց գործողության սահմանների ճշգրտումը։ Այս խնդիրը նույնպես դասվում է չլուծված հարցերի շարքին, և այս առումով ամեն ինչ կախված է լինելու կոնկրետ քաղաքական որոշումների ընդունումից, որոնք պայմանավորված կլինեն եվրոպական շահերով։ Ֆրանսիան խիստ շահագրգռված է, օրինակ, Սիեռա Լեոնեում խաղաղապահ գործողության իրականացմամբ և, առհասարակ, արևմտյան Աֆրիկայով և նախկինում իրեն պատկանած այլ գաղութներով։ Իտալիան շատ հետաքրքրված է Բալկաններով (Խորվաթիա, Բոսնիա, Ալբանիա, Մակեդոնիա)։ Գերմանիան նույնպես մեծ հետաքրքրություն ունի Բալկաններում և անհրաժեշտության դեպքում Կենտրոնական Եվրոպայում եվրոպական զինված ուժերի կիրառմամբ։ Գերմանիան, Ֆրանսիայի փոխանցմամբ, լրջորեն քննարկում է եվրոպական զինված ուժերի շրջանակում ստեղծված առաջին զորամասերի կիրառումը Մերձդնեստրում (չի բացառվում, որ դրանում շահագրգռված է նաև ԱՄՆ-ը)։
Հարավային Կովկասը եվրոպական պետությունների համար մնում է խիստ անցանկալի տարածաշրջան ռազմական ներկայության առումով։ Առաջատար եվրոպական պետությունները խուսափում են եվրոպական ռազմական կոնտինգենտի մասնակցությունից Կովկասում։ Միևնույն ժամանակ, եթե բավական համոզիչ համաձայնություններ ձեռք բերվեն հակամարտությունների կարգավորման առումով, հատկապես Աբխազիայում և Լեռնային Ղարաբաղում, եվրոպական զինված ուժերի ներկայությունը կարող է վերածվել իրականության։ Դա տեղավորվում է Եվրոպայի հետ համագործակցության առումով Ռուսաստանի հետաքրքրվածության շրջանակում, այդ թվում` եվրոպական պաշտպանական նախաձեռնության նախագծի ձևավորման առումով։ Ֆրանսիան այսօր փորձում է ձևակերպել եվրոպական արտաքին քաղաքականությունը և ամրագրել իր շահերը գործնականում ամենուրեք` Բալկաններում, Միջերկրական ծովում, Աֆրիկայում, Մերձավոր Արևելքում, Կովկասում, Հարավարևելյան Ասիայում և Ռուսաստանում։
Կոսովոյի ռազմական գործողությունը ցույց տվեց եվրոպական երկրների զինված ուժերի անընդունակությունն ու անարդյունավետությունը` լարվածության այդպիսի օջախները մարելու առումով։ Սակայն այդ հիմնախնդիրներին զուգահեռ ի հայտ եկան բազմաթիվ այլ թերություններ։ Ամենից առաջ պարզվեց, որ այդ պայմաններում խիստ ցածր է մնում ռազմական կոնտինգենտի գործողությունների համակարգումը, անհամատեղելի են ռազմական տեխնիկայի առաջատար տեսակները, ցածր է զորքերի տեխնիկական ու տրանսպորտային մոբիլությունը, առկա է կարևոր տակտիկական խնդիրների ընկալման բացակայությունը, ցածր է հրամանատարության ընդունած որոշումների արդյունավետությունը։ Թեպետ կոսովյան օպերացիան իրականացվում էր ՆԱՏՕ-ի կողմից, սակայն ցածր արդյունավետություն ցույց տվեցին հատկապես եվրոպական ուժերը։ Պարզվեց, որ զինատեսակների արտադրությունը Եվրոպայում հեռու է կատարելությունից, չկա անհրաժեշտ ունիվերսալիզմ, ամեն ինչ արվում է նեղ ազգային չափորոշիչներից ելնելով, և Եվրոպան գործնականում չունի զինատեսակների արտադրության ընդհանուր չափանիշներ։ Կառավարությունները և զենք արտադրող եվրոպական ընկերություններն իրենց համար պարզեցին, որ, չնայած ռազմատեխնիկական ոլորտում որոշակի հաջողություններին, իրենք ընդհանուր առմամբ հետ են մնում ԱՄՆ-ի ռազմարդյունաբերական համալիրից և ի վիճակի չեն զենքի ազգային շուկաների սահմանափակության պատճառով կիրառելու նոր տեխնոլոգիաներ։ Օրինակ, բրիտանական ընկերություններն ԱՄՆ են արտահանում զինատեսակների միայն առանձին բաղադրիչներ, բայց ոչ վերջնական արտադրանք։ Ֆրանսիայի ու Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարությունների գնահատմամբ, ռազմական արդյունաբերության հաջող զարգացման համար զենքի շուկաները պետք է մեծանան 2-2,5 անգամ։ Տվյալ պարագայում խոսքը վերաբերում է սովորական զինատեսակների առաջատար մոդելներին, որոնց շուկաները չեն կարող ընդլայնվել երրորդ աշխարհի երկրների հաշվին։ Միայն միասնականացած Եվրոպան կարող է ստեղծել այդպիսի լայն ու հեռանկարային շուկա։
ԱՄՆ-ը խիստ զգուշորեն է վերաբերվում եվրոպական պաշտպանական նախաձեռնության հնարավոր զարգացմանը։ ԱՄՆ-ին մտահոգում է ՆԱՏՕ-ի և եվրոպական պաշտպանական ծրագրի միջև երկարաժամկետ հակասությունների առաջացումը։ Կարող են իրար խառնվել ռազմաքաղաքական գործառույթները, ՆԱՏՕ-ի ծրագրերում տեղի կունենա եվրոպական պետությունների կողմից հատկացվող ծախսերի նվազում, չի բացառվում, որ քաղաքական հակասություններ առաջանան ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների միջև ռազմական և խաղաղապահ այս կամ այն գործողության իրականացման ժամանակ։ Չնայած այն բանին, որ եվրոպական պաշտպանական նախաձեռնության հիմնադիր փաստաթղթերում արձանագրված է, թե ՆԱՏՕ-ի և Եվրամիության անդամ եվրոպական պետությունները մտադիր չեն ստեղծելու առանձին հատուկ զինված ուժեր, այլ աշխատելու են կատարելագործել գործող բանակները, բարձրացնել նրանց արդյունավետությունը, մարտունակությունն ու մոբիլությունը, ամերիկացիները մեղադրում են եվրոպացիներին, առաջին հերթին, երեք առաջատար պետություններին, թե նրանք պատրաստվում են սահմանափակել իրենց ծախսերը ՆԱՏՕ-ի շրջանակներում։ ԱՄՆ-ի կոնգրեսում աջ շրջանակներն արդեն կոչ են արել կառավարությանը նույնպես սահմանափակել կամ, առհասարակ, հինգ տարվա ընթացքում Եվրոպայից դուրս բերել ամերիկյան զորքերը։ Ներկայումս ԱՄՆ-ի ու եվրոպական պետությունների միջև երկխոսության շրջանակներում առաջնահերթ է երկու թեմա` եվրոպացիների ռազմական ծախսերը և ամերիկյան հակահրթիռային պաշտպանության համակարգի հեռանկարները Եվրոպայում։ Հազիվ թե ԱՄՆ-ը մոտ ժամանակահատվածում վերանայի իր մասնակցությունը Եվրոպայում անվտանգության ապահովմանը և իր ռազմական ներկայությունն այնտեղ։ Ընդհանուր առմամբ, ԱՄՆ-ում համարում են, որ եվրոպական զինված ուժերի ստեղծումը ոչ անհրաժեշտ, քիչ արդյունավետ և փակուղային նախաձեռնություն է։ ԱՄՆ-ը կարծում է, որ ՆԱՏՕ-ն միանգամայն ընդունակ է իրականացնելու բոլոր այն խնդիրները, որոնք կարևորում են եվրոպացիները։ Սակայն ԱՄՆ-ում կան նաև քաղաքական ուժեր, որոնք բավական հանգիստ են վերաբերվում եվրոպական նախաձեռնությանը։ Այդ ուժերն առկա են ինչպես հանրապետական, այնպես էլ դեմոկրատական կուսակցությունների ներսում։ Ամերիկյան վերլուծաբանների մեծ մասը եվրոպական պաշտպանական նախաձեռնությունը դիտարկում է իբրև կայացած փաստ և առաջարկում ԱՄՆ-ի կառավարությանը ջանքեր գործադրել, որպեսզի եվրոպացիների հետ հաջողվի սկզբունքային համաձայնության գալ ՆԱՏՕ-ի և եվրոպական ուժերի հրամանատարության գործողությունները համաձայնեցնելու առումով։
Եվրոպական պաշտպանական նախաձեռնության մշակման փուլում պարզվեց, որ եվրոպական ուժերը հարկադրված են լինելու համագործակցել ՆԱՏՕ-ի և ԱՄՆ-ի հետ, քանի որ հեռավոր տարածաշրջաններում գործողությունների իրականացման համար անհրաժեշտ է լինելու օգտվել արբանյակների հետախուզական հնարավորություններից, ավիացիոն ու ռազմածովային բազաներից, որոնք եվրոպական պետությունները չունեն։ Թեկուզ այդ խնդիրներն առայժմ արդիական չեն, սակայն սկզբունքային որոշումներ են պետք հեռանկարի կտրվածքով։ Գործառույթների բաժանումը ՆԱՏՕ-ի և եվրոպական ուժերի միջև բոլորովին էլ լուծված հարց չէ։ ԱՄՆ-ում չեն համարում, որ այդ դեպքում գործառույթների ու խնդիրների բաժանումը վերաբերելու է միևնույն զորքերին, որոնք միաժամանակ գործելու են և՛ ՆԱՏՕ-ի, և՛ եվրոպական զինված ուժերի շրջանակներում։ Այդ իսկ պատճառով ՆԱՏՕ-ում առաջանալու են նոր համաձայնություններ ու պրոբլեմներ` քաղաքական որոշումների ընդունման առումով, ինչպես նաև զուտ ռազմական բնույթի խնդիրներ։ Ամերիկացիների կարծիքով, եվրոպական զինված ուժերի ստեղծումը նվազեցնելու է ՆԱՏՕ-ի արդյունավետությունն ու ստեղծելու է ավելորդ խնդրահարույց իրավիճակ։
Ռուսական գործոնը եվրոպական զինված ուժերի ստեղծման հարցում ունի երրորդական նշանակություն, բայց անտեսել այն չի կարելի։ Ֆրանսիայի ու Գերմանիայի դիրքորոշումն այն է, որ ռուսներն ունեն որոշակի թշնամական բարդույթ ՆԱՏՕ-ի նկատմամբ, սակայն հաճույքով են երկխոսության մեջ մտնում առանձին եվրոպական պետությունների հետ, այդ թվում` անվտանգության խնդիրների շուրջ։ Եվրոպացիների մեջ ձևավորվել է կայուն համոզմունք, որ Ռուսաստանն անհրաժեշտ է ընկալել այնպես, ինչպես նա կա, և նրա հետ հնարավոր է հաջողությամբ համագործակցել նույնիսկ ռազմական ոլորտում։ Այդ իսկ պատճառով եվրոպական պաշտպանական նախաձեռնությունը, ի տարբերություն ՆԱՏՕ-ի, միանգամայն ընդունելի է Ռուսաստանի համար։ Տարածաշրջանային անվտանգության ապահովման առումով Ռուսաստանի հետ իրավահավասար հարաբերությունների ստեղծումը կարող է դառնալ իրավիճակի արագ կայունացման գործոն։ Առաջատար եվրոպական պետություններում ձևավորվել է կարծիք, որ Ռուսաստանը, չնայած Վլադիմիր Պուտինի կոշտ ոճին, գնում է պրագմատիզմի ճանապարհով և ունի եվրոպական կողմնորոշում։ Համարվում է, որ Ռուսաստանի ղեկավարության մեջ կան բազմաթիվ պրագմատիկներ, որոնք ձգտում են Ռուսաստանը դարձնել ոչ միայն եվրոպամետ, այլև Եվրոպայի հետ սերտ ինտեգրված պետություն։
Թուրքիան եվրոպացիների համար միշտ եղել է խնդրահարույց երկիր, որի տարածքում հաճախ տարվում են ռազմական գործողություններ։ Սակայն այս պետությունն ունի կարևոր գեոռազմավարական դիրք և ազդեցություն մի շարք տարածաշրջաններում, ուր ձևավորվել է լարված իրավիճակ, և ունի խոշոր զինված ուժեր։ Այդ իսկ պատճառով Թուրքիայի մասնակցությունը եվրոպական զինված ուժերում շատ հնարավոր է և հետաքրքիր։ Միաժամանակ Թուրքիան, օգտագործելով իր` ՆԱՏՕ-ի անդամ լինելու հանգամանքը, վետո է դնում եվրոպական զինված ուժերի ստեղծման վերաբեր-յալ համաձայնության հասնելու ճանապարհին։ Թուրքիան բերում է փաստարկներ, թե ինքը շատ ջանքեր է գործադրել ՆԱՏՕ-ի զարգացման համար, իսկ եվրոպական ուժերն օգտագործվելու են Եվրամիության կողմից, որի կազմ իրեն չեն ընդունում։ Թուրքիան, անկասկած, ավելի կարևոր դեր կսկսի խաղալ եվրոպական կառույցներում, եթե մասնակցություն ունենա նաև եվրոպական զինված ուժերում։ Ընդ որում, Թուրքիան չի թաքցնում իր շահագրգռվածությունը` մասնակցելու հնարավոր խաղաղապահ գործողություններին Հարավային Կովկասում, Կենտրոնական Ասիայում, Բալկաններում և Հյուսիսային Իրաքում։ Եվրոպացիների համար Թուրքիան շատ գրավիչ է որպես ռազմական ուժ, սակայն նրա իրական մասնակցությունը որոշ տարածաշրջաններում հազիվ թե հնարավոր է` իր իսկ ներքին խնդիրների և մերձավորարևելյան, հարավկովկասյան և բալկանյան մի շարք պետությունների հետ ունեցած հարաբերությունների պատճառով։ Թուրքիան փորձում է օգտագործել ԱՄՆ-ի ու Եվրամիության միջև առկա հակասություններն իր քաղաքական շահերի տեսանկյունից, այդ թվում նաև` եվրոպական ուժերի ստեղծման հարցում։
Եվրոպական պետություններն իրենց ռազմական զորամիավորումներով չեն ձգտում մասնակցել կովկասյան հակամարտությունների կարգավորմանը։ Սակայն ոչ միայն այն պատճառով, որ սա շատ վտանգավոր և դժվար վերահսկելի տարածաշրջան է։ Այս ընկալման ձևավորման մեջ մեծ դեր խաղացին Բալկանները։ Միաժամանակ գոյություն ունի ռուսական ռազմական ներկայության գործոնը, որը, հավանաբար, հիմնականն է։ Ոչ մեծ տարածքում ռուսական և արևմտյան զինված ուժերի ներկայությունը, առանց անհրաժեշտ քաղաքական համաձայնությունների, կարող է առաջացնել քաոս և լրացուցիչ լարվածություն։ Հնարավոր է, որ եվրոպական ուժերի ստեղծումը հեշտացնի Ռուսաստանի հետ երկխոսությունն այն տարածաշրջաններում խաղաղապահ գործողություններ իրականացնելու առումով, որոնք Ռուսաստանը համարում է իր առաջնահերթ շահերի գոտի։
Իգոր ՄՈՒՐԱԴՅԱՆ

Դիտվել է՝ 1694

Մեկնաբանություններ