ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«27»-ի իրադարձություններից հետո գաղափարախոսական պայքարի համար տեղ չմնաց»

«27»-ի իրադարձություններից հետո գաղափարախոսական պայքարի համար տեղ չմնաց»
08.08.2008 | 00:00

«ԱՐՏԱՀԵՐԹ ՆԱԽԱԳԱՀԱԿԱՆ ԸՆՏՐՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԱՅՍ ՓՈՒԼՈՒՄ ՈՉԻՆՉ ՉԵՆ ՏԱ»
«Իրավունք de facto»-ի հարցերին պատասխանում է աշխատավորական-սոցիալիստական կուսակցության նախագահ ՄՈՎՍԵՍ ՇԱՀՎԵՐԴՅԱՆԸ։
-Պարոն Շահվերդյան, 1998-ի նախագահական ընտրություններում Ձեր կուսակցությունը պաշտպանում էր Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը։ Հետո մի տեսակ հետ քաշվեցիք ակտիվ քաղաքական գործընթացներից։ Ինչո՞ւ։
-Իսկապես, կուսակցությունը, որն ստեղծվել է 1996-ին և այն ժամանակ կոչվում էր պարզապես Հայաստանի սոցիալիստական կուսակցություն, 1998-ին միակ քաղաքական ուժն էր, որ առաջադրեց և պաշտպանեց Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը նախագահական ընտրություններում։ Մեր թեկնածուի քարոզչության հիմնական մասն իրականացվում էր կուսակցության «Հասկ» պաշտոնաթերթի միջոցով և մեր անդամների ուժերով։
Նշեմ, որ դա ինքնանպատակ քայլ չէր. Կարեն Դեմիրճյանի թեկնածությունը պաշտպանելով՝ մենք նպատակ էինք հետապնդում 1998-ի իշխանափոխությունից հետո գաղափարականացնել բավականին լղոզված քաղաքական դաշտը։ Այն ժամանակ էլ, հիմա էլ, եղել ենք ու կանք այն տեսակետին, որ Հայաստանում պետք է ձևավորվեն հստակ գաղափարախոսություն կրող քաղաքական հոսանքներ. սոցիալիստներ, լիբերալներ, ազգայնականներ, պահպանողականներ՝ եթե այդպիսիք կան, ինչո՞ւ չէ, նաև «կանաչների» կուսակցություն, որը շատ ընդունված է զարգացած ժողովրդավարական երկրներում։
-Բայց Ձեր ցանկությունը չիրականացավ։
-Այո։ Ստացվեց այնպես, որ Կարեն Դեմիրճյանը որոշեց գնալ այլ ճանապարհով և ստեղծեց ՀԺԿ-ն։ Ես տեղյակ եմ եղել այդ մտադրությանը, որովհետև նա որպես պարկեշտ մարդ հարկ համարեց նախազգուշացնել, որ կա նման նախաձեռնություն։ Պատճառներն ինձ համար հասկանալի էին. նախագահական ընտրությունների ընթացքում, մեր կուսակցությունից բացի, նրա շուրջ համախմբվել էր անհատ գործիչների, համակիրների մի հսկա զանգված, որը գաղափարական կողմնորոշումների առումով շատ բազմաշերտ էր։ Այդ ընտրազանգվածը պահելու համար անհրաժեշտ էր ոչ այնքան հստակ գաղափարախոսություն ունեցող, որքան պրագմատիկ ուժի ձևավորում։ Մեր կուսակցությունը հստակ գաղափարախոսական գծի կրող է, իսկ ՀԺԿ-ն ինչ-որ իմաստով այն ժամանակ ունիվերսալ էր և չէր ենթադրում որևէ հատուկ ուղղվածություն։ Իհարկե, մենք չէինք բացառում, որ ժամանակի ընթացքում կշարունակվի համագործակցությունը, և գուցե տեղի ունենա նաև կուսակցությունների միաձուլում։
-Սակայն այդ նպատակն էլ իրագործել չհաջողվեց։
-Որովհետև 1999-ի ԱԺ ընտրություններից անմիջապես առաջ, մարտ ամսին, ՀԺԿ-ն ՀՀԿ-ի հետ ձևավորեց «Միասնություն» դաշինքը։ Դա իրավիճակային որոշում էր, ինչի պատճառով մենք մեխանիկորեն դուրս մնացինք քաղաքական գործընթացներից, քանզի արդեն մարտ ամիսն էր, գործնականում չէինք հասցնի 20 հազար ստորագրություն հավաքել և ինքնուրույն մասնակցել ընտրություններին։ «Միասնության» մաս կազմելու առաջարկ էլ մեզ չի եղել, անկեղծ ասած, ինքներս էլ չէինք ձգտում, որովհետև միշտ դեմ ենք եղել իրավիճակային որոշումներին։
-Փաստորեն, այդ ընտրություններից հետո Ձեր կուսակցությունն ընդհանրապես դադարեցրեց ակտիվ գործունեությունը։ Ինչո՞ւ։
-Տեղի ունեցան հոկտեմբերի 27-ի իրադարձությունները, որից հետո քաղաքական դաշտում զարգացումներն ընթացան այնպես, որ գաղափարախոսական պայքարի համար տեղ չմնաց։ Այլ կերպ ասած՝ գաղափարական որոշակի սկզբունքներ ունեցող ուժի համար լռելն ավելի նպատակահարմար էր, քան ինչ-որ բան ասելը։ Մանավանդ որ ո՛չ իշխանություններին, ո՛չ էլ ընդդիմությանը հարելը մեզ համար հեռանկարային չէր։ Քաղաքական դաշտի գաղափարականացման նախապայմաններն ի չիք եղան։
-Հիմա այդ պայմանները կա՞ն։
-Այո, որովհետև իրավիճակը նույնն է, ինչ 1996-ին և 98-ին։ Քաղաքական դաշտն արմատապես վերափոխվելու շանս ունի։ 2004-ին մենք կուսակցությունը վերանվանեցինք Հայաստանի աշխատավորական-սոցիալիստական կուսակցություն և վերագրանցվեցինք։ Հիմա կան որոշ նախապայմաններ, որպեսզի աշխատենք նորմալ գաղափարական դաշտի ձևավորման համար։
-Ճի՞շտ է, որ համագործակցում եք ՀԺԱՄ-ի հետ։
-ՀԺԱՄ-ին մենք վաղուց ենք ծանոթ, մեր միջև լավ փոխհարաբերություններ են հաստատված։ Կարող եմ ասել, որ մեր կուսակցությունների սոցիալական բազան էլ նույնն է՝ միջին խավը, մանր բիզնեսի ներկայացուցիչները, մի խոսքով՝ աշխատավոր զանգվածը։ Ճիշտ է, առայժմ գործնական ինչ-որ համագործակցություն չկա։ Բայց քաղաքական դաշտում եղած սակավաթիվ կուսակցություններից մեկը, որի հետ մենք ունենք համագործակցության եզրեր, ՀԺԱՄ-ն է։
-Ներքաղաքական իրադրության Ձեր գնահատականն ինչպիսի՞ն է։
-Հետընտրական լարվածությունը պահպանվում է։ Մեզ հայտնի են արմատական ընդդիմության պահանջներն արտահերթ նախագահական և խորհրդարանական ընտրություններ անցկացնելու մասին։ Մենք կարծում ենք, որ արտահերթ նախագահական ընտրություններն այս փուլում ոչինչ չեն տա, որովհետև պայքարը խիստ անձնավորված է և չի կարող նպաստել քաղաքական դաշտի գաղափարականացմանն ու ընդհանրապես առողջացմանը։ Արտահերթ խորհրդարանական ընտրություններին կողմ ենք, միայն թե կարծում ենք, որ ներկայիս Ազգային ժողովի լուծարումը պետք է տեղի ունենա քաղաքական դաշտում նոր ընտրություններին որոշակիորեն նախապատրաստվելուց հետո։ Համոզված ենք, որ այս պայմաններում կարելի է ավելի գաղափարականացնել մթնոլորտը և ժողովրդին կողմնորոշել հենց այդ հարթության մեջ։ Այդ նպատակով մենք առաջիկայում ակտիվացնելու ենք կուսակցության գործունեությունը, գուցե սկսենք վերահրատարակել «Հասկը»։ Կանցկացվի անդամների վերահաշվառում, այնուհետև՝ համագումար։ Դրանից հետո միայն թերևս պարզ կլինի քաղաքական այն ուժերի շրջանակը, որոնց հետ համագործակցելու եզրեր ունենք։ Միանգամից կարող եմ ասել, որ դա չի լինելու ո՛չ իշխանական կոալիցիան, ո՛չ էլ Տեր-Պետրոսյանի կողմից ձևավորված ընդդիմադիր միավորումը, որոնց հետ գաղափարական որևէ ընդհանրություն մեր կուսակցությունը չունի։ Եթե հաջողվի հասնել խորհրդարանական արտահերթ ընտրությունների, բնականաբար, չենք բացառում դաշինքների ձևավորման հնարավորությունը, բայց միայն գաղափարական հենքի վրա։
Զրուցեց Վաչիկ ՄԵԼԻՔՍԵԹՅԱՆԸ

Դիտվել է՝ 5437

Մեկնաբանություններ