ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը, պաշտոնը ստանձնելու առաջին իսկ օրից, ծրագրում է վերականգնել իր «առավելագույն ճնշման ռազմավարությունն Իրանին սնանկացնելու համար»՝ գրում է Financial Times-ը: «Առավելագույն ճնշման» արշավը նպատակ ունի զրկել Իրանին բանակը հզորացնելու հնարավորությունից, սակայն վերջնական նպատակը Թեհրանին միջուկային նոր համաձայնագրի շուրջ բանակցությունների մղելն է։               
 

«Ակցենտով» բարեշրջումներ

«Ակցենտով» բարեշրջումներ
27.06.2008 | 00:00

Բայց նախ անդրադառնանք «շուրջ» կոչվածին: Օրերս «Freedom House» իրավապաշտպան կազմակերպությունն իր 2008-ի զեկույցում անդրադառնալով Հայաստանին` քաղաքական խնդիրներին զուգահեռ նաև որոշ տնտեսական հարցեր է քննության առել, հայտարարելով, թե «Հայաստանում քաղաքական և գործարար վերնախավերի սերտ կապերը խոչընդոտում են թափանցիկ և ժողովրդավարական պետական հաստատությունների կայացմանը»: Ինչ է սա նշանակում, ակնհայտ է. զեկույցն ի լուր աշխարհի ազդարարում է, որ իրավական, սոցիալական ու ժողովրդավար համարվող Հայաստանը, որն ընտրել է նաև ազատ շուկայի և հավասար մրցակցության ճանապարհը, բոլորովին էլ այդպիսին չէ, փաստորեն, «հուշտ անելով» մեր պոտենցիալ ներդնողներին, նաև փաստում է, որ մարդիկ այստեղ զրկված են հավասար մրցակցությունից, ամեն մի «ստից բանի համար» ստիպված են վերնախավի աչքունքին նայել, վախենալ սեփական կարծիքն արտահայտելուց, ինչպես օրինակ` ԼՂՀ նախկին նախագահ Արկադի Ղուկասյանի եղբայր Արեգ Ղուկասյանը: Ընդամենը երկու օր առաջ կառավարությունում հարկային բարեփոխումների ընթացքը քննարկելու ընթացքում մարդը վարչապետին ասաց. «Դե լավ, ոնց ասեք` տենց կանենք, բայց ասեք` ո՞նց անենք, չե´ք ասում, ախր»: Հիմա չշրջվե՞ս-ասես` բա դո՞ւ ինչ ես ասում, էդ որ լրագրողները ձեզ հարց են տալիս, էդ ինչո՞ւ եք էդպես սարսափած նայում ու փախչում…
Անկեղծ ասած, այս միջադեպը տպավորիչ էր հենց միայն այն պատճառով, որ չընդունելով խոշոր բիզնեսի` ՀԴՄ-երով աշխատելու փաստը և պնդելով պարտադիր փաստաթղթավորման տարբերակը, մեր վարչապետն այդպես էլ չէր կարողանում բացատրել, թե բա ո՞նց մրցակցեն էս մարդիկ, օրինակ, էն խանութների հետ նույն շուկայում, որոնք «սկի որպես խանութ էլ ձևակերպված չեն»: Հարկերն ու մյուս հարցերը դեռ մի կողմ դնենք: Պարզ չի՞, որ ինչպես ՀԱԳ(Գ)Մ նախագահ, «Ապավեն» ՍՊԸ-ի ղեկավար Արսեն Ղազարյանն է նշել, «մարդիկ շփոթված են, չեն հավատում, որ բոլորին են հավասար դաշտ բերելու, որ անձնական բաներ չեն լինելու»: Ոնց որ միշտ, այսինքն…Վարչապետը, սակայն, գոնե առերևույթ ցույց է տվել, որ «գելի սիրտ է կերել». այլ կերպ ասած` լինի նախագահի եղբայր, թե մեկ ուրիշ, մեկ է` «հարկային և մաքսային բարեշրջումների ճանապարհից կառավարությունը չի´ նահանջելու»: Հենց էդպես էլ ասել է` չի´ լինելու ձեր ուզած «միջանկյալ-անցումայինը», փաստաթղթո´վ եք աշխատելու այսուհետև…
Իհարկե, ներկաներից ոմանք պիտի հանդիպումից առաջ թեկուզ մի 50 գրամ խմելու գնով (ի պետս քաջության…), վարչապետին հիշեցնեին նույն «Freedom House»-ի զեկույցն ու Այգեկցու առակը, ըստ որի «փոքր ձկները մեծ ձկներից են ուտել սովորում», հետն էլ առաջարկեին սեփական «քաղաքական և գործարար վերնախավերի սերտ կապերով զբաղվել» (մանավանդ որ էդ կապերն, ասում են, արդեն մինչև Ռուսիայի քրեական աշխարհ են ձգվում, և որոշ լուրերի համաձայն` Մեդվեդև-Սարգսյան, Սարգսյան-ՌԴ ՆԳ նախարար հանդիպումների ընթացքում «սուր բնույթ են ստացել»…), բայց չեն ասել, հասկանալով, որ ներկայիս Հայաստանում նմանօրինակ բաների բարձրաձայնումը հավասար է «բոմժ դառնալուն», «հարկայինով ու մաքսայինով գայկեքը ձգելուն», ինչպես Քոչարյանն էր ժամանակին սիրում ասել… Չե´ն ասել, «ակցենտը դրա վրա չեն դրել»: Բայց դրանից հո չի՞ փոխվում մեր նկատմամբ աշխարհի վերաբերմունքը (իսկ դա մեզ համար կենսականորեն է կարևոր հենց միայն այն պատճառով, որ հո չե՞նք կարող անվերջ մեկուսացված նստել մեր էս «պապական բարձրադիր ծակուռում» և ասել` տո մի հատ ձեզ նայեք, հա՞, այ եվրոպացիներ ու ամերիկացիներ ու ընդհանրապես` աշխարհ... ելքը «դուրս գնալն է», այսինքն, այլ խոսքերով` արտահանումը), ըստ որի, քիչ է` «ասեղի պես միայն «ներկրումային առևտրի» վրա ենք նստած», հետն էլ էդ առևտուր կոչվածը չի դիվերսիֆիկացված: «Լեռնային Ղարաբաղի չլուծված հակամարտությունն էլ իր հերթին է վանում օտարերկրյա ներդնողներին, կասեցնում առևտրի դիվերսիֆիկացումը և մասնակցությունը տարածաշրջանի ծրագրերին»,- հարցի տնտեսական մասն ամփոփում է «Freedom House»-ը (ասել կուզի` զարմացրիք, էլի, ՌԴ-ի հետ ձեր 1 միլիարդի հասնող առևտրաշրջանառությամբ. հո միայն մի երկրո՞վ չի, այ ախպեր, թեկուզ` շա~տ սիրելի…):
Հետևաբար` «ուրիշ ելք չունենք, ամբողջ տնտեսությունն իրական ծավալներով ցույց տալուց և իրական հարկային պարտավորություններ իրականացնելուց բացի»,- հոգոց է հանել նույն Արսեն Ղազարյանը, ԲՀԿ ղեկավար Ծառուկյանի պես խոստովանելով, որ չնայած մինչ այժմ հռչակված «բարեփոխումներին», «կովկասյան վագրի թռիչքներին» ու «քոչարյանական երկնիշ աճերին», կարգին էլ տխուր վիճակ է երկրում: Հանգամանք, ինչին, ասում են, նաև ՀԲ-ն է անդրադարձել` կառավարություն ուղարկած աննախադեպ սուր զեկույցով: Մեր ունեցած տվյալներով` այստեղ շոկի մեջ են: «Մի էնպիսի բան են գրել, որ շշմում ես. ստացվում է` էդ մարդիկ իրենք իրենց աշխատանքն էլ են կասկածի տակ դնում ու ասում են` հեչ բան չի արվել Հայաստանում 10 տարի շարունակ, վիճակն էլ ահավոր է»,- փոխանցում է մեր աղբյուրը:
-Էդ ի՞նչ ահավոր բաներ եք գրել, որ էդպես զայրացել են կառավարությունում,- հարցնում եմ ՀԲ հանրության հետ կապերի պատասխանատու Վիգեն Սարգսյանին:
-Ճիշտն ասած` չգիտեմ, թե ովքեր են տարածում այդ լուրերը, բայց դա ընդամենը նախագիծ է, դեռ 2 գլուխ էլ պակաս, որն առայժմ միայն կառավարությանն ենք տվել` ինչպես միշտ օբյեկտիվ լինելով: Ո՞վ է ասում, որ կասկածի տակ ենք դնում մեր արածը: Ինչ էլ որ արել ենք, դրական արդյունք է ունեցել, բայց բնականաբար չենք կարող ասել, որ գոհունակություն ունենք, օրինակ, հարկային-մաքսային մարմինների նկատմամբ: Ընդհանուր սկզբունքը սա է` առաջին սերնդի բարեփոխումները, համեմատած մի շարք երկրների հետ, բավական լավ ձևով կատարվել-ավարտվել են, բայց հիմա արդեն պիտի լուրջ փուլ անցնենք: Մենք, ասենք, 8 մլն դոլար տվինք-սքաներ բերինք-դրինք մաքսայինում, չէ՞: Հիմա անկախ նրանից` կոռումպացված են, թե չէ, սա պետք էր և արվեց: Մենք ի՞նչ անենք, որ կաշառք վերցնող մաքսավորը հիմա էլ 8 միլիոնանոց սքաների առաջ կանգնած է կաշառք վերցնում: Կամ` հարկայինը. սրանք համարյա «մերկ» աշխատող են, գիտե՞ս. ոչ համակարգիչ ունեն, ոչ բան: Հիմա որ իրենց էլ համակարգիչ տանք ու ասենք` չնայած այս հարցով օգնել ենք, բարեփոխել ենք վիճակը, բայց էդ մարդիկ շարունակում են կաշառք վերցնել, ոմանք ինչու՞ են վիրավորվում: Կամ որ ասինք` ոչ մի կոորդինացիա չկա մաքսայինի ու հարկայինի միջև, և վարչապետը, դեռ զեկույցը չհրապարակված, նման մի մարմին է ստեղծել, որ դրանք ինֆորմացիա փոխանակեն, ոչ թե մրցակցեն, վա՞տ է…
-Այսինքն` նորմալ է, ուղղակի մյուս փուլի համար սուր հարցեր եք դրել և չեք պատրաստվում զեկույցի ոճը փոխել` անգամ եթե նախագահականից ճնշումներ լինեն, որոնք, ասում են, լինելու են…
-Գիտե՞ս, էդպես չի, որ մենք ինչ-որ բաներ մշտապես թաքցրել ենք կամ ճնշումների ենք ենթարկվել: Չէ´, միշտ էլ ամեն բան երեսներին ասել ենք, հիմա էլ ենք ասում, և քանի որ հիմա էս նոր մարդիկ երկրորդ սերնդի բարեփոխումների մասին են հայտարարել, մնում է զարգացումները նայենք: Մեզ համար հաստատ շատ ավելի կարևոր է, որ գործն արվի, այո, և էդ իմաստով երբ նայում ենք արդեն արվածին, մենք ինքներս մեզանից էլ ենք դժգոհություն ունենում, որ չենք կարողանում ինչ-որ բան ամբողջովին փոխել:
-Ասում են` ծրագրեր եք պակասեցնելու, կառավարության համար էլ առաջվա պես «գրպաններդ լայն չեք բացելու», բա հետո՞…
-Չէ, էդպես չի, որ անկապ նստել-որոշել ենք ծրագրեր պակասեցնել: Հիմա նախ զեկույցի վրա ենք աշխատում. անդրադարձները կնայենք, այնուհետև 4 տարվա ռազմավարություն կմշակենք: Բայց մի բան հստակ է, որ սոցիալական ծրագրերը նախկինի պես շատ չեն լինի` մեկ, էս «փափուկ վարկերի վրա չենք մնա»` երկու: Կգնանք, այսինքն, արդեն բա´րձր տոկոսադրույքների: Կուզեն, թող վերցնեն, չեն ուզի` թող կառավարությունն իր հարմարությանը նայի…Ադրբեջանն, օրինակ, 1 մլրդ 200 մլն է վերցրել IBRD-ից (Վերակառուցման և զարգացման միջազգային բանկից)…

Գոհար ՍԻՄՈՆՅԱՆ

Դիտվել է՝ 12765

Մեկնաբանություններ