ԱՄՆ-ում ավարտվել է քվեարկությունը գրեթե բոլոր նահանգներում. Դոնալդ Թրամփը իր համար երաշխավորել է 267 ձայն ընտրողների կոլեգիայում, Քամալա Հարիսը՝ 226։ Հաղթանակի համար պահանջվում է առնվազն 270 ձայն։ Թրամփը շահել է տատանվող յոթ նահանգներից երկուսում՝ Հյուսիսային Կարոլինայում և Ջորջիայում։ Նա Հարիսին գերազանցում է նաև այլ վիճելի նահանգներում, որտեղ վերջնականապես կորոշվի ընտրությունների ճակատագիրը։               
 

Խիղճը մարդու՛ մեջ է գեղեցիկ

Խիղճը մարդու՛ մեջ է գեղեցիկ
22.08.2023 | 07:11

Կամ Հրանտ Մաթևոսյանն է սխալ եղել, երբ ասել է՝ խիղճը գազանի մեջ է գեղեցիկ, կամ մեր ժողովուրդն է սխալ հասկացել:

Իրո՞ք Մաթևոսյանն այդպես է մտածել, թե մարդու մեջ խիղճը խեղճություն է, գազանի մեջ է գեղեցիկ…

Չեմ կարծում, ճանաչելով նրան՝ այդպես չէի ասի, գրողն ինքը խղճի մարմնացում էր, նա ուղղակի Աղունի լաչառ կերպարն է տվել՝ աշխարհի վրա չարացած, շատախոս ու հոգեհան:

Խիղճը ամենուր է գեղեցիկ, շնորհակալության չսպասող՝ օդի ու ջրի պես անհրաժեշտ, դրանից Ղաթրինի ձորում երգում էր կաքավը, մթնում կարկաչում էր Ցուրտ աղբյուրը…

Որքան հրեշներ կերտվեցին ազգի մեջ, գուցե այս մի հատիկ նախադասությունն էլ դեր խաղաց, ժողովուրդը միամտաբար հենց գազանի մեջ խիղճ որոնեց ու մեծարեց, դողաց ու հիացավ սրա խորամանկության ու դաժանության, երեսպաշտության ու անիրավության վրա: ՈՒ ինքն էլ իր հերթին չարացավ, դարձավ անտարբեր՝ անպաշտպան խեղճի ու արդարի ցավին, սրանց խղճի հանդեպ՝ ծաղրող և ուրացող: ՈՒ սիրեց գազանի խիղճը, որ իրեն՝ իր շեն ապրուստից ու երկրից զրկելով, մի բան էր նետում՝ քիմքին շոշափելի:

ՈՒ երբ գազանը կեսբերան ժպտացել ու մի թուլափայ է նետել, չոքերը թուլացել, փռվել է գազանի ոտքերի տակ, մոռացել, որ Լառ Մարգարը, Հազրոն, Հաբուդը, Այու սարի լանջի Պետին, օրվա իր բաժին հացը ճաշակող Վանդունց Բադին ավելի մեծ խիղճ ունեին, քան իր մեծարված գազանը՝ իր էկզոտիկ խղճով:

Մոռացել են, թե քանի անգամ է գազանը պատառոտել իրենց, մաշկազերծ արել ու գանգը բացել, քիթ ու շրթունքը պոկել, թողել միայն ականջները...

Բակունցի բոլոր հերոսները մեծ խիղճ էին, ու դա խեղճությունը չէր: Դրանից Լեռնահայաստանը չի տուժել, երբ թուրքը չորս կողմից պատել է իր սարերը, նա Մթնաձորի արջի պես ոռնացել ու դուրս է եկել՝ Բայանդուրից մինչև Շոթանան, Որոտանի ակունքից մինչև Բարգուշատ, դրանցից էլ դենը, մինչ ամենավերջին փողոց ու մահալ...

Գազանի գեղեցիկ խղճին մի խաբվեք, գալովի-գնալովի է, մարդու մեջ է խիղճը գեղեցիկ:

Էլի մենք ենք երես առ երես մնալու, իրար խղճի ու իրար ուժի կարոտ, որը չի երևում, բայց սարեր է շուռ տալիս, կյանքեր է փրկում, աշխարհ է գեղեցկացնում, Ծիրանի չոր ու մացառոտ Տափում նույնիսկ ծիրա՜ն է աճում…

Հոնուտի ձորից էլի Բրուտ Ավագի թոռն է ձեն տալու՝ պղնձագույն ժայռերի, մառախուղի թանձր քուլաների տակից ինձ ճանաչելով.

-Բագուն Ավագի ծոռ, հե՜յ, ոտքդ կախ գցիր, մի հափուռ հոն տամ, բրուտի այգուց է, մի հատիկը՝ կովի ծծի չափ, թթու-մաղաշար…

Մեր ձորի թթուն էլ է բուժում, բրուտ Ավագի ծառի մեջ էլ խիղճ կա…

Մաթևոսյանի Աղունի պես չի սպասում իր դրախտին՝ «որ վանքի զանգերն իրիկվա մեջ զրնգան, իրիկվա մեջ վանքի աղբյուրը երգի, հոգնած իրիկվա միջով ձեզ բարձած բերեն, վերցնեն ձեր բեռը քրիստոսի իրիկվա մեջ և ուռչի՜ շնորհակալությունը բկների մեջ, խեղդի…»:

Սուսաննա Բաբաջանյան

Լուսանկարը՝ հեղինակի

Դիտվել է՝ 2778

Մեկնաբանություններ