Գազայի հատվածում և Լիբանանում հրադադարի մասին Իսրայելի համաձայնությունը կարող է ազդել հոկտեմբերի 26-ի հարձակումից հետո հրեական պետությանը հակահարված տալու Իրանի որոշման վրա՝ հայտարարել է ԻԻՀ նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Նրանք լավ գիտեն, որ եթե որևէ սխալ թույլ տան Իրանի Իսլամական Հանրապետության դեմ, կստանան ջախջախիչ պատասխան»,- ասել է նա:               
 

ՄՈՄԻԿԻ ՀԻՇԱՏԱԿՆԵՐՈՎ և ԱՆՑՅԱԼԻ ՎԱՌ ԳՈՒՅՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ՎԱՅՈՑ ՁՈՐԸ

ՄՈՄԻԿԻ ՀԻՇԱՏԱԿՆԵՐՈՎ և ԱՆՑՅԱԼԻ ՎԱՌ ԳՈՒՅՆԵՐՈՎ ՀԱՐՈՒՍՏ ՎԱՅՈՑ ՁՈՐԸ
18.01.2011 | 00:00

Այսօր` հունվարի 18-ին, ժամը 14-ին ՀՀ նկարիչների միության գլխավոր ցուցասրահում կբացվի «Աշնանային Վայոց ձոր» նկարչական ցուցահանդեսը, որի կազմակերպիչներն են «Լոռվա ձոր» հայրենակցական միությունը և «Փյունիկ» հիմնադրամը։
Վայոց ձորը, որը ժամանակին ընդգրկված է եղել հայոց պատմական Սյունիքի սահմաններում, դեռևս վաղ միջնադարից եղել է ազգային պատմամշակութային ու հոգևոր օջախներից մեկը: 13-14-րդ դարերում Վայոց ձորի պատմությունն առնչվում է երկու խոշոր իշխանական տների` Խաղբակյան-Պռոշյանների ու Օրբելյանների հետ, որոնք զգալիորեն խթանել են երկրամասի տնտեսական ու հոգևոր-մշակութային կյանքի զարգացումը: Այս ամենի շնորհիվ այստեղ հիմնվել են դպրոցներ, ստեղծվել մանրանկարներով հարուստ ձեռագրեր, կառուցվել մեծ թվով, իրենց տեսակի մեջ եզակի, քանդակազարդ եկեղեցական համալիրներ, որոնք կանգուն են մինչ օրս և ազգային անգնահատելի արժեքներ են: Վայոց ձորում է գործել հայ մանրանկարչության ու գիտական մտքի խոշորագույն կենտրոն Գլաձորի համալսարանը: Այստեղ բեղուն գործունեություն են ծավալել անվանի գրիչ-մանրանկարիչներ Թորոս Տարոնացին, Ավագը, նշանավոր գիտնական, ուսուցչապետ Եսայի Նչեցին: Այս տարածքում են գտնվում հայ միջնադարյան ճարտարապետության գոհարներ Գնդեվանքի, Եղեգիսի, Արատեսի, Արփայի, Թանահատի Ղարավանքի, Սպիտակավոր եկեղեցիները, Բղենո Նորավանքը և այլն: Վերջապես, հենց Վայոց ձորում է գործել մեծանուն վարպետ, քանդակագործ, ճարտարապետ ու ծաղկող Մոմիկը, որը Տարսայիճ Օրբելյան իշխանի պատվերով կառուցել է Ամաղու Նորավանքը, կերտել մի շարք այլ կառույցներ ու ասեղնագործ խաչքարեր, ինչպես նաև ծաղկել Մատենադարանում պահվող «Ստեփանոս Օրբելյանի Ավետարանը»:
Մոմիկի 750-ամյակն ուրույն առիթ դարձավ, որ «Լոռվա ձոր» հայրենակցական միության ու «Փյունիկ» հիմնադրամի նախաձեռնությամբ կազմակերպվի մի նկարչական ինքնատիպ փառատոն:
Առաջին հայացքից թվում է, թե դյուրին ու պարզ զբաղմունք է պլեներային` բացօթյա գեղանկարչությունը: Սակայն դա ամենևին այդպես չէ, քանի որ արվեստագետը պետք է գերազանց տիրապետի վրձնի ճկուն և արագ հարվածներին, ցուցաբերի հմտություն և վարպետություն, ունենա սուր աչք ու նուրբ դիտողականություն, խուսափի իրականության անփոփոխ պատճենումից ու որսա պահի գեղեցկությունը:
Վայոց ձորի բնությունն առավել գրավիչ է հենց աշնան ամիսներին, երբ ամենուր տաք գույների ու պայծառ երանգների բոցավառումներ են, որոնք ունակ են հարստացնելու յուրաքանչյուր արվեստագետի մտածողությունը և երևակայությունը:
100-ից ավել կտավներից մեր առջև հառնում են Եղեգիսն ու Արատեսը, Խաչիկ և Մարտիրոս գյուղերը, Ցախաց քարը, խաչքարեր ու քարե այլ կոթողներ` դիտողին ներկայացնելով տարածաշրջանը` որպես մի ինքնատիպ թանգարան բաց երկնքի տակ:
Ամենակարևորը, որ ամեն մի կտավ իր բացառիկ ու անկրկնելի գրավչությունն ունի: Փորձենք հակիրճ ներկայացնել այս աշխատանքներից մի քանիսը: Գեղանկարների շարքում ուրույն տեղ են գրավում Արտյուշա Ոսկանյանի կտավները, որտեղ Վայոց ձորի բնությանը հատուկ լեռնային կտրտված ու բեկբեկվող ելուստները վերածվում են մարդկային դիմագծերի` հավանաբար ձևավորելով մեր հզոր նախնիների կերպարը: Սրապիոն Դանիելյանի աշխատանքները տոգորված են քնարական ու պոետիկ զգացողությամբ: Սուրեն Խորենյանի ստեղծագործություններն առանձնանում են գծի գերակշռող դերով, որի շնորհիվ արտացոլվում է ճարտարապետական կառույցների զանգվածեղությունն ու ծավալը: Հետաքրքիր մոտեցում ունի նաև Յուրա Եղիազարյանը, որն ընդհանրացված, ոճավորված մարմնաձևերով ներկայացրել է վայրի քարայծերին: Հրանտ Թադևոսյանի գործերը հատկանշվում են գունաշարի մաքրությամբ։ Արամ Դովլաթյանին հաջողվել է անգամ ժամանակակից, մասնավորապես վերացական արվեստի քուրայով անցկացնել ու ներկայացնել Մոմիկի ճարտարապետությունն ու պատկերաքանդակները, միաժամանակ պահպանել նրանց ազգային շունչն ու նկարագիրը, անգամ տուրք է տրվում աբստրակտ նկարչության արտահայտչամիջոցներին: Նյութի ընտրության ու տեխնիկայի տեսանկյունից առանձնանում է Հովիկ Մեծ-Գևորգյանը, որի դեկորատիվ աշխատանքներն արված են մետաքսի վրա: Արմեն Հարությունյանի վրձնահարվածներում զգացվում է ավանդական հայկական գեղանկարչական դպրոցի ավանդույթների շարունակման ձգտումը. Ս. Աստվածածին եկեղեցին և միջնադարյան կամուրջը ներկայանում են արևային լույսի խաղերի ներքո, նուրբ ուրվագծումներով և վառ գույների համակցություններով: Հարկ է խոսել նաև Գագիկ Ավետիսյանի մասին, որը ներկայանում է հինգ կտավներով. դրանց շարքում է բացառիկ մի տրիպտիխ` եռանկար, որի կենտրոնում Նորավանքն է, իսկ աջ և ձախ կողմերի նկարները ներկայացնում են Թանահատի վանքն ու Գնդեվանքը: Հատկանշական է նաև նույն հեղինակի զարմանալիորեն ավարտուն և ամբողջական էտյուդներից մեկը, որը պատկերում է Եղեգիսից ոչ հեռու գտնվող, 12-13-րդ դարերով թվագրվող հրեական գերեզմանոցի տապանաքարերը:
Այսպիսով, նկարչական փառատոնը և դրա արդյունք ցուցահանդեսը կարող ենք բոլոր իմաստներով կայացած համարել, հուսալով, որ այն շարունակական բնույթ կկրի` գեղագիտական հաճույք կպատճառի արվեստասեր հասարակությանը և առատ նյութ կդառնա արվեստաբանների համար:
Անի ՄԱՐԳԱՐՅԱՆ
Արվեստաբան

Դիտվել է՝ 3667

Մեկնաբանություններ