Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը հայտնել է Ռուսաստանի մայրաքաղաքի ուղղությամբ թռչող 4 անօդաչուի գրոհը հետ մղելու մասին։ ՌԴ ՊՆ հակաօդային պաշտպանության ուժերը Ռամենսկի քաղաքային շրջանում հետ են մղել Մոսկվայի ուղղությամբ թռչող երկու անօդաչուի գրոհը, ավելի ուշ խոցվել է ևս երկու անօդաչու։ Նախնական տվյալներով՝ բեկորների ընկնելու վայրում ավերածություններ և տուժածներ չկան։               
 

«Ֆլեշ» ընկերությունն այսօրվանից իջեցնում է բենզինի և դիզվառելիքի գները

«Ֆլեշ» ընկերությունն այսօրվանից իջեցնում է բենզինի և դիզվառելիքի գները
09.09.2008 | 00:00

«Իրավունք de facto» ԱԿՈՒՄԲՈՒՄ
Երեկ այս մասին «Իրավունք de facto» ակումբում հայտարարեց «Ֆլեշ» ընկերության նախագահ ԲԱՐՍԵՂ ԲԵԳԼԱՐՅԱՆԸ։
ՕԳՈՍՏՈՍՅԱՆ ԻՐԱԴՐՈՒԹՅԱՆ ԳՆԱՀԱՏԱԿԱՆԸ

Ամենից առաջ «Ֆլեշ» ընկերության նախագահը հարկ համարեց պարզաբանումներ տալ վրաց-ռուսական հակամարտության պատճառով օգոստոս ամսին ստեղծված իրավիճակի վերաբերյալ։ «Որոշ լրատվամիջոցներ անտեղի շահարկեցին այդ իրավիճակը, երբ վրաց-օսական հակամարտության պատճառով մեր ճանապարհները ժամանակավորապես փակվեցին։ Ճիշտ է, մեր վառելիքի 90 տոկոսը գալիս է Վրաստանով, և այդ իրավիճակում բնական էր, որ պետք է լինեին դժվարություններ։ Բայց վստահ կարող եմ ասել, որ մենք պատվով դուրս եկանք այդ իրադրությունից. պետական մեխանիզմներ կիրառվեցին, և հաջողվեց Իրանի ճանապարհով համապատասխան քանակությամբ վառելիք ներկրել։ Վերջին 10-15 տարիներին մեր գործունեության փորձից ելնելով և համապատասխան կապերի շնորհիվ, նաև մեր վրաց գործընկերների աջակցությամբ կարողացանք բենզինի և դիզվառելիքի մատակարարում, բավարար մակարդակով ապահովել»,- հայտարարեց Բարսեղ Բեգլարյանը։
«Ֆլեշ» ընկերության նախագահի կարծիքով, անցած ամսվա ընթացքում ժողովրդի մեջ տարածված լուրերը՝ վառելիքի և հատկապես բենզինի ճգնաժամի հետ կապված, չափազանցված էին։ Ըստ նրա, «իսկապես կային ինչ-որ խուճապային տրամադրություններ։ Ես անգամ կատակով ասել էի, որ երևի նույնիսկ ջակուզիներ կան պատրաստված՝ բենզինի պաշարներ հավաքելու համար։ Բայց մարդիկ ավելի շատ փորձում էին ապահովագրվել, քան դրա կարիքը կար։ Ես, իհարկե, մեր ժողովրդին չեմ մեղադրում։ Մարդիկ 1992-94 թվականներ են տեսել»։
ԱՅՍՕՐՎԱ ՕՐԸ

Ներկա վիճակին անդրադառնալով՝ «Ֆլեշ» ընկերության նախագահը հայտարարեց, որ ինչպես օգոստոսին իրենք չեն շահարկել ստեղծված իրավիճակը և չեն ձգտել գերշահույթներ ստանալ, այնպես էլ այսօր, կատարելով նախօրոք տված խոստումը, գնում են բենզինի և դիզվառելիքի գների իջեցման։ «Տասն օր առաջ մենք խոստացանք, որ մեր կողմից կլինի բենզինի և դիզվառելիքի գների իջեցում։ Այս մամուլի ասուլիսն էլ այդ նպատակով է հրավիրվել՝ հայտարարելու, որ վաղվանից մեր ընկերության բենզալցակայաններում տեղի է ունենալու բենզինի գների լուրջ իջեցում՝ 20 դրամի չափով, որը կազմում է մեկ լիտրի դիմաց ընդհանուր արժեքի 5 տոկոսը։ Նույնպիսի իջեցում վերջին ամսվա ընթացքում տեղի է ունեցել նաև միջազգային շուկայում։ Եթե ֆորսմաժորային իրավիճակ չստեղծվի, մեկ շաբաթից նույնպես 2-5 տոկոսով կիջեցնենք գները»,- հայտարարեց Բարսեղ Բեգլարյանը։
Չնայած այն հանգամանքին, որ ընկերությունը բենզինի մեծ պաշարներ է ունեցել Բաթումում, օգոստոսին, Վրաստանում ռազմական դրության հաստատման բերումով, վրացական կողմն այդ պաշարների մի մասը վերցրել է։ Բարսեղ Բեգլարյանն ընդունեց, որ այսօր բենզինի սղություն կա հանրապետությունում, և այդ խորապատկերի վրա գների իջեցման իրենց նախաձեռնությունն ինչ-որ տեղ պարադոքս է։ Սակայն միաժամանակ պարզաբանեց, որ վրացական Սամտրեդիայում կանգնած է ընկերության վառելիքով բեռնված 28 վագոն, որոնք վաղը կամ մյուս օրը կմտնեն Երևան։ Բացի այդ, Իրանի ճանապարհով շարունակվում է վառելանյութի ներկրումը, և այս ընթացքում Թուրքմենստանից Իրանով 1000-2000 տոննա դիզվառելիք է ներկրվել։ Մասնավոր ընկերությունների համար դժվար է բենզինի ներկրումը։ Այս կապակցությամբ ուղղված հարցին «Ֆլեշ» ընկերության նախագահը տվեց հետևյալ պարզաբանումը. «Իրանն իսկապես խոշոր նավթարդյունահանող երկրներից մեկն է աշխարհում։ Սակայն, ցավոք, նրանց մոտ բարձր մակարդակում չեն զտման տեխնոլոգիաները։ Արդյունքում՝ իրենք նավթ ունենալով, չեն կարողանում ապահովել սեփական բենզինի պահանջարկի 40 տոկոսը և այն բերում են դրսից։ Բայց, ի պատիվ իրենց, անցած ամսվա ընթացքում իրենց պաշարներից պետական խողովակներով մեզ բենզին տրամադրեցին, թեպետ մեր ընկերությունը դրանից չի օգտվել։ Որովհետև Իրանի կառավարությունն է արգելում բենզինի և դիզվառելիքի արտահանումը, քանզի իրենց պահանջարկը չեն կարողանում բավարարել։ Բայց իրենք պատրաստ են աջակցելու, որ մենք իրենց տարածքով տեղափոխենք մեզ անհրաժեշտ վառելանյութը, ինչպես բերում էինք Թուրքմենստանից»։
ԻՐԱՎԻՃԱԿԸ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ՇԵՄԻՆ Է

Անդրադառնալով այն հարցին, որ Ռուսաստանում այլևս չի թողարկվում 91-տոկոսանոց բենզին, «Ֆլեշ» ընկերության նախագահը լրագրողների հարցադրմանն ի պատասխան նշեց, որ իրեն նման բան հայտնի չէ։ Ըստ նրա, Հայաստանում սահմանված են 92 ռեգուլյար, 95 պրեմիում և 97-98- տոկոսանոց սուպեր կոչվող բենզինի ներկրման չափորոշիչները՝ ըստ եվրոպական ստանդարտների, և «Ֆլեշ» ընկերությունն առաջնորդվելու է դրանցով։ «Մեր հիմնական պաշարները մենք ձեռք ենք բերում Սևծովյան ավազանի երկրներից, Ռուսաստանից ներկրում ենք շատ քիչ քանակությամբ։ Որոշ քանակի դիզվառելիք բերում էինք Նովոռոսիյսկից և Տուապսեից, բայց վերջին շրջանում այդ ներկրումն ընդհատվել է։ Որովհետև վրացական կողմն արհեստական արգելքներ է ստեղծում Ռուսաստանից նավերն ընդունելու հարցում»,- նշեց Բարսեղ Բեգլարյանը։
Այնուհանդերձ, «Ֆլեշ» ընկերության նախագահի կարծիքով, վառելիքի ներմուծումը հանրապետություն հնարավոր է կանոնավորել, եթե համակարգված աշխատանք տարվի Վրաստանից և Իրանի տարածքով կանոնավոր ներկրում ապահովելու ուղղությամբ։ Ըստ նրա, համակարգված աշխատելու դեպքում, նույնիսկ դեպի Իրան երկաթգծի բացակայության պայմաններում, հնարավոր է այնպես անել, որ այս ուղղությամբ ներկրված վառելիքն ավելի թանկ չնստի, քան վրացական երկաթգծով բերվող բենզինը կամ դիզվառելանյութը։ Այն հարցին, թե ինչ անել օգոստոսյան իրավիճակը չկրկնելու համար, «Ֆլեշ» ընկերության նախագահը պատասխանեց. «Բարդ հարց է։ Դրա համար էլ մենք այս պահին մեր բոլոր կապերն ուղղում ենք դեպի Իրան և Թուրքմենստան։ Հնարավոր է նաև Ռուսաստանից Աստրախանի նավահանգստով փորձել վառելիք ներկրել մինչև իրանական Էնզելի նավահանգիստը։ Բոլոր դեպքերում, ես կարծում եմ, Իրանի հետ երկաթուղի պետք է կառուցվի։ Չուզենալով քաղաքականացնել՝ դրական կհամարեի, եթե Թուրքիայի հետ ճանապարհներն էլ բացվեին, այդ դեպքում բազմաթիվ հարցեր կլուծվեին»։
Բարսեղ Բեգլարյանի պարզաբանմամբ, Հայաստանի վառելիքի հիմնական ներկրող «Ֆլեշ» և SPS ֆիրմաները կարող էին օգոստոսյան ճգնաժամի ժամանակ օգտվել իրավիճակից և աննախադեպ բարձրացնել վառելիքի գները։ «Սակայն մենք, մեր շահերի վրա զսպաշապիկ հագցնելով, չդիմեցինք այդ քայլին, լավ հասկանալով, որ բենզինն ու դիզվառելիքը ռազմավարական նշանակության ապրանքներ են, և գների բարձրացումը հարվածելու է մեր ամբողջ տնտեսությանը»,- նշեց Բարսեղ Բեգլարյանը՝ մի անգամ ևս հավաստելով, որ իրենք հակված են հետագայում էլ հնարավորինս էժանացնել գները։ Ինչ վերաբերում է ներկրված վառելիքի հետ այլ նյութեր խառնելուն և, փաստորեն, սպառողին անորակ ապրանք մատակարարելուն, ապա, ըստ Բարսեղ Բեգլարյանի, «Ֆլեշ» ընկերության լցակայաններում դա բացառված է։ Թեպետ նա չբացառեց, որ անցած ժամանակահատվածում այլ բենզալցակայաններում նման բաներ կարող են տեղի ունեցած լինել. «Ինչ-որ բան խառնելու հազար ու մի ձևեր կան, բայց դա արդեն մարդկային որակի հարց է։ Մենք աշխատում ենք պետության կողմից սահմանված ստանդարտներին համապատասխան, իսկ վերահսկողությունն իրականացնում է համապատասխան պետական կոմիտեն, որը գտնվում է էկոնոմիկայի նախարարության հետ նույն մասնաշենքում։ Հավատացած եղեք, որ հնարավորության դեպքում մեկ շաբաթվա ընթացքում էլի կաշխատենք իջեցնել գները։ Վաղվանից բենզինի բոլոր տեսակների և դիզվառելիքի գները 20 դրամով իջնելու են, հետո արդեն կտեսնենք»։
Աննա ԲԱՐՖՅԱՆ

Դիտվել է՝ 5965

Մեկնաբանություններ