ՈՒկրաինայի հետ Թուրքիայի ռազմատեխնիկական համագործակցությունը տարակուսելի է՝ Hurriyet թերթին տված հարցազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը. «Թուրքական զենքն օգտագործվում է ՈՒկրաինայի զինված ուժերի կողմից ռուս զինվորականների և խաղաղ բնակիչների սպանության համար։ Սա չի կարող տարակուսանք չառաջացնել թուրքական ղեկավարության կողմից միջնորդական ծառայություններ մատուցելու պատրաստակամության մասին հայտարարությունների ֆոնին»,- շեշտել է Լավրովը։               
 

Երևանն «արցունքներին» չի հավատում

Երևանն «արցունքներին» չի հավատում
27.06.2008 | 00:00

«Կան ոչ սակավ մռայլ ու դյուրագրգիռ ուղեղներ, որոնք ուրախանում են միայն այն ժամանակ, երբ չարիք են գտնում այնտեղ, որտեղ այն չկա»։
Ժան Բատիստ Մասիյոնի այս բնութագրումը տիպական է ոչ միայն 17-րդ դարի մռայլ ու դյուրագրգիռ ուղեղ ունեցող ոչ սակավ ֆրանկոֆիլների համար։ «ՈՒղեղներն» այդ անպակաս են բոլոր ժամանակներում, բոլոր ազգերի մեջ, «ձվի մեջ մազ փնտրողի» եզակի «տաղանդով» օժտված հայերս էլ, ինչ խոսք, բացառություն չենք։
«Մռայլ ու դյուրագրգիռ» մարդու տեսակը մեզանում խիստ ակտիվացավ հատկապես «հոմո սովետիկուս» տեսակի նահանջից հետո, երբ բացվեցին յութանասուն և ավելի տարով խուփ բերանները, ու տեղից ելնողը սկսեց խոսել պետություն-ժողովրդի անունից։ Անկախության առաջին տարիներին էր, որ ձևավորվեց պոպուլիստ-դեմագոգների «էլիտար» դասը, որոնց «կարկառուն» ներկայացուցիչները երեկ պաշտոն ու աթոռ էին զբաղեցնում, այսօր, ցերեկը գիշեր դարձրած, նախշում ու նախշում են նույն աթոռն ու պաշտոնը, բնականաբար, «հասարակության շահերից ելնելով»։ Վերոհիշյալ դասի «ամենատիպիկ» ներկայացուցիչն է բնապահպանության նախկին նախարար Կարինե Դանիելյանը, ով ժամանակին այդ պատասխանատու պաշտոնն զբաղեցրեց որպես հանրապետության «ամենականաչ» և «էկոլոգիապես» ամենահասուն տիկին։ «Ոզնուն» էլ է հայտնի, որ նա´և նրան, եթե ոչ` հատկապես նրան ենք ազգովի «պարտական» Հայկական ատոմակայանի փակման գործը հույժ «հայրենափրկիչ» մակարդակով գլուխ բերելու համար, ինչի արդյունքում դարձյալ ազգովի մի քանի տարի «Մութ ու ցուրտ էրա» կոչվող սարսափ-ֆիլմի գործող հերոսներն էինք։ Դժվար է մոռանալ ՀԱԷԿ-ի ու «Նաիրիտի» դեմ էկոլոգիական պատերազմ հայտարարած տիկին Դանիելյանի ու մյուս էնտուզիաստ-կանաչների բոցաշունչ ճառերը, որոնց եթե հավատալու լինենք, Հայաստանը հայտնվել էր բնապահպանական ամենաաղետալի վիճակում` նույնքան կանխատեսելի հետևանքներով։ Թե ինչ եղավ հետո, բոլորս գիտենք։ Անլույս ու անջեռուցում մնացած հայերս ազգովի «փայտահատ» դարձանք, կացնեցինք երկրի թոքերը սնուցող կանաչ գոտիները` այս անգամ իրոք ինքներս մեզ կանգնեցնելով էկոլոգիական անխուսափելի աղետի առջև։ Թե ինչ էր անում այդ նույն տարիներին հանրապետության թիվ մեկ էկոլոգ-տիկին նախարարը, անշուշտ, քչերը գիտեն։ Թերևս միայն այն ժամանակվա կառավարության անդամները, որոնց հավաստմամբ` բնապահպանության նախարար-տիկինը գործադիրի նիստերին, ի՞նչ եք կարծում, ինչո՞վ էր զբաղված։ Հանրապետության թթվածնային քաղցը նոր տնկած ծառերով բուժել-ամոքելու իր իսկ մշակած ծրագիրը կյանքի կոչելո՞վ։ Չարաչար սխալվեցիք։ Տիկին Դանիելյանն այդ ժամանակ կառավարության նիստերին ներկայանում էր... նախորդ գիշեր տեսած երազների ստվար «թղթապանակով»։ Ընդամենը։ Այլ խոսքով` նախարարը պարզապես թքած ուներ «փայտահատներիս», կացնի փայ դարձած ու դարձող ծառերի վրա` առավել ևս։
Այսօր նախկին նախարարը կրկին լծվել է Հայաստանը և հատկապես քաղաքամայր Երևանը էկոլոգիական աղետից փրկելու հերոսական գործին։ Ասում եք` չի՞ կարող պատահել։ Պարբերաբար միացրեք հեռուստացույցը, «պուլտով» փոխեք ալիքները և ականատեսն ու ունկնդիրը կլինեք անչափ հուզաթաթավ, չափազանց սրտաճմլիկ նույն «էկոլոգիական սերիալի», որի գլխավոր դերակատարը, որպես կանոն, բնապահպանության նախկին նախարար, այժմ նույն ոլորտի հասարակական կազմակերպության ղեկավար Կարինե Դանիելյանն է։ Տարիներ առաջվա լալահառաչ ձայնով, արցունքախառն պաթոսով խոսում է անապատացող Երևանի մասին, քարուքռի վերածված մայրաքաղաքում վխտացող կարիճների մասին, գետնի տակն անցած Գետառի մասին, այդպես էլ չբողբոջած տնկիների մասին... Լսում և «ուզում» ես գլուխդ առնել-կորչել էս անտեր կարիճների երկիր Հայաստանից էլ, օձ ու մողեսի մայրաքաղաք Երևանից էլ։ Իսկ եթե ավելի լուրջ` լսում և ուզում ես ընդամենը մեն-մի հատիկ հարց ուղղել «կանաչների երկիր» ՀԱԿ-ի մենատնտես տիկին Դանիելյանին. «Ձեր թեթև ձեռքով ծառաթափ արված մեր մայրաքաղաքում 2003-ից ի վեր հազար ծառատունկ է եղել, ինքներդ մի~ ծառ տնկե՞լ եք, մի~ դույլ ջուր լցրե՞լ եք Ձեր տնկած շիվի ծարավ արմատներին»։ Հարցը հռետորական է, և պատասխան, անշուշտ, չենք ակնկալում։ Ընդամենն ուզում ենք նույն Մասիյոն Ժան Բատիստից ևս մեկ մեջբերում անել ոչ միայն տիկին Դանիելյանի, այլև բոլոր նրանց համար, ում մասին ֆրանսիացի գրողն իր ժամանակին ասել է. «Ցինիկն այն մարդն է, ով ծաղիկների բույրն առնելուն պես մոտակայքում անմիջապես հանգուցյալ է փնտրում»։
Նույն ցինիկի դերում չհայտնվելու, մեր քթի տակ ծլարձակող ծառ-ծաղիկ-թուփը «հանգուցյալի» հետ չնույնացնելու համար վերջում ընդամենը շարադրենք այն «կանաչ» փաստերը, որոնց վրա աչք փակել կա´մ կույրը կարող է, կա´մ իրեն ու մյուսներին ափաշկարա քոռի տեղի դնողը։
«Մութուցուրտ» հորջորջվող տարիներից հետո «թոքերից» իսպառ զրկված Երևանի իրական «բուժումն» սկսվեց 2003-ից: Եվ որովհետև կար նախորդ քաղաքապետերի դառը փորձը, երբ գործը լավ-վատ արվում էր, թուփ ու ծառ տնկվում էր, սակայն ոռոգման փտած համակարգի պատճառով տնկին չորանում էր դեռ չբողբոջած, որոշվեց «ձուկը գլխից մաքրել, որ պոչը չհոտի»։ Այն է` նախ ամբողջ քաղաքի ոռոգման ցանցը հիմնովին նորոգել, հետո միայն անցնել կանաչապատման բուն գործին։ Այդպես էլ արվեց։ Եթե 2003-ին Երևանի ծաղկային տարածքներն ընդամենը 0,5 հեկտար էին զբաղեցնում, ապա 2008-ին` ամբողջ 5 հեկտար։ Այդ տարածքները «սեփական արտադրության» սածիլներով ծաղկապատելու համար քաղաքապետարանն այսօր նոր ջերմատուն է կառուցում, հընթացս վերակառուցվում է նաև քաղաքային տնկարանը, որը մինչև 2004 թվականն առհասարակ անտերության էր մատնված։ 2004-ից սկսած` քաղաքային իշխանություններն իրականացրել են բացառապես հասցեագրված ծառատունկ, ինչի արդյունքում հիմնովին վերականգնվել է 1992-ից իսպառ ոչնչացված անտառային գոտին։ Երևանի գլխավոր հատակագծով ծրագրված է մինչև 2020 թիվը մայրաքաղաքի կանաչ տարածքներն ավելացնել առնվազն երեք անգամ` հասցնելով 1400 հեկտարի, ընդ որում, 100 հեկտարը` միայն այս տարի, որից 60-ը` Շենգավիթ համայնքում (ի դեպ, այս տարածքի կանաչապատմանը «կանաչներից» շատերը թերահավատորեն էին վերաբերվում, էն գլխից կանխատեսելով կպչողականության զրոյական ցուցանիշ, ինչը, բարեբախտաբար, 90 տոկոսով «ջրվեց»)։ Ծրագրի նպատակը նախ և առաջ երևանցիներիս թոքերի առողջացումն է (մեկ բնակչին` 120 քմ կանաչ տարածք), ինչը կապահովվի մայրաքաղաքի հարավային և հյուսիսային «կիսագնդերում» բուֆերային գոտիների ստեղծմամբ (Նորք-Գաջի գործարան-Նուբարաշեն-Շենգավիթ-Քանաքեռ-Զեյթուն-Մալաթիա)։
Այս չոր թվերը կատարված աշխատանքի չնչին մասն են միայն արևերես հանում, սակայն դա էլ բավարար է հասկանալու համար, որ Երևանը ոչ միայն չի անապատանում, այլև մեծացնում է «թոքերը»` առողջ ու մաքուր շնչառություն պարգևելով բոլորիս։ Այդ թվում` «անապատացած» Երևանի վրա օրնիբուն «լացող» բնապահպանության նախկին նախարարին։

Լիլի ՄԱՐՏՈՅԱՆ

Դիտվել է՝ 9575

Մեկնաբանություններ